Հ. Յ. Դաշնակցութեան հաւատաւոր մարտիկ ընկեր Աբգարը ծնւել է Մշոյ դաշտին սահմանակից Հարտկոն գիւղում 1887 թ.:
Այդ ժամանակաշրջաններում տաճիկ կառավարութեան սիստեմատիկ ջարդերն հասել էին իրենց գագաթնակէտին:
Տաճկահայաստանի համայն հայութիւնը սոսկումի օրեր էր ապրում:
Ահա այսպիսի պայմաններում հասակ է նետում ընկեր Աբգարը եւ ի տես իր հարազատների տանջանքներին ու հալածանքներին, իր հոգում ծնունդ է առնում արդար վրէժի զգացմունքը:
Պէտք է պաշտպանւել. ասում է երիտասարդ Աբգարը եւ իր շուրջն է հաւաքում մի քանի գիտակից ու հայրենասէր երիտասարդների: Այդ հանգամանքը չի վրիպում կառավարութեան ու քուրդ բէկերի հսկող աչքերից:
Մի օր հունձի օրերին, ուղարկում են մէկ յանդուգն քրդի, որից սոսկում էին հայ գիւղացիք: Նրան յանձնարարւած էր որեւէ պատրւակով Աբգարի հաշիւը մաքրել: Երկաթէ կազմւածք ունեցող Աբգարը զգետնում է քրդին եւ տեղն ու տեղը մաքրում հրէշի հաշիւը:
Բաւակա՛ն է անպատիժ մնաս եւ հայի անմեղ արիւն թափես,- գոչում է Աբգարը – այժմ հանգստացիր:
Այդ օրւանից փախստական է դառնում, անցնում ռուսական սահմանը, մնում Կողբում, Ղարսում, այնուհետեւ անցնում է Թիֆլիս ուր եւ ամուսնանում է Սալմաստից եկած օր. Լուսիկի հետ:
Հայաստանի հանրապետութեան օրերին իր եղբայր Ղազօի հետ տաճկահայ իւրայիններով բնակութիւն են հաստատում Կոտայքի լեռնային (թրք. լքեալ գիւղ) Ղարաղալա գիւղում. եւ մասնակցում տեղական կռիւներին:
Երբ հայկական զօրամասերը երկու ճակատի վրայ կռւելով պարտւեցին,- արեւմուտքում տաճիկների եւ արեւելքում ռուս բոլշեւիկների դէմ – ռուսական զօրքերը Հայաստան մտնելով սկսեցին զինւորականների, մարտական ուժերի, մտաւորականների, հասարակական գործիչների մասսայական մաքրագործումները: Երբ համայն Հայաստանը, չտեսնուած սոսկումի օրեր էր ապրում, Աբգարենց գիւղը – Ղարաղալան, մնաց զէնքը ձեռքին, միշտ պատրաստ դիմագրաւելու բոլշեւիկեան յարձակումը. եւ ձմռան սառնամանիքներին դարձաւ բոլշեւիկեան սպանդից փախչող զինւորականների եւ գործիչների ապաստարանը: Նրանց կերակրելու համար մորթում էին իրենց ոչխարները, ինքը եւ իր եղբայրը՝ Ղազօն:
Ընկեր Աբգարն էր, որ բոլշեւիկների դէմ իրենց ըմբոստացած գիւղից, ծպտւած, իր զինակիցներով եկաւ Երեւան եւ Փետրուարեան ապստամբութեան սպարապետ գնդ. Կուռոյին փախցրեց ապստամբ Ղարաղալա գիւղը:
Այս մեծ վստահութիւնը պատիւ է բերում ընկ. Աբգարին. Փետր. 18ի ապստամբութիւեան գիշերը Քանաքեռի եւ Երեւան արշաւող ապստամբների մէջ էր ընկ. Աբգարը, իբր խմբապետ:
Այնուհետեւ իր ընտանիքով ընդհանուր նահանջին Զանգեզուրի վրայով նա անցնում է հիւրնկալ Իրան եւ կազմում բազմանդամ ընտանիք եւ պատւով հասունացնում իր զաւակներին:
Տարագրութեան երկարատեւ տւայտանքները, ո՛չ մի բեկում չառաջացրին նրա համոզումների մէջ. նա մնաց նոյն հաւատաւոր զինւորը, Հ. Յ. Դաշնակցութեան կարգապահ ու համեստ մարտիկը:
Անսպասելի արկածով հիւանդանոց ընկաւ. հարազատների բոլոր ջանքերը փրկելու նրա կեանքն ապարդիւն անցան: Նա փակեց իր աչքերն օտար հորիզոնի տակ հայրենի կարօտն իր սրտում:
Դին ամփոփւեց Հ. Յ. Դաշնակցութեան պանթէոնում, որտեղ Թեհրանի ու շրջանի ընկերների կողմից դամբանական խօսեց ընկ. Վազգէն Միրզաբէկեանը:
Ընկեր Աբգար, դու ընկար քո գաղափարի իրականացումը չտեսած, թող որ քո զաւակները քո գաղափարի շարունակողները հանդիսանան եւ հողը թեթեւ գայ վրադ: