Փետրւար 3-ին, երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ, կնքեց իր մահկանացուն, մարտական սերնդի ներկայացուցիչ ընկ. Ե. Պահլաւունին:
Նա ծնւել է 1884 թ. Իգդիրում, Սուրմալուի գաւառ (որը գտնւում է տաճկական տիրապետութեան տակ): Աւարտել է տարրական դպրոց: Պահլաւունիների տունն՝ երկիր գնացող ու վերադառնող յեղափոխական գործիչների, խմբապետների եւ հայդուկների համար եղել է ազգային հարազատ օջախ:
Երիտասարդ Եղիշէն, ազդւելով հայրենասիրական գաղափարներից, որոշում է՝ նւիրւել Հայրենիքի ազատագրական պայքարին: Այս նպատակն իրականացնելու համար, նա մտնում է զինւորական դպրոց, որպէս իւնկեր (ռազմական դպրոցի սան):
Աւարտում է դպրոցի դասընթացը. ռուսական զինւորական իշխանութեան կարգադրութեամբ, նա ուղարկւում է Լեհաստան՝ ծառայելու բանակում, ուր եւ կատարում է զինւորական պարտականութիւնը: Լեհաստանից վերադառնում է հայրենիք: Մենք Եղիշէին հանդիպում ենք Բալախանիի Հ. Յ. Դաշնակցութեան աշխատաւորութեան շարքերում. 1904-6 թ., նա,- ստանձնում է «Բալախանակի Կրուժոկ»ում (տեղական, աշխատաւորական թատերասրահ) տեղի ունենալիք թատերական ներկայացուցիչների, պարահանդէսների եւ հասարակական ժողովների վարչական կարգադրիչի պարտականութիւնը:
Նա, ունէր անոյշ ձայն, երգում էր հայկական եւ ռուսական երգեր՝ խանդավառ տրամադրութիւն ստեղծելով ունկնդիրների մէջ:
Առաջին աշխարհամարտին, 1914 թ. Թիֆլիսում կազմակերպւած Ազգային Խորհուրդը մի կոչ է հրատարակում, որով դիմում է հայ ժողովրդին՝ զինւորագրւել կամաւորական շարժման համար կազմակերպւելիք խմբերին, որոնք կողք-կողքի պիտի կռւեն ռուսական բանակի հետ ընդդէմ դարաւոր թշնամի Տաճկաստանի, յանուն հայրենիքի ազատագրութեան:
Եղիշէն, արձագանգում է այդ կոչին ու զինւորագրւում է Անդրանիկի զօրախմբին: Այս մարզում մասնակցում է տարւող կռիւնեիրն. Անդրանիկի օգնական Սմբատը վիրաւորւում է կռիւներում, Եղիշէն Անդրանիկի կարգադրութեամբ նշանակւում է՝ փոխարինելու Սմբատին: Դժբախտաբար, ներքին տարաձայնութեան հետեւանքով, Եղիշէն հեռանում է Անդրանիկի զօրախմբից ու անցնում է Իշխանի զօրախումբը եւ մասնակցում է Իշխանի եւ Քեռու հրամանատարութեամբ վարելիք կռիւներին՝ վաշտապետի պաշտօնով, Արեւմտեան Հայաստանում 1914-1916 թ.:
Եղիշէն վաշտապետի պաշտօնով մասնակցում է նաեւ զօրավար Թ. Նազարբէկեանի հրամանատարութեամբ Դիլմանի (Շահփուր) ճակատագրական կռիւներին Խալիլ փաշայի զօրաբանկի դէմ, որին ջախջախելով պարտութեան են մատնում՝ խոշոր կորուստներ պատճառելով տաճիկներին. Եղիշէն արժանանում է պարգեւատրման: Կամաւորական բանակը, երախտաշատ գործունէութեամբ, ռուսական բանակին խոշոր օժանդակութիւն է բերում, չնայած այս կարեւոր հանգամանքին, ապիկար ցարական կառավարութիւնն, իր հակահայկական քաղաքականութեան հետապնդման հետեւանքով, լուծարքի է ենթարկում կամաւորական խմբերը: Եւ, սա այն ժամանակ, երբ Արեւմտեան Հայաստանի ժողովուրդը, ռուս դաւադիր զինւորական քաղաքականութեան հետեւանքով, ենթարկւում էր բնաջնջման, տաճիկների բարբարոս տեղահանութեան հետեւանքով 1915 թ. դէպի արաբական աւազուտ անապատները:
Կանգնած ձախէն՝ Բէնօ (Իգդիրցի), Նադօ (Մշեցի), Մուրադ (Խարաբշատցի, Մուշ), անյայտ Նստած՝ Եղիշէ Պահլաւունի, Զօրավար Սմբատ Բորոյեան (Նկարը ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին) |
Եղիշէն, 1918 թ. վերադառնում է Բագու, ուր Մարտ 17-ին շղթայազերծւում է Ադրբէջանի Մուսավաթ ազգային կուսակցութեեան ղեկավարութեամբ ապստամբութիւն՝ նորաստեղծ յեղափոխական իշխանութեան դէմ, որին գլխաւորում էր Բանւորական Խորհուրդն իր գործադիր կոմիտէով:
Պահանջելով Բագուն յանձնել Ադրբէջանի իշխանութեան: Ռոստոմի կարգադրութեամբ, Եղիշէն նշանակւում է Բագւի թաթարական հարաւային թաղամասի հարւածային վաշտի պետ՝ պաշտպանելու ՊԱրապետից մինչեւ ծովափնեայ սահմանագիծը: Ռազմական խիզախ գործողութեամբ, այս ընդարձակ թաթարաբնակ թաղամասը՝ մաքրւում է թաթար ղոչիների* (*Վարձկան մարդասպաններ) հրոսակային խմբերից եւ ենթարկւում է յեղափոխական իշխանութեան տիրական տնօրինութեան:
Այս թաղամասի Նիկոլաեւսկաեա փողոցի վրայ գտնւող «Կասպիյ» ռուսատառ թերթն, որի խմբագիրն էր Ալիմարդան բէգ Թոփչիբաշեւը, տպարանը եւ խմբագրատունը Եղիշէի անմիջական մասնակցութեամբ մոխրակոյտի են վերածւում:
Այս թերթը համաթիւրքական պրոպագանդի օջախ էր եւ հայադաւ քաղաքկանութեան օրգան...
Մարտեան ապստամբութեան դէպքերը, լուծարքի են ենթարկւում, յեղափոխական իշխանութեան յաղթանակով:
Բագւի Բանւորական Խորհուրդը ղեկավարւում էր Մոսկւայից՝ Լենինի հրահանգներով, Կովկասեան գործերի արտակարգ կոմիսար Ս. Շահումեանի առաջնորդութեամբ, որը բանւորական խորհրդից անկախ, կազմակերպել էր բոլշեւիկեան սովնարկով* (*Ժողովրդ. կոմիսարների խորհուրդ) իր նախագահութեամբ: Այս սովնարկոմի քաղաքական նպատակն էր՝ իրականացնել «Պրոլետարական դիկտատուրան», բայց չէր յաջողում, որովհետեւ իրական ուժ չունէր: Եղած ռազմական ուժերը գտնւում էին Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար մարմնի տրամադրութեան տակ:
Բոլշեւիկների քայքայիչ ամբոխավարութիւնը հասել էր իր զարգացման գագաթնակէտին՝ քայքայւել էին հասարակական կազմակերպութիւնները, եւ ստեղծւել անիշխանութիւն: Բոլշեւիկների համաժողովրդական քայքայիչ արարքների հետեւանքով, ծնունդ էր առել համաժողովրդական ցնցիչ դժգոհանք, որը բանւորական խորհրդում քննութեան է առնւում եւ որոշւում է՝ նաւթաշխարհում համաժողովրդական հանրաքւէ կատարել ի խնդիր բոլշեւիկեան իշխանութեան վստահելիութեան: Հանրաքւէի հետեւանքով տապալւում է բոլշեւիկեան իշխանութիւնը: Այս հանրաքւէի արդիւնքը, քննւում է բանւորական խորհրդի փոթորկայոյզ նիստում եւ քւէարկութեամբ, բոլշեւիկների աղմուկ-աղաղակների տակ, ձայների մեծամասնութեամբ վաւերացւում է: Բոլշեւիկեան իշխանութիւնը տապալւում է. այս առթիւ Ս. Շահումեանը գերագրգիռ տրամադրութեամբ շանթ ու կրակ է սփռում հակաբոլշեւիկ պատգամաւորների՝ էսէրների, էսդէկների եւ դաշնակցականների հասցէին, իր խօսքերը համեմելով փողոցային հայհոյանքներով...
Մթնոլորտը յղի էր ծանր անակնկալներով. բոլշեւիկեան սովնարկոմի հրահանգով, բանւորական խորհրդի շէնքը շրջապատւում է բոլշեւիկեան ուժերով եւ զրահապատ օթոներով, նպատակ ունենալով՝ գնդակահարել խորհրդի հակաբոլշեւիկ պատգամաւորներին:
Այս, բախտորոշ ժամին, Եղիշէն, իր խիզախ եւ յանդուգն վարւելակերպով՝ խորտակելով պարետի եւ պահակների յարուցած մուտքի արգելքները, թափանցում է խորհրդի ժողովասրահն ու յայտարարում է. «Ընկեր պատգամաւորներ, հանգիստ կատարեցէք ձեր գործը, ո՛չ մի բոլշեւիկեան ուժ, չի յանդգնի կրակ բացել ձեզ վրայ, մենք մեր ուժերով արդէն շրջապատել ենք նրանց: Եթէ փորձելու լինեն կրակի դիմելու՝ կոչընչանան մեր ուժերի հարւածների տակ»:
Խորհրդի հակաբոլշեւիկ պատգամաւորները, իրենց աշխատանքն աւարտելով անփորձ ցրւում են:
Այդ ժամանակ տաճիկները շարունակում էին զօրագնդեր կենտրոնացնել՝ Բագուն եւ իր հարուստ նաւթահանքերը գրաւելու համար, եւ ազատագրելու իրենց հովանաւորած Ադրբէջանը Ռուսաստանի տիրակալութիւնից: Բագւի յեղափոխական իշխանութիւնն ահազանգ հնչեցնելով, զօրահաւաքի է ենթարկում բովանդակ նաւթաշխարհի աշխատաւորութեանը: Կազմակերպելով գումարտակներ, որոնց ճամբում է ռազմաճակատ՝ տաճկական յառաջացող զօրաբանակի դէմ: Ռազմաճակատը սկսւում էր երկաթուղու Քիւրդամիր կայարանից՝ ուր կուտակւել էին մեծաքանակ տաճկական ուժեր:
Շամախու եւ Գէոգչայի շրջանի հայութիւնը ծանր օրհասական վիճակի էր մատնւել տաճիկներին օժանդակող տեղական թաթարների կողմից: Եղիշէն նշանակւում է 20-րդ գումարտակի հրամանատար եւ ապրիլ ամսին, 1918 թ., նա, իր գումարտակով ճանապարհւում է Շամախու եւ Գէոգչայի շրջանը՝ պաշտպանելու այնտեղի հայութեանը, մանաւանդ, որ այդ շրջանը մօտ էր պատերազմական թատերաբեմին: Տեղական թաթարները յարաբերութեան մէջ էին տաճկական զօրահրամանատարութեան հետ:
Եղիշէի հեծելազօրի պետն էր Կռնետ Ս. Լալացեանը, որն ահաւոր մաքրագործում է կատարում Շամախի քաղաքում, մի դիպւածի հետեւանքով, անգլիացիները նրան բռնում եւ յանձնում են Ադրբէջանի իշխանութեան, որն էլ քշում է Գանձակի բանտը եւ գնդակահարում:
Եղիշէի գումարտակը հայութեան թշնամի տարրերին ամլութեան է դատապարտում, ժողովրդի ինքնապաշտպանութեան համար արժանանում է Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար մարմնի եւ Բագւի ազգային խորհրդի գնահատանքին:
Յառաջացող տաճկական ռազմաճակատի աջ թեւի հետ 20-րդ գումարտակը կռւի է բռնւում Գէոգչայի շրջանում: Մերթ՝ պաշտպանում է ապահովելու՝ Աւանաշէն, Զայիշէն, Ղալագիա, Կերք, Քալբանդ, Քեշխուրդ եւ Փոքր Գանձակ գիւղերի բնակչութեան տեղահանման գործը. մերթ՝ պաշտպանում է, ապահովելու հարիւրաւոր որբերի տեղաշարժը: Կարեւոր դիրքային կռիւներ են մղւում, յետ կասեցնելու համար թշնամու կրկնւող յախուռն յարձակումները:
Օրհասական այս ծանր դրութիւնը 20-րդ գումարտակի համար սկսւում է Կարամարդեանից ու շարունակւում է հարիւրաւոր մղոններ: Տաճկական զօրքերը կրնկակոխ հետեւում են, թէ գաղթող ժողովրդին եւ թէ նրա պաշտպան զօրամասին: Թշնամու ջանքերն ապարդիւն են անցնում շնորհիւ անվեհեր զօրամասի կորովի ռազմունակութեան: Գումարտակի կազմն ուժեղացնելու պահանջ է զգացւում. տեղական կազմակերպւած ուժերը՝ մէկ գումարտակ ցարական բանակի սպայ Յով. Ջանումեանի գլխաւորութեամբ, միւսը՝ Տէր-Զաքար քահանայի – միացւում են 20-րդ գումարտակին:
Այսպիսով, զօրամասի թիւը հասնում է շուրջ երկու հազար հոգու. որոոշւում է տեղահանւած ժողովրդին գաղթեցնել Բագու:
Բոլշեւիկների ամբոխավարական պայքարի հետեւանքով՝ քայքայւել էր կենսամթերքի եւ ռազմամթերքի մատակարարումը ռազմաճակատին: Կարամարդեանից հարիւրաւոր քիլոմեթր տարածւող ամայի ու անջրդի անապատային ճանապարհը կտրելով՝ թշնամու հարւածների տակ պաշտպանելով գաղթող ժողովրդին եւ որբերին 8-10 օրւայ ընթացքին, դժոխային պայմաններում հասցնոմ են Բագու:
Բագւում, Եղիշէն իր զօրամասը հանգստանում ու համալրման է ենթարկում: Սպայակոյտից ստացւած հրամանի հիման վրայ, Եղիշէն իր գումարտակով շարժւում է դէպի Բագւի հիւսիսային շրջանը եւ բռնում է՝ Զաբրատ-Մաշտաղա-Շուվալան թաթար գիւղերի ծովամերձ ռազմագիծը՝ ուր կուտակւել էին տեղական թաթարների զինւած ուժերը: Տաճիկներին օժանդակող այս ուժերը, ձգտում էին՝ ապահովելու ճանապարհը, Մուրսել փաշայի ռազմաճակատի ձախ թեւի յառաջացման համար:
20-րդ գումարտակն, արի ու անձնւէր վճռականութեամբ, հոյակապ եւ ահաւոր հակագրոհով՝ թշնամու ջանքերն ամլութեան ենթարկելով, ամրացնում է իր դիրքերը: Մաշտաղի ռազմաճակատի տեղամասում, Սեպտեմբեր 7-ին, 1918 թ. տաճիկները խոշոր ուժերով, միացած տեղական կռւող թաթարների հետ, գրոհում են 20-րդ գումարտակի դէմ՝ նպատակ ունենալով՝ ճեղքել ռազմաճակատը, որպէսզի թափանցեն ընդարձակ տարածութեան վրայ գտնւող նաւթահանքերը՝ ուր աշխատում էր հայ աշխատաւորութիւնը:
Գերհերոսական հակագրոհով տաճկական ուժերը յետ են շպրտւում, որով փրկւում են ստոյգ կոտորածից հայ աշխատաւոր զանգւածները:
20-րդ գումարտակն իր խելացի ղեկավարութեան հետեւանքով կռւով աստիճանաբար նահանջում է դէպի Բագւի արւարձան Քիշլի աւանը՝ հնարաւորութիւն տալով նաւթահանքերի հայ հոծ աշխատաւորութեան նահանջելու Բագու:
Բագւի անկումը տեղի է ունենում եւ տաճիկները ստեպեմբ. 15-ին, 1918 թ. մտնում են Բագու: Ժողովրդի մի մասը, շուրջ 30,000 հոգի՝ նաւեր նստելով, անցնում են Պարսկաստան-Էնզէլի (Փահլաւի): Երեք ամիս յետոյ, եւրոպական դաշնակիցների կողմից, տաճիկները պարտւելով, հեռանում են, թէ՛ Բագուից եւ թէ Անդրկովկասից՝ ստեղծելով Բագւում Ադրբէջանի մուսավաթական կառավարութիւնը:
Պարսկաստան նահանջած ժողովուրդը վերադառնում է Բագու: Մայիս ամսին 1919 թ. դաշնակցական գործօն ընկերները, կուսակցութեան որոշմամբ, Բագւից տեղափոխւում են ազատագրւած Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան՝ լծւելու գործի: Եղիշէն ներքին գործոց նախարար Ա. Գիւլխանդանեանի կարգադրութեամբ (Բագւի հերոսամարտի ոգին) բարձր լիազօրութեամբ, նշանակւում է Ալեքսանդրապոլի երկաթուղու միլիցայի պետ: Նա, այս մարզում արդիւնաշատ պետական եւ հասարակական գործեր է կատարում՝ վերջ տալով տիրող անիշխանական եւ քաոսային կացութեանը:
Բոլշեւիկների եւ քեմալական Տաճկաստանի միջեւ կնքւած բարեկամական պայմանագրի հետեւանքով, Տաճկաստանը դիմում է պատերազմի ազատագրւած Հայաստանի դէմ, որով քաղաքական դիւրութիւններ են ստեղծում խորհրդային կառավարութեան համար՝ թելադրելու իր գաղութարար պայմանները Հայաստանի կառավարութեանը: Եղիշը գործուղւում է Կարս օգնելու ռազմաճակատին ընդդէմ տաճիկների:
Տաճիկներն օգտւելով բոլշեւիկների տարած բարոյալքիչ պրոպագանդից՝ հայ զօրքերի շարքերում, գրաւում են Կարսը: Եղիշէն գերւում է տաճիկների կողմից եւ ձմռան սառնամանիքին, շատերի հետ միասին,- քշւում է Էրզրում (Կարին) ուր՝ շուրջ երկու տարի ապրում է անմարդկային գոյութեան պայմաններում:
Նա, 1922 փ. ազատագրւում է գերութիւնից ու վերադառնում է Խորհրդային Հայաստան-Երեւան: Չեկան հետապնդում է Եղիշէին բանտարկելու համար. նա, ծածկւում է Երեւանի այգիներում ու սարսափի մատնում իրեն հետապնդող չեկիստներին:
Ի վերջո, Եղիշէն բանտարկւում ու աքսորւում է Անդրկովկասեան երկիր, որտեղից նա, իր ճարպիկ հնարամտութեամբ, գաղտնի ճանապարհով, վերադառնում է Բագու ու ոդիսական տառապանքների պատմութեան ճանապարհով անցնում է Թաւրիզ (Իրան) եւ միանում՝ իր գաղափարակից տարագիր ընկերներին:
ԼԱ Տարի, Թիւ 59 (6861)