Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Փետրւար 4-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, յառաջացած տարիքում, ընկ. Եգորը կնքեց իր մահկանացուն: Նա՛ գանձակեցի է Բանանց գիւղից, ծնած էր 1867 Յունուար 13-ին: Գնդապետի աստիճան ունէր: Նրա եղբայրն է Ռուսաստանի պետական Դումայի՝ հայ ժողովրդից ընտրւած Ն. Տէր Աւետիքեանը: Նախքան զինւորական ծառայութեան անցնելը, ընկ. Եգորը ուսանում էր Ժընեւի (Զւիցերիա) համալսարանում, որն աւարտելուց յետոյ, անցնում է Բելգիա ու մտնում համալսարան եւ աւարտում իրաւաբանական ֆակուլտէն:
1903 թ. պայթում է ռուս-ճապոնական պատերազմը. նրան, մի զօրամասով ուղարկում են պատերազմի դաշտ – Մանչուրիա, ուր կռիւներում վիրաւորւում է ու գերւում ճապոնացիների կողմից եւ ուղարկւում է Ճապոնիա: Ընկերը քաջ գիտակ լինելով ֆրանսերէն լեզւին, շրջապատւում է (ստացւած վէրքն ապաքինւելուց յեոտյ մի խումբ համակիր ճապոնացի ուսանողների կողմից, որոնք բաղձանք են ունենում աշակերտելու ընկեր Եգորին:
Այսպիսով, ընկեր Եգորը դառնում է ճապոնացիների համար որպէս համակրելի դասատու եւ վայելում է նրանց պաշտպանութիւնը:
Հանգուցեալը բարձր համակրանք ունէր ճապոնացիների մարդկային վարքուբարքի մասին: Կռիւները վերջանում են Ճապոնիայի յաղթանակով: Տիրում է խաղաղութիւն:
Ընկ. Եգորն իրաւունք է ստանում վերադառնալու Ռուսաստան:
Զինւորական գլխաւոր սպայակոյտն առաջարկում է ընկ. Եգորին՝ քննութիւն տալու գլխաւոր զինւորական ճեմարանում՝ բարձրագոյն զինւորական գիտութեան աստիճան ստանալու համար: Ընկեր Եգորը լրիւ կատարում է սպայակոյտի որոշումը՝ արժանանալով գնդապետի աստիճանի:
Սպասւում էր, որ ընկ. Եգորը կը հրաւիրւի բարձր պաշտօնի՝ գլխաւոր սպայակոյտում:
Ցարական կառավարութեան հայահալած անարգ քաղաքականութիւնը արգելք է հանդիսանում դրան: Ընկեր Եգորը շարունակում է ծառայել գնդապետի պաշտօնով:
1914 թ. ռուս-տաճկական պատերազմին, ընկ. Եգորը փոխադրւում է կովկասեան ռազմաճակատ: Նա, բարձր տրամադրութեամբ է ընկալում հայ կամաւորական շարժման օրինականացումը: Նա հայրենասէր էր, որի ազատագրումը գերիվեր էր համարում մարդկային գոյութեան գործօններից: Ռոստոմի եւ Ահարոնեանի յանձնարարութեամ կը մեկնի Ալեքսանդրապոլ, մարզելու համար նոր արձանագրուած հայ կամաւորները:
Կը նշանակուի Համազասպի օգնական եւ կ'ուղարկուի Վան: ...
Ոտքի ձախէն՝ Սիմոն Վրացեան, Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ), Սարգիս Մեհրապեան (Խանասորայ Վարդան), Արտաշէս Յովսէփեան (Մալխաս), Կոստեայ Համբարձումեան (Կոստի, Ուխտաւոր), Արտուշ Աւետեան, Գնդապետ Եգոր Տէր Աւետիքեան Նստած ձախէն՝ Գերասիմ Բալայեան, Ստեփան Տէր Մկրտիչեան, Արշակ Գաւաֆեան (Քեռի), Յովսէփ Արղութեան (Իշխան), Միքայէլ Վարանդեան Պառկած ձախէն՝ Համազասպ Սրուանձտեան, Արամ Մանուկեան, Միշա Արզումանեան (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին) |
Ինչպէս յայտնի է, կովկասեան ռազմաճակատի իրադարձութիւնից, ռուս ռազմավարների գործելակերպից, անհարկի նահանջելով՝ դաւեր էր նիւթւում հայ ժողովրդի դէմ: Յաղթական զօրքերը նահանջի էին դատապարտւում... Դիւրութիւն ստեղծելով տաճիկներին՝ ուժեղանալու եւ ռազմական նախաձեռնութիւն ստանձնելու համար: Այս կործանարար գործելակերպը, ահաւոր կորուստներ պատճառեց Արեւմտեան Հայաստանի հայութեանը:
Ընկեր Եգորը, զօրավար Նազարբէկեանի պէս զզւած էր ռուսական դաւադիր քաղաքականութիւնից՝ ընդդէմ հայ ժողովրդի գոյութեան:
Այդ օրերին, ընկ. Եգորը, ռուսական մի զօրամասով գտնւում էր Վանից հարիւրաւոր կիլօմեթր հեռաւորութեան վրայ: Նա լուր ստացաւ, որ Վանի հերոսական ժողովուրդը ապստամբել է տաճիկ կառավարութեան դէմ եւ ռուսական բանակի նահանջի հետևանքով դատապարտւել է տագնապի ու վարում է օրհասական գոյամարտ:
Տաճկական բանակը, ռուսների լքած զօրաճակատի դիւրութիւնից օգտւելով, ուժեղացել էր ու հակագրոհի էր անցել, գլխաւորապէս հայ ժողովրդի դէմ: Վանն իր փառաւոր ապստամբութիւնից յետոյ, ենթարկւել էր օրհասական տագնապի:
Ընկեր Եգորը կռահելով ստեղծւած վտանգաւոր կացութիւնը հայերի համար, հրամայում է զօրքին աճապարել շարժւելու դէպի Վան՝ օգնելու համար հայերին: Վանէն իր խումբով կ'անցնի Խարզեթի շրջանը: Ճամբան կը բռնուի կռուի եւ կը յաջողի փախուստի մատնել թշնամին: Չորս օր տեւող այս կռիւին լուրը իմանալով, ռուս զօրավարը կը հրահանգէ նահանջ: Գնդ. Եգոր կը վերադառնայա Վան, անկէ կ'անցնի Դիլման, զօր. Չերնոգուրովի մօտ, ապա Երեւան:
Այս զօրաշարժը դէմ էր գլխաւոր հրամանտարի հրահանգին: Ընկ. Եգորը հակառակ հրահանգին, շարժում է զօրքը դէպի Վան ու օգնութեան հասնում ապստամբ ժողովրդին...
Հայերը յաղթական ապստամբութեամբ, պարտութեան են մատնում տաճկական զօրքերին: Սակայն ռուսական արագ քաղաքականութեան հետեւանքով հարկադրւում է դիմելու նահանջի՝ դէպի եղբայրական Արեւելեան Հայաստան:
Գնդ. Եկոր կը պատմէ. «1915-ի Դեկտեմբերի վերջերում, Ռոստոմէն հրահանգ ստացայ ու մեկնեցաւ Բազնոց-Ալաշկերտ, ընդունուելու համար Դրոյի գունդին մէջ, իբրեւ առաջին հրացանաձիգ 6րդ գունդի սպայ, որուն հրամանատարն էր՝ զօր. Սիլիկեան»:
1916 Յունուար 4ին, գնդ. Եգոր կը հասնի Դութազ, ուր կը գտնուէր նաեւ զօր. Դրօն: Դրօն կ'անցնի Կովկաս, իսկ գնդ. Եգոր, Դրոյի մէկ գումարտակով կ'անցնի Մանազկերտ, Խնուս, ապա Մուշ: Կը յաջողի զօր. Սիլիկեանէն հրաման ստանալ, իր զինուորներով Մուշի եւ Սասունի մէջ մնացած հայ բեկորները ազատելու համար:
1919 թ., մենք հանդիպում են ընկեր Եգորին Երեւանում. Այնուհետեւ, զօր. Նազարբէկեանի եւ Ռուբէն Տէր Մինասեանի յանձնարարութեամբ, գնդ. Եգոր կ'անցնի Գանձակ եւ կը ստանձնէ շրջանի ընդհանուր պատասխանատուութիւնը: Կը յաջողի համախմբել 10 հազար հայ երիտասարդ, կը զինէ զանոնք, մեծ մասը իրենց անձնական զէնքերով:
Երբ Նուրի փաշան Գանձակ կու գայ, առաջին գործը կ'ըլլայ յայտարարել, թէ հաերու մօտ գտնուած զէնքերը 13 օրուան մէջ պէտք է յանձնուին Ատրպէյճանի կառավարութեան: Գնդ. Եգոր, իր զինակիցներով, գիշեր-ցերեկ կը շրջի Գանձակի շրջանը, համոզելու համար որ զէնք չյանձնեն:
Մինչեւ 1920ի վերջերը, գնդ. Եգոր կը պաշտպանէ Գանձակի հայերը ատրպէյճանցի եւ թուրք ժողովուրդներու սպառնալիքներէն:
1921 թ. Ապրիլ ամսին, երբ բոլշեւիկները գրաւում են Բագուն, տարածւում ու մտնում են Գանձակ՝ տարածելով թունաւոր քարոզչութիւն՝ ժողովրդի ղեկավարների դէմ, որոնց շարքին եւ ընկ. Եգորի: Փախուստի տաժանելի ճանապարհով ընկ. Եգորը փրկւում է: Մենք նրան տեսնում ենք Երեւանում: Մի պահ կազդուրւելուց եւ հանգստանալուց յետոյ, Հայաստանի Հանրապետական կառավարութեան որոշմամբ, ընկեր Եգորը, մի փոքրաթիւ զօրամասով անցնում է (Վայոց Ձոր) Դարալագեազ, միանալով տեղական ուժերին՝ մաքրում են Դարալագեազը եւ Սիսեանը բոլշեւիկ տարրերից եւ ղեկավարներից ու քշում են մինչեւ Տեղ գիւղի հիւսիսային սահմանմանը Չալ-Բռուն:
1921 թ. Փետրւար 18-ի ապստամբութիւնից յետոյ, բոլշեւիկներն ուժեղանալով, վերագրաւում են Երեւանը: ...հայ սպաները կը հաւաքուին Քէշիշքէնդ: Մէկ մասը գործիչներու հետ կ'անցնին Զանգեզուր, ուր կ'իշխէր զօր. Գ. Նժդեհ:
...Զօր. Գ. Նժդեհ կը յարձակի Քէշիշքենդի վրայ եւ առանց կռիւի կը գրաւէ: Գերի կը բռնէ ռուսական գումարտակը եւ զինաթափ կ'ընէ:
Գնդ. Եգոր, Նժդեհի կարգադրութեամբ կ'անցնի Ղարաբաղ, ապա Գորիս: Այնուհետեւ, հայ տարագիրներու հետ կ'անցնի Թաւրիզ:
Յարգանք բազմաչարչար, գաղափարական ընկերոջ անմոռաց յիշատակին: