18 February, 2024

Զօրավար Նազարբէգեան

Այս տարւայ Փետրւար 19-ին, Թիֆլիսում, 76 տարեկան հասակում, վախճանւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ եւ միակ սպարապետը՝ զօր. Թովմաս Նազարբէգեան: Բացի բոլշեւիկներից, ամբողջ հայ ժողովուրդը իր բոլոր քաղաքական հոսանքներով, մի պահ համախմբւեց նրա գերեզմանի շուրջ՝ երկիւղածութեամբ ու պատկառանքով գլուխ խոնարհած նրա յիշատակի առջեւ:

Զօր. Նազարբէգեանի կեանքը բաժանւում է երկու մասի. Առաջինը՝ մինչեւ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ պատկանում է ռուս բանակին ու ռուս պետութեան: Երկրորդը՝ սեփականութիւնն է հայ ժողովուրդի եւ անխզելիօրէն կապւած է Հայաստանի Հանրապետութեան պատմութեան հետ:

Ծնւած 1855 թ. օգոստ. 4ին, Թիֆլիսում՝ Նազարբէգեանը ստանում է ռուսական կրթութիւն, աւարտում է Ալեքսանդրեան Զինւորական Վարժարանը եւ իբրեւ սպայ Երեւանեան նշանաւոր գնդի՝ մասնակցում է 1877-78թ. ռուս-թիւրքական պատերազմին: Արդահանի բերդի պաշարման ժամանակ, որպէս համհարզ զօր. Հէյմանի, աչքի է ընկնում բերդի գրաւման միջոցին, որի համար վարձատրւում է քաջութեան նշաններով: Ռուս-ճապոնական պատերազմին, գնդապետի պաշտօնով, որպէս հրամանատար հետեւակ գնդի, իր ցոյց տւած քաջութիւնների համար ստանում է ոսկի սուր:

Պատերազմից յետոյ առաջարկութիւն է ստանում բրիգադի հրամանատարութիւն ընդունել Ռուսաստանում, բայց նա ուզում էր ծառայել Կովկասում: Ռուս կառավարութիւնը մերժում է կատարել նրա ցանկութիւնը, որովհետեւ հայ զինւորականներին, առհասարակ, արգելւած էր պաշտօն ստանալ Կովկասում: Նազարբէգեանը թողնում է զինւորական ծառայութիւնը եւ պահեստի զօրավարի աստիճանով տեղափոխւում է Թիֆլիս, ուր եւ մնում է մինչեւ ընդհանուր պատերազմի սկիզբը:

Ինչպէս տեսնում ենք, սովորական բարեխիղճ ու քաջ ռուս զինւորական էր Նազարբէգեանը: Հայ կեանքի հետ ոչինչ չէր կապում նրան: Հայերէն անգամ չգիտէր: Ծառայում էր ռուս բանակին ու ռուս հայրենիքին:

Համաշխարհային պատերազմը յեղաշրջեց շատ բան, ու շատ մտքեր ու հոգիներ այլափոխւեց: Շատ օտարացած հայեր հայացան, դարձան դէպի իրենց մայր ժողովուրդը: Նազարբէգեանը դրանց շարքում առաջիններից էր ու ամենէն փայլունը: 1914 թւի ամառը նա նորից զէնքի տակ առնւեց եւ նշանակւեց 2րդ Կովկասեան Հրացանաձիգ Դիվիզիայի պետ, պարսկական ճակատում: Այստեղ նա աչքի ընկաւ Խալիլ փաշայի դէմ մղած ճակատամարտով:

1915թ. գարունն էր: Վանը պաշարւած էր եւ հերոսական դիմադրութիւն էր ցոյց տալիս: Սարըղամիշի տակ ջախջախւած՝ Էնվէր փաշան փորձում էր նոր ռազմախաղով ո՛չ միայն ուղղել կրած պարտութեան աւերները, այլեւ շեշտակի հարւած տալ ռուսներին՝ կտրելով Թիֆլիս-Բագու երկաթուղագիծը եւ կովկասեան ռուս բանակի թիկունքում առաջ բերելով մահմեդական ապստամբութիւններ: Խալիլ փաշայի 30,000նոց զօրքը շարժւում է դէպի Ատրպատական, որտեղից պիտի մտնէր Ազրբէջան, ոտքի հանելով Կովկասի թաթարներին ու լեռնականներին: Կովկասին պիտի յաջորդէր մահմեդական Թուրքիստանը: Ի՜նչ հրապուրիչ, արբեցնող հեռանկարներ...

... Բայց Խալիլ փաշայի խելայեղ յանդգնութիւնը հանդիպեց զօր. Նազարբէգեանի – ինչպէս թիւրքերն էին ասում՝ «Նազար փաշայի» երկաթէ պաղ վճռականութեան: Մի բուռը ռուս զինւորներով եւ Անդրանիկի քաջերով նա կուրծք տւեց թշնամուն, Դիլմանի դաշտում, Աւարայրի պատմական դաշտից ոչ շատ հեռու: Ճակատամարտը եղաւ արիւնոտ: Շատերն ընկան: Նազարբէգեանը մնաց անյողդողդ, ժայռի պէս ամուր:

Հետեւանքը յայնի է. – Խալիլ փաշան, պարտւած ու ամօթահար, փախուստի դիմեց՝ հազիւ փրկելով իր բանակի բեկորները: Կովկասեան ճակատը ազատւեց ծանր մղձաւանջից:

Դիլմանի ճակատի համար Նազարբէգեանը ստացաւ Գէորգեան խաչ եւ Ֆրանսական զինւորական բարձրագոյն պատւանշանը: Բայց, անտարակոյս, մեծագոյն վարձատրութիւնը նրա համար եղաւ Վանի փրկութիւնը: Վանը ազատւեց Դիլմանի յաղթանակի հետեւանքով: Քիչ յետոյ Արարատեան կամաւորական ջոկատի այրուձին Խէչօի առաջնորդութեամբ մտնում էր Վան հայ ազգաբնակութեան ցնծագին ծափերի տակ...

Դիլմանից յետոյ էր, որ Նազարբէգեանը դարձաւ հայ, մանաւանդ երբ աւելի մօտ շփւեց հայկական շրջանների հետ, տեսաթ թիւրքական բարբարոսութիւնները, թիւրքահայ քաղաքների եւ գիւղերի աւերը: Նրա զօրամասը գործում էր Թիիւրքահայաստանի արեւելեան գաւառներում: Պատմական յիշատակները եւ նոր կեանքի սարսափները չէին կարող չազդել նրա վրա: Այդ ազդեցութիւնը դառնում էր աւելի եւ աւելի տիրական:

Գուցէ եւ իրեն համար աննկատելի ձեւով նա դառնում էր հայ իրականութեան գործօն դէմքերից մէկը: Նազարբէգեանի իսկական հոգին, նրա գաղափարական մեծութիւնը երեւան եկաւ այն օրերին, երբ ռուս բանակը, տարերային թափով, լքեց ռազմաճակատը եւ շարժւեց «դէպի տուն»:

Հեռացող ռուս զօրքերի տեղը մնում էր բաց: Հայոց Ազգային Խորհրդի գերագոյն ճիգերով ծնունդ առաւ Հայկական Կորպուսը, որի պետ նշանակւեց զօր. Նազարբէգեանը տարաւ զարմանալի համբերութեամբ ու կորովով: Միայն նրա պէս մտքով հանդարտ, հաւասարակշիռ, խորաթափանց յարատեւ ու անվհատ, խուճապ ու վախ չճանաչող մէկը կարող էր փրկել այն օրերի կացութիւնը: Եւ եթէ հայ նորածիլ բանակը բոլորովին չփրկեց էլ հայ ժողովրդին, մեծապէս մեղմացրեց վերահաս աղէտը:

Նազարբէգեանը, ի հարկէ, մենակ չմնաց: Նա բախտաւոր բնաւորութիւն ունէր շրջապատելու իրեն ընտիր ուժերով: Նրա անմիջական գործակիցներն էին Ստ. Մամիկնեանի, Արամի, Դրօի, Ս. Մանասեանի, գնդ. Սամարցեանի, զօր. Սիլիկեանի նման քաղաքացիական ու զինւորական տաղանդաւոր գործիչներ: Զինւորութիւնը նրան սիրում ու հաւատում էր: Եւ միայն այդ համակրանքի ու վստահութեան շնորհիւ էր, որ, ընդհանուր աւերի ու քաօսի մէջ, կարելի եղաւ կերտել Սարդարապատը, Բաշ Աբարանն ու Ղարաքիլիսան, առանց որոնց Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն չէր ունենայ:

Հանրապետութեան անկումով վերջանում է Նազարբէգեանի գործօն կեանքը: Այնուհետեւ նրան վիճակւում է միայն տանջանք ու դանդաղ մահացում: Նա տեսաւ իր իդէալների փլուզումը: Աքսոր, անարգանք, սով, հիւանդութիւն – ճաշակեց կեանքի բոլոր զարհուրանքները: Եւ երբ փետր. 19-ին մեռնում էր, մենակութեան մէջ, իր մութ ու խոնաւ խցում, դուրսը՝ դեռ խելայեղօրէն ոռնում էր քաղաքական խստաշունչ փոթորիկը: Մտածո՞ւմ էր արդտօք նա, աչքերը յաւիտենապէս փակելիս, թէ այս փոթորկից յետոյ էլ կը ծագէ պայծառ արեւը եւ կեանքը նորից կը ծաղկէ շքեղ փարթամութեամբ...

Անհատները չեն, ի հարկէ, կեանքի հեղինակները, բայց անհատի դերը շատ մեծ է հասարակական կեանքի զարգացման մէջ: Անհատներ կան, որոնց անունը, բարձր փարոսի պէս, լուսաւորում է ընդարձակ տարածութիւններ: Զօր. Նազարբէգեանը այդ անուններից է մեր կեանքում:

Նրա մուտքը հայկական կեանքի ասպարէզ եղաւ լուռ ու անաղմուկ. մի օր էլ, յանկարծ, ամենքը տեսան, որ զօր. Նազարբէգեան կայ, որ գլխաւորում է հայոց մարտական ոյժը: Ոչ ոք չասաց՝ ո՞վ է նա, ինչո՞ւ պիտի դրւի այդ բարձր ու պատասխանատու պաշտօնին: Բնական էր, զօր. Նազարբէգեանը պէ՛տք է լինէր:

Նոյնպէս անաղմուկ էլ հեռացաւ: Գուցէ ոչ ոք չլսէր էլ նրա մահը, եթէ մի պատահական հեռագիր չիմացնէր: Հայաստանի ու Թիֆլիսի մամուլում մի տող անգամ չգրւեց: Մի թիւրք փաշայի մահւան մասին կը գրւէր, բայց Հայոց Սպարապետի...

Բայց որքան էլ «կատաղի ու զայրանայ չարութիւնը», գաճաճները կերթան ու կը մոռացւին, իսկ Նազարբէգեանների անունը կապրի յաւիտենապէս, քանի կենդանի է ազատութեան տենչը հայ ժողովրդի մէջ: Հայոց Սպարապետ Նազարբէգեանը այլեւս պատմական դէմք է, Հայաստանի անկախութեան խորհրդանիշ եւ ազատատենչ սերունդների ներշնչման կենդանի աղբիւր:

«Դրօշակ» - Մայիս 1931
Թիւ 5 (309)