17 February, 2023

Յակոբ Զաւրեան (Կենսագրական ակնարկ)

Վերջին տարիների մեծ դէպքերի անվերջ շղթայի մէջ աննկատելի անցաւ Հ. Յ. Դաշնակցութեան մի շարք փայլուն դէմքերի, յեղափոխական գործիչների մահը: Սակայն, ամենից աւելի աննկատելի անցաւ մեզանից ընդմիշտ հեռանալն այն բիւրեղացած, մաքուր եւ ազնիւ դէմքի, որին Եակով Խրիստաֆորիչ կամ Զաւրև էինք ասում: Նա զոհ գնաց Մոսկւայում մի մեծ թիւրիմացութեան, որ արդիւնք էր Խորհրդային Ռուսաստանի վարիչների սխալ քաղաքականութեան:

Այժմ շատ դժւար է տալ հոգեկան ապրումներով շատ հարուստ,  բնաւորութեամբ, իր կենցաղով իսկական դէմոկրատ եւ հասարակական քաղաքական կեանքով այդ դէրվիշ կուսակցական սիրւած ընկերոջ ամբողջական կենսագրականը:

Կ'աշխատենք թռուցիկ կերպով ծանօթացնել «Յառաջ»ի ընթերցողներին Զաւրիեանի ունեցած գործունէութեան հետ:

Յակոբ Զաւրիեանը ծնւել է Թիֆլիսում, 1866 թւին, ազնւական կալւածատիրական ընտանիքում: Հայրը Թիֆլիսի գաւառում կալւածներ ունէր, Վրաստանի ազնւականներից էր նա. ազգանունը նոյնիսկ Զաւրաձէ էր գրում եւ ռուսաց կառավարական պաշտօնեայ էր: Մայրը կրթւած կին էր եւ մեծ ազդեցութիւն ունէր որդու վրա:

Զաւրիեանը նախնական կրթութիւնը ստացել էր նախ Թիֆլիսի մասնաւոր՝ Տէր Յակոբեանի վարժարանում, ապա՝ Թիֆլիսի գիմնազիայում, մի քանի տարի յետոյ փոխադրւել է Պետրոգրադի գիմնազիան, որտեղ աւարտելով՝ մտել է այնտեղի զինւորական բժշկական ճեմարանը եւ 1892 թւին աւարտել:

Այսպիսով, ինչպէս տեսնում ենք, նա իր մանկութիւնը, պատանեկութիւնը անց է կացրել արիստօկրատիկ եւ ոչ հայ ոգով ապրող ընտանիքում: Պատանեկութեան մի քանի եւ ուսանողական ամբողջ տարիները անցրել է հեռու հայկական միջավայրից, հայկ. կրթութիւն դաստիարակութիւնից զուրկ է մնացել եւ այնուամենայնիւ Զաւրիեանի մէջ թագնւած է եղել ճշմարիտ եւ անկեղծ հայրենասիրութեան կայծը, որի բռնկման առաջին նշանները երեւան եկան ուսանողական տարիներում:

Իննսունական թւականների սկզբներից Պետրօգրադի եւ Մոսկւայի հայ ուսնաողութեան մէջ առաջ էր եկած հայրենասիրական ուժղ շարժում, որը Պետրօգրադում արտայայտւում էր նրանով, որ ուսանողութեան կողմից թարգմանւում, կազմւում էին բուլգարական, իտալական, յունական ժողովուրդների ազատագրութեան շարժումների վերաբերեալ գրքոյկներ եւ տարածում հայութեան մէջ: Հայ ուսանողութիւնը որոշել էր հետեւել Հայաստանի ազատագրումն իրագործելու համար դիմել բալկանեան ազատագրւած քրիստոնեայ փոքր ազգութիւնների օրինակին: Ուսանողութեան մի մասը նարոդնիկ էր, խոշոր մասը՝ նարօդովօլցիների ծրագիրն ընդունելով հանդերձ՝ ամբողջապէս տրամադրւած էր նւիրւել Հայաստանի ազատագրութեան գործին, թէպէտ եւ կար մի հոսանք, որն ամբողջական Ռուսաստանի հիմնական բարեփոխութիւնների հետ էր կապում հայութեան ճակատագիրը:

Ուսանող Զաւրիեանը գաղափարականներից էր եւ ուսանողների շրջանում կշիռ ունեցող, նարօդնիկ էր հակումներով, Տօլստոյական՝ խառնուածքով:

Բժշկական ճեմարանն աւարտելուց անմիջապէս յետոյ, նա Պետրօգրադում պաշտօն է ստանում: Շուտով Զաւրիեանը հռչակւում է իբրեւ լաւ բժիշկ եւ նշանակւում Օբուխօվի հիւանդանոցի աւագ բժիշկ. նա կարողացել էր առանձին համակրութիւն ձեռք բերել բժշկական ճեմարանի պրօֆեսորների շրջանում եւ նրան յաջողւում է քննութիւն տալ եւ դօկտօրութեան աստիճան ստանալ:

Պետրօգրադի հայ ուսանողութեան, այնտեղի հայ համայնքի մի նեղ շրջանի հայրենասիրական գործունէութիւնը, արցունքի երկրից ստացւող արիւնահոտ անցքերի յուզիչ լուրերը եւ սրանց հետեւանք կազմող յեղափոխական նոր խմորումներն ու շարժումները ազդում են մեր սիրեցեալ բժշկի խիստ զգայուն սրտի վրա, նա թողնում է Պետրօգրադը եւ շտապում Կովկաս:

1902 թ. նա հրաւիրւում է Բագւի նաւթարդիւնաբերողների խորհրդի Բալախանիի հիւանդանոցի գլխաւոր բժշկի պաշտօնով: Այս հիմնարկութեան շուրջը խմբւած էին դաշնակցականներ: Նաւթարդիւնաբերողների խորհրդի պաշտօնեաներից էին Յ. Քաջազնունին, Դաստակեանը, Դումանը, Պապաշան եւ շատ մեծ ու փոքր դաշնակցականներ: Ահա այս մթնոլորտում նրա հոգեկան աշխարհը կերպարանափոխւում է, նա կամաց-կամաց Համօ Օհանջանեանի եւ Դումանի անմիջական ազդեցութեան տակ մտնում է Դաշնակցութեան շարքերը եւ ամբողջապէս անձնատուր լինում հայկական դատին: 1903 թ. Րայօնական ժողովը տեղի է ունեցել Բագւում նրա բնակարանում: Եւ որպէսզի կարողանայ գիտակցօրէն մօտենալ հայ կեանքի ցաւոտ խնդիրներին, նա սկսում է հայերէն սովորել կարդալ հայ գրականութիւնից կարեւոր գրւածքներ: Հիւանդանոցում նա վերին աստիճանի խստապահանջ էր, օրինապահ եւ կօրրէկտ դէպի ծառայողները, միաժամանակ եւ շատ սիրալիր ու ուշադիր դէպի հիւանդները. այդ պատճառով նա շատ սիրւած ու յարգւած անձնաւորութիւն էր:

1904 թ. դեկտեմբերին սկսւում են բանւորական շարժումները, որոնք քանի գնում սպառնական բնոյթ էին կրում. Պետրօգրադից այս շարժումների համար գալիս է ժանդարմների շէֆ Ֆօն-Վալը, որը այցելութեան գնալով Բալախանիի հիւանդանոցը պատահում է իր համալսարանական նախկին ընկերոջ՝ բժ. Զաւրիեանին:

Ֆօն-Վալը յայտնի է իբրեւ խիստ դաժան անձնաւորութիւն. սպասւում էր, որ նա առաջացած շարժումների դէմ խիստ միջոցներ ձեռք կառնի, սակայն այդ տեղի չունեցաւ Ֆօն-Վալի վրա բժիշկի ունեցած ազդեցութեան պատճառով:

1904 թ. գարնան սկզբից Սասունը կոտորածի սպառնալիքի տակ ապստամբւում է եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը Դումանի առաջնորդութեամբ մի արշաւախումբ է պատրաստում եւ ուղարկում Պարսկաստանի վրայով սասունցիներին օգնութեան: Այդ արշաւանքին մասնակցում են Թադէոս Ամիրեանը, Խէչօն, Բժ. Զաւրիեանը եւ ուրիշները: Կոթուրի մօտ անյաջողութեան հանդիպելով՝ արշաւախումբը վերադառնում է:

Այս առաջին անյաջողութիւնը ծանր է ազդում Զաւրիեանի վրա. նա միջոցներ է մտածում մտնել երկիր եւ ծառայել տանջւած տաճկահայ ժողովրդին: Պոլսի ռուսական դեսպանի եւ ռուսական արտաքին գործերի նախարարի բանակցութեանց շնորհիւ մեր բժշկին յաջողւում է հարուստ պատրաստակամութեամբ մի բժշկական խմբակ Էրզրում անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ կատարել եւ ժամանակաւորապէս այնտեղ բժշկական օգնութիւն հասցնել հայ, թուրք ժողովրդին: Յետոյ նա անցնում է Մուշ, որն ընտրել էր իր գործունէութեան կենտրօն: Այստեղ թուրք կառավարութիւնն երկար ժամանակ արգելքներ էր յարուցանում Զաւրիեանի գործունէութեան դէմ, հնարաւորութիւն չէր տալիս ժողովրդին մօտենալու այդ ժողովրդասէր մարդուն հիւանդանոց բանալ. նա ստիպւած է լինում գնալ Բիթլիս՝ թոյլտւութիւն խնդրելու վալիից: Վերջինս բացարձակօրէն մերժում է նրա խնդիրը եւ պահանջում հեռանալ երկրի սահմաններից:

Զաւրիեանը երկու ամիս թափառելուց յետոյ հեռանում է Թիւրքիայից եւ Սարիղամիշի վրայով անցնում Բագու, այդտեղից էլ գնում մասնակցում է Դաշնակցութեան Սօֆիայի ընդհանուր ժողովին (ՀՅԴ 3րդ Ընդհ. Ժող.), որ տեղի ունեցաւ 1904 թւին:

1906 թ. նա մասնակցում է Էջմիածնում տեղի ունեցող կենտրոնական ժողովին, որի ցրումից յետոյ նա մնում է Էջմիածնում, լսում Ճեմարանում հայոց գրականութեան եւ հայոց պատմութեան դասեր: Որովհետեւ ռուս կառավարութեան հաւատարիմ պաշտօնեաներն սկսել էին հետամտել, Զաւրիեանը ստիպուած է լինում հեռանալ Երեւան, ուր ներկայ է լինում այնտեղի բազմամարդ շրջանային ժողովին եւ նախագահ ընտրւում: Մի նիստի ոստիկանութիւնը ներս է մտնում ժողովը. իրարանցում է սկսւում... ժողովականները ճրագը հանգցնում են եւ օգտւելով մթութիւնից անհետանում: Միւս օրը նորից է հաւաքւում ժողովը եւ Զաւրիեանը շրջանային ժողովի պատգամաւորների կողմից միաձայն ընտրւում է Վիէննայի չորորդ ընդհանուր ժողովի պատգամաւոր:

Սկսւում են ցարական կառավարութեան հալածանքները Հ. Յ. Դաշնակցութեան դէմ եւ Զաւրիեանը անկարող է լինում վերադառնալ Ռուսաստան:

1908 թ. Տաճկաստանի յեղաշրջման շնորհիւ Ռուսաստանից հալածական մեր դաշնակցական ընկերներն ապաստան են գտնում Թիւրքիայում: Զաւրիեանը անցնում է Պօլիս:

1909 թ. նա մասնակցում է Վառնայի ընդհանուր ժողովին և ընտրւում 9-ի յանձնաժողովի մէջ, որի աշխատանքները վերջանալուց յետոյ նա մտադրւում է երկրորդ անգամ Մուշ անցնել՝ գլուխ բերելու իր վաղուց փայփայած գաղափարը: Նրան յաջողւում է 1910 թ. անցնել Մուշ եւ թոյլտւութիւն խնդրել թուրք կառավարութիւնից Կարնոյ բարձրութեան վրա հիւանդանոց շինել:

Երկրում եղած ժամանակամիջոցում Զաւրիեանն ահագին բժշկական աշխատանքներ է կատարում եւ դրա հետ միաժամանակ կուսակցական գործեր:

Ամենքը նրան սիրում էին եւ յարգում, իսկ նա օգտւելով այդ վստահութիւնից աշխատաւոր գիւղացուն կապում էր Դաշնակցութեան հետ, ներշնչելով ամենքի մէջ այն հաւատը, թէ որքան ուժեղ լինի կուսակցութիւնը, այնքան աւելի մօտ կլինի մեր ազատութեան օրը:

Նա մեծ հաւատ ունէր հայի մօտաւոր բաղդաւոր ապագայի նկատմամբ եւ այդ հաւատն աշխատում էր ներշնչել ամենքի մէջ. նա աշխատում էր հաւատացնել ամենքին, որ այդ երկիրն անպայման հայ ժողովրդի սեփականութիւն է դառնալու եւ իր հիմնելիք հիւանդանոցը լինելու է ապագայում հայ զինւորական հիւանդանոց:

Թուրք կառավարութիւնը նկատել էր նրա վտանգաւոր ընթացքը, այդ պատճառով ամեն կերպ աշխատում էր զանազան դժւարութիւններ յարուցանել, անգամ արգելել, որ նա բժշկութիւն անելու իրաւունք չունի Թիւրքիայում, քանի որ այն տեղի վկայական չունի ւայլն:

Անկարող լինելով իր նպատակին հասնել, բժ. Զաւրիեանն ստիպւած է լինում անցնել Պօլիս, ապա այնտեղից Եւրոպա:

1912 թ. սկսւում է ընկեր Զաւրիեանի դիւանագիտական աշխատանքները:

Ահա այդ ժամանակներում Գերմանիայում կազմւում է մի հայկական կօմիտէ բանակցելու համար գերմանական կառավարութեան հետ, բարենորոգութիններ մտցնելու հայկական վեց վիլյէթներում: Գերմանական կառավարութիւնը թւական տեղեկութիւններ է պահանջում հայկական կօմիտէից: Վերջինս իր հերթին դիմում է Պօլիս կուսակցութեան, որի կողմից նշանակւած մասնաժողովը բաղկացած Ակնունուց, Փափազեանից եւ բժ. Զաւրիեանից, կազմում է պահանջած թւական տեղեկագիրը եւ սահմանների վերաբերեալ զեկուցագիրը եւ ուղարկում Գերմանիա:

1913 թ. Զաւրիեանն ուղարկւում է Պետրօգրադ:

Յակոբ Զաւրիեան
Այդտեղ կուսակցական ընկերների մի լայն ժողով է տեղի ունենում, ուր քննութեան է դրւում Բալկանների պատերազմի վերաբերմամբ Դաշնակցութեան ունենալիք վերաբերմունքը: Բանաձեւ է անցնում, որով որոշւում է, որ Տաճկահայաստանում պէտք է անմիջապէս ապստամբութիւն առաջ բերել՝ ներս մտցնելով երկիր կամաւորական խմբեր: Այս բանաձեւին սաստիկ դէմ է լինում բժիշկը եւ որպէսզի փոխել տայ բանաձեւը, սպառնում է ինքնասպանութիւն գործել: Ընկերական ժողովը անց է կացնում մի անորոշ բանաձեւ:

Սակայն որոշ ժամանակ անցնելուց յետոյ, երբ Թիւրքիան պարտւում էր եւ մանր պտութիւնները սպառնում էին Պօլսին, Զաւրիեանը փոխում է իր տեսակէտը եւ ցանկութիւն յայտնում կամաւորական խմբեր կազմել եւ մտնել երկիրը:

1913 թ. Զաւրիեանը ուղարկւում է Պետրօգրատ կուսակցական գործերով: Այստեղից նոյն գործերով անցնում է Բերլին եւ խորհրդակցում այնտեղի հայկական կօմիտէի հետ, ապա անցում Փարիզ նոյն նպատակով եւ վերադառնում կրկին Բերլին նոր բանակցութիւնների ու խորհրդակցութիւնների համար, որից յետոյ նորից անցնում է Պետրօգրադ:

Այս ժամանակներում վերջացել էին բալկանեան պատերազմները եւ բալկանեան հարցը լուծելու համար Լօնդօնում գումարւած մեծ պետութիւնների կօնֆերանսը հարկադրւած էր ի նկատի առնել ամբողջ հայ բազմատանջ ժողովրդի դիմումը եւ միջամտել տաճկաց կառավարութեան առաջ Բերլինի 61-րդ յօդւածում յիշւած բարենորոգումները գործադրել: Կօնֆերանսի գործնական քայլն այն եղաւ, որ յանձնարարեց պետութիւնների Պօլսի դեսպաններին, մշակել մի նախագիծ: Երկար ձգձգումներից յետոյ վերջ ի վերջոյ յաջողւում է պետութիւններին ընդունել եւ ստորագրել տալ Դռանը 1914 թ. փետրւարի 8-ին կրճատւած, աղճատւած մի բնագիր: Նախագծի այդ այլանդակութիւնն արդիւնք էր գերմանական կառավարութեան միջամտութեան, որն ամեն կերպ պաշտպանում էր Երիտասարդ Թիւրքերին: Ստեղծւեց երկու կօմիսարութիւն, ազդեցութեանց երկու շրջան Ֆօքի եւ Վեստենենգի գլխաւորութեամբ, որոնք նշանակւած էին պետութիւնների համաձայնութեամբ:

Կամենալով նախօրօք որոշ հող պատրաստել կօմիսարների գործունէութեան համար, Զաւրիեանն անցնում է Հօլլանդիա եւ Նօրվեգիա տեսնւելու նրանց հետ եւ զեկուցագիր տալու երկրի դրութեան մասին: Այստեղից անցնում է նորից Պօլիս, ապա Պետրօգրադ, որտեղ Վռամեանի հետ միասին մի շարք աշխատանքներ են կատարում եւ նիւթական միջոցներ որոնում՝ Վանում եւ Մուշում գիւղատնտեսական դպրոցներ բաց անելու համար:

Շուտով բժիշկը Վռամեանի հետ անցնում է Կովկաս, Էրզրումում յուլիս ամսին տեղի ունենալիք ընդհանուր ժողովին (ՀՅԴ 8րդ Ընդհ. Ժող.) մասնակցելու համար:

Սակայն վրա է հասնում համաշխարհային պատերազմը, եւ ի չիք է դարձնում այլանդակ համաձայնագիրը:

Բժիշկ Զաւրեանի առաջ բացւում է դիւանագիտական մի նոր գործունէութիւն: Տեղի կունենայ Թիֆիլիսում Բիւրօի ուժեղացրած կազմի ժողով, որտեղ Զաւրիեանի եւ մի քանի ընկերների յամառ պահանջմամբ որոշւում է գլուխ անցնել Ռուսաստանում գտնւող հայութեան մէջ առաջացած կամաւորական շարժմանը:

Վեց տարուց ի վեր հայ ժողովրդի անլուր մարտիրոսագրութիւնը, պարբերական կոտորածները եւ այս պատերազմի ընթացքում այդ ժողովրդի բեկորներին սպառնացող վտանգը Զաւրիեանին եւ նրա նման զգայուն հայրենասէրներից հարկադրեցին բացէ ի բաց կռիւ յայտարարել Թիւրքիային: Եւ ահա մենք տեսնում ենք Զաւրիեանին Անդրանիկի բանակին հետ կռւի դաշտում:

1915 թ. հայութեան տեղահանութիւնը եւ աննախընթաց կոտորածը հարկադրեց մեր սիրեցեալ բժշկին անցնել Եւրօպա, աշխատել հայ ժողովրդի դատի համար:

Իբրեւ մի դէրւիշ նա քարոզ էր տալիս ամենուրեք, բաղխում էր դռներ ու փրկութիւն հայցում Միջագետքում թափառող տաճկահայութեան մնացորդացի համար:

1916 թ. աշնանը Զաւրիեանն անցնում է Բագու, որտեղ աշխատում է համոզել դաշնակցական ընկերներին, որ այնտեղից հայ երիտասարդների ուղարկւին Կիլիկիայի ճակատում կռւող արևելեան լէգէօնը հայերով լցնելու համար: Նրա այս առաջարկը յաջողութիւն չի գտնում:

Վրա է հասնում ռուսական մեծ յեղափոխութիւնը, ցարիզմը տապալւում է, պետութեան գլուխ անցնում են կադետները: Հարկաւոր էր մտածել ռուսական զօրքերով գրաւուած վայրերի կառավարելու մասին: Եւ ահա 1917 թ. յուլիսի սկզբներին Զաւրիեանը Արմաւիրով անցնում է Պետրօգրադ, բանակցում է այն ժամանակւայ արտաքին գործերի նախարար Միլիւկօվի հետ եւ կարողանում է յուսադրիչ խոստում ստանալ Հայաստանի աւտօնօմիայի մասին: Միլիւկօվը խոստանում է շուտով այդ խնդիրը դնել նախարարների խորհրդում:

Կադետական նախարարութիւնը տապալւում է, Կերենսկին նախարարական խորհրդի նախագահ է նշակւում: Զաւրիեանին անմիջապէս յաջողւում է իր վաղեմի եւ մտերիմ բարեկամի հետ ևս բանակցել: Նախարարական նոր խորհուրդն որոշում է մի շարք խնդիրներ Հայաստանի տիրած վայրերի վերաբերմամբ, որի էութիւնն այն էր, որ ժամանակաւոր կառավարութիւնը չնախորոշելով Հայաստանի ապագայի սահմանները, առայժմ հաստատւում է Տաճկահայաստանը եւ տիրած շրջանը կառավարութիւնը համար մի կօմիսարիատ, որի իրաւասութեանն են ենթարկւում Վանի, Խնուսի, Էրզրումի եւ Տրապիզոնի շրջանները: Ժամանակաւոր կառավարութեան կողմից նշանակւում է գեներալ կօմիսար Աւերեանօվը, իսկ օգնական Զաւրիեանը: Առաջինն իրապէս անւանական էր, քանի որ ամբողջապէս զբաղւած էր այլ պաշտօնով, նա կովկասեան բանակի մատակարարապետն էր: Ամբողջ երկրի կառավարելու ղեկը բժշկի ձեռքին էր, որը 1917 թ. օգոստոս ամսից մինչեւ հոկտեմբերեան բոլշեւիկեան յեղափոխութիւնը կազմակերպում է երկրի ամբողջ վարչական մասը: Ճակատից ռուս զօրքի հեռանալուց յետոյ նրան յաջողւում է կազմել Զէյթունի, Սբ. Կարապետի, Խանասօրի եւ Մակւի գնդերն եւ գումարտակներն եւ բաւականաչափ միլիցիական խմբեր որոնց անդամների թիւն հասնում է 3-4 հազարի:

1917 թ. մայիսի 13-ին Երեւանում կայացած Երկրի դաշնակցական րայօնական ժողովն առանձին նամակով իր գոհունակութիւնն է յայտնում բժ. Զաւրիեանին այն ջանքերի համար, որ նա թափել է «հայկական հարցի» համար ընդհանրապէս, պատերազմը իրաւունքով գրաւած վայրերի ժամանակաւոր վարչութեան կազմակերպման մասին մասնաւորապէս:

Թուրքական առաջխաղացութիւնը, Էրզրումի, Սարիղամիշի, Ղարսի անկումը շատ մեծ հարւած է հասցնում նրա հոգեկան կեանքին, նա շշմել, կուչ էր եկել, համազգային մեծ վիշտը նրան սմքեցրել, խեղճացել էր եւ յուսահատական վիճակի հասցրել: Սակայն իրեն յատուկ բնաւորութեամբ շուտով սթափւում է, նորից հրապարակ է նետւում աշխատելու իրեն յատուկ եռանդով, կարճ ժամանակով նշանակւում է հայկական կօրպուսի կօմիսար: Իրեն յատուկ եռանդով նա կարողանում է ուժերը հաւաքել եւ իրեն գցել Ռուսաստան:

Մօսկւայում Զաւրիեանը բանակցութեան մէջ է մտնում բօլշեւիկական կառավարութեան հետ: Լենինի կողմից մարդիկ են նշանակւում բանակցութիւններ վարելու, սակայն վրա են հասնում Բագւի դէպքերը եւ բանակցութիւններն ընդհատւում են:

«Եթէ մեր մահը անհրաժեշտութիւն է Հայաստանի քաղաքական գործերի համար, մենք պատրաստ ենք մեռնելու»:

Այս խօսքերով նա գալիս է ցուցադրելու իր ամբողջ էութիւնը:

Մօսկւայում պատանդ մնացող սակայն անգործունէութեան անսովոր մեր Զաւրիեանը պատրաստակամութիւն է յայտնում ծառայել ռուս ժողովրդին: Նա նշանակւում է վարակիչ հիւանդների հիւանդանոցի բժիշկ. այստեղ էլ նա հիւանդանում է: Քայքայւած օրգանիզմը անկարող է լինում տանել այդ ծանր հիւանդութիւնը: Նա մեռնում է հայրենիքից հեռու, հայրենիքի կարօտով լցւած ճիշտ այն պահուն երբ «հունձք բազում են և մշակք սակաւ» երբ մեր մանուկ հանրապետութիւնը փորձւած եւ հեղինակաւոր ընկերների պակասութիւնն է զգում, երբ նա մեր նորակազմ պետութեան մէջ կարող էր մեծ գործ կատարել:

Վշտի ու դառնութեան շատ օրեր է տեսել Զաւրիեանը. նա ամենայն սիրայօժարութեամբ եւ ինքնաբաւականութեամբ թողել է իր կեանքի բոլոր երջանկութիւնները ու բռնել հալածանքների ու տանջանքների ճանապարհը, միշտ ապրելով իր սիրեցեալ ժողովրդի կեանքով:

Մեծ ապրումներ ունեցող բարոյական այս խոշոր դէմքը զարմանալիօրէն անկեղծ էր դէպի ամենքը՝ ունենալով միշտ մոլեռանդութեան աստիճանի հասնող հաստատուն համոզմունք իր սիրած ժողովրդի բաղդաւոր ապագայի նկատմամբ:

Շատ բան նւիրաբերեց տառապող հայութեան արդար դատին եւ սակայն չապրեց, չարժանացաւ տեսնելու անկախ Հայաստանը, հայ ժողովրդի ազատութիւնը:

Գ. Ղազարեան
«Յառաջ», Երեւան
Կիրակի, 18 Ապրիլի 1920
Երկրորդ Տարի, Թիւ 79