11 January, 2024

Նիկոլ Դումանի Ռազմագիտական Ուղղութիւնը

Կռիւը կարող է լինել պաշտպանողական եւ յարձակողական: Երբ թշնամին մի անգամ նախայարձակ է եղել մեր ո՛րեւէ մի կէտում, մենք միշտ էլ դատապարտւած չպիտի մնանք ամեն կէտում սպասելու հակառակորդին՝ ինքնապաշտպանութեան դէմ մեղանչած չլինելու համար:

Այս ռազմագիտական ակներեւ հշմարտութւինը Դումանն իրեն յատուկ առողջ եւ հետեւողական տրամաբանութեամբ այսպէս է ապացուցում.

«Ով որ կարծում է, թէ ինքնապաշտպանութեան ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալւում է: Պաշտպանողական սահմաններում ապահով մնալու համար հարկաւոր է, որ յարձակման ենթարկւող կողմն ընդհարման բոլոր կէտերում լինի թւով աւելի, քան հակառակորդը, որակով բարձր եւ ունենայ աւելի շատ ու կատարելագործւած զէնքեր եւ առատ ռազմամթերք: Բայց որովհետեւ բոլոր կէտերում անկարելի էո ունենալ այդ առաւելութիւնները – ուստի անհրաժեշտ է դառնում որոնել կռւի համար ուրիշ նպատակայարմար գործելակերպ (տակտիկ): Այս տակտիկ-ի մօտակայ նպատակը պէտք է լինի բոլոր յարակից կէտերում թշնամուն պահել անակնկալ յարձակումների մշտական երկիւղի մէջ, որպէսզի նրանք ստիպւած լինեն մնալ իրենց տեղերում եւ չկարողանան համախմբւել ու կենտրոնացած ուժով խփել հայկական այս կամ այն շրջանին, կամ սրա մի մասին: Իսկ եթէ թշնամուն յաջողւի էլ յարձակւել ու ենթարկել որոշ վնասի հայկական այս կամ այն մասը – եւ անպատճառ կը յաջողւի, որովհետեւ նա միշտ կը գտնի թոյլ կէեր – պէտք է փոխարէնը անպատճառ հատուցանել անյապաղ, որպէսզի նա չխրախուսւի անպատիժ յաղթութիւնից եւ չանի նորանոր քայլեր: Այստեղից պարզ երեւում է, որ երկու դէպքումն էլ հակայարձակումը դառնում է հրամայական:

Այնուհետեւ Դումանն իր այս առողջ տրամաբանութիւնը զարգացնելով աստիճանաբար յանգում է գերմանական ռազմագիտական դպրոցի տեսակէտին, որ ներկայումս տիրապետողին է.

«Հակամարտ ցեղը կամ ազգը կռւի պահուն մի անբաժան ամբողջութիւն է եւ նրա ամէն մի մասը մեզ համար թշնամի է: Հարւածել թշնամուն, նրա այս կամ այն մասը, կը նշանակէ թուլացնել նրա ամբողջութիւնը: Եւ ինչքան յաճախ ու արագ կատարւին այդ տկարացումները, այնքան աւելի շուտ քայքայման կը մատնւի ամբողջութիւնը, որի համար պարտութիւնը կը դառնայ անխուսափելի եւ հետեւանքը խաղաղացում, ինչ որ մեր ձգտումների վերջնական նպատակն է»:

Միանգամայն համամիտ լինելով այս մտքերին, հարկ եմ համարում աւելացնել իմ կողմից, որ նման յարձակողական գործելակերպը կը տայ փայլուն հետեւանքներ միայն այն ժամանակ, երբ բաւականաչափ կռւողներ ու ռազմամթերք ունինք, գլխաւորապէս փամփուշտ, այլապէս 1-2 տաք կռւից յետոյ մեր հրացանները կարող են վերածւել ձեռնափայտերի եւ տալ ողբերգական հետեւանքներ:

Անյաջող յարձակումները շատ աւելի վատ են, քան թէ քողարկւած ու յաջող մասնակի պաշտպանողականները, երբ փոխադարձ օգնութեամբ շաղկապւած՝ մերոնք մի քանի կէտերում կարողանում են յետ մղել թշնամու յարձակումները: Չպիտի մոռանալ եւ այն հանգամանքը, որ յարձակւող կողմը կարող է տալ շատ զոհեր, անգամ յաջող դէպքում, մինչդեօ խրամատներում նստած, կերած ու խմած կռւողները իր շեշտակի կրակով հեշտութեամբ կարող է հնձել յարձակւողների շարքերը: Ի հարկէ, դա չի նշանակում, թէ պաշտպանւողներն իրենց դիրքերից չպիտի դուրս գան եւ հետապնդեն նահանջող թշնամուն: Պարզւել է եւ այն հանգամանքը, որ քիչ թւով կարելի է դիմագրաւել մեծ թւով յարձակւողներին, իսկ եթէ շարունակ յարձակողականի անցնենք, պէտք է քանակով եւ որակով անպայման գերազանցենք թշնամուն, այլապէս անյաջողութեան կը հանդիպինք:

Ուրեմն, մենք չժխտելով յարձակողական գործելակերպը հայկական ինքնապաշտպանութեան գործում, յանձնարարում ենք լինել շատ զգոյշ՝ տասը չափել – մին կտրել...

* * *

Հակայարձակում գործելու համար՝ պէտք է ձեռքի տակ ունենալ կռւողների առնւազն կրկնակին՝ յարձակման ենթակայ իւրաքանչիւր կէտի համար:

Դումանը նկատում է, որ «լաւ մշակւած եւ գործնականօրէն կազմած ծրագիրը գործի յաջողութեան գլխաւոր գրաւականն է. առաւել եւս պատերազմականը ե՛ւ մանաւանդ յարձակողականը»:

Խօսքն այն յարձակման մասին է, որ հայը պէտք է գործէ ինքն իր թշնամու վրայ, որ շարունակ իրեն անհանգիստ է անում: Դուրս գալով ինքնապաշտպան – կրաւորական դերից՝ հայը պէտք է ցոյց տայ թշնամուն իր եղջիւրները՝ դիմելով գործնականի: Այդ յարձակումն այնպէս պէտք է կազմակերպւի, որ անպատճառ յաղթութեամբ վերջանայ:

«Պարտութիւնն առաջ է բերում ոգու անկում, – ասում է Դումանը – իսկ յաղթութիւնը խրախուսանք – հետեւանքներ, որոնք ահագին հոգեբանական դեր ունին կողմերի վրայ յաջորդ ընդհարումների ժամանակ»:

Յարձակումը յաղթանակով պսակւելու համար՝ Դումանը նկատի է ունենում տասն եւ երկու պայմաններ, որոնց ամփոփումը միանգամայն կարեւոր է.

1) Յարձակման համար պէտք է ընտրել թշնամու ա՛յն գիւղը, որը պաշարելիս յարձակւողների թիկունքը ազատ լինի եւ ապահով:

2) Պէտք է գիտենալ յարձակման ենթարկւող գիւղի թշնամի կռւողների մօտաւոր թիւը: Չպէտք է մոռանալ, որ պաշարւողները օրհասական կռիւ են մղելու իրենց բնական ու արհեստական դիրքերից, այնինչ յարձակւողները լինելու են անպատսպար մինչեւ գիւղի կամ կարեւոր դիրքերին գրաւումը: Յարձակւողները պէտք է պաշարւածներից աւելի շատ լինեն, կրկնակին կամ եռակին: Շատ աւելի լինելը կը հեշտացնի ի հարկէ ընտրած է կէտի կամ գիւղի գրաւումը:

3) Շատ լաւ պէտք է ճանաչել յարձակման ենթակայ տեղի բնական եւ արհեստական ամրութիւնները:

4) Ծանօթ պէտք է լինել նահանջի ամենայարմար ճանապարհին եւ պահակներով պէտք է ապահով դարձնել այն:

5) Փակած պէտք է պահել թշնամուն օգնութեան գալու ճանապարհները:

6) Թշնամուն պէտք է պաշարել երեք կողմից, իսկ չորրորդ կողմից ազատ թողնել, իբր փախուստի ճանապարհ: Նոյն ճանապարհին մի յարմար տեղ դարան պէտք է մտնել եւ հալածել փախչողներին:

7) Յարձաման ժամը՝ առաւօտեան արշալոյսն է, որպէսզի շփոթութիւնը եւ իրարանցումը կատարեալ լինի թշնամու գիւղում:

8) Շփոթութիւնը խստացնելու համար պէտք է հրդեհել չոր խոտի դէզերը եւ այլն, որոնք կը պատահին թշնամու հանդերում:

9) Յարձակւողների մէջ լաւ կը լինի, որ լինեն մի քանի ձիաւորներ՝ վիրաւորներին եւ սպանւածներին տեղափոխելու համար: Հակառակ դէպքում ունենալու է գոնէ մի քանի բեռնատար ձի՝ նոյն նպատակով:

10) Ամեն մի շարժում դէպի թշնամին կատարելու է խիստ գաղտնապահութեամբ:

11) Յարձակումից մի քանի օր առաջ Զինւորական շտաբի ձեռնհաս եւ վստահելի գործակալները գնում են շրջանը եւ զէզնքի տակ են կոչում թռուցիկ խումբը, լրացնում են ռազմամթերքի ու զէնքի պակասը:

12) Նշանակւում է հաւաքատեղի, ուր պէտք է ժողովւեն թռուցիկ խմբերը եւ առհասարակ յարձակման մսանակցողները. Հաւաքատեղին հեռու չպէտք է լինի յարձակման նեթարկւելիք վայրից: Երբ բոլոր զօրամասերը հաւաքւած են լինում, յարձակման նախօրեակին հրամանատարը յայտնում է զօրաահաւաքի նպատակը եւ յարձակման անհրաժեշտութիւնը ինքնապաշտպանութեան տեսակէտից, ներշնչում է կռւել քաջութեամբ եւ ասպետօրէն խնայել կանանց ու երեխաներին:

«Ալիք», Թեհրան
Կիրակի, 31 Յունուար 1982
Թիւ 24 (12, 878)