17 July, 2023

ՎԱՀԷ ԱՐԾՐՈՒՆԻ. Մելիքսէթ Մուրադեան

Վահէ Արծրունին, աւազանի անունով Մելիքսէթ Մուրադեան, ծնւել է 1889 թւին Վանի Շատախ գաւառի Կաղպի գիւղում. իրենց ընտանիքը պատկանում էր Շատախ հայ մելիքների տոհմին: Մեծ հայրը, Մելիք Շահէնը ունէր ընդարձակ կալւածներ, որ շատ անգամ շրջակայ քրդերի ախորժակն էր գրգռում: 

Այս նահապետական եւ բարեկեցիկ ընտանիքում մեծանում է Վահէն, վայելելով բոլորի գուրգուրանքը եւ մօր անսահման խնամքը: «Մայրս ինձ համար մի տիեզերք էր, առանց որի ես գաղափար չունէի մեր այս աշխարհի կեանքի մասին». այսպէս է գրում Վահէն իր յուշերում: Սակայն երկար չի տեւում Վահէի այս երջանիկ կեանքը. վրայ են հասնում 1896 թւի Համիդեան սարսափները, ամբողջ Վասպուրականի հայութիւնը ենթարկւում է կոտորածի ու սովահար վիճակը: Այս խառնաշփոթութեան մէջ սպանւում է Վահէի հայրը, իսկ ընտանիքը գաւառից գաղթում է Վան: Այս դժբախտներին օգնութեան է հասնում Վանի միսիոնար դր. Րէյնոլդսը: Նա մեն-մենակ դիմում է արտաքին աշխարհին, օգնութիւն խնդրելով բազմահազար հայ գաղականների ու որբերի համար եւ մասամբ յաջողւում է: Դր. Րէյնոլդսը Վանում բացել էր որբանոց ու դպրոց, ուր ապրում ու սովորում էին հայ երկսեռ որբերը, թւով մօտ 500 հոգի:

Վահէն հօրից որբ մնալով, 1897 թւին ընդունւում է ամերիկեան որբանոցը եւ շարունակում իր կրթութիւնը նոյն հիմնարկութեան դպրոցում, որը բարոյական ու մտաւոր տեսակէտից լաւ վարկ ունէր Վանում: Որբանոցում Վահէն մնում է վեց տարի, փայլուն առաջադիմութիւն է ցոյց տալիս դասերի մէջ, սիրւում է անխտիր բոլոր ուսուցիչների, ինչպէս եւ դր. Րէյնոլդսի կողմից: Բոլոր որբերը նրան համակրում եւ յարգում են եւ հէնց այդ պատճառով տեսչութեան կողմից վերակացու է կարգւում որբերի վրայ:

Այդ շրջանում Վանի երիտասարդութիւնը տոգորւած էր յեղափոխական գաղափարներով, Հ. Յ. Դաշնակցութիւնը մեծ համակրութիւն էր ստեղծել իր շուրջը եւ արագօրէն կազմակերպում էր յեղափոխական խմբեր, օգնութեան հասնելու գաւառի հայ թշւառ ժողովրդին: Յեղափոխական գաղափարները թափանցում են նաեւ որբերի մէջ եւ յեղաշրջում նրանց հոգեկան աշխարհը: Վահէն նորից առաջին շարքի վրայ է գտնւում, նա է կազմակերպութեան ոգին որբանոցում: Կոմսի (Վ. Փափազեանի) ազդեցութեան եւ նրա անմիջական հսկողութեան տակ, նա որբանոցում մեծ աշխատանք է կատարում, համախմբելով որբերին Դաշնակցութեան դրօշի տակ:

1903 թւին, Վահէն փայլուն վկայականով աւարտում է Ամերիկեան դպրոցը եւ իր ուսուցիչներից լսելով Ամերիկայում Հարվըրդ համալսարանի գովքը, որոշում է միջոցներ ստեղծել անցնելու այդ համալսարանը բարձրագոյն կրթութիւն ստանալու համար: 1904 թւին յեղափոխական խմբերին միացած, Կոմսի ղեկավարութեամբ, անցնում է իր հայրենի գաւառը, կազմակերպչական աշխատանքներ կատարելու: 1906 թւին Վահէին յաջողւում է անցնել Ամերիկա իր ուսումը շարունակելու: Ընդունւելով Հարվըրդ համալսարանը, որ իր երազն էր եղել, մեծ առաջագիտութիւն է ցոյց տալիս եւ 1913 թւին աւարտում է միջազգային օրէնքի մասնաճիւղը, ստանալով երկու տիտղոս համալսարանից: Ամերիկեան կառավարութիւնը նրան առաջարկում է դիւանագիտական ծառայութեան մէջ ամենայարամր պաշտօնը, բայց նա մերժում է, որովհետեւ որոշում ունէր ծաառյել միայն հայ ժողովրդին: Ամերիկայում Վահէն աշխատում է «Հայրենիք»ի խմբագրութեան մէջ, լինում Կ. Կոմիտէի անդամ, դառնում է կուսակցական գործիչ, խանդավառելով ամերիկահայութիւնը իր հմայիչ դասախօսութիւններով:

1919 թւին Հայաստանի հանրապետութեան Պատւիրակութիւնը Փարիզից շտապ հեռագրով պահանջում է Վահէին: Ամերիկայի ընկերները դէմ են դուրս գալիս եւ չեն ուզում որ նա մեկնի իրենց շրջանից, բայց Վահէն որոշում է մեկնել Փարիզ, որովհետեւ պարտականութիւն ունէր կատարելու: Փարիզում նա հանդիպում է Ա. Ահարոնեանին, Բժ. Հ. Օհանջանեանին եւ Արմէն Գարոյին, որի հետ միասին գործել էին Ամերիկայում:

Պատւիրակութեան անդամները մանրամասնօրէն պատմում են Վահէին նորազատ Հայաստանի իրադարձութիւնները, եզրակացնելով, որ մէկ կողմից Հայաստանի ժողովրդի ֆիզիքական գոյութիւնը առայժմ կախւած է Միաց. Նահանգների կառավարութիւնից, միւս կողմից, որ մեր կառավարութեան եւ Անգլիայի ու Միաց. Նահանգների դիւանագիտական ներկայացուցիչների փոխ յարաբերութիւնը բաղձալի ներդաշնակութիւն չունեն, ուստի առաջարկում են նրան որ մեկնի Հայաստան, վերոյիշեալ երկու ուղղութեամբ աշխատանքի լծւելու:

Վահէն սիրով ընդառաջում է պատւիրակութեան պահանջին, անմիջապէս մեկնում է Կ. Պոլիս, անցնում Բաթու մեւ յետոյ Երեւան: Այդտեղ ներկայանում է վարչապետ Խատիսեանին, որը առաջարկում է նրան Բալկանեան երկրների ներկայացուցչի պաշտօնը: Սակայն Վահէն մերժում է, առարկելով, որ երկիր է եկել՝ ծառայելու հայ ժողովրդին, գործելու նրա ծոցում: Այնուհետեւ Հայաստանի կառավարութիւնը նրան, պրոֆեսոր Խաչիկեանին ու Հ. Մանուկեանին ուղարկում է Թիֆլիս, բանակցութեան շտնելու Անգլիայի եւ Ամերիկայի ներկայացուցիչների հետ մի շարք կարեւոր հարցերի առթիւ: Յաջողութեամբ կատարելով այդ պարտականութիւնը, կառավարութիւնը նրան նշանակում է ներգաղթի բաժնի ղեկավար, բայց նորիցհ արկ եղած պարագայում, նա է բանակցութիւններ վարում անգլիացիների ու ամերիկացիների հետ կառավարութեան կողմից:

1920 թւին Ապրիլին անցնում է Կարս կարգաւորելւո ներգաղթի գործը: Շնորհիւ Ամերիկայի Նպաստամատոյց կոմիտէի նիւթական աջակցութեան, կարճ ժամանակում նա կարողանում է ամեն օգնութիւն հասցնել գաղթականներին, ստեղծում է յարմար կացարաններ, փոխադրական միջոցներ, սնունդի, հագուստի եւ դեղօրայքի պաշարի կարգադրութիւնենրը անում: Կարսում Վահէն բացում է որբանոցներ, ուր հաւաքւում են հազարաւոր անխնամ մնացած որբեր, կազմակերպում է նրանց կրթական եւ առողջապահական գործը, կանոնաւորում է նրանց ապրուստի պայմանները, հագուստեղէնի խնդիրը: Սակայն այս գեղեցիկ գործը նորից կիսատ է մնում:

Թշնամին կրկին սկսում է իր յարձակումը Կարսի վրայ, հայութիւնը գաղթում է խուճապահար, հայկական բանակը թունաւորւած բոլշեւիկեան քարոզչութեամբ, նահանջի ճամբան է բռնում. գնդ. Մազմանեանը ի տես այս խայտառակութեան անձնասպան է լինում, թշնամին խուժում է Կարս: Վահէն մնում է Կարսում եւ յամառօրէն պաշտպանում է որբանոցները: Թշնամի լրտեսական բաժինը հետամուտ է Վահէ Արծրունուն բռնելու, այս անունով նրան փնտռում են ամեն տեղ, սակայն նա համարձակ ամերիկացի միսիոնարների հետ հրապարակայի վրայ է, ու թշնամի սպաները պատւի են կանգնում կարծելով թէ ամերիկեան քաղաքացի է: Վահէն այդ դժնդակ պայմաններում անգամ աշխատում է գերի մնացած հայութեան օգտակար լինել ամեն միջոցով: Սակայն երկար չի կարողանում շարունակել իր աշխատանքը: 1917 թւի Յունւար 15ին, նա 12 ընկերների հետ միասին թողնում են Կարսը եւ թշնամի զօրքերի շղթան ճեղքելով, անասելի նեղութիւններ կրելով, մէկ շաբաթւայ ոդիսականից յետոյ հասնում են Ալագիազի փէշերը:

Սասունցիների մօտ մի քանի օր հանգստանալուց յետոյ, խումբը ցրւում է, մի մասը անցնում է Էջմիածին, միւս մասը Թիֆլիս եւ Երեւան: Վահէն մնում է Մաստարայում մինչեւ փետրւար 18ը, որովհետեւ լուր է առնում Երեւանից, որ բոլշեւիկեան իշխանութիւնը իրեն փնտռում է մայրաքաղաքում: Վրայ է հսնում փետրուարեան ապստամբութիւնը, նա սասունցիների հետ նորից առաջին գծի վրայ է, շտապում է օգնութեան հասնել իր ընկերներին ու մտաւորականներին, որ բանտում էին գտնւում: Ապստամբութիւնը յաջողութեամբ պսակւում է նորից Հայաստանը ազատ շունչ է քաշում:

Ազատագրւած Հայաստանում կազմւում է ժամանակաւոր կառավարութիւն: Վահէն դառնում է ապահովութեան խորհրդի եւ Վասպուրականի զինւորական մարմնի անդամ եւ ամենայն բարեխղճութեամբ կատարում է իր վրայ դրւած այս երկու պարտականութիւնները:

Հայաստանի ազատութիւնը երկար չի տեւում: Կարմիր ուժերը ամեն կողմից կրկին ներխուժում են մեր երկիրը: Ապրիլ 2-ին սկսւում է նահանջը: Վահէն վերջին կարաւանի հետ արցունքը աչքերին թողնում է Երեւանը ու անցնում Լեռնահայաստան, քայլելով միշտ իր սիրած ժողովրդի հետ, առանց իր օգնութիւնը խնայելու նրա տառապանքները մեղմելու գործում: Մեղրիից տարագրութիւնը պիտի անցնէր Պարսկաստան: Լեռնահայաստանի կառավարութիւնը Վահէին նշանակում է գաղթակայանի կառավարիչ, դիւրութիւններ ընծայելու անցնող գաղթականութեանը եւ նրանց իրաւունքների պաշտպանը հանդիսանալու պարսի իշխանութեան առաջ:

Վահէն սիրով կատարում է կառավարութեան այս յանձնարարութիւնը, անցնում է Պարսկաստան եւ ամեն տեսակի միջոցով օգնում է գաղթականութեան տեղափոխմանը, որոնց վերջին կայանը լինում է Թաւրիզը:

Վահէի մասին Ս. ՎՐացեանը հետեւեալն է գրում Ատրպատականի առաջնորդին. «Յարգելի Սրբազան. Վահէ Արծրունուն յանձնարարել եմ պատմել Ձեզ գաղթականութեան վիճակի մասին: Նա ծանօթ է ամերիկեան շրջանակներին, լաւ անգլերէն գիտէ եւ կարող է օգտակար լինել Ձեզ այդ գործում, խնդրում եմ նկատի առնէք»:

Վահէն Թաւրիզում օգտակար եղաւ այդ ուղղութեամբ, շնորհիւ իր լայն ծանօթութիւններին եւ դարձաւ Մելիք Թանգեան սրբազանի մտերիմներից մէկը:

Թաւրիզում Վահէն շարունակում է գործել կուսակցական ու հասարակական ասպարէզում: Նա հէնց առաջին օրից պաշտօնի է հրաւիրւում Ամերիկեան միջնակարգ դպրոցը որպէս անգլերէնի դասատու եւ անխտիր սիրում հայ, սորի եւ պարսիկ ուսանողների կողմից: Թաւրիզում նա կազմում է իր ընտանեկան ոջխաը, վերջ տալով անդաստական կեանքին: 1932 թւին տեղափոխւում եւ հաստատւում է Թեհրանում, ուր շարունակում է իր օգտաշատ գործունէութիւնը հասարակական մարմինների մէջ: Տարիներ շարունակ լինում է Թեմական Խորհրդի անդամ եւ բարեխղճօրէն կատարում է իր վրայ դրւած պարտականութիւնները:

Վահէն իր օժանդակութիւնն է բերել նաեւ հայ մամուլին: Նա բազմաթիւ քաղաքական ու գրական բնոյթ կրող յօդւածներով աշխատակցել է «Հայրենիք»ին, «Յուսաբեր»ին, «Յառաջ»ին, «Նաւասարդ» ու «Լոյս» պարբերականներին եւ «Ալիք»ին: Անտիպ վիճակում թողել է գրական խոշոր ժառանգութիւն ստւար հատորներով, որ կարելի է բաժանել երեք կարգի, Յուշեր ու ճամբորդական տպաւորութիւններ, ուսումնասիրութիւններ եւ գրական-գեղարւեստական ստեղծագործութիւններ: Կարմիր թելի նման անցնում է նրա բոլոր գրւածքներում ու յօդւածներում լաւատեսութիւնը ու ապագայի յոյսը. «Ես համոզւած եմ, որ այս օրերը շատ երկար չեն լինի: Պիտի գայ վերջապէս այն օրը, երբ հայ մնացորդացը հնարաւորութիւն պիտի ունենայ իր մայրենի հողի վրայ ազատ եւ անկախ վիճակ մը ստեղծելու իր համար»:

Ահա այս գեղեցիկ խօսքերով է փակւում Վահէի բեղուն կեանքի գիրքը:

«Վահէ Արծրունին Եւ Իր Աշխատանքը»
Հայկ Օհանեան
«Ալիք», Թեհրան
1958, Թիւ 162, 163