01 October, 2022

Սաթենիկ Օհանջանեան

Պարտքի ու անձնւիրութեան մի նոր զոհ – մի չքնած զոհ... Աղէտը դուրս կոչեց նրան ժամանակաւոր հանգստից և նա գնաց վտանգի ամենաահաւոր կենտրոնը – Էջմիածին – ուր աշխատում էր իր նշանաւոր եղբօր քով (բժ. Համազասպ Օհանջանեանի, մեր Համօի), խնամում էր ամենածանր հիւանդներին, որպէս մարմնացած գթութիւն, միշտ «դիրքի վրայ», միշտ հոգսերով ու զրկանքներով շրջապատւած...

Եւ ի վերջոյ նա էլ վարակւեց... Տիֆը նրան էլ տարաւ գերեզման: Չնայած բժիշկների մեծամասնութեան դրական, յուսատու վկայութիւններին՝ օր. Սաթենիկը – մեր հեզ, համեստ, ազնիւ Սաթենիկը, որ ցանել էր իր վեհանձն ալտրուիզմի արգասիքները Պոլսից մինչև Բոլգարիա, հայկական գաղութները, մինչև Թիֆլիս ու Էջմիածին – վախճանւեց այսօր լուսաբացին Արամեան հիւանդանոցում:

Ի՜նչ զարմանլի օրեր ենք ապրում... ամեն օր սիտպւած ենք արձանագրել մեր ամենամօտիկ, ամենասիրած անձերի եղերական մահերը...

Այնտեղ՝ տաճկի ու քրդի եաթաղանը, այնտեղ՝ ակամայ նահանջի մշտնջենական արհաւիրքը, իսկ այստեղ մահու դաժան գերանդին, որ հնձում է, հնձում անդադար:

Եւ գնում են... Լաւերն են գնում...

«Հորիզոն», Թիֆլիս
Եօթներորդ, Տարի, Թիւ 222
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 1915

Կին-Իդէալիստ

1911 թւի աառն էր, Պոլսի հայ կազմակերպւած երիտասարդութիւնը ընդունում էր պատգամաւորներ արտասահմանից և երկրիբոլոր ծայրերից: VI համագումարի (ընդհանուր ժողով) նիստներն էին տեղի ունենում – առաջին օրինական համագումարը Թիւրքիոյ մէջ - և այդ առթիւ մի անսովոր կենդանութիւն էր տիրում ստամբոլի հայկական միջավայրում:

Ինքս էլ առաջին անգամն էի ոտք դնում թիւրքական մայրաքաղաքում, ուր ամեն ինչ այնքան խորթ ու օտարոտի էր իմ աչքին: Կեանքը եռում էր Իսկիւտար, Սամաթիա, Խասգիւղ, բոլոր հայաբնակ թաղերում, զւարթ, լաւատես տրամադրութիւն էր նկատւում ամենուրեք. գտնում էի թիւրքահայոց մի նոր սերունդ, ֆիզիքապէս և հոգեպէս առողջ ու թարմ մի երիտասարդութիւն, որ համակւած էր մի ընդհանուր ու նւիրական տենչանքով՝ մշակել հայրենի կուլտուրան, դուրս բերել Հայաստանը հին ժեժիմի գարշահոտ մթնոլորտից դէպի վերածնութեան ճանապարհը:

Եւ ամենից հաճելին ինձ համար, այն էր, որ հայ կինն ևս հրապարակ էր նետւում եռ ու զեռի այդ օրերում, որպէս հանրային գործիչ, որպէս ազգային վերածնութեան մշակ – ռահվիրայ: Սկիւտարիւոմ, ուր ամփոփւած է մօտ 20,000 հոծ հայկական ազգաբնակութիւն, ուր վաղուց ի վեր գործել են օտար կրթական հաստատութիւններ, ուր այնքան բազմաթիւ են ֆրանսիախօս, անգլիախօս հայուհիները – Սկիւտարիում կազմակերպւել էր հայ օրիորդների մի ընկերութիւն, որ նպատակ էր դրել ծառայել ազգային պրոպագանդի գործին: Նրա առաջին գործերից մինն էր աշխատանք ու վաստակ հայթայթել այն հայրենակիցներին – գրեթէ բացառապէս կանանց – որոնք գաւառներից Պոլիս գալով մնում էին անգործ և անապրէն: Ընկերութիւնը հիմնել էր «Աշխատանքի տուն» եւրոպական ձևով: Նա գտնւում էր հայ մինիստրի և նշանաւոր հայ գործիչների – Զոհրապի, Ակնունիի, Վարդգէսի և այլոց – հովանաւորութեան տակ: Ծախքերը հոգում էին մասնաւոր հանգանակութեամբ, երբեմն տալիս էին և մեծ երեկոյթներ և «Աշխատանքի Տան» էջ հիւրընկալում էին խեղճ ու տնանկ հայուհիները, որոնց տալիս էին կար ու ձևի և այլ դասեր, տալիս էին հնարաւորութիւն աշխատելու և վաստակելու:

Գործի հոգին էր՝ նա ինքը – Սաթենիկը: Եթէ չեմ սխալւում, ինքն էր և նախաձեռնողը: Յամենայն դէպս, նրա շուրջն էին համախմբւած երիտասարդ ու գործել ցանկացող հայուհիները – բարեկեցիկ ընտանիքներից – նրանցից էին ներշնչւում ու քաջալերւում, նրանցից էին ստանում հանրային ու գաղափարային դաստիարակութիւն:

Եւ Սաթնիկը աննման էր իր դերի մէջ: Ամբողջ էութեամբ նա կլանւած էր իր աշխատանքով – փնտրել, գտնել գործունեայ ուժեր կանանց աշխարհում և ուղղել նրանց դէպի շինարար, հասարակական գործունէութիւն: Ինքը կենդանի օրինակ էր բոլորի համար՝ իր կատարեալ անձնւիրութեամբ և զարմանալի աշխատասիրութեամբ: Նոլորից սիրւած էր նրա պարզ ու ջինջ հոգին, շիտակ, անկաշառ բնաւորութիւնը: Գիտէին, որ հասարակական գործի համար այդ օրիորդը պատրաստ էր իր գլուխը դնել, պատրաստ էր ընդունել ամեն զրկանք, նետւել ամեն տեսակ արկածների, վտանգների մէջ:

Ահա թէ ինչու ընկերները այսքան սիրում ու գնահատում էին Սաթենիկին: Եւ ահա թէ ինչու նա, իբրև միակ ներկայացուցիչը իր սեռի, բազմած էր նոյն դահլիճում, նոյն VI համագումարի նիստերում, ուր և ծանօթացայ նրա հետ – ուր եկել էին պատգամաւորները խորհրդակցելու և նոր ծրագիր մշակելու հայրենաշէն գործունէութեան:

Լաւ օրեր էին... Այնուհետև էլ չտեսայ օրիորդին: Այնուհետև նա ունեցել է էլի մի քանի գեղեցիկ դրւագներ իր ազնիւ կարիերի մէջ: Եղել է Վան (1909-ըբ գնացել էր և Ադանա, Սիմոնի հետ), խնամել է հիւանդներին ամենածանր պայմաններում, ուղեկցել է որբերին իրենց տանջալի ճամբու վրայ, հասել է Էջմիաղին, ուր երկարատև ու անդադրում աշխատանքից յետոյ անողոք ցաւը մէկէն ի մէկ կաշկանդեց նրա թևերը և ի վերջոյ կտրեց նրա կեանքի թելը:

Փա՜ռք նրան, որ մէկն եղաւ իր սեռի սակաւաթիւ անձնուրացներից, պատի՜ւ նրան, որ եկաւ իր անձնական օրինակով փոքր ինչ բարձրացնելու հայ կնոջ գաղափարային ու հասարակական պատկերը...

«Հորիզոն», Թիֆլիս
Եօթներորդ, Տարի, Թիւ 224
Կիրակի, 4 Հոկտեմբերի 1915