29 April, 2023

Մեր Անզուգական Նիկոլը. Մարդը, Հայը եւ Յեղափոխականը

Մեր Անզուգական Նիկոլը
(Մարդը, Հայը եւ Յեղափոխականը)

Կեանքը

Նիկոլ Օդաբաշեանը ծնուել է 1876-ին Գանձակում: Մինչեւ 1890-ը ապրել եւ ծխական դպրոց է յաճախել հայրենի քաղաքում: Այդքան է եղել իր մանկութեան ու պատանեկութեան խաղաղ շրջանը՝ մինչեւ 14 տարեկան հասակը, որից յետոյ սկսուել է նրա անհանգիստ, փոթորկալից կեանքը:

1890-ին Նիկոլը Գանձակից Թիֆլիս է անցել, նախ իր կիսատ թողած կրթութիւնը լրացնելու, բայց, երբ նիւթական պայմանները թոյլ չեն տուել, արհեստ է սովորել եւ աշխատանքի ձեռնարկել:

Այդ թուականից այլեւս ինքն իր գլխի տէրն է Նիկոլը: Այդ թուականին էլ Թիֆլիսում Նիկոլը մտել է նոր կազմակերպուող Հ. Յ. Դաշնակցութեան պատանեկան մի խմբակի մէջ: Հ. Յ. Դաշնակցութեան Ամերիկայի շրջանի կազմին միանալու համար իր ձեռքով լեցուցած դիմումնագրի մէջ.- «Ո՞ւր եւ ե՞րբ Դաշնակցական եղած է» հարցին, Նիկոլը պատասխանել է՝ «1890, Թիֆլիս, Կովկաս»:

Նիկոլը, ուրեմն, այն սակաւաթիւ վեթերան Դաշնակցականներից է, որ մտել է Հ. Յ. Դ. շարքերը մեր կուսակցութիւնը հիմնուելու տարին:

Մի քանի տարի Թիֆլիս մնալուց յետոյ, Նիկոլը 1896-ին անցնում է Բաքու: Այդտեղ է, որ սկսւում է Նիկոլի եռուն յեղափոխական կեանքը:

Նիկոլը մինչեւ ուղն ու ծուծը հայկական դատին նուիրուած մի զինուոր է այդ շրջանին, եւ միեւնոյն ժամանակ, բանուորութեան իրաւունքների համար իր կեանքը զոհելու պատրաստ յեղափոխական:

Մինչեւ 1903-ը արդէն մի քանի ահաբեկումների մասնակցած, բանտ նստած յեղափոխական մարտիկ է Նիկոլը:

1903ին, իր մարտական ուսուցչի՝ Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ մեր Նիկոլը մասնակցում է Բաքուի հայոց եկեղեցու զինուած պաշտպանութեան, ընդդէմ ցարական կառավարութեան ...:

1905-6-ին Նիկոլը մասնակցում է հայ-թաթարական կռիւներին, Երեւանի եւ Նախիջեւանի շրջաններում: Այնուհետեւ Կովկասից եւ Պարկսաստանից դէպի Վասպուրական զէնքի փոխադրութեան գլխաւոր դերակատարներից մէկն է մեր Նիկոլը, որ անցնում է Վան եւ այդ շրջանում աշխատում մինչեւ 1909-ը, երբ առաջին անգամ գալիս է Ամերիկա:

1917-ին, ռուսական յեղափոխութիւնը հնարաւորութիւն է տալիս, որ Նիկոլը վերադառնայ Կովկաս, երբ հայութիւնը ճգնաժամային օրեր էր սկսել ապրել:

Կովկաս հասած Նիկոլը թաղւում է այն շարժումի մէջ, որի արդիւնքը եղաւ Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը, իսկ երկու երեք տարի վերջը, 1920-ին Նիկոլը մասնակցում է այդ Հանրապետութեան պաշտպանութեան գործին:

1930-ին երկրորդ անգամ Ամերիկա եկաւ Նիկոլը, 1920-ին հայ-տաճկական պատերազմում ստացած գնդակը իր մարմնի մէջ: Կէս հաշմանդամ նա տանջուեց անմռունչ, աշխատեց չարաչար, արեց այնքան բարիք, որքան մի մարդ կարող է անել, եւ մեռաւ այն ժամանակ ու այնպէս, ինչպէս որ վայել էր Նիկոլի նման արի տղամարդուն:

Մարդը եւ Ընկերը

Ահա իր կեանքի դէպքերը, որոնք կարող էին պատահել ուրիշ որեւէ մէկ հայի եւ յեղափոխականի հետ: Բայց ո՞վ էր այն մարդը, որ կանգանծ էր այդ դէպքերի ետեւը, ո՞վ էր Նիկոլ Օդաբաշեանը: Ահա մի հարց, որին պիտի դժուարանայ լրիւ պատասխանել Նիկոլին նոյնիսկ ամենամտերիմ կերպով ճանաչող մէկը: Դժուար է պատասխանել, որովհետեւ, այնքան բան կայ ասելու Նիկոլի մասին, որ չգիտես, թէ ո՞ր մէկն ասես եւ ո՞ր մէկը չասես այդ զարմանալի, այդ եզակի մարդու մասին:

Նիկոլը մէկն էր այն հազուագիւտ մարդկանցից, որոնց հոգին անընդհատ բոյր ու շող է տարածում իր շուրջը: Երբ ողջ են, երբ մեզ հետ են Նիկոլները, մենք՝ մինչեւ մի որոշ աստիճան զգում եւ գիտակցում ենք նրանց արժէքը, եւ միայն այն ժամանակ, երբ նրանք անդարձ հեռանում են մեզնից, մենք խորապէս, ուժգնօրէն գիտակցում ենք նրանց բարոյական ամբողջ մեծութիւնը:

Ճանաչում, սիրում էինք Նիկոլին, թւում էր, թէ գնահատում էինք իրեն եւ գոհ էինք, որ նա մեզ հետ է, մեր մէջ է, բայց հիմա, երբ նա չկայ, միայն հիմա է, որ հասկանում ենք, թէ ո՛վ էր Նիկոլը, հիմա է, որ Նիկոլը իր զմայլելի նկարագրով, իր բարոյական հսկայ հասակով ցցւում է մեր հոգու աչքերի առջեւ:

Նիկոլը արդարամտութեան, ազնւութեան, անկաշառ նուիրումի, անվեհեր խիզախութեան եւ պարտքի գիտակցութեան մարմնացումն էր:

Նիկոլը ամենից առաջ եւ ամենից վերջ մաքուր եւ ազնուական հոգու տէր մարդ էր: Նիկոլի հոգու, սրտի, մտքի մէջ պարզապէս տեղ չկար ամենապզտիկ վատութեան, ամենափոքր չարութեան համար: Նիկոլը անընդունակ էր ըմբռնելու, թէ մարդ արարածը ի՜նչպէս կարող է վատ եւ չար լինել:

Իր կեանքից մի դէպք գիտեմ, երբ իր բարեկամներից մէկը Նիկոլը հանդէպ այնպիսի արարքի մէջ էր գտնուել, որ Նիկոլը իրաւունք ունէր խստօրէն դատապարտելու իր այդ բարեկամին: Յուզուած, վրդոված էր Նիկոլը, բայց այդ յուզումը դառնութիւն, դատապարտութիւն չունէր իր մէջ, այլ միայն վիշտ, խորունկ վիշտ: Նիկոլին վշտացրել էր ոչ թէ իր բարեկամի ծանր արարքը ինքնին, այլ այն, թէ ի՛նչպէս կարող էր այդ մարդը չարը մտածել, չարը գործել:

Բա է՛դպէս էլ բան կ'անի մարդ: Բա նա չմտածե՞ց, թէ Նիկոլի սրտին դարդ կը լինի իր արածը, ասում էր Նիկոլը:

Մեր ընկերական ժողովներում, մեր ընկերական վէճերի մէջ Նիկոլի համար չկային արդար եւ անարդար ընկերներ, այլ միայն իրար չհասկացող ընկերներ, որոնցից մէկի կամ միւսի կողմը չէ որ պէտք էր բռնել, այլ հաշտեցնել երկուսին, այլ օգնել որ իրար հասկանան եւ վէճի տեղ եղբայրական սիրով ձեռք մեկնեն իրար:

Յեղափոխականը

Նիկոլը միշտ ժպիտ ունէր,– եւ մեզնից ոմանք գիտէին, թէ ո՜րքան տանջանք կար ծածկուած այդ անուշ ժպիտի տակ,– ընկերների, բարեկամների եւ պարզապէս լաւ մարդկանց համար: Եւ այդ, գրեթէ մանկական ժպիտի տէր մարդը անողոք ու դաժան էր, երբ պէտք էր պատժել անարդարութիւնը:

Նիկոլը համալսարան չէր գնացել, ընկերային գիտութիւնների հաստափոր գրքեր չէր կարդացել, բայց դրանց փոխարէն, վաղ պատանեկութեան օրերից կեանքի դպրոցը սովորեցրել էր նրան, որ անարդարութիւնը պիտի փնտռել ոչ թէ աշխատող, չարքաշ եւ հաւասարապէս դժբախտ մարդկանց մէջ, այլ տիրապետողների, իշխողների, այս աշխարհի հզօրների մօտ: Եւ այդ իշխողների, հզօրների գործած անարդարութիւնները պիտի պատժուին իսկոյն եւ անողոք, դաժան կերպով:

Հայի դատը եւ աշխատաւոր մարդու դատը Նիկոլի համար հաւասարապէս նուիրական էին: Եւ հայի ու աշխատաւոր մարդու արդար դատի դէմ որեւէ ոտնձգութիւն Նիկոլի հասկացողութեամբ պիտի պատժուէր տեղն ու տեղը եւ ոչ այլ կերպ, բայց եթէ մահուամբ:

«Հայրենիք» ամսագրում հրատարակուած յուշերի մէջ, Բաքւում անցրած իր կեանքը նկարագրելիս, Նիկոլը յաճախ գրում է, թէ «վճռեցինք խփել» այսինչ գործարանատիրոջ կամ այնինչ գործարանի կառավարիչին: Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է՝ անարդար տեղը մի բանուոր գործից արձակելու, կամ անօթի բանուորին գործ տալ մերժելու համար: Նոյնն է Նիկոլը վերաբերմունքը դէպի հայի հանդէպ անարդարութիւն ցոյց տուած թուրքը եւ քիւրդը: Թուրքը ոչ միայն հայի արդար վաստակն է ուտում, այլ եւ բռնանում է հայի վրայ,– ուրեմն «պէտք է խփել» եւ խփել մէկի տեղ տասին:

Բիրտ, անողոք, դաժան անուանեցէք Նիկոլի կտրած դատը, բայց ընկերային արդարութեան վճիռն է դա՝ եւ ուրիշ ոչինչ: Մեր կիսագրագէտ Նիկոլը համալսարան չէր գնացել, Մարքսի, Էնգելսի, Կաուցկու եւ Լենինի հատորները չէր կարդացել, բայց ընկերային արդարութեան իր ըմբռնումներով ծայրայեղ եւ գաղափարապաշտ արմատական էր, եթէ կ'ուզէք անիշխանական-ընկերվարական, ընկերվարական բառիս մաքրամաքուր եւ բովանդակ իմաստով: Մի ընկերվարական, որի նմանները ճրագով փնտռիր հիմա,– որի համար ընկերվարութիւնը պիտի հիմնուէր ուրիշի աշխատանքը չշահագործելու եւ ազատ կամքով համագործակութեան վրայ, եւ ոչ թէ պարտադրուէր վերից գնդակահարութիւնով, Չեկայով եւ սովխոզներով ու կոլխոզներով, ինչպէս եղաւ Ռուսաստանում եւ Հայաստանում:

Չգիտեմ, Նիկոլը լսե՞լ էր Բակունինի եւ Կրոպսակինի մասին, թէ ոչ բայց 1919-20-ին Հայաստանում, մի խումբ ընկերներով կազմակերպել էր համայնական տնտեսութիւն, որի մասին պատմում էր ոգեւորութիւնով:

Անձուրացը

Անողոք կերպով պահանջկոտ էր Նիկոլը ամէնից աւելի ինքն իր անձի վերաբերմամբ:

Տասներկու տարի Նիւ Եորկում Նիկոլն ապրեց եւ աշխատեց այնպիսի տաժանելի պայմաններում, որոնց,– իր վիճակը մօտիկից գիտցողներին է յայտնի այդ,– միայն Նիկոլը կարող էր տոկալ: Եւ, սակայն, ժպիտը երբեք չիջաւ իր դէմքից:

Նիկո՛լ ախպէր, ո՞նց ես:

Ես լաւ եմ, շա՛տ լաւ, դուք լաւ եղէք: Տղե՞րքը ոնց են, ժողո՞վն ինչպէս անցաւ:

Բայց գիտէին այդ տղերքը, որ Նիկոլը վիճակը ոչ թէ շատ լաւ չի, այլ շա՜տ, շատ վատ է: Գիտէինք, բայց անզօր էինք փոխել այդ զարմանալի մարդու վիճակը: Նիկոլը ոչ ոքի, ոչ իր սիրած կուսակցութեան, ոչ իր ամենամտերիմ ընկերներին չէր թոյլ տայ միջամտել իր անձնական գործերին:

Նիկոլը բանտ է նստել, Նիկոլը Հայաստանի լեռներն ու ձորերն է չափել, հայրենիքի պաշտպանութեան համար կռուի մէջ գնդակ է նստել Նիկոլի մարմնի մէջ եւ մաշում է նրա կեանքը – այդ բոլորը Նիկոլն արել է իր սրտի թելադրանքով, դա միայն իրեն՝ Նիկոլին է վերաբերում եւ ուրիշ ոչ ոքի, դրա համար Նիկոլին վարձատրելու մասին մտածելն իսկ ամենածանր անարգանք էր Նիկոլի հասցէին:

Մի քանի տարի առաջ, մեր Պատգամաւորական Ժողովում, ընկ. Արսէն Միքայէլեանն առաջարկեց մի գումար մտցնել նախահաշուի մէջ իբրեւ ընկերական օժանդակութիւն Նիկոլին: Առաջարկը հերիք էր, որ անմիջապէս ընդունուէր առանց առարկութեան եւ միաձայնութեամբ:

Արսէնի Նիւ Եորք հասնելուց առաջ լուրը հասել էր Նիկոլին: Պէտք էր տեսնել Նիկոլի ցասումը, որ թափուեց Արսէնի գլխին:

Բա՛ էդպէս ընկեր կը լինի. բա՛ ամօթ չի, Արսէն ջան, Նիկոլը մեռա՞ծ է, որ դուք գնում ժողովի մէջ էդպէս բան էք քուէարկում, էդպէս ընկերութի՞ւն կը լինի:

Ի զուր անցան խեղճ Արսէնի բացատրութիւնները, խնդրանքն ու աղաչանքը, որ Նիկոլը չմերժի ընդունել այդ արդար ընկերական աջակցութիւնը:

Թէ որ մէկ էլ ասես, էլ ընկերս չես, էլ հետդ յաւիտենից յաւիտեան չեմ խօսի,– մերժելով մերժեց Նիկոլը:

Արսէնին միացան ուրիշ ընկերներ էլ եւ վերջ ի վերջոյ կարողացան համոզել Նիկոլին, որ «Հայրենիք» ամսագրի մէջ հրատարակելու համար գրի առնի իր յուշերը եւ ընդունէ Պատգամաւորական Ժողովի քուէարկած գումարը, ոչ իբրեւ ընկերական օժանդակութիւն, այլ իբրեւ հատուցում իր յուշերը գրելու համար տրուելիք ժամանակի եւ աշխատանքի:

Իր խղճուկ վաստակից Նիկոլը, ինչպէս ասում են՝ «բերնի պատառը կտրելով»՝ երբեմն-երբեմն համեստ գումարներ էր ղրկում Փարիզ, իր անզուգական եղբօր՝ Սարգիս Բարսեղեանի կնոջը՝ գրագիտուհի Պերճուհուն եւ եղբօր որդուն՝ Արմէնին:

Նիկոլը երբեք իրեն համար չի ապրիլ. իր ամբողջ կեանքն եղել է անձնուրաց նուիրում իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ ժողովրդին: Հազիւ 14 տարեկան պատանի, Թիֆլիսում Նիկոլը չի կարողացել Գանձակում կիսատ ձգած ուսումը շարունակել եւ աշկերտ է մտել մի մեքենագործի մօտ արհեստ սովորելու եւ ապրուստ վաստակելու համար: Եւ այդ 14 տարեկան պատանին, գրեթէ երեխան, մի մտահոգութիւն ունի Թիֆլիսում՝ ինչպէս անել, որ իր փոքր եղբայրը՝ Սարգիսը, կարողանայ մտնել Ներսիսեան դպրոցը եւ ուսում առնել.

Ես չակրողացայ ուսումս լրացնել, թող Սարգիսը սովորի, նա տարբեր տղայ է, նրանից մի բան դուրս կը գայ.– այսպէս է պատմում Նիկոլը իր յուշերի մէջ:

Սարգսի մկրտութեան անունը Պօղոս է եղել: 1904-ին թէ 1905-ին Պօղոս Օդաբաշեանը ձերբակալւում է Բաքւում: Մէկ բանտից միւսը փոխադրելու ժամանակ ընկերները փախցնում են Պօղոսին: Պօղոսը այլեւս Կովկաս չէր կարող մնալ, եւ Սարգիս Բարսեղեան անունով մէկի անցագրով անցնում է Պարսկաստան: Այնուհետեւ Պօղոս Օդաբաշեանը մտաւ մեր ազատագրական շարժման պատմութեան մէջ իբրեւ Սարգիս Բարսեղեան:

Թիֆլիսի այդ օրերից սկսած Նիկոլն ապրել, պայքարել է ուրիշների համար:

Շատ կարճ ժամանակ ամուսնացած է եղել Նիկոլը, բայց հազիւ մէկ թէ երկու տարի անցած կինը մեռել է եւ այնուհետեւ Նիկոլն այլեւս ընտանիք չի կազմել եւ ապրել է ասկէտի՝ խստակրօնի մի կեանք:

Նիւ Եորքի Իստ 27-րդ փողոցի իր փոքրիկ արհեստանոցի ետեւը մի փոքրիկ նկուղ կար, ուր մի մահճակալ, քարածուխի մի վառարան, մի պզտիկ սեղան եւ մի աթոռ հազիւ էին տեղաւորուել: Մի նկուղ էր դա առանց պատուհանի, փոքրիկ երդիկով, գետնայարկ, պաղ ու մռայլ:

Իր հիւանդութիւնը թոյլ չէր տալիս, նոնիսկ կարճ տարածութիւն քայլել: Եւ Նիկոլն ստիպուած էր ապրել այդ նկուղում, ուր ոչ թէ Նիկոլի նման ծանր կերպով վտանգուած առողջութեան տէր մէկը, այլ երկաթէ առողջութիւնով ուրիշ մէկը չէր կարող ապրել: Իսկ Նիկոլն ապրեց 12 տարի այդ կենդանի շիրիմում եւ գրթէ երջանիկ էր: Երջանիկ էր, որ ամէն ինչ ինքը կարող էր անել իրեն համար, որ ոչ ոքի բեռ չէր իր տանջալից գոյութիւնը: Երջանիկ էր, մանաւանդ, երբ ընկերներին ընդունում էր իր նկուղում: Երջանկութիւն էր իրեն համար, երբ ընկերները կիսում էին իր հետ իր վաստակած հացը եւ ուղղակի դժբախտ էր զգում, երբ որեւէ ընկեր չէր կարողանում սեղան նստել իրեն հետ:

Հզօր Կամքը

Բարոյական բարձր եւ անշեղ սկզբունքներից էր բխում Նիկոլի եզակի, ապշեցուցիչ կամքի ոյժը: Անձնասպաններից շատ շատերը, չասելու համար ճնշող մեծամասնութիւնը կեանքի պայքարին տոկալու անզօր, տկար հոգիով մարդիկ են սովորաբար:

Նիկոլը դրանցից չէր:

Նիկոլի յեղափոխական ուսուցիչներից մէկը՝ Նիկոլ Դումանը 1914-ին, թոքախտի վերջին շրջանում, հիւանդ պառկած էր Հիւսիսային Կովկասի Հանքային Ջրերի մի բուժարանում: Իր անկողնի կողքին կախուած քարտէսի վրայ այդ տաղանդաւոր ռազմիկը հետեւելիս է եղել Համաշխարհային Առաջին Պատերազմի ռազմական դէպքերին:

Նիկոլ Դումանը գամուած անկողնին, երբ իր ընկերները, հայ կամաւորական գնդերի գլուխն անցած, ռազմի դաշտում են: Կարո՞ղ էր Նիկոլ Դումանը հանդուրժել այդ:

Անշո՛ւշտ ոչ:

Եւ Նիկոլ Դումանը ատրճանակը ճակատին է դնում:

Նիկոլների համար իրենց սեփական կեանքն այլեւս անարժէք է այն վայրկեանից, երբ այդ կեանքը էլ չի կարելի ծառայեցնել համայնքին եւ հայրենիքին:

Մեր Նիկոլին ճանաչող ամէն մէկ ընկեր եւ բարեկամ, երբ լսեց թէ Նիկոլն ինքնասպան է եղել, առանց մանրամասնութիւնները գիտնալու, ինքն իրեն եզրակացրեց.– «Ուրեմն, այլեւս բացարձակ կերպով անհնարին է եղել շարունակել կեանքը, այլապէս Նիկոլն այդ քայլը չէր անի»:

Իսկ հիմա, երբ գիտենք, թէ ի՞նչպէս է Նիկոլը բաժանուել կեանքից, չենք կարող չհիանալ այդ զմայլելի մարդու հզօր, աննկուն կամքի վրայ, որ աւելի ցայտուն կերպով արտայայտուել է իր վերջին քայլի մէջ:

Նիկոլը ամենայետին մանրամասնութեամբ մաքրել է իր բոլոր հաշիւները աշխարհի հետ եւ նստել ու գրել է ընկերներին մնաք բարովի նամակը:

Մեր ձեռքն է հասել այդ նամակի լուսանկարչական պատճէնը, բնագիրը, դժբախտաբար, դեռ ոստիկանութեան ձեռքն է եւ աւելի ուշ տրամադրելի կը լինի: Այդ նամակը գրուած է հաստատուն ձեռքով, մաքուր գրերով, հաւասար, ուղիղ տողերով եւ հանդարտ, պարզ, սովորական բառերով, ինչպէս որ կարող է գրել խաղաղ հոգով, կեանքից գոհ մի մարդ:

«Սիրելի ընկերներ, ներողամիտ եղէք որ վերջին անգամ ձեզ մնաք բարով չասացի. այս երկտողովս կգամ ձեզնից հրաժեշտ առնելու»:

Կարծես թէ Նիկոլը հեռու ճամբորդութեան է ելել եւ հնարաւորութիւն չի ունեցել անձամբ մնաք բարով ասելու ընկերներին, եւ նամակով է հրաժեշտ տալիս: Այդ նամակը Նիկոլն ինքն է, այնպէս, ինչպէս ճանաչում էինք իրեն:

Բիւրեղեայ Հոգին

Նիկոլին Ամերիկայում շատ քիչերն էին ճանաչում: Հ. Յ. Դաշնակցութեան Ամերիկայի կազմակերպութեան ընկերները չգիտէին, թէ յանձին Նիկոլի, ինչ բիւրեղեայ հոգի կար իրենց շարքերում: Նիկոլին ճանաչելու բախտն ունեցող ընկերները, սակայն շատ լաւ գիտեն, որ բարոյական այն մեծ դրամագլուխը, որով կանգուն է Հ. Յ. Դաշնակցութիւնը, կուտակել են ոչ միայն Քրիստափոր Միքայէլեանը, Ռոստոմը եւ Սիմոն Զաւարեանը, այլ եւ նրանց շունչով դաստիարակուած Նիկոլները իրենց անբասիր կեանքով, անկաշառ գաղափարապաշտութեամբ եւ անսահման նւիրումով մարդկային բոլոր արդար դատերին:

Մի էս պատերազմը վերջանայ, Հայաստան գնանք եւ էնտեղ մեռնինք, կրկնում էր յաճախ Նիկոլը այս վերջին տարիներին:

Իր արդար փափաքը չկատարուեց եւ Նիկոլն ստիպուած եղաւ այստեղ փակել իր աչքերը:

Սովորութիւն է ասել մեռնողների ետեւից թէ՝ «թող հողը թեթեւ գայ քեզ»:

Նիկոլի ետեւից այդ չենք կարող ասել: Աշխարհի այն փոքրիկ երկրամասից դուրս, որի անունն է Հայաստան, այս երկրագնդի ոչ մէկ մասի հող չի կարող թեթեւ լինել հայրենաբաղձ Նիկոլի համար: Նիկոլի աճիւնը ոչ մէկ տեղ, Հայաստանից դուրս, հանգիստ չի ունենայ: Բայց եթէ կայ մեր էութեան մէկ մաս, որ հոգի ենք կոչում, Նիկոլի հոգին ոչ միայն կը հանգստանայ, այլ եւ կը խայտայ այն օրը, երբ ազատ ու անկախ կը լինի Հայաստանը: Եւ մենք քեզ հետ յամառ կերպով հաւատում ենք, որ պիտի գայ այդ օրը, Նիկո՛լ ախպէր ջան,– ազատութեան օրը Հայաստանի Հանրապետութեան, հիմնուած արդարութեան այն բարձր սկզբունքների վրայ, որոնք առաջնորդեցին քո ամէն մէկ քայլը այս անցաւոր աշխարհում:

Վարդգէս Ահարոնեան
«Հայրենիք», Պոսթոն
45-րդ Տարի, Թիւ 9439
Կիրակի, Մայիս 23, 1943