20 April, 2025

Գնաց Մեր Աւետիսը

Գրեց՝ Դրօ

Անշուշտ շատեր պիտի անդրադառնան Արարատի եւ Արաքսի մեծ զաւկին, մեր իրականութեան եւ յեղափոխական պատմութեան մէջ նրա կատարած դերին:

Աւետիսը մեր գիւղից էր, Իգդիրի Իգդիրմաւա թաղամասից: 1896-ին սուլթանական ջարդերէն հալածական հայ տարագիրներ ընդհանուր թշուառութեան մէջ հասնում էին մեր շրջանը: Գաղթականները թափւում էին ամէն կողմ: Ժողովուրդը ընդառաջ էր գնում դիմաւորելու իր սոված, մալ ու մուլ թողած հայրենակիցներին: Արարատեան դաշտի ժողովուրդը ցնցուեց այդ պատկերից: Ու չեմ գիտեր թէ իրաւացի՞ կը լինեմ արդեօք ասսելով թէ Աւետիս կենդանի գիծերով տուաւ այդ համատարած թշուառութիւնը, «Փշուր մը խաց», «Պուտ ըմ Կաթ» պատկերի մէջ:

Տասներկու տարեկան եղայ էի այդ օրերին: Ինծի հասակակից տղաների հետ կազմել էինք պատանեկան մի խումբ, որ այս կամ այն կողմ վազում էր գաղթականներին վերմակ եւ անկողին ճարելու, ապաստան գտնելու համար: Այն օրերին ժողովուրդի մէջ խօսում էին Դարբինենց Աւետիսը «Ընկերութեան» մարդկանցից է: Թողած է դպրոցը, ուր աւագ ուսուցիչ էր, եւ գիշերն ու ցորեկը իրար խառնած, գաղթականների կազմակերպման գործի է լծուել:

Այնուհետեւ մեր յեղափոխական ազատագրական շարժումը լայն ծաւալ ստացաւ, մեր գիւղի շրջանակը նեղ եկաւ Աւետիսի համար, եւ նա նետուեց Դաշնակցութեան պայքարի մէջ՝ թէ՛ գրչով եւ թէ՛ գործունէութեամբ:

Երկրորդ հանդիպումս տեղի ունեցաւ Թիֆլիսում 1905-ին, երբ մեծացած՝ պատիւն ունէի լինելու Դաշնակցական զինուոր: Թիֆլիսի մէջ պարտք համարեցի գնալ մեր գիւղի մեծացած զաւակին տեսնելու: Յիշեց ինձ, գրկեց եւ յուզումնազդու մի շեշտով, որ դեռ մնում է յիշողութեանց մէջ, ասաց.

«Տեսա՞ր, Սուլթանի զուլումից յետոյ, ռուս թագաւաորի զուլումին դէմ ենք կռւում: Էն ժամանակ դուք փոքրիկ մանուկներ էիք, ձեզ օգտագորում էի, այս կամ այն կողմ ղրկում, վերմակ կամ անկողին հասցնելու համար գաղթականներին: Իսկ այսօր, դուն որ քու աչքերովդ տեսար այդ հալածուածներին, ուրախ եմ որ դարձել ես հայ զինուոր եւ մտել այն շարքերի մէջ, որ պաշտպանում է հայ ժողովուրդի շահերը»:

Լուռ էի ես: Չէի կարողանում հեռանալ իր մօտից:

Եկաւ 1909 թիւը: Լսեցինք թէ Աւետիսը մի շարք կուսակցական ընկերների հետ բանտարկուած է Բագուի բանտում, ուր բերել էին Ռուսաստան ուղարկելու համար: Աւետիսը հիւանդացել էր: Իրան գլխաւորաբար խնամք էին տանում Ասատուր Վաչեանը եւ մի շարք ազգային դէմքեր, որոնք մեծ երաշխաւորութիւններով վերջապէս կաորղացան ազատել նրան բանտից:

Պայմանները ինձ գցեցին Տաճկահայաստան, Հին Բայազէդ: Եւ մի օր, կարծեմ 1910-11-ին, մեր վաստակաւոր գաւառական գործիչներից Թօփալ Եղիան լուր ուղարկեց ինձ որ Աւետիսը նորից բանտարկուելու վտանգին տակ է, հետեւաբար պէտք է մի կերպ նրան Տաճկահայաստան անցնենք: Եւ ահա մի օր նգում եմ Գոռուն-Մուսուն եւ քիւրտ Աւտիէն ուղարկում՝ Աւետիսին առաջնորդելու: Աւտիէն իմանում էր այդ շրջանի բոլոր ծակն ու ծուկը, քարն ու ձորը: Այն քիւրտերից էր որ միշտ մեզի ծառայութիւն էին մատուցել Սուլթան Համիտի օրերից:

Աւտիէի առաջնորդութեամբ Աւետիսը անցաւ տաճկական սահմանը եթէ չեմ սխալւում, Յուլիսի սկիզբներին: Ճանապարհների ապահովութեան համար ամէն միջոց ձեռք առնուած էր: Լուսաբացին Աւետիսը հասաւ Գոռու ռէս Աւետի տունը: Չէի քնացած ամբողջ գիշերը: Ուրախութիւնս չափ ու սահման չունէր: Հասել էր անվտանգ եւ սակայն ջարդուած: Մի գիշերուան մէջ քալել էին 35 քիլօմէթր:

Աւետիսը գրկեց ինձ եւ ասաց.

Այսպէս է մեր կեանքը, բոլորս մէկ հանգստութիւն կը գտնենք, երբ մենք էլ մեր հարազատ օճախի տէր լինենք:

Որպէս «միլլէթ պաշի», մեծ շուքով նրան առաջնորդեցինք Նոր Բայազէդ, ուր մի քանի շաբաթ հիւր մնալուց յետոյ, Աւետիս ապահով ճամբայ ինկաւ դէպի Էրզրում, անկից Պոլիս անցնելու համար:

Առայժմ այսքան: Յարգա՜նք քեզ, հի՜ն ու մեծ ընկերների վերջին մնացորդ:

«Ասպարէզ», Ֆրեզնօ
Խ. Տարի, Թիւ 2374