Փարիզի արւարձան Շավիլում, Հոկտ. 15-ին, երկարատեւ ու տանջալից
հիւանդութիւնից յետոյ վախճանւեց ընկ. Յովսէփ Արղութեանը – Խանասորի Իշխանը – հայ յեղափոխութեան
ռահիվարների փայլուն փաղանգի վերջին մնացորդներից մէկը:
Ինչպէս Դաշնակցութեան բոլոր հիմնադիրների, Իշխանի կեանքն էլ – տանջալից ու փոթորկայոյզ – եղաւ մարմնացումը հայկական ազատագրութեան: Արժէ, որ մեր նոր սերունդներն իմանան ու ոգեւորւեն այդ կեանքով:
Յովսէփ Արղութեանը ծնւել էր 1863 թւին Լոռի գաւառի Սանահին գիւղում: Աւարտել էր Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը:
Վառվռուն, գաղափարական հովերով տարւած՝ աշակերտական նստարանը թողնելուց յետոյ նա անմիջապէս նւիրւում է հանրային-կրթական գործունէութեան: Յաջորդաբար պաշտօնավարում է Ջալալ-Օղլու, Սուրամի, Թիֆլիսի Մէյտանի Ս. Գէորգ եկեղեցու ծխական դպրոցներում:
Ութսունական թւականների վերջը գաղափարական խմորումների շրջան էր կովկասահայ ազգային կեանքում: Ռուս-թրքական պատերազի պատճառած ցնցումը, Բուլգարիայի ազատութիւնը, Բերլինի դաշնագրի 61րդ յօդւածը, Ռաֆֆու յեղափոխական վէպերը եւ Գամառ-Քաթիպայի ըմբոստացնող երգերը օդը յագեցրել էին պայթուցիկ նիւթերով: Արդէն գործում էր Արմենական կուսակցութիւնը, եւ 1885-ից սկսած Մարսէյլում լոյս էր տեսնում Մկրտիչ Փորթուգալեանի «Արմէնիա»ն: 1888-ին հրապարակ էր եկել Հնչակեանութիւնը, որ քարոզում էր յեղափոխական լռիւ ընդդէմ համիդեան բռնակալութեան: Այս վերջինը օրէցօր դառնում էր վայրագ եւ յենւած քրդական մոլեռանդ զանգւածների վրայ. Ջարդեր էր կազմակերպում գաւառներում, ուր հայ ազգաբնակութիւնը դրւել էր օրէնքից դուրս:
***
1889-ի ամառը՝ նա Արշակ Բարխուդարեանի եւ Լեւոն Սարգսեանի հետ՝ «ուխտի» է գնում Սուրբ Կարապետ՝ Վասպուրականի վրայով: Ճանապարհին մօտից ծանօթանում է թրքական վարչութեանը, Հայերի կրած նեղութիւններին ու թրքահայ գաւառական մտաւորականութեան ապրումներին ու տենչերին: Ահագին տպաւորութիւն է թողնում նրա վրա այս ճամբորդութիւնը: Հէնց իր աչքերով տեսնում է նա այն իրաւազուրկ, անպաշտպան, թշւառ կացութիւնը, որի մէջ ապրում էր թրքահայ գիւղացիութիւնը:
Վերադառնալով Կովկաս եւ ներկայացնելով ընկերներին մանրամասն զեկուցում իր արած դիտողութիւնների ու հաւաքած տեղեկութիւնների մասին՝ նա մեծ ոգեւորութիւն է առաջ բերում: Եւ 1890-ին Սիմոն Զաւարեանի ու Յովհ. Իւսուֆեանի հետ անցնում է Տրապիզոն ուսուցչական պաշտօնով այլեւս ոչ թէ ուսումնասիրելու, այլ գործելու նպատակով: Այստեղ այս երեք խանդավառ երիտասարդները շուտով իրենց շուրջն են համախմբում երիտասարդութիւնը եւ հիմքը դնում գաղտնի յեղափոխական կազմակերպութեան՝ նպատակ գծելով համիդեան լծի խորտակումն ու հայ ժողովրդի ազատութիւնը: Սակայն, սկսւած աշխատանքը շուտով կտրւում է, թուրք կառավարութիւնը ամբաստանում է նրանց, որպէս յեղափոխականներ, բանտարկում ու դատի է տալիս: Դատարանի որոշումով Զաւարեանն ու Արղութեանը քշւում են Կովկաս: Առաջինը՝ տարւում է կալանաւորւած վիճակում, իսկ Արղութեանը ազատ, բայց հսկողութեան տակ: Կովկասեան իշխանութիւնը երկուսին էլ աքսորում է Քիշինիեւի կողմերը՝ Զաւարեանին մի տարով, իսկ Արղութեանին 6 ամսով:
Աքսորի ժամանակը լրացնելուց յետոյ, 1892-ին Արղութեանը գնում է Թաւրիզ՝ ուսուցչական պաշտօնով, Յովնան Դաւիթեանի տեսչութեան տակ: Հ.Յ. Դաշնակցութիւնն արդէն կազմւած էր, եւ նրա ղեկավարները մեծ կարեւորութիւն էին ընծայում Պարսկաստանին, որը, իբրեւ, Թիւրքիային սահմանակից եւ թոյլ պաշտպանւած վայր՝ ահագին նշանակութիւն էր ստանալու յեղափոխական պայքարների համար: Դաշնակցութիւնը աշխատում էր մեծ թւով ձեռնհաս ուժեր կենտրոնացնել Թաւրիզում ու Սալմաստի շրջանում: Յովնանից եւ Արղութեանից զատ Թաւրիզում էին, իբրեւ ուսուցիչ, Նիկոլ-Դումանը, Սարգիս Օհանջանեանը, Օր. Սաթենիկ Մատինեանը: Յետոյ եկաւ զինագործ Թորոսը-Գալուստ Ալոյեանը՝ հիմնելու համար այն հռչակաւոր զինագործարանը, որ ապագային այնքան խոշոր դեր պիտի կատարէր:
Արղութեանը, որ ապրում էր Երւանդ վարժապետ անունով, Թաւրիզում մնաց երկու տարի: Եռ ու զերի, ոգեւորւած աշխատանքի շրջան էր այդ: Պատրաստւում էին միջոցներ սկսելու համար զէնքի փոխադրութեան եւ հայդուկային արշաւանքների փառաւոր շարանը: Դաշնակցութիւնը համախմբում էր իր ուժերը: 1894-ին Արղութեանը զինատար խմբի հետ անցաւ Վան, որտեղ գտնւում էին Պետօն, Վարդանը եւ ուրիշներ եւ մնաց այդտեղ մինչեւ 1895-ի գարունը, երբ վերադարձաւ Թաւրիզ յատկապէս զինագործարանը ուժեղացնելու եւ մի շարք կազմակերպական հարցեր լուծելու համար: Կովկասից Թաւրիզ էր հասել եւ Կարօն (Արիստակէս Զօրեանը), Միհրանը եւ մի քանի ուրիշ յեղափոխականներ: Սալմաստը զօրացնելու նպատակով այնտեղ էր փոխադրւել Դումանը, որպէս ուսուցիչ: Իր գործը վերջացնելուց յետոյ Արղութեանը մի անգամ եւս, զինւած խմբի հետ անցաւ Վան:
1895-ի հայկական ջարդերը եւ եւրոպական միջամտութեան հետ կապւած յոյսերի վիժումը ճնշիչ տպաւորութիւն թողին հայ հանրային կարծիքի վրա: Մի պահ ծայր տւեց յուսալքումն ու ինքնաքննադատութիւնը, որի ծանր հարւածներին չդիմացաւ ու փշուր-փշուր եղաւ Հնչակեան կուսակցութիւնը: Մասամբ այդ համատարած վհատութեան դէմ պայքարելու ու հասարակութեան տրամադրութիւնը բարձրացնելու, մասամբ էլ կոտորածներին մասնակցող քրդական ցեղերին պատժելու նպատակով 1897-ին ամառը Հ.Յ. Դաշնակցութիւնը յաջողացրեց հայդուկային մի արշաւանք ուղղւած Մարզիկ աշիրէթի պետ Շարաֆ բէկի դէմ: Ճակատամարտը տեղի ունեցաւ Խանասորի դաշտում, որի անունով եւ արշաւանքը կոչւեց Խանասորի արշաւանք, որի թէ նախապատրաստութեան եւ թէ ղեկավարութեան մէջ Արղութեանը կատարեց առաջնակարգ դեր: Նաեւ Վարդանը գլխաւոր հրամանատարներն էին այդ խիզախ ձեռնարկի, որի գովքը անցաւ հայ եւ քիւրդ երգիչների բերանը.
Աջից Վարդանը, ձախից Իշխանը,
Գրաւենք Հաղբակ, տարածենք սարսափ,
Փա՛ռք Դաշնակցութեան...
* * *
Թուրք կառավարութեան պահանջի վրա պարսիկ իշխանութիւնները ձերբակալեցին ու բանտարկեցին արշաւանքից վերադարձող հայդուկների մի մասին: Դրանց թւում էր Արղութեանը, որ շղթայակապ, ոտները ֆալախկայի մէջ, ամենասարսափելի պայմաններում, երկու ամիս պահւեց պարսկական բանտում: Ապա կալանաւորները փոխադրւեցին Թաւրիզ եւ յանձնւեցին ռուսական հիւպատոսին: Թաւրիզից նրանց տարին Երեւան, յետոյ՝ Թիֆլիս, ուր Մէթէխի բանտում, Արղութեանը մնաց մօտ մէկ ու կէս տարի: Մէթէխում էր նա, երբ 1898-ին Թիֆլիսում տեղի ունեցաւ Հ.Յ. Դաշնակցութեան Երկրորդ Ընդհանուր ժողովը, որ, ի միջի այլոց, զբաղւեց նաեւ Խանասորի արշաւանքի գնահատութեամբ:
Թիֆլիսից Արղութեանը վարչական կարգով աքսորում է Հաշտարխան, որտեղից ուղարկում են Չօրնի Եար խուլ գիւղը: Այստեղից էլ Ստարով աքսորում են Հիւսիսային Ռուսաստան,-Վօլօգդա, ուր եւ մնում է՝ հեռու հայ իրականութիւնից ու յեղափոխական կեանքից: 1899-ին ամուսնանում է Օր.Սաթենիկ Մատինեանի հետ, որը նրա գաղափարակից ու սրտակից ընկերն էր եւ այդպիսն էլ մնաց մինչեւ նրա մահը:
1903-ի աշնանը լրանում է աքսորի շրջանը եւ Արղութեանը տեղափոխւում է Թիֆլիս, ուր պաշտօն է ստանում քաղաքային ինքնավարութեան մէջ՝ նշանակւելով քաղաքային մսի խանութների կառավարիչ: Ապա՝ պաշտօնով փոխադրւում է «Նադեժդա» ընկերութեան մէջ: 1904-ին տեղի է ունենում մահափորձ փոխարքայ Գոլիցինի վրայ բազմաթիւ ուրիշներու հետ ձերբակալւում է ու Արղութեանը, որ 6 ամիս բանտարկւած մնալուց յետոյ՝ ազատ է արձակւում:
Ապրելով Թիֆլիսում՝ նա ամբողջապէս նետւում է հասարակական ու յեղափոխական կեանքի մէջ: Մասնաւորապէս պէտք է յիշել նրա գործունէութիւնը 1903-ին, հայ-թրքական ընդհարումների շրջանում, երբ մասնակցելով հանդերձ ինքնապաշտպանութեան աշխատանքներին, նա մեծ եռանդ էր գործադրում երկու ժողովուրդները հաշտեցնելու եւ արիւնահեղութիւնը վերջ տալու համար: Հայ-թրքական հաշտարար յանձնախմբի անդամ էր եւ երկու դրկից ազգերի մերձեցման համոզւած ջատագով:
1903 ի վերջին տեղափոխւում է Երեւան իբրեւ «Նադեժդա» ընկերութեան գործակալ: Այստեղ էլ նշանակւում է հայ-թրքական հաշտարար յանձնաժողովի անդամ եւ ջանք է թափում շրջանը խաղաղացնելու: Անմիջական մասնակցութիւն է ունենում Երեւանի հասարակական կեանքին-հոգաբարձու թեմական դպրոցի-եւ Դաշնակցութեան գործունէութեան: 1908-ի վերջերը, երբ սկսկւում է ընդհանուր հալածանք Հ.Յ.Դաշնակցութեան դէմ, նրան էլ են բանտարկում եւ փոխադրում Թիֆլիսի բանտը, այստեղից Ռոստով ու Նովոչէրկասկ: 1911-ի սկզբին նրան, Գ.Խաժակին, Յ.Թումանեանին, Ա.Ահարոնեանին, Ա.Իսահակեանին եւ մի քանի ուրիշ ընկերների բաց են թողնում գրաւականով, բայց երբ սրանցից մի քանիսը գաղտնի անցնում են արտասահման, նրան նորից բանտ են դնում եւ պահւած մինչեւ դատավարութիւն, որից յետոյ շատերի հետ նա եւս արձակւում է անպարտ:
Վերադառնալով Կովկաս Արղութեանը շարունակում է իր հանրային ու յեղափոխական գործունէութիւնը մինչեւ համաշխարհային պատերազմը, երբ դառնում է մէկը կամաւորական շարժման նախաձեռնողներից, կազմակերպողներից ու ղեկավարներից՝ սկզբում իբրեւ Ազգային Բիւրօի Կարգադրիչ Մարմնի անդամ, յետոյ՝ որպէս 6-րդ գնդի կազմակերպող ու հրամանատար: 1918-ի երկրորդ կէսին նա անցաւ պատերազմի դաշտ, մասնակցեց բազմաթիւ կռիւների, որոնց մէջ առանձնապէս պէտք է յիշել Ռեվանդուզի արիւնոտ ճակատամարտը, որին զոհ գնացին Քեռին եւ մի շարք խմբապետներ ու կամաւորներ:
Կամաւորական խմբերի կազմալուծումից յետոյ Արղութեանի նւորւում է գաղթականական գործին, ապա, փետւարեան յեղափոխութիւնից յետոյ, տարւում է պետական գործունէութեամբ: Սահմանադիր ժողովի ընտրութիւնների ժամանակ կառավարութիւնը նրան է վստահում Կարսի բազմացեղ նահանգի ընտրութիւնների ղեկավարութիւնը, եւ նա պատւով է դուրս գալիս իր վրա դրւած պարտականութեան տակից:
Երբ ստեղծւեցին Կովկասեան երեք անկախ հանրապետութիւնները, Արղութեանը մնաց Թիֆլիսում եւ վարում էր Վրահայոց Ազգային Խորհրդի նախագահի պաշտօնը: 1919-ին նա ընտրւեց Հայաստանի Խորհրդարանի անդամ, եւ իբրեւ պատգամաւորներից աւագագոյնը, սկզբի շրջանում, մինչեւ դիւանի կազմութիւնը նախագահեց նիստերին: Ապա նշանակւեց Թէհրանի դեսպան եւ հայ-ադրբէջանեան խորհրդաժողովի անդամ: Դրանից առաջ նա Հայաստանի կառավարութեան կողմից ուղարկւել էր Ղարաբաղ հայ-ադրբէջեան բաղխումը կանխելու նպատակով: Նրա բերած զեկուցումը բաւական խիզակ էր այն ժամանակւայ մտայնութեան հետ համեմատելով. Նա առաջարկում էր Ղարաբաղը բաժանել Հայաստանի եւ Ադրբէջանի միջեւ:
Թէհրանում Արղութեան մնաց մինչեւ 1922 որից յետոյ անցաւ արտասահման, ուր ծանր հիւանդութիւնը, անխնայ տանջելուց յետոյ, վերջ տւեց իր կեանքին – ոգեւորութեամբ, արկածներով եւ բուռն գործունէութեամբ լեցուն մի կեանք: