26 February, 2024

Կովկասեան Նամակներ. Շուշու Պայթիւնը

Թիֆլիս, մարտ 15

Ձեզ արդէն հաղորդել եմ Շուշու զինական պահեստի պայթելու մասին: Այդ առթիւ Շուշուց ստացւած է մանրամասնութիւնները պարունակող մի նամակ, որից քաղում եմ հետեւեալը:

«Փետրւար 26ին- գիշերը մի սոսկալի պայթիւն է պատահում: Տունը, որտեղ պատահել է պայթիւնը, ամբողջապէս հողի հետ հաւասարւել է: Ամբողջ թաղի տները պակաս կամ լուրջ վնսաներ են ունեցել, իսկ ամբողջ քաղաքը, գիշերւայ անդորրութեան ժամին, մի խորհրդաւոր դող է զգացել: Շատերը կարծել են, թէ գերմանական ցեպլիններն են քաղաքը ռմբկաոծում, իսկ ոմանք էլ մտածել են, թէ երկրաշարժ է պատահել:

Տեղական մահմէտակաների ուրախութեան չափ ու սահման չկայ. գալիս էին խմբերով, անգամ կանայք, դէպքի վայրը, եւ իրենց գոհունակութիւնն են յայտնում արդարամիտ Ալլահին, որ պատժեց հայերին:

Պայթման ուժեղութիւնը ցոյց է տալիս որ մի մեծ պահեստ է եղել, բայց բռնւած թղթերից երեւում է, որ նա պատկանելիս է եղեր դաշնակցութեան: Աղէտից յետոյ վրա հասած ոստիկանութիւնը գրաւել է մի շարք փաստաթղթեր, գլխաւոր մի մատեան, որի մէջ արձանագրւած են եղել 1905-1915 թ. զինական մանրազննին հաշիւներ, հանգանակութեան տետրներ, հաշւետոմսեր եւայլն:

Դէպքի հետեւեալ օրը Գանձակից գալիս ժանտարմների ղեկավարը, կարեւոր գործերի դատական քննիչը եւ մի ուրիշ բարձրաստիճան պաշտօնեայ, որոնք մանրամասն քննութիւն են կատարում եւ երկար ու բարակ հարցաքննում են բանտարկեալներին: Բռնւած բոլոր թղթերը մեծ խնամքով տեղափոխւեցին Գանձակի նահանգապետին: Դէպքից յետոյ մի քանի տեղ խուզարկութիւններ կատարւեցին, բայց հակակառավարական ոչինչ չգտնւեց: Իշխանութեան բռնած դիրքը կարծել է տալիս, որ նա գործին նպատակ չունի լայն ընթցաք տալու: Կարծես նրանք էլ են հասկանում, որ այդ բոլորը արգասիք է հայի անապահով վիճակի, որ պատերազմի ընթացքում արդէն մի-երկու անգամ շահսէվաններից ալան-թալանի ենթարկւած ղարաբաղցին իրաւունք ունի ինքնապաշտպանութեան մասին խորհելու եւ դրա մէջ հակապետական ոչինչ չկայ:

Տարւած թղթերը պիտի ուսումնասիրւին Գանձակում, արդիւնքը, երեւի, շուտով կտեսնենք: Ոմանք ասում են, թէ հետեւանքը խստութիւններ կլինեն, ուրիշներ պնդում են, որ ձերբակալւածներին էլ կարձակեն:

Պայթման ժամանակ սպանւած է պահեստապահը: Տարւած է մեծաքանակ փամփուշտ»:

Շուշու պայթիւնի մասին կառավարութիւնը արգիլեց թերթերին գրել, միայն մի լուր տպեց Ռուսաստանի վրացական հայատեաց մի լրագիր՝ յայտարարելով միանգամայն, որ մանրամասնութիւնները արգիլւած է գրել: Եւ կառավարութիւնը ներկայ դէպքում շատ խելացի կերպով վարւեց, որովհետեւ առանց այն էլ Կովկասում ազգային յարաբերութիւնները լարւած են, իսկ Շուշու դէպքի շուրջ աղմուկ հանելը աւելի եւս պիտի սրէր յարաբերութիւնները: Թաթարները շատ լաւ հասկանում են, որ հայերը զէնք են գնում ոչ թէ որեւէ յետին նպատակներով, այլ վախենալով հարեւան թաթարների «բարի դրացնութիւնից». այս տեսակէտից 1905 թ. հայ-թաթարական ընդհարումները լաւ խրատ են:

Այդ բանը հասկանում է եւ կառավարութիւնը, որ հայերի զէնք պահելուն առանձին նշանակութիւն չէ տալիս: Նա սկսում է ըմբռնել որ անմտութիւն է պատժել հային զէնք կրելուն համար, երբ նրա հարեւան մահմետականը ոտքից մինչեւ գլուխ զինւած է եւ, շնորհիւ իր տգիտութեան, պատրաստ միշտ հայերի վրա յարձակելու: Այս տեսակէտից Կովկասի թաթարները մի շարք վարմունքներով՝ ցոյց տւին, որ միանգմայն անվստահելի տարր են եւ թշնամու աչքով նայում քրիստոնեայ ազգաբնակութեան: Այսպէս, Արդւինի, Արտանուշի, Սարըղամիշի եւ մի քանի ուրիշ տեղերում հայկական ջարդերն ու թալանները եղել են մեծ մասամբ տեղացի մահմետականների ձեռքով: Դէպքեր պատահել են, երբ ռուս զօրքի նահանջի ժամանակ ռուսահպատակ մահմէտականները համոզել են իրենց հարեւան հայերին չփախչիլ եւ խոստացել են նրանց կեանքն ու ստացւածքը պաշտպանել, բայց հէնց որ եկել են թուրքերը, իրենք առաջինն են եղել թալանողը եւ մատնութիւններ ընողը, Արտանուշի, Տանձոտի սոսկալի կոտորածների հեղինակներն ու ներշնչողները տեղացի թուրքերն են եղել: Նման տրամադրութիւն է նկատւել եւ ուրիշ վայրերում – Երեւանի, Գանձակի եւ Բագւի նահանգներում, որտեղի մահմետական ազգաբնակչութիւնը սրտատրոփ սպսասում էր թուրքերին գալու եւ շատ կասկածելի դիրք էր ցոյց տալիս:

Հասկանալի է, որ այսպիսի պայմաններում կովկասահայը չէր կարող անտարբեր մնալ, մանաւանդ որ Կովկասի զինւորական ու քաղաքացիական մասի բարձր պաշտօնէութիւնը ինքն իր բերանով խոստովանում էր, որ Կովկասում բաւարար չափով զօրք չկայ, որ եղած զինւորները հազիւ հերիք լինեն թշնամու դէմ կռւելու եւ անկարող կլինեն վտանգի դէպքում ժողովրդի պաշտպանութեան հոգսն էլ իրենց վրա առնել: Հայերը, այո՛, անտարբեր չեն նստում եւ աշխատում են զէնք ձեռք բերել, բայց այդ զէնքը յատկացւում է բացառապաէս ինքնապաշտպանութեան: Եւ ուրիշ բան մտածելն էլ սխալ է. քաղաքական այս վայրկեանում հայի ուշադրութիւնը կլանւա է երկու խնդիրներով – ինքնապաշտպանութեամբ Կովկասում եւ ռուս զէնքի նպաստելով թուրքերի դէմ: Ռուս զօրքի յաջողութիւնը հայ ժողովուրդը համարում է եւ իր յաջողութիւնը, բայց ռուսական պարտութիւնը կամ ժամանակաւոր մի նահանջ սոսկալի մի աղէտ կլինի հայերի համար, եւ որպէսզի ոտի տակ չերթայ, մահմետական խուժանից չջարդւի, կովկասահայը պարտաւոր է մտածել եւ իր ինքնապաշտպանութեան մասին: Այդ նպատակի համար յատկացւած է եղել եւ Շուշու զէնքը, որ դժբախտ մի պատահարով պայթիւնի է ենթարկւում:

Բայց, ասում են, ռուս կառավարութիւնը բռնւած զէնքից աւելի նշանակութիւն է տալիս թղթերին, մանաւանդ այն տօկումէնտներին, որոնք ցոյց են տալիս, որ Դաշնակցութիւնը շարունակում է գործել Կովկասում: Սակայն, այստեղ էլ զարմանալի ոչինչ չկայ, եւ կառավարական պաշտօնեաները ի զուր են միամիտ ձեւանում, նրանք շատ լաւ պիտի հասկանան եւ գիտեն էլ, որ Դաշնակցութիւնը միշտ էլ գոյութիւն է ունեցել, նրա գործունէութիւնը երբէք էլ չի ընդհատւել: «Դաշնակցութեան գործը», ըստ Կովկասի փոխարքայի, ուռցրաղ մի գործ էր, միայն ժամանակ մը բաւական վնասեց Դաշնակցութեան, բայց մի քանի տարիներ բաւական եղան նրա նախկին ուժն ու ծաւալը վերականգնելու համար: Եւ եթէ այսօր հրապարակի վրա նա չի երեւում, դրա պատճառն այն է, որ նա համերաշխօրէն գործում է ուրիշ հոսանքներու հետ ազգային ընդհանուր գործի համար եւ ընդհանուր անւան տակ: Եւ դաշնակցութիւնը կմնայ, քանի գոյութիւն ունի հայկական դատ եւ քանի ապրում է հայ աշխատաւոր ժողովուրդը իր ցաւերովն ու հարեցերով:

Այս հանգամանքը շատ լաւ գիտեն եւ ռւոս պաշտօնեաներն ու զինւորականները եւ, հետեւաբար, բնաւ չպիտի զարմանան, եթէ այս կամ այնտեղ հանդիպեն հայ մարտական կուսակցութեան կազմակերպւած ուժին: Ընդհակառակը, շատ զարմանալի կլինէր, եթէ այդպիսի պատմական մօմէնտներում Դաշնակցութիւնը գործունէութիւն չունենար. այն ժամանակ նա, ճիշտ որ, իր գաղափարներին ու կոչմանը դաւաճանած կլինէր:

Շուշու դէպքը շատ կողմերով յիշեցնում է Երզնկայի ծանօթ պայթիւնը: Այնտեղ սակայն, ռումբը պատրաստւում էր թուրք բռնապետութեան դէմ, իսկ Շուշու զէնքը նախազգուշական մի միջոց էր՝ կովկասեան մահմէտականութեան աւերիչ բնազդի դէմ:

«Հայրենիք», Պոսթոն
Շաբաթ, Յունիս 19, 1915
17րդ Տարի, Թիւ 70 (1031)