Հեռաւոր երկնքի տակ, հեռո՜ւ այն երկրից ու ժողովրդից, որոնց վերածնման համար նա չէր խնայել իր հոգու ու մտքի ամբողջ կարողութիւնը, կնքեց իր մահկանացուն հին սերնդի ամենալաւ ու համակրելի ներկայացուցիչներից մէկը – Յովնան Դաւթեանը:
Ով ճանաչում էր նրան, ով առիթ է ունեցել աշխատելու նրա հետ հասարակական ասպարէզում, ով, վերջապէս, շփւել է նրա հետ առօրեայ կեանքի շրջանում, չի կարող չզգալ խորին վիշտ ու ցաւ, միանգամայն անկախ այն հանգամանքից՝ համակիր թէ հակառակորդ է նրա դաւանած գաղափարին:
Որովհետեւ Յովնան Դաւթեանը հասարակական գործիչ էր բառիս լայն իմաստով, նա ապրում էր այդ կեանքով, մպռնալով իրենը, անձնականը: Աւերլացրէք այդ բոլորին եւ այն, որ նրա անկեղծութիւնն ու մաքրութիւնը վեր էին որ եւ է կասկածից:
Երկար տարիներ առանց ցուցադրութիւնների ու անաղմուկ նա քարոզել է իր դաւանած գաղափարները անկեղծ շեշտով եւ խօսքը նրա համար չի եղել մի անպատասխանատու, դատարկ հնչիւն. ընդհակառակն, նա ձգտել է իր գաղափարները իրականացնել կեանքի մէջ, հասարակական եւ թէ մասնաւոր կեանքի շրջանակում:
Եւ իրաւամբ նա վայելել է մեծ համակրանք թէ՛ ընկերների շրջանում եւ թէ այն վայրերում, որտեղ նա աշխատել է:
Վերջին անգամ ես նրան տեսայ Թիֆլիսում, երբ նորից վերադառնում էր Ժընեւ իր կնոջ, Տիկ. Հորտանսի հետ, որը նրա կեանքի ուղեկիցը եւ անբաժան ընկերն է եղել:
–Բժիշկները պահանջում են, որ մի առժամանակ երկուսս էլ թողնեն ամէն պաշտօն. մեզ անհրաժեշտ է կանոնաւոր բժշկութիւն եւ հանգիստ, այլապէս հիւանդութիւնն էլ սպառնական կերպարանք կարող է ստանալ: Ես շատ եմ վախենում, որ Հորտանսի դրութիւնը ծանրանայ – աւելացնում էր նա, – մոռանալով, որ իր հիւանդութիւնը (թոքերի) նոյնքան սուր կերպարան է առել, ինչպէս եւ Հորտանսինը:
Մի եզակի մտերմութիւն եւ գաղափարական զգացմունք կարծեց միացրել էր այդ զոյգին եւ կազմել մի ամբողջութիւն՝ հակումների, բնաւորութեան եւ ձգտումների: Այդ է պատճառը, որ չի կարելի խօսել Յովնանի մասին եւ չյիշել Տիկ. Հորտանսին. նրանք անբաժան էին: Որքան Հորտանսը սիրում էր Յովնանին, նոյնքան տածում էր անկեղծ սէր դէպի այն ժողովուրդը, որի արժանաւոր զաւակներից մէկն էր Յովնանը: Երկուսն էլ մտաւոր լայն պատրաստութեամբ, սակայն երկուսն էլ վերջին ծայր համեստ ու բարի:
Ինչպէս Յովնանի համար Զւիցերիան դարձել էր երկրորդ սիրելի հայրենիքը, այնպէս հայ բարբառը Տիկ. Հորտանսի համար դարձել էր երկրորդ սիրելի մայրենի լեզու: Կարճ ժամանակամիջոցում նա կատարելապէս իւրացրել էր հայերէն լեզուն եւ այդ համակրելի զւիցերուհու շրթունքներից երկրորդ մայրենի լեզուն հնչում էր այնքա՜ն քաղցր ու յստակ, այնքան դուրեկան, որ խօսակիցը երբեք չէր ուզում ընդհատել նրան: Աշխատակցում էր հայ թերթերին, թարգմանութիւններ էր անում եւ զբաղւում գրական աշխատանքով: Տիկ. Հորտանսը պաշտօնավարել է մեր միջանակարգ դպրոցներում, Թիֆլիսի Կենտրոնական Վարժարանը, ուր մեծ համակրանք էր ձեռք բերել հասարակութեւն եւ մանաւանդ աշակերտութեան կողմից:
Յոգնած երկարատեւ պաշտօնավարութիւնից եւ հասարակական գործունէութիւնից, նրանք գնում էին Զւիցերիայի ջինջ երկնքի տակ կազդուրւելու, աժողջանալու, որպէսզի նոր եռանդով ու թափով նորից նետւեն հասարակական գործունէութեան ասպարէզ: Սակայն, անողոք բախտը ուրիշ կերպ էր տնօրինել: Հորտանսի մահից յետոյ մի տարի միայն կարողացաւ ապրել Յովնանը եւ յաւիտենական հանգիստը գտաւ իր երկրորդ հայրենիքում, Հորտանսի հայրենիքում եւ նրա շիրմին կից:
*
Տանք Յովնանի համառօտ կենսագրականը:
Յովնանը ծնւել է 1865 թ. Շուշում: Տեղական թեմական դպրոցն աւարտելուց յետոյ նա մտնում է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը եւ 1886 թ. աւարտելով՝ հրաւիրւում է Աստրախան ուսուցչի պաշտօնով: Այստեղ մի տարի մնալուց յետոյ, մեկնում է Ժընեւ եւ հետեւում է համալսարանի հասարակական գիտութիւնների հիւղին: 1891 թ. վերադառնում է ԿՈվկաս եւ գնում Թաւրիզ՝ ստանձնելով Լիլաւայի երկսեռ դպրոցի տեսչի պաշտօնը:
Երկու տարւայ պաշտօնավարութիւնից յետոյ, Յովնանը նորից վերադառնում է Ժընեւ իր ուսումը շարունակելու համար: Բացւում է Յովնանի համար գործունէութեան նոր ասպարէզ: Նա աշխատում է Եւրոպայի ուսանողական շրջաններում: Մի քանի տարի վարում է Հ. Յ. Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի խմբագրի պատասխանատու պաշտօնը: 1898 թ. նորից հրաւիրւում է Թաւրիզ նորաբաց Թամարեան դպրոցի ուսւոցչի պաշտօնով, իսկ Հորտանսը որպէս վարժուհի նոյն դպրոցում: 1900 թ. նորից գնում են Ժընեւ, ուր մի տարի մնալուց յետոյ վերադառնում են Թիֆլիս, որտեղ Յովնանը զբաղւում է կուսակցական աշխատանքներով, իսկ Հորտանսը վարժուհու պաշտօն ունէր Յովնանեան դպրոցում:
1905
– 6 թ. ազատութեան օրերին Յովնանը նորից անցնում է գրական աշխատանքի, որպէս խմբագրութեան
անդամ «Յառաջ» եւ սրան յաջորդող թերթերի: Հայ – թաթարական ընդհարումների սեւ օրերին
Յովնանը մեկնում է իր ծննդավայրը՝ Շուշի եւ մեծապէս նպաստում երկու հարեւան ժողովուրդների
լարւած յարաբերութիւնների մեղմացման: Նա հանդէս է գալիս միտինգներում, ժողովներում
եւ իրեն յատուկ անկեղծութեամբ հրաւիրում երկու կողմերին ապրել համերաշխութեամբ:
1908 թ. Յովնանը նորից հրաւիրւում է Թաւրիզ նորաբաց Կենտրոնական Վարժարանի տեսչի պաշտօնով եւ 1913 թ. Հորտանսի հետ մեկնում Ժընեւ, վերջին անգամ:
*
1892 թւականը մի նոր շրջան է կազմում Դաշնակցութեան պատմութեան մէջ: Երկու տարի էր ինչ կուսակցութիւնը պաշտօնապէս գոյութիւն ունէր, սակայն կուսակցութեան ծրագիրը եւ գործունէութեան եղանակը կուսակցութեան Ընդհանուր Ժողովի հաւանութիւնը եւ վաւերացումը չէր ստացել: Եւ այդ տեղի ունեցաւ 1892 թ. ամառը Թիֆլիսում, ուր կայացաւ առաջին ռայոնական ժողովը:
Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը եւ տողերիս գրողը նոր էինք վերադարձել մեր աքսորավայր Քիշնեւից եւ կուսակցութեան յանձնարարութեամբ պատրաստել մեր ապագայ գործունէութեան նախագիծը:
Առաջին անգամ Կովկասի, Ռուսաստանի, Պարսկաստանի քաղաքներից եւ այլ հեռաւոր վայրերից պիտի գումարւէին գործող ընկերները եւ մարմինների ներկայացուցիչները եւ ապագայ կազմակերպութեան հիմունքները մշակէին: Այդ պատմական ժողովի մասին երկար գրելը այժմ դուրս է իմ նպատակից, սակայն պիտի վերիյիշեմ այն չափով, որ չափով կապւած է Յովնան Դաւթեանի հետ:
Ժողովը բազմամարդ էր եւ աղմկալի: Մենք ունէինք ներկայացուցիչներ ոչ միայն Կովկասի, Ռուսաստանի, Պարսկաստանի գլխաւոր կենտրոններից, այլ եւ Տաճկա-Հայաստանից: Յովնան Դաւթեանը եկել էր Ատրպատականի կողմից:
Երկու խոշոր հոսանքներ հանդէս եկան ժողովում իրենց ուրոյն աշխարհայեացքով եւ գործելակերպով: Մի հոսանքը պնդում էր – Մեր ապագայ գործունէութեանը պիտի տալ միմիայն քաղաքական պայքարի բնոյթ՝ անտես առնելով բոլոր տնտեսական-սոցիալական հարցերը: Միւս հոսանքը պնդում էր, որ քաղաքական պայքարի հետ զուգընթացաբար պիտի խիստ պրոպագանդ մղել տնտեսական – սոցիալական հարցերի շուրջը ոջ միայն հայ գիւղացիութեան, այլ եւ հարեւան ազգերի – տաճիկների, ասորիների, քիւրդերի – աշխատաւոր զանգւածների մէջ եւ այդ ուղղութեամբ համերաշխութեան հող պատրաստել:
–Ես չեմ թոյլ տայ, որ քիւրդ ռայեայի, քիւրդ աշխատաւոր գիւղացու քիթը արնի, շեշտակի ու կտրուկ ձայնով պահանջում էր Սիմոն Զաւարեանը: Այդ պատճառով Զաւարեանը իր հակառակորդների կողմից «քիւրդի պաշտպան» մականունը ստացաւ:
Յովնան Դաւթեանը Զաւարեանի համոզւած կողմնակիցներից էր եւ ամբողջ կենաքում հաւատարիմ մնաց այդ ուղղութեան:
Ժողովը փակւեց. ընկերների մի փոքր խմբակ դժգոհ ընդունւած բանաձեւերից՝ հեռացաւ Դաշնակցութիւնից, եւ նրանցից մի քանիսը ապագայում հանդէս եկան որպէս կուսակցութեան կատաղի հակառակորդներ: Իսկ կուսակցութիւնը դրւեց ամուր, հաստատուն հիմմունքների վրա, եւ ընկերները ժողովից ցրւեցին իրենց վայրերը նոր գործունէութեան, նոր գաղափարների իրականացման տենչով: Ինձ վիճակւեց Յովնանի հետ վերադառնալ Ատրպատական:
Թաւրիզի Լիլաւայ թաղամասում, ուր աշխատում էր Յովնանն իր ընկերներով, սկսւել էր մի չտեսնւած, անսովոր նոր կեանք: Դասախօսութիւններ, կիրակնօրեայ ձրի դասընթացներ, երեկոյթներ, վերջապէս, մի շարք կուլտուրական ձեռնարկներ մի թարմ հոսանք էին մտցրել Թաւրիզի քարացած կեանքում:
Ո՞վ էր տեսել, որ Պարսկաստանի հարեմական կեանքի ենթակայ հայ կինը յաճախի թատրոն, ներկայ լինի դասախօսութիւններին եւ երեկոյթներին: Սակայն, Յովնանին յաջողւեց խորտակել այդ կապանքները եւ հայ կնոջ մասնակից անել կուլտուրական բարիքներին: Այդ ուղղութեամբ Յովնանը ուղղակի պայքար էր մղում տղամարդկանց հետ: Այդպիսի միջավայրում հանդէս գալ եւ կնոջ իրաւունքների պաշտպան հանդիսանալ, հեշտ բան չէր. մի ուրիշին գուցէ քարկոծէին, բայց չէ՞ որ քարոզիչը ամենքից սիրւած Յովնանն էր եւ ժողովուրդը լի վստահութեամբ կատարում էր նրա խորհուրդները:
Քանի գնում, աւելի ու աւելի խորանում էր ժողովրդի լայն խաւերի համակրանքը դէպի Յովնանը եւ նրա ընկերները, եւ այդ բանին մեծապէս նպաստում էր այն գաղափարական համերաշխութիւնը, որը գոյութիւն ունէր Յովնանի կազմած ուսուցչական խմբի մէջ:
Խումբը՝ բաղկացած 8-10 հոգուց՝ ապրում էր մի բնակարանում միասին: Կազմել էին մի փոքրիկ կոմունա եւ վերացրել սեփականութիւնը: Բոլորի ռոճիկները ստանում էր մէկը – ընդհանուր ծախսարարը: Նա էր հոգս տանում ընկերների ուտեստի, հագուստի, ծխախոտի եւ այլ պէտքերի մասին: Ոչ ոք մի շահի ծախսել չէր կարող, որովհետեւ դրամ բացարձակապէս չունէր:
Եւ այսպէս՝ ամբողջ երկու տարի: Պարզ բան է, որ ընդհանուր ծախսարարը պիտի ունենար տնտեսական գործերի հմտութիւն եւ, որքան գիտեմ, նա այդ յոյսերը միանգամայն արդարացրել էր:
Յովնանը ընկերական նեղ շրջանում իրականացնում էր իր դաւանած գաղափարները. այդ միանգամայն յատուկ էր նրա բնաւորութեան, սակայն ո՞վ կարող էր ենթադրել, որ ընդհանու րծախսարարի ընդունակութիւններով օժտուած անձը ոչ այլ ոք էր, եթէ ոչ մեր նւիրական խիզախ մարտիկներից մէկը – ՆԻկոլ Դումանը:
Հասարակութիւնը հետեւում էր խմբի նիստ ու կացին, սակայն ամենից աւելի աչքի էր ընկնում մի ուրիշ երեւոյթ: Ուսուցիչների բնակարանը մի խորհրդաւոր վայր էր կարծես. գալիս էին ինչ որ անծանօթ մարդիկ, հիւծւած, յոգնած դէմքերով, յաճախ ցնցոտիների մէջ, մնում էին մի քանի օր եւ նորից անհետանում: –Ովքե՞ր էին դրանք, հետաքրքրւում էին շատերը:
*
Կուլտուրական աշխատանքի հետ զուգընթացաբար կատարւում էր մի ուրիշ, աւելի ծանր ու դժւարին՝ գաղափարական աշխատանք: Մեր ազատագրութեան առաջին շրջանն էր՝ լի գաղափարական էջերով: Եւ եկողները նրանք էին, այդ գաղափարի սպասաւորները, որոնք գալիս էին հանգիստ գտնելու այդ խորհրդաւոր բնակարանում:
Յոգնա՜ծ, ուժասպառ՝ երկար թափառել է նա Վասպուրականի եւ Տարօնի լեռներում, իր պարէնն ու հրացանը ուսին՝ օրեր, շաբանթներ քայլել անվերջ: Պարտքի կատարման ճանապարհին յոգնել է նա եւ այժմ գալիս է հանգստանալու իր մտերիմ ընկերների շրջանում: Նա ճանապարհին եղել մի ուրիշ վայրում, որտեղ նրան ընդունել են նոյնքան սիրալիր: Դուշմանի ձորի բերանում գտնւող հինաւուրց Դերիկի վանքում նա առաջին հանգիստն է առել Թաւաքալեան վարդապետի մօտ: Այժմ գալիս է Թաւրիզ, հանգստանալու, թարմանալու եւ նոր հրահանգներ ստեանալու:
Ու երբ մտնում է իր ընկերների մօտ, մոռանում է իր կրած բոլոր տանջանքները, –չէ՞ որ այնտեղ, զուլումի աշխարհում, ամենադժւարին րոպէներին անգամ նա իրեն չէր զգում մենակ, որովհետեւ գիտէր, որ ընկերները իրենց ամբողջ հոգով նրա հետ էին: Նւիրական անուններ, որոնք այժմ չկան.– Պետօ, Սաքօ, Կարօ (Արիստակէս Զօրեան), Թորոս (Գալուստ Ալոյեան), Նիկոլ-Դուման, Չաթօ, Շէրօ եւ էլի շատերը, շատերը, որոնց կեանքը մեր ազատագրութեան պատմութեան մէջ մի-մի էջ է կազմելու: Ահա դրանք էին որ գալիս էին զուլումի աշխարհից եւ նորից վերադառնում լի յոյսերով, լի հաւատով...:
Երա՜զ օրեր...:
*
Եւ այդ երազ օրերի ստեղծագործողներից մէկը դո՜ւ էիր, սիրելի Յովնան: Այժմ քնի՛ր անխռով, քնի՛ր հանգիստ: Որովհետեւ դու քո պարտքը սրբութեամբ կատարեցիր: Տարաբախտ ցեղիդ ազատագրութեան էջերում դու իրաւամբ քո արժանաւոր տեղը կունենաս:
Քնի՛ր, ուրեմն, խաղաղ, քնի՛ր հանգիստ, սիրելի Յովնան: