25 July, 2023

Խանասորի Կռիւը. Նահանջ (Ձիաւորի յիշատակարանից)

Նահանջն արդէն վճռւած էր, բայց մեզանից շատերը վերադառնալ չէին ուզում այդքան շուտ. Յափշտակւած օրւայ փառաւոր յաղթութիւններով, նրանք երազում էին նոր յարձակումներ.

–«Վալլա, լաւ բան ի, ես ոչ ոքի մտիկ չեմ տայ. Քառասուն խոքի կառնեմ, կերթամ է՜ն չատրքերաց վրայ», աչքերը վառւած կրկնում էր հարիւրապետ Յ-ն, այն Յ-ն, որն սկզբում արշաւանքի ծրագրի կատաղի հակառակորդն էր, իսկ այդ ժամին չէր մտածում այլեւս ո՛չ մեր պաշարի սակաւութեան, ո՛չ թշնամիների հետհետէ զօրեղանալու մասին...

Սակայն նահանջն անհրաժեշտ էր եւ նա պէտք է սկսւէր մեր բռնած դիրքից, ուր կուտակւում էին քիչ քիչ կռւից քաշւողները: Եւ մինչդեռ առանձին դիրքերում դեռ շարունակւում էին նահանջի ճանապարհը պաշտպանող խմբերի կռիւները, մեր դիրքում ժողովւած տղերքը բացել էին պայուսակները եւ գաթա ու հալւա ուտելով՝ խօսակցում էին իրար հետ:

Խօսակցութեան առարկան իհարկէ օրւայ դէպքն էր: Բացատրում էին կռւի յաջողութեան պատճառները,– յիշեցին նաեւ չորեքշաբթի գիշերւայ ընկած լուսաւոր աստղի բարեգուշակութիւնը.– հայհոյում էին այն հայերին, որոնք ուզում են «ծառի տակ պառկել, բերանը բանալ, որ խնձորն ընկնի մէջը»: Ոչ ոք նրանցից չի տեսել մի հայ, որի «ձեռքին թֆանկ էլնի ու 10-20 քրդի ջուխաբ չտայ»: Արդար պարծանքով շեշտում էին, որ Շարաֆի հազարաւոր քիւրդ տոհմական թշնամիներն անկարող եղան նրան մի քիչ վնաս հասցնելու, մինչդեռ իրենք, իրենք փոքր թւով, բնաջինջ արին նրա ամբողջ ցեղը: Արհամարհանքով էին խօսում այդ օրն իրենց դիմացը դուրս եկած հազարաւոր քրդերի անզօր եւ յուսահատական ջանքերի վրայ. ծաղրում էին նրանց հրացանները եւլն...

Դումանը եւ ես մի առանձին հրճւանքով էինք լսում այդ անկեղծ խօսակցութիւնը, բղխած պարզ գիւղական սրտերից: Ահա մի տարր, կռիւների մէջ եփւած, գնդակների տարափի տակ ամրացած, թշնամու «ուժը» տեղն ու տեղը ճանաչած՝ կը ցրւի ժողովրդի մէջ, իր օրինակով, իր ու թանկագին ընկերների արեամբ ձեռք երած անխախտ համոզումով կը ցնցի նրան, կը սթափեցնի անթիւ հարւածներից շւարած գլուխները, իրեն կը քաշի կռւի ընդունակներին, աւելի լայն կը բանայ յեղափոխական ուղին...

Մութն արդէն պատել էր, հինգօրական լուսինը աղօտ լուսաւորում էր շրջակայքը, ցրտից մենք կծկւել էինք մի բոլորակ դիրքի մէջ:

–Տղերքը ուշանում են նկատեցի ես:

–Դէ հազիւ քաշւած լինեն դիրքերից, պատասխանեց Դումանը:

Ճիշդ այդ րօպէին լերան մի գագաթից մի գնդակ սուլելով եկաւ եւ անցաւ ուղիղ մեր գլխի վրայից. յետոյ մի երկրորդը եւ մի երրորդը:

–Այս ի՞նչ է նշանակում, հարցրի ես:

–Ոչինչ, պատասխանեց Դումանը. երեւի մեր տղերանց քաշւելուց յետոյ քրդերը բարձրացել են դիրքերը, որտեղից գնդակ են արձակում:

–Բայց իրենց սովորութեան համեմատ պէտք է արդէն քաշւած լինին. քրդերը արեւը մայր մտնելուց յեոտյ չեն կռւում:

–Այդ ճիշդ է, բայց այս անգամ սիրտները շատ է դաղւել:

Այս խօսակցութեան մէջ էինք, երբ երեւաց ընդհանուր խմբապետի օգնականը տղերանց եւ վիրաւորների հետ միասին:

–Տղերքը բոլորը եկա՞ն, հարցրինք մենք անհամբերութեամբ:

Ո՛չ, պատասխանեց նա, մի փոքրիկ մասը դեռ յետ է:

–Շատ լաւ, դարձաւ Դումանը օգնականին, դու խումբդ առ եւ շուտով անհետացիր մթութեան մէջ, իսկ ես այստեղ կը մնամ եւ կը դիմադրեմ քրդերին:

–Ես էլ կը մնամ, պատասխանեցի ես, եւ երկուսս հրացաններց քաշած՝ մտանք քարերի ետեւը: Իսկ օգնականը տղերանց եւ վիրաւորներին առնելով՝ շարունակեց իջնել ձորը:

Հետզհետէ վրայ հասան տղերքը եւ ինքը ընդհանուր խմբապետը: Մեզ յայտնեցին, որ բոլորս էլ մաս-մաս հեռանանք առանց կրակ անելու, որպէսզի մթութեան մէջ բոլորովին կորցնենք մեր հետքերը:

Կնետրօնական խումբն արդէն բաւական առաջ էր գնացել. նրան յաջողում է ուղիղ ճանապարհով ամենայն ապահովութեամբ տեղ հասնել: Բայց նոյն վիճակին չարժանացանք մենք՝ յետ մնացածներս, թւով մօտ 20 հոգի: Ընդհանուր որոշման համաձայն մենք մաս-մաս բաժանւեցինք: Իւրաքանչիւր մի մասը ամէն տեսակ արկածների է հանդիպել: Քիչ գաղափար տալու համար պատմենք մեր գլխին եկածը:

Ընդհանուր խմբապետը, Դումանը, ես եւ իմ մի մօտիկ ազգականը միասին ճանապարհ ընկանք, բայց արձակւած գնդակների պատճառով ստիպւած էինք իրարից հեռանալ, եւ մենք շուտով կորցրինք Դումանին, որը յետ էր մնացել մի դէպքի պատճառով, որ պարտք եմ համարում յիշատակել այստեղ:

Բաժանւելով մեզանից, Դումանը լսում է մի օգնութեան կոչ եւ անմիջապէս ճանաչում է իր մտերիմ ընկերոջ ձայնը: Վազելով, Դումանը տեսնում է, որ իր ընկերը վայր է ընկել, անկարող լինելով քայլել: Իսկոյն բարձրացնում է նրան, գտնում է մի ձի, նստեցնում եւ սկսում նրա հետ շարունակել ճանապարհը: Այդ միջոցին մի գնդակ վիրաւորում է Դումանի ձախ թեւը, բայց նա ոչ մի ուշադրութիւն չի դարձնում վիրաւոր թեւի վրայ եւ, տեսնելով, որ ձին յոգնածութիւնից չի շարժւում, հանում է իր տրեխները, հագցնում ընկերոջ (վերջինս կորցրած է լինում իրենը) եւ կամաց-կամաց թշնամիների միջից առաջ ընթանալով, այդ երկուսը ապահով տեղ են հասնում գլխաւոր խմբի ժամանումից միայն 2 օ րյետոյ:

Իսկ մենք երկար ժամանակ միասին գնաացինք մինչեւ լերան ստորոտի ձորը, ուր հանդիպեցինք ուրիշ տղերանց էլ: Այստեղ պէտք է գտնէինք ընդհանուր խմբապետի օգնականին կենտրօնական խմբի հետ. բայց երեւի խումբը խոհեմութիւն չէր համարել կանգ առնել եւ անցել էր. իսկ մեզանից ոչ ոք ճանապարհը չէր ճանաչում եւ հետեւաբար չէր յանդգնում միւսներին առաջնորդ լինելու պատասխանատւութիւնը իր վրայ վերցնել: Ուստի ոմանք բարձրացան ձորի աջ կողմի թմբի վրայ եւ իջան միւս կողմը, իսկ մենք եւ մեզ հետ ուրիշ տղերք բռնեցինք ձորի ճանապարհը: Այդ գծով քիչ առաջ գնալուց յետոյ մեզ հետ միացած 6 տղերքն էլ բարձրացանք ձորի աջ կողմի թումբը եւ անցան միւս կողմը: Անցնողները չէին սխալւել. իրենց ճանապարհի վրայ նրանք գտնում են կենտրօնական խումբը:

Մեր ճանապահրը սոսկալի էր, մէկ թզի չափ հարթ տեղ գտնել չէր կարելի: Երբեմն ստիպւած էինք երկու երեք գազ բարձրութիւնից ցած թռչել առանց իմանալու, թէ ինչ կայ մեր տակը: Կարող էք երեւակայել, թէ որքա՜ն անտանելի է խոչընդոտներով լի այդպիսի մի ճանապարհ, այն էլ բեռնւած մարդու համար:

Կէս ժամ անցած կը լինէր, ինչ մենք բառանւել էինք մեր ընկերներից, երբ ձորի աջակողմեան թմբի վրայից լսեցինք հրացանների ձայներ. այդ քրդերն էին: Փամփուշտները դնելով հրացանների մէջ, մենք երեսի վրայ պառկեցինք գետնի վրայ, աշխատելով չմատնել մեր ներկայութիւնը: Քրդերը շուտով դադարեցինք հրացանաձգութիւնը, սկսան այս ու այն կողմը պատել, սուլել եւ «տղերք» ձայն տալ: Նրանք գիտէին, որ մենք այդպէս ենք իրար կանչում. դրանով նրանք ուզում էին խաբել յետ մնացածներին, իմանալ նրանց տեղը: Մի ամբողջ ռամ պտտելուց յետոյ, քրդերը հեռացան, եւ մենք բարձրացանք մեր տեղից ու շարունակեցինք գնալ: Բայց դէպի ո՞ւր – մեզանից ոչ ոք չգիտէր: Մենք մի սար էինք ճանաչում, իսկ նա մթութեան մէջ չէր երեւում: Սպասել լուսաբացին սարը տեսնելու համար՝ մահ էր նշանակում, որովհետեւ լաւ գիտէինք, որ առաւօտը շատ վաղ քրդերը պիտի լցւէին լերան վրայ, փնտռէին յետ մնացածներին եւ սպանւածներին կողոպտէին: Պէտք էր անպատճառ գնալ. Ուղղութեան համար օգնեց բեւեռային աստղը: Բռնելով որոշած ուղղութիւնը, մենք ուղիղ գծծով առաջ գնացինք: Մեր ընթացքը շատ էլ խոհեմ չէր. կարող էինք ընկնել քրդերի օբաների մէջ, բայց ի՞նչ արած:

Բարեբախտաբար ոչ ոքի չհանդիպեցինք, բայց յոգնած, հրացանով ու փամփուշտներով բեռնւած, անընդհատ սար բարձրանալ-իջնելով, մենք սաստիկ ծարաւ էինք զգում: Երբ եւ իցէ այս դրութեան մէջ եղողը միայն կարող է երեւակայել մեր դրութիւնը: Այս տանջանքների մէջ աւելի քան երեք ժամ գնալուց յետոյ, յանկարծ մի խոտո ձորի մէջ լսեցինք բարակ ջրի խոխոջ: Որքան անտանելի էր մեր ծարաւը, նոյնքան մեծ եղաւ մեր ուրախութիւնը: Ձեռքով խոտերի մէջ գտանք աղբիւրը ակը եւ հարկ չկայ ասելու, որ չխնայեցինք ո՛չ մեզ եւ ո՛չ աղբիւրին: Ջրամանն էլ լցնելուց յետոյ ճանապարհ ընկանք: Բայց աւա՜, մենք փորձառու չէինք, մենք չգիտէինք, որ այդպիսի սոսկալի ծարաւը մի անգամ ջուր խմելով չի անցնում, որ ծարաւը կոտրելու համար անհրաժեշտ է գոնէ մի քառորդ ժամ նստել ջրի մօտ եւ մի քանի անգամ խմել: Դժբախտաբար մենք իայն մի անգամ խմեցինք կուշտ եւ շարունակեցինք մեր ճանապարհը: Հազիւ քսան րօպէ անցած՝ նորից զգացինք նոյն ծարաւը. իսկ ի՞նչ կարող էր անել փոքրիկ ջրամանը մեզ երեքիս:

Շարունակ բարձրանալով, իջնելով՝ արշալուսին հասանք մի բլրի գագաթ, ուր կային դիրք բռնելու համար քիչ շատ յարմար դիրքեր: Վճռեցինք մտնել այդ քարերի մէջ, թագնւել մինչեւ մութն ընկնելը եւ ապա շարունակել մեր ճանապարհը:

Մի քանի քարեր եւս շարելով, ամրացրինք մեր բռնած դիրքերը եւ իւրաքանչիւրը մեզանից մէկի մէջ մտնելով, կծկւեցինք եւ քնեցինք: Արեւը դեռ նոր էր ծագել, երբ մենք աչքներց բացինք եւ ի՞նչ տենենք – չնայելով, որ ամբողջ գիշերը շարունակ քայլել ենք, բայց շնորհիւ այն հանգամանքի, որ հարթ տեղով չեն գնացել, այլ սարեր, անդունդներ ենք կտրել, մենք գտնւում ենք այնքան հեռու Արաուլի ստորոտից, որ մի ձիաւոր կէս ժամում կարող է մեզ հասնել:

Արեւը մի քանի թիզ բարձրացաւ հորիզոնից թէ չէ, մէկ էլ տեսանք, որ քիւրդ ձիաւորները մրջիւնի պէս լցւեցան սարը եւ սկսան այս ու այն կողմ հրացան արձակել: Մեր առաջին ենթադրութիւնն այն եղաւ, որ մեր տղերանցից անպատճառ մնացած կը լինեն լերան վրայ, եւ հիմա կռիւը նորոգւել է նրանց եւ քրդերի մէջ: Փամփուշտները հրացանների մէջ դնելով, պատրաստւեցինք մենք էլ, բայց մի քանի րոպէ սրտատրոփ ականջ դնելով, տեսանք որ ոչ մի մօսինի չպատասխանեց մարտինիներին: Մեր սիրտը հանգստացաւ. Նշանակում է, որ տղերանցից ոչ ոք չկայ, այլ քրդերը դիտմամբ կրակ են անում դէպի այն դիրքերը, որտեղ մենք նախորդ օրը պաշտպանւում էինք, որպէսզի նախ քան դիրքերին մօտենալը իմանան, մարդ կայ, թէ ոչ: Ոչ մի պատասխան չստանալով եւ համոզւելով, որ մարդ չկայ, սկսան աւելի եւ աւելի բարձրանալ: Մեր դրութիւնը վտանգաւոր էր. քրդերը կարող էին ցրիւ գալ տղերանց բռնած ճանապարհով եւ գտնել մեզ: Այդ դէպքում մեր կորուստն անխուսափելի կը լինէր, որովհետեւ մի քանի ժամից աւելի դիմադրել չէինք կարող. մեր փամփուշտները շուտով կը սպառւին: Բացի այդ, մեր շուրջը 20, 50, 100 քայլի վրայ սփռւած էին մեզ քարեր, որ քրդերը մէկը միւսի ետեւից բռնելով, կարող էին առաջ գալ եւ վերջապէս հասնել մեզ:

Բայց եւ այնպէս մենք պատրաստ եւ լարւած սպասում էինք կռւին ձիաւորները ամբողջ 3 ժամ լերան ամէն կողմը պտտելուց յետոյ, հեռացան մեր աչքից: Սպասեցինք մինչեւ կէսօր. նրանց այլեւս չերեւացին: Անցաւ մի երեք ժամ էլ,– մենք մեզ բոլորովին ապահով զգացինք, որովհետեւ մինչեւ երեկոյ քիչ էր մնացել, եւ եթէ թշնամին էլ յայտնւէր, մենք վստահ էինք, որ մինչեւ մութն ընկնելը կարող կը լինենք մեզ պաշտպանել, եւ յետոյ աներեւութանալ խաւարի մէջ:

Այդ ժամանակ մենք սկսանք մտածել մեր ճանապարհի վրայ եւ, օգտւելով մեր բարձր դիրքից պարզ կերպով նշան արինք ամէն ձոր, ամէն բլուր, որոնցից պէտք է անցնէինք մեզ ծանօթ լեռը հասնելու համար: Ժամը հինգը եղաւ թէ ոչ, մեր վստահութիւնը այնքան շատացաւ, որ առանց սպասելու արեւի մայր մտնելուն, մենք դուրս եկանք մեր որջերից եւ իջանք ձորը ջուր գտնելու նպատակով, որովհետեւ անողոք ծարաւը մեզ անտանելի էր. կարող էք երեւակայել, թէ ի՜նչ էր մեր դրութիւնը ամբողջ օրը տաք արեւի տակ եւ շրջապատւած տաքացած լերկ քարերով:

Ձորի մէջ, մենք վերջապէս գտանք փրկարար ջուրը, որի կողքից ամբողջ կէս ժամ չհեռացանք: Այս անգամ աւելի վարպետութեամբ խմբեցինք ջրից, այնպէս որ բաւական ժամանակ ծարաւ չէին զգում:

Կոտրելով մեր դժոխային ծարաւը, մենք կարողացանք աւելի արագ քայլել եւ դեռ կէս գիշեր չեղած՝ հասանք ոորշւած լեռը, որտեղից երեկոյեան չւել էր կենտրօնական խումբը: Ճանապարհին յիշեու արժանի դէպ չպատահեց մեզ. միայն ես համեմատաբար անսովոր լինելով ոտքով ման գալու, ուժասպառ եղայ. բայց իմ բարեկամ Թ-ն, որ առաջնակարգ քայլող է եւ ուժեղ կազմւածքով մի տղամարդ, վերցրեց իր վրայ իմ փամփուշտները, որից յետոյ ես կարողացաւ աւելի դիւրութեմաբ քայլել: Սարից մինչեւ մեր երկրորդ իջեւանը արդէն ծանօթ լինելով Թ.-ին, մենք նոր դժւարութիւններ չունեցանք եւ կիրակի, յուլիս 27-ին, առւաօտեան ժամը 8-ին, կենտրռնական խմբի ժամանումից 3 ժամ յետոյ բոլորովին ապահով հասանք մի տեղ, ուր կարող էինք մի երկու օր հանգիստ առնել: Ամբողջ 6 օր էր, որ մենք ամէն մի 24 ժամւայ ընթացքում ամէնաշատը մէկ ժամ հազիւ էինք քնել. ամբողջ 40 ժամ էր, որ ոչ մի բան բերաններս չէինք դրել եւ այնքա՛ն էլ ճանապարհ էինք անցել, այն էլ երեւակայել, թէ որքան քաղցր էր մեզ համար այդ երկու օրւայ հանգիստը, որ առանք երկրորդ իջեւանում:

Մեզանից մէկ, երկու օր յետոյ միմեանց ետեւից խումբ-խումբ հասան այն բոլոր տղերքը, որոնք մեզ նման յետ էին մնացել: Մեր ուրախութիւնը մեծ էր եւ գրակախառնութիւնը ջերմ, երբ իրար հանդիպում էինք, իւրաքանչիւրը մեզանից միւսին բոլորովին կորած էր համարում:

Այս ընդհանուր ուրախութիւնը նսեմանում էր սակայն խորին հառաչանքով, որ դուրս էր թռչում ամէն մէկի սրտի խորքից, երբ տրւում էին մեր նահատակ ընկերների անմոռանալի անունները:

«Դրօշակ» - 25 Դեկտեմբեր 1897
Թիւ 15