Դեկտ. 24-ին մայոր Գիբոնը մեկնում է Շուշի, որպէսզի այնտեղից հեռագրով հաղորդի Անդրանիկի եւ նրա զօրամասի առաջարկները: Մայոր Գիբոնի հետ Շուշի է անցնում եւ հարւածող զօրամասի բժիշկ Ռուբէն Տէր-Ստեփանեանը, որ խօսում էր անգլիերէն եւ ֆրանսերէն: Նոյն օրը Շուշի են մեկնում եւ Շուշիւ եւ Գանձակի գնդերի մնացորդ զինւորները, այլ եւ Զանգեզուրում փակւած ղարաբաղցի մասնաւոր անհատները, թւով 400 հոգի:
Մայոր Գիբոնը սկզբում չէր ուզում թողնել մեզ զինւած անցնելու, միայն 30-40 հրացանի իրաւունք էր ուզում տալ, սակայն Անդրանիկի եւ բժշկի բուռն միջամտութեան շնորհիւ, իմանալով որ տարիներ շարունակ մեր զինւորները կռւել են դիրքերում Դաշնակից պետութիւնների օգտին, զիջեց եւ գրեց անգլիերէն լեզւով թոյլտւութեան գիր, որի մէջ յիշատակւած էր, թէ զօրավար Անդրանիկի ղրաբաղցի զինւորներն են, որոնք խաղաղ կերպով գնում են իրենց տները՝ համաշխարհային պատերազմի վերջանալու առթիւ:
Այնուհետեւ այլեւս ռազմական գործողութիւններ տեղի չունեցան Զանգեզուրում մինչեւ Անդրանիկի այնտեղից դուրս գալը:
Խաղաղութեան շրջան էր. Անդրանիկը մեծ ուշադրութիւն դարձրեց բարւոքելու թէ՛ զինւորների եւ թէ գաղթականների վիճակը: Առաջին հերթին բաժանեց Բագւից զօրավար Բագրատունու միջնորդութեամբ զօրավար Բիչերախտովի ուղարկած մէկ միլիոն ռուբլին: Այդ գումարից 600,000 ռուբլի յատկացրեց գաղթականութեան, իսկ 400,000-ը բանակին. Իւրաքանչիւր գաղթական ստացաւ 29 ռուբլի:
Մի կարճ ժամանակում մայոր Գիիբոնը եւ բռիշկ Ռուբէնը երկար պտոյտ արին. Նրանք Բագւից վերադարձան Գորիս, անցան Ղափան, ապա սիսիանով իջան Նախիջեւան: Քեօլանու մօտ թուրքերը նրանց վրա կրակ բաց արին, բարեբախտաբար, անվնաս: Նախիջեւանում տեղի ունեցած բանակցութիւնները դրական ելքի չէին յանգել, որովհետեւ թուրքերը յայտարարել էին մայոր Գիբոնին, որ թոյլ չեն տայ երբեք, որ այդ շրջանը մտնէ զինւած հայ գաղթականութիւնը. նման պարագային ընդհարումն անխուսափելի կը լինի: Միակ յաջողութիւնը, որ ունեցել էր մայոր Գիբոնը, այն էր, որ Երեւանի հայկական կառավարութեան հաշւին փութը 50 ռ.-ով յաջողւել էր 10,000 փ. ցորեն գնել: Այնուհետեւ մայորը գնացել էր Երեւան, տեսնւել էր հայկական կառավարութեան հետ, անցել էր Թիֆլիզ, ուր զեկուցել էր Նախիջեւանի ու Երեւանի վիճակի մասին եւ ապա անցել Բագու: Մայոր Գիբոնը մնացել էր Բագու, իսկ կապիտան Բօշէրը եկել էր փոխարինելու կապիտան Տաունտսենտին:
Բագւից զօրավար Բագրատունին բժիշկ Ռուբէնի հետ ուղարկել էր հարիւր հատ ռուսական Սուրբ Գէորգ զօրավարի խաչեր, որպէսզի Անդրանիկը բաժէ իր զինւորներից ամենաքաջերին: 1919 թ. փետր. 24-ին, Վարդանանց տօնին, Անդրանիկը անձամբ բաժանեց Գորիսի հրապարակում՝ եկեղեցում հոգեհանգիստ-պատարագը վերջանալուց յետոյ:
Փետր. 25-ին կապիտան Բօշէրը ներկայացաւ Անդրանիկին Գորիսում: Թուրքերը աշխատում էին զօրամասը հեռացնել Զանգեզուրից եւ այն էլ Շուշի-Աղդամ-Եւլախ գծով: Կապիտան Բօշէրը առաջարկեց Անդրանիկին զօրամասով անցնել Եւլախ, բայց, ի հարկէ, Անդրանիկը մերժեց՝ առարկելով թէ կարող է ընդհարում տեղի ունենալ, մի բան, որ ցանկալի չէ խաղաղութեան շրջանում: Բօշէրը ակնարկեց, թէ Դաշնակիցները ճանաչում են կովկասեան հանրապետութիւնները եւ եթէ Ադրբէջանը որ եւ է տեղ պաշտօնեայ նշանակէ, իրենք պարտաւոր են ընդունել եւ օժանդակել նրան: Պարզ էր, որ անգլիացի կապիտանն ակնարկում էր Ղարաբաղ – Զանգեզուրի կցման մասին Ադրբէջանին: Ազգային Խորհուրդը եւ Անդրանիկը խորհրդակցելուց յետոյ, կտրուկ պատասխան տուին, թէ Զանգեզուրի մասին խօսք անգամ չի կարող լինել, քանի որ նա զէնքը ձեռին կռւել է տաճիկների եւ թուրքերի դէմ եւ պահպանել է բոլոր ժամանակ իր անկախութիւնը, եւ եթէ որ եւ է նոր փորձ լինի այդ ուղղութեամբ, դարձեալ ժողովուրդը կը կռւէ մինչեւ արեան վերջին կաթիլը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա պատմական Արցախն է, Հին Հայաստանի մի նահանգը, որ նոյնպէս կռւել է զէնքը ձեռին եւ անձնատուր չէ եղել ո՛չ տաճիկներին եւ ոչ էլ թուրքերին, բացի Շուշիւ քաղաքից, որին տաճիկները տիրել են մօտ երկու ամիս, այն ինչ ընդարձակ հայկական շրջանները՝ Դիզակ, Վարանդա, Խաչեն, Ջրաբերդ եւ Գարդման՝ գլուխ չեն խոնարհել տաճկա-թրքական ուժերի առաջ. հետեւապէս խոշոր անարդարութիւն կը լինի, եթէ Դաշնակիցները այդ քրիստոնեայ գաւառները կցեն մահմեդական Ադրբէջանին, փոխանակ թոյլ տալու, որ միանան հոգով իրենց հարազատ Հայաստանին:
Մարտ 5-ին մայոր Գիբօնը կրկին անցաւ Շուշու վրայով Գորիս: Դարձեալ առաջարկ արաւ Անդրանիկին զօրամասով անցնել Շուշի-Եւլախ գծով Թիֆլիզ, սակայն Անդրանիկը կրկին մերժեց հետեւեալ պատճառաբանութիւններով: -ա) Զօրամասը իր հետ պիտի փոխադրէ մեծ քանակութեամբ ալիւր ու գարի՝ մինչեւ զօրացրումի կատարումը զօրքը եւ ձիերը կերակրելու համար: բ) Զօրքի ձիերի մեծ մասը զինւորների սեփականութիւնն է եւ շատերը չե ուզենայ զրկւել իրենց ձիերից, որոնք Հայաստանի եւ իր ժողովուրդին մեծ օգուտ կարող են տալ, այնինչ Եւլախով գնալու պարագային, ձիերը չեն կարող փոխադրւել, հետեւապէս ստիպւած պիտի վաճառւեն թուրքերին: գ) Եւլախ գնալու դէպքում պէտք է զինաթափ լինեն,ի սկ Երեւան երթալու դէպքում զէնքերը կը մնան հայերին: դ) Եւլախով գնալու պարագային զօրամասի զինւորները ահագին ճանապարհ պիտի անցնեն՝ Երեւան կամ Հայաստանի որ եւ է մասը երթալու համար, քանի որ նրանք անպայման պէտք է աշխատեն այդ շրջաններում փնտռել գտնելու համար իրենց ողջ մնացած ազգականներին: Այս պատճառաբաննութիւնների հիման վրա Անդրանիկը յայտնեց մայոր Գիբոնին, որ «հաւանաբակ ընդհարումներից եւս խուսափած լինելու համար, ինչպէս եւ յայտնել են Նախիջեւանի թուրքերը, եւ դուք չէք հարկադրել նրանց, մեր զօրամասը կանցնի Երեւանի շրջանը Դարալագեազի վրայով»:
Մայոր Գիբոնի մեկնելուց առաջ հասնում է զօրավար Տոմսոնի նոր հրահանգը, որով կարգադրում է Անդրանիկի զօրամասին անցնելու Բաթում, ուր պիտի մնայ այնքան ժամանակ, մինչեւ որ հնարաւորութիւն լինի մեկնելու հայրենիք, քանի որ Երեւանում ներկայումս սովն է տիրում: Սակայն, զօրամասի ժողովը կտրուկ կերպով մերժեց այդ առաջարկը եւ հրաժարւեց գնալու Աղդամ-Եւլախ գծով. ընդ սմին ցանկութիւն յայտնեց որ մայոր Գիբոնը զօրամասին ընկերանայ Գորիսից Երեւան գնալիս:
Լեռնահայաստանի կաշկանդող ձմեռն էր: Խիտ ձիւնով ծածկւել էին ձորերն ու սարերը, մանաւանդ Սիսիան-Դարալագեազ սահմանագծի վրա: Գորիսի Ազգային Խորհրդի անդամ Ա. Շիրինեանը, որ կրկին Երեւան էր գնացել եւ վերադառնում էր Զանգեզուր՝ հայկական կառավարութեան կողմից նշանակւած Զանգեզուրի նահանգապետ Արսէն Շահմազեանի հետ միասին, մնացել էր Դարալագեազում փակւած եւ սպասում էր ճամբաների բացւելուն: Շատմ եծ դժւարութիւններ կրելով, տեղ տեղ արհեստական միջոցներով ճանապարհ բանալով, նրանք, վերջապէս, հասան Գորիս եւ սկսեցնի կազմակերպել տեղական միլիցիան եւ ինքնապաշտպանութիւնը, քանի որ հարւածող Զօրամասը պէտք է հեռանար, իսկ Ադրբէջանը չէր հրաժարւում իր յաւակնութիւններից:
Մարտ 18-ին մայոր Գիբոնը դարձեալ Գորիս ժամանեց, որպէսզի այս անգամ ընկերանայ զօրամասին դէպի Արարատեան աշխարհը, իսկ թիէոթընանտ Հաուէլսը պէտք է մնար Սիսիանում՝ պաշտպանելու գաղթականներին:
Մարտ 22-ին Գորիսի Քաղաքագլխի տանը ողջերթի ճաշկերոյթ սարքւեց քաղաքի կողմից. ներկայ գտնւեցին Անդրանիկը, Ազգային Խորհուրդը լրիւ կազմով, քաղաքի ընտրւած ներկայացուցիչները, մայոր Գիբոնը, նահանգապետ Ա. Շահմազեանը եւ ուրիշներ: Քաղաքը պաշտօնապէս ողջերթ եւ յաջողութիւն մաղթեց Անդրանիկին եւ երախտապարտութիւն յայտնեց նրան, որ իր ներկայութեամբ ազատեց շրջանը եւ քաղաքը տաճկա-թրքական տիրապետութիւնից:
Դ. Տարի, Թիւ 5