06 July, 2023

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԽԷՉՕ. Խաչատուր Ամիրեան

Մեր նորագոյն պատմութեան ինքնատիպ դէմքերից մէկն է Խէչօն, որ այսօր, մօտ քսան տարւայ հանրօգուտ գործունէութիւնից յետոյ, հրաժեշտ է տալիս մեզ՝ այս խորախորհուրդ օրերին, զոհ գնալով իր սիրած գործի, իր սիրած ժողովրդի արիւնահեղ պայքարի ռազմադաշտում:

Այդպէս էր վիճակւած նրան ու բնաւ անսպասելի չէր նրա համար այդ ձևի մահը:

Մի քանի տողերի մէջ ամփոփել նրա բովանդակ կեանքի ամբողջութիւնը, փորձել մի քանի սիւնակներով պատկերացնել Խէչօի եզակի ու օրինակելի կեանքի ուշագրաւ դրուագները, կը նշանակէ խորապէս վիրաւորել նրա կրթիչ յիշատակը, էապէս մոռանալ նրա անհատականութիւնը:

Կանցնին այս ցաւոտ օրերը ու երբ մեր մթագնած հորիզոնից ծագող արևի ճարագայթների օգնութեամբ հնարաւորութիւն կունենանք մեզ յայտնի ու անյայտ շիրիմները փնտռելու, այնտեղ կը գտնենք եւ Խէչօյին, իր բոլոր ընկերների, անգամ հակառակորդների անշեղ համակրանքը վայելող «Դաշնակցկաան Խէչօին» - իր հասարակական մեծութեամբ ու գաղափարական անարատ գործչի անծայրածիր ծաւալով:

Այսօր դրա ժամանակը չէ...

***

Հին Նախիջեւանի բարեկեցիկ ընտանիքում 1875 թ. ծնւած զաւակ է Խէչօն, սնւած իր գուրգուրած մօր փաղաքաշնքներով, մատնանշած գաղափարներով: Այդ իսկ պատճառով պարծանքով էր յիշում Խէչօն իր մօր ազդեցութիւնը, նրանից ստացած ներշնչումները:

Դեռ պատանի, իր մեղմ ու գաղափարատենչ բնաւորութեամբ աչքի է ընկնում իր դպրոցական ընկերների մէջ եւ չը հանդուրժելով դպրոցի սահմանափակ շրջանակը, կեանքի ասպարէզ է իջնում քաղաքային դպրոցի չորրորդ դասարանից – հակառակ իր մօր թախանձանքին ու խրատներին:

Թիֆլիզն ու Բագուն, մանաւանդ վերջինը, լրացնում են Խէչօի կրթութեան պակասը, որին նպասում են եւ իր ծայրահեղ ընթերցասիրութիւնն ու հետախուզող բնաւորութիւնը:

Իննսունական թուականների սկիզբն է դա, երբ սահմանափակ շրջաններում խմորւում էր հայ ազատագրական շարժումը եւ իր դրօշի տակ համախմբում հայութեան լաւագոյն տարրերը: Խէչօն «մկրտւած» է արդէն եւ իր համադրող խառնուածքով, մեղմ ու բարի բնաւորութեամբ, իր սրամիտ կատակներով ու ժողովրդական անսպառ երգերով, իր ազնիւ, անկեղծ ընկերասիրութեամբ բոլորի համար սիրելի, շատերի համար յարգելի:

Ինչպէս ինքն էր ասում, նա ունի արդէն «իր ժողովուրդը»: Իրօք ամէն տեղ է Խէչօն, ե՛ւ ընտանիքներում, ե՛ւ երեկոյթներում, ե՛ւ ժողովներում ու «իր ժողովուրդը» սիրով ու սրտով հետեւում է իր առաջնորդին:

***

Խանասորի պատմական արշաւանքին օրինակելի ռազմիկ, քաջասիրտ երիտասարդ է Խէչօն: Այդ օրւանից նա ընտրեց հայդուկի փշոտ ու դաժան ճամբան ու մինչեւ այսօր մնաց հաւատարիմ ու անդաւաճան: Չը կայ մեր իրականութեան մէջ մի  կարեւոր ձեռնարկ, հասարակական մի ուշագրաւ ըմբոստացում, ուր բաժին չունենար մեր ժողովրդի հերոսը, լինի դա Կովկաս, Տաճակստան թէ Պարսկաստան:

«Ամբոխային տրամաբանութեան» օրերին իսկ, միշտ զուարթ ու ժպտուն... շարունակում է իր գործը, անուշադրութեան մատնելով միջավայրի դաժանութիւնը, շրջապատի վնգոցը:  Բնազդով գիտէր, որ իր փարած կազմակերպութիւնը հող ունի մեր իրականութեան մէջ, աշխատանք ունի կատարելու:

1903ին տեղի է ունենում եկեղեցական կալւածների բռնագրաւումը: Կովկասահայութիւնը մի աննման ժեսդով խոյանում է այդ անարդարութեան դէմ, յուզւում ու բողոքում, ալեկոծւում ու ընդհարւում: Խէչօն տիպար արտայայտիչն է այդ ընդվզումի, կազմակերպիչը բողոքի ու ցասումի:

Ահա եւ հայ-թրքական մենամարտը, որի երկրորդ ու դաժան հարւածը՝ Բագուից յետոյ իջնում է Խէչօի հայրենիք՝ Հին-Նախիջեւանի հայութեան գլխին: Վրդովուած կորիւնը սլանում է հայրենիք. կարճ ժամանակամիջոցում կազմակերպում ինքնապաշտպանութիւնը եւ իր հակահարւածներով հարկադրում թիւրքերին հաշտութիւն աղերսել ու ընդմիշտ հրաժարւել հայու հետ ընդհարւելու մտադրութիւնից:

Ընդհարումներին եւ ազատագրական պայքարին յաջորդում է րէաքսիօնի շրջանը... Բոլոր սեւ ու մութ տարրերը հակաժողովրդական ճամբան բռնած, շանտաժի ու թալանի սկզբունքին են փարում: Խէչօն անհանդուրժելի է գտնում այդ կացութիւնը եւ անցնում ահաբեկիչների գլուխ ու սանձահարում ժողովրդի արդար դատը վարկաբեկող տարրերին:

Դէպքերից մէկի անյաջող ընթացքը նետում է դրան Եկատերինադարի բանտը: Խէչօյին անծանօթ չէր այդ գարշելի խուցը, դժոխային դժուարութիւններով միայն յաջողում է փախչել ու անցնիլ Պարսկաստան, 1902ին:

***

Դարաւոր Իրանը ինքնարթնացումի շրջան է ապրում: Շահերի անլուր բռնութիւնների դէմ ոտքի է կանգնել երկրի գիտակից տարրը եւ հայերը ևս մասնակից են այդ շարժման: Մինչ Թաւրիզում Սաթտար Խանը հարկադրւած է զէնք վար դնել, Ռաշտի ապստամբները Եփրեմի առաջնորդութեամբ, իսկ բախտեարները Սարտար Ասադի, արշաւում են Թէհրան՝ մէկը միւսից անտեղեակ: Խէչօն մայրաքաղաքում գաղտնի կերպով պատրաստում է բանակների ընդունելութիւնը, անձամբ կապ է հաստատում արշաւողների մէջ ու խոշոր դեր խաղում Թէհրանի գրաւման ժամանակ:

Այդ օրւանից նա աջ թեւն է Եփրեմի, սիրելի ու պաշտելի թէ՛ հայերի եւ թէ՛ Պարսիկների ու բախտիարների համար: Նրա բարոյական արժէքը է՛լ աւելի աչքի ընկաւ Իրանում, ուր թագաւորող թալանի սիստեմի մէջ միշտ մնաց անարատ հայդուկին յատուկ ինքնասիրութեամբ:

Ղարաբաղի կռիւներին Խէչօն մահացու վէրք ստացաւ դէմքից: Նրան յաջողւեց մի անգամ եւս ապաքինել ու վերստին պատերազմի դաշտ նետւիլ, սակայն տկարութիւնը հարկադրեց անցնիլ Եւրոպա եւ լրջօրէն մտածել վնասւած ջղերի բուժման մասին:

***

Ժընեւում հոգեկան հանգիստ չունէր Խէչօն: Եւ նրան թւում էր, թէ ինքը մի մեծ յանցանք է գործել տաճկահայաստան չըգնալով, ուր մարդու կարիք է զգացւում, հսկայական աշխատանք կայ: Չը համբերեց ու անցաւ Պոլիս-Կարին-Վան լուրջ ծրագիրներով:

Պատերազմը վանեց մեր ռազմատենչ հայդուկին թիւրքիայի սահմաններից: Խէչօն անցաւ Կովկաս ու մեր կամաւորական խմբերի է՛ն կարեւոր ղեկավարներից մինը հանդիսացաւ: Այստեղ եւս նա ցուցադրեց իր ռազմական ու բարոյական վսեմութիւնը, ընկերական ու ժողովրդասիրական տենդէնցը:

Տասն ամիս շարունակ նա տարաւ անտրտունջ իր ստանձնած գործը: Վանի գրաւումից յետոյ երազում էր միայն Մուշ հասնել. այնտեղի հայութիւնն էլ ազատւած տեսնել ու ապա... երկու ամսով արձակուրդ գնալ, իր գործերը կանոնաւորել:

Աւա՜ղ, տարաբախտ զինուորը պարտքի՝ չը հասաւ իր մուրազին: Նա ընկաւ հերոսական մահով ճիշտ այն պարթեւական յարձակումի ժամանակ, որով հարթել էր ուզում դէպի Մուշ տանող ճանապարհի խոչընդոտները...

Ս. Արարատեան
«Աշխատանք», Վան
Շաբաթ, 11 Յուլիս 1915
Ե. Տարի, Թիւ 52-251