06 July, 2023

Միսակ Սիմոնեան (Խմբապետ Միսակ)

Արդէն քառասուն օրեր անցան, երբ շատ-շատերի նման, մեզնից ընդմիշտ բաժանւեց Վասպուրականի արժանաւոր զաւակներից՝ Միսակ Սիմոնեանը: Սուգը խորն է եւ ժամանակը կարճ, որպէսզի կարողանանք ըստ ամենայնի անդրադառնալ այդ համեստ դաշնակցականի եւ ճշմարիտ հայու յեղափոխական գործունէութեանն, որի կեանքը եղաւ անվերջ թափառում ու պայքար, յանուն իր ժողովրդի ազատագրութեան նւիրական գործին:

Միսակ Սիմոնեանը ծնւել է 1883 թ. Վանում: Պատանի հասակից մտնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, որպէս պարզ զինւոր, ապա գործակատար ու սուրհանդակ: 1904-թւին սուրհանդակ Պօղոսի հետ մեկնում է Ս. Թադէի վանք, որտեղից անցնում է Դաւարլու եւ զէնք է փոխադրում Թադէի վանքը: 1905-ի հայ-թիւրքական ընդհարումների ժամանակ անցնում է հին Նախիջևան, մտնում Սեյդօ Պօղոսի խմբի մէջ եւ մասնակցում Խանլախլար հայկական գիւղի ինքնապաշտպանութեան կռիւներին:

Հայ-թիւրքական ընդհարումներից յետոյ Միսակը անցնում է Բագու եւ կուսակցութեան որոշումով մասնակցում երեք մահափորձերի՝ Գանձակեցի լրտես Լազարի, մատնիչ Բաղդանի եւ չէչէն ոստիկանական պաշտօնեայի դէմ որի պատճառով հետապնդման է ենթարկւում ու իր հետքը կորցնելու համար անցնում է Էսէտուկի:

1909 թւին երբ սկսւում է Պարսկաստանի սահմանադրական շարժումները: Միսակը նորից կուսակցութեան հրահանգով անցնում է Էնզէլի եւ մտնում նախ ղարաբաղցի Արշակի, ապա ղարաբաղցի Նիկոլի խմբի մէջ, որպէս տասնապետի: Մինչեւ պարսկական սահմանադրական կռիւների վերջը մասնակցում է Եփրեմ խանի եւ Քեռու ղեկավարած կռիւներին: Մասնակցում է նաեւ Եփրեմ Խանի վերջին Սուջա գիւղի կռւին, ուր նահատակւում է աննման Եփրեմը: Ապա Նիկոլի նահատակութիւնից յետոյ, նրա խումբը յանձնւում է Միսակին:

Սահմանադրական կռիւներից յետոյ Միսակը, նորից անցնում է Կովկաս եւ 1912 թ. Դեկտեմբերին չորս ընկերներով գնում է Իգդիր Դրոյի մօտ, որը սահմանագլխում Սուրէն էֆէնդի անունով զբաղւում էր առեւտուրով եւ ղեկավարում էր զէնքի փոխադրութեան գործը: Միսակը մօտ մի տարի մնում է Դրոյի մօտ զբաղւում է զէնքի փոխադրութեան գործով, մինչեւ 1913 թ. Յունւար, որով ամբողջ 9 տարի իր ծննդավայրից հեռու մնալուց յետոյ, վերադառնում է Վան:

Իր քաղցր ծննդավայրը հասնելով Միսակը արդէն վառվռուն երիտասարդ եւ սահմանադրական կռիւներում հարկ եղած փորձառութիւնը ձեռք բերած մարտիկ նոր եռանդով նւիրւում է իր ծննդավայրի ներքին ինքնապաշտպանութեան գործին եւ շատ չանցած Վասպուրականի ժամանակի կուսակցական ղեկավար մարմնի կողմից նշանակւում է Վանի արւարձանների եւ Թիմարի մօտ 38 գիւղերի կուսակցական կազմակերպչի պաշտօնին, որը մեծ ձեռներէցութեամբ տանում է մինչեւ Վանի Ապրիլեան հերոսամարտը, որին մասնակցում է որպէս Գ. շրջանի շրջանապետ, Մելիքսէթ Էյնաթեանի հետ միասին:

Վանի ժամանակաւոր կառավարութեան օրոք Միսակը նշանակւում է ոստիկանական ձիաւոր ջոկատի պետ: Երբ 1915 թւին տեղի է ունենում Վասպուրականի նահանջը դէպի Երեւան, Միսակը անցնում է նախ Բագու, ապա Երեւան եւ իր մասնակցութիւնը բերում Արարատեան Հայաստանում մղւած բոլոր կռիւներին: 1921 թւի Փետրւարին ապստամբութեան ժամանակ Միսակը մէկն էր այն յառաջապահներից, որոնք Փանոս Ժամհարեանի հետ ռաաջին յարձակւողները եղան բանտի վրայ, ազատելով հարիւրաւոր դաշնակցական մտաւոր ու մարտական գործիչներին ստոյգ մահից:

Փետրւարեան ապստամբութիւնից յետոյ Միսակն եւս իր հազարաւոր ընկերների հետ թողնում է Արարատեան աշխարհը եւ նորից անցնում հիւրընկալ Իրան, նախ Թաւրիզ ապա Թեհրան, Աբադան, Քուէյթ, նորից Թեհրան, ուր Յուլիս 6-ին յաւիտենապէս փակում է իր աչքերը եւ ամփոփւում այն հողում, որի ազատագրութեան համար պայքարել էր յիսուն տարի առաջ:

Միսակն իր ամբողջ կեանքում մնաց նոյն հաւատաւոր եւ համեստ դաշնակցականը, հեռու սին ցուցամոլութիւններից: Ապրեց իր համեստ աշխատանքով պահելով իր հաւատաւորի նւիրումը դէպի իր ժողովրդի ապագան ու իր երազների իրականացումը:

Հիւրընկալ հողը թող թեթեւ լինի արժանաւոր աճիւնիդ, սիրելի Միսակ:

Սուրէն Յովհաննիսեան
«Ալիք», Թեհրան
ԻԹ. Տարի, Թիւ 185 (6404)
Կիրակի, 23 Օգոստոս 1959