23 March, 2025

Մարտի Դէպքը

Նստած ձախէն՝ Սարհատ (Մկրտիչ Աղամալեան), Հմայեակ Ջանփոլադեան եւ Մարտիրոս Չարուխջեան

23 Մարտի 

Խաղաղութեան օրերը, տարաբախտաբար, դեռ շատ հեռու են: Չկայ վստահութիւն, չկայ հաւատ դէպի «կարգի պահապանները»: Չնչին մի դէպք անգամ՝ ընդունակ է վրդովելու ամբողջ քաղաքը: Ահա դրա մի ապացոյցը՝ քաղւած կովկասեան մամուլից.

Երէկ, մարտի 22-ին կէսօրից յետոյ ժամը 2 ½-ին, Բագուն մի ակնթարթում ընդունեց պատերազմական դրութիւն. խանութները սկսեցին մէկը միւսի ետեւից փակել եւ ամէն մարդ դէպի տուր էր փախչում: Քաղաքի բոլոր ծայրերում նոյն լուրն էր թռչում կայծակի արագութեամբ. «Հայերը սպանութեան փորձ արին պրիստաւ Մամէդ-բէգօվի վրայ, պրիստաւը վիրաւորւած է, հայերից մէկը սպանւած, իսկ միւսները վիրաւորւած: Այս լուրը տարածում էին մի քանի խումբ թիւրքեր, վազելով դէպի քաղաքի զանազան ծայրերը եւ ստիպելով թիւրքերին փակել խանութները:

Ամբոխային սարսափը իր գագաթնակէտին հասաւ ժամը 4-ին: Թիւրք սրիկաների զինւած խմբեր սկսեցին ման գալ մեծ փողոցներում, զոյգ զոյգ նստած կառքերի մէջ եւ աջ ձեռքերը գրպաններում պատրաստ՝ ամեն րոպէ ատրճանակները դուրս հանելու համար: Ժամը 5-ին զինւորներն ու կօզակները արդէն բնած էին քաղաքի զանազան մասերը: Նոյն իսկ մի քանի թնդանօթներ սկսեցին երեւալ քաղաքի կենտրօնում: Չնայած այն բոլոր միջոցներին, որ ձեռք էր առած զինւորական վարչութիւնը, ժողովուրդը ահնդարտացնելու համար, խանութները մնացին փակ եւ վրայ հասնող գիեշրւայ խաւարը մեռելային լռութեամբ ծածեց մեր չարաբախտ քաղաքը: Մարտի 22-23-ին գիշերը անցաւ խաղաղ. սպանութեան դէպքերը չը պատահեցին, բայց տպաւորութիւնը չափազանց ճնշող էր: 23-ի առաւօտ մարդիկ սկսեցին դուրս գալ տներից եւ քաղաքը սկսեց առնել իր սովորական կերպարանքը: Շուկայում ամեն մարդ հանդիպողին հարց ու փորձ է րանում իմանալու համար նախորդ օրւայ դէպքերի մանրամասնութիւնները:

Ականատեսները պատմում են հետեւեալ ձեւով: Ժամը 2-ին քաղաքային պարտէզում նստած են եղել 2 հայ երիտասարդներ. Պրիստաւ Մամէդբէգօվը իր հետ ունենալով մի քանի ոստիկաններ եւ 10-15 թիւրք երիտասարդներ, մօտենում է նրանց եւ առաջարկում հետեւել իրեն. Երիտասարդները հետեւում են պրիստաւին եւ շրջապատւած ինքնակոչ թիւրք ամբոխով, գնում են դէպի ոստիկանատուն: Նոյն միջոցին պարտէզի միւս ծայրից ոստիկանները եւ թիւրք ամբոխը բռնում են ուրիշ 2 հայեր եւս եւ բերում դէպի ոստիկանատուն: Հազիւ մօտենում են ոստիկանատան դրանը, ետեւի թիւրքերը սկսում են կրակել բռնւած հայերի վրայ. վիրաւորում են մէկին, բռնում երկուսին, իսկ չորրորդը սկսում է փախչել, պաշտպանւելով իր ատրճանակով: Փախչելիս նա վիրաւորում է ոստիկանին. նրան հետեւում է թիւրք ամբոխը ատրճանակներ կրակելով եւ գոռալով, որ փախչողը ուզում էր պրիստաւին սպանել: Վերջապէս ծովեզերքում սպանում են փախչող հային եւ նոյն ամբոխը սկսում է ցրւել քաղաքի զանազան մասերը, տարածելով այն սուտ լուրը, թէ հայերը փորձեցին Մամէդբէգօվին սպանել:

Այս դէպքը մի նոր դրութիւն է ստեղծում Բագւում. Այն, որ ոստիկանութեան գործակցում է մի ոեւէ հայի ձերբակալութեան դէպքում նաեւ զինւած թիւրք ամբոխը:

Բագւի մէջ – գրում են մեզ Կովկասից – հակառակ զինւորական վիճակին եւ մեծադղորդ խոստումներին՝ ապահովութիւնը կատարելապէս բացակայում է: Յանցանք է, ներկայ պայմաններում, հրաւիրել ժողովրդին դէպի խաղաղութիւն, դէպի առօրեայ սովորական աշխատանք: Ամէն ոք պատրաստ պիտի լինի, ամէն մէկը յոյսը իր պատրաստութեան, իր ուժի վրայ պիտի դնէ:

«Դրօշակ»
Ապրիլ 1905
Թիւ 4 (157)