Հայ Ժողովուրդ
Հեռագիրը հաղորդեց, որ բարձրագոյն հրամանով վերադարձնում են հայ եկեղեցուց յափշտակւած կալւածները. նոյն բարձրագոյն հրամանով վերաբացւում են եւ հայ-ծխական ուսումնարանները, 1874 թւին հաստատւած ծրագրով:
Ի՜նչ պատահեց: «թագաւոր-կայսրը բարեհաճեց զիջանել հայոց կաթողիկոսի աղերսանքներին եւ կովկասեան փոխարքայի միջնորդութեանը», – տեղեկացնում է մեզ հեռագիրը: Տարիներ առաջ թագաւոր կայսրը բարեհաճեց փակել հայոց ուսումնարանները, եւ որովհետեւ շատ ուսումնարաններում երեխաները, խմբւած դասատների մէջ, չէին ցանկանում դուրս գալ, թագաւոր-կայսրը բարեհաճեց հրամայել իր կօզակներին պոկ տալ երեխաներին նստարաններից, նագայկաներով վռնդել ուսումնարաններից: Երկու տարի առաջ թագաւոր-կայսրը բարեհաճեց գրաւել հայ եկեղեցու դարեւոր սեփականութիւնը. եւ որովհետեւ հայերը փակեցին կայսերական պաշտօնեաների առաջ եկեղեցու դռները, թագաւոր-կայսրը բարեհաճեց հրամայել իր կօզակներին գնդակահարել այդ մարդկանց: Այսօր նոյն թագաւոր-կայսրը բարեհաճում է վերաբանալ ուսումնարանները եւ վերադարձնել եկեղեցական սեփականութիւնը:
Սա ի՞նչ անրօինակ, ապշեցնող բարեհաճումներ են: «Հայոց կաթողիկոսը աղերսեց, Կոմս Վօրօնցօվ-Դաշկօվը միջնորդեց եւ ահա թագաւոր կայսրը բարեհաճեց» – բացատրում են մեզ:
Բայց մի՞թէ հայոց կաթողիկոսը չէր աղերսում սրանից տասն եւ հինգ տարի առաջ, երբ հազարաւոր երեխաներ թագաւոր-կայսեր բարեհաճութեամբ» ուսումանրաններից փողոց շպրտւեցին, եւ ի՞նչու այն ժամանակ կովկասեան կառավարչապետը միջնորդ չը հանդիսացաւ կաթողիկոսի աղերսանքների եւ կայսերական բարեհաճութեան միջեւ. կամ ի՞նչու թագաւոր-կայսեր այն օրւայ «բարեհաճումը» այնքան անբարեհաճ եղաւ: Հրա՞շք կատարւեց արդեօք: Արդեօք թագաւոր-կայսեր բարձրագոյն սիրտը յանկարծ գթով եւ սիրո՞վ վառւեց հայ ազգի համար, կամ կաթողիկոսի աղերսանքները այսօր մի դիւթական ո՞ւժ ստացան, որ առաջ չունէին. թէ կայսերական ծառայութեան մէջ ծերացած Կօմս Վօրօնցով-Դաշկօվը յանկարծ իրաւունքի եւ արդարութեան ասպետի՞ վերափոխւեց:
Ոչ, կատարւեց մի այլ բան,– ժողովուրդը բողոքեց: Բողոք – այդ մի բառի մէջ պէտք է որոնել գաղտնիքը:
Հայ ժողովուրդը ցոյց տւեց, որ նա ընդունակ է գիտակցել – ոչ միայն գիտակցել, այլ եւ ցանկանալ,0 ոչ միայն ցանկանալ, այլ եւ պահանջել: Եւ հրաշքը ինքնստինքեան կատարւեց. Կաթողիկոսի աղերսանքները յանկարծ մի անսովոր ուժ ստացան, պաշտօնական միջամտութիւնը անհրաժեշտ դարձաւ, իսկ բարձրագոյն «բարեհաճումը» վայրկենապէս փոխեց իր կերպարանքը:
Երբ տարիներ առաջ թագաւոր-կայսրը «բարեհաճեց» դնել իր «խնամակալ» թաթը մեր ուսումնարանների վրայ, նա գտաւ այնտեղ միմիայն երեխաներ – տղայք եւ աղջիկներ, որոնց միակ զէնքը – արտասուքն էր: Բայց տարիներ անցան, երեխաները մեծացան, տղամարդիկ դարձան: Ուսումնարանների բակերում սերմանած երեխաների մաքուր արտասուքները եկեղեցիների դաւիթներում արճիճ-գնդակներ դարձան, մանկական աղիողորմ լացուկոծը այրական զայրոյթի փոխւեց:
-Խնայեցէք մեզ, աղերսում էին այն ժամանակ երեխաները, ուսումնարաններում իրենց նստարանները գրկած: –Միք յանդգնիլ մօտենալ, սպառնացին այժմ տղամարդիկ, եկեղեցիների շեմքերը բռնած: –Մի՛ խլէք, լալիս էին այն ժամանակ երեխաները: –Չե՜նք տայ, գոչեցին այժմ տղամարդիկ եւ այդ սուրբ «չենք տայ-ն» իրենց արիւնով դրոշմեցին:
Սա է պարզ իրողութիւնը: Եւ այսօր մենք տօնում ենք մեր առաջին յաղթանակը: Ո՞ւմ ենք պարտական մենք, ո՞ւմ պիտի բերենք մեր շնորհաւորումները, ո՞ւմ պիտի ուղղենք մեր երախտագիտութեան զգացմունքները:
Քե՛զ, հայ ժողովուրդ, եւ միայն Քեզ: Դու էիր, որ պաշտպան կանգնեցիր Քո նւիրական իրաւունքներին, Դու քաջութիւն ունեցար չը հնազանդւել դահիճ կայսեր բարձրագոյն «բարեհաճման», Դու Քո արիւնով բողոքեցիր բռնութեան դէմ եւ տարար յաղթութիւնը: