05 June, 2023

Բժ. Ռուբէն Տէր Ստեփանեան (1887-1937)

Կենսագրութիւնը, Մահը եւ Թաղումը

Թաւրիզի բնակչութեան լաւածանօթ եւ սիրւած բժ. Ռուբէնը մայիս 15ին հիւանդանում է բծաւոր տիֆով, որ գնալով ծանրանում է. Թաւրիզի բոլոր բժիշկների ջանքը ու նաեւ Թեհրանի մի քանի բժիշկների խորհրդակցութիւնը ապարդիւն են անցնում, եւ բժ. Ռուբէն մեռնում է յունիս 5ի երեկոյեան ժամի 9ին:

Մահւան լուրը կայծակի արագութեամբ տարածւեց Թաւրիզում եւ ամբողջ ժողովուրդը խորին վշտով համակւած՝ ողբաց բժ. Ռուբէնի վաղաժամ մահը:

* * *

Բժ. Ռուբէնը ծնւել էր Խարբերդ քաղաքի մօտ գտնւող Մէզրէ գիւղում՝ 1887 թւի նոյեմբեր 10ին:

Խարբերդում յայտնի էր Բագրատունի տոհմը, որ հին ծագում ունէր: Մինչեւ 1880 թւականը բժ. Ռուբէնի ընտանիքը կրում էր այդ ազգանունը, սակայն այդ թւից Տէր Ստեփանեանի փոխւեց: Նրա տոհմը Խարբերդին եւ շրջակայքի հայութեան տւել է բազմաթիւ եպիսկոպոս-առաջնորդներ, վարդապետներ, քահանաներ, հին տիպի բժիշկներ, դեղագործներ, ղեկավար եւ սիրւած դէմքեր: Այս աւանդական սովորութիւնը շարունակւել է մինչեւ մեր օրերը եւ այսպէս էր, որ Ռուբէնի հօրեղբօրորդի Էդուարդը եւ ինքը դեղագրծութեան եւ բժշկութեան հետեւեցին:

Բժ. Ռուբէնի հայրը՝ Սողոմոն Տէր Ստեփանեանը Խարբերդում յայտնի դեղագործ էր, ուսումնասէր եւ հայրենասէր մարդու համբաւ էր հանել: Իսկ մայրը՝ տ. Հռիփսիմէ խոհեմ եւ բարի մի կին էր:

Բժ. Ռուբէնն իր սկզբնական կրթութիւնն ստացաւ Խարբերդի Ս. Ստեփաննոս ծխական դպրոցում՝ աշակերտելով նաեւ յայտնի Թլկատինցիին, որի շունչն ու ազդեցութիւնը խորը հետք թողին մանուկ Ռուբէնի վրայ: Մի որոշ ժամանակ էլ յաճախեց Խարբերդի կաթոլիկաց դպրոցը՝ հօր ցանկութեամբ ֆրանսերէն լեզուն սովորելու:

Ուսումնասէր եւ նիւթապէս ապահով հայրը իր զաւակին միջնակարգ ուսում տալու համար՝ 1895ին Կարինի միջնակարգ վարժարանն ուղարկեց: Այս միջավայրը շատ սիրեց Ռուբէնը: Սանասարեան վարժարանի ուսուցիչները, դասընկերներն ու աշակերտական կեանքը խոր տպաւորութիւն գործեցին նրա մանուկ սրտի վրայ: Դպրոցում դարձաւ սիրւած աշակերտներից մէկը՝ իր ցոյց տւած ընդունակութեան եւ աշխատասիրութեան շնորհիւ: Իր այնքան դիւրամատչելի եւ համակրելի բնաւորութեամբ սիրելի դարձաւ ամենքին:

Այս շրջաններում էր, որ կարեւոր ներշնչումներ ունեցաւ եւ կազմւեց իր հասարակական մտածելակերպը: Կարնոյ հայութեան մէջ Ռուբէնն ապրեց ամբողջ 8 տարի եւ դաստիարակւեց հայրենաշունչ ոգով:

Սանասարեան վարժարանի միջնակարգ ուսման շրջանն աւարտեց 1903 թւի ամառը եւ անցաւ Խարբերդ՝ իր ծնողների մօտ: Նոյն թւականի աշնանը մեկնեց ԲԷյրութ եւ մտաւ ֆրանսական համալսարանը՝ հետեւելով թէ դեղագործութեան եւ թէ բժշկութեան: Այնտեղ իր ուսումը կանոնաւոր շարունակեց մինչեւ 1908ի ամառը, երբ սահմանադրութեան հռչակման հետեւանքով գնաց մայրաքաղաք եւ լծւեց հասարակական աշխատանքների: Մտաւոր եւ մշակութային շարժման այդ եռուն շրջանում իր երիտասարդական բովանդակ եռանդով աշխատում էր իբրեւ անձնւէր եւ շիտակ մարդ, այդ ժամանակ հազիւ 22 տարեկան:

Ռուբէնն իր բժշկական դասընթացը շարունակեց Պօլսի համալսարանում, ուր կատարելագործեց նաեւ դեղագործութիւնը: Ապա 1909ի գարնանը Ֆրանսա անացաւ եւ Մարսէյլի համալասարանում հետեւեց բժշկութեան: 1910ի վերջերը Ամերիկա անցաւ, ուր մտաւ Բոստոնի համալսարանը՝ նորէն բժշկութեան հետեւելով: Այդտեղ եւս միաժամանակ լծւած էր ազգային-հասարակական աշխատանքների եւ սիրւած էր իր եռանդի եւ համակրելի բնաւորութեան շնորհիւ:

1915ին բժ. Ռուբէնը աւարտեց բժշկական մասնաճիւղը եւ անմիջապէս Պետրոգրադի վրայով մեկնեց Թիֆլիս եւ մտաւ Իշխան Արղութեան բանակը՝ իբրեւ զինւորական բժիշկ: Այդտեղից անցաւ Վասպուրական, ուր ծանր օրեր ապրելուց յետոյ 1916ին վերադարձաւ Թիֆլիս եւ ապա Գանձակ, ուր «Քաղաքների միութեան» կողմից վարձւեց իբրեւ բժիշկ՝ Գետարեկի շրջանի համար: Շուրջ 14 ամիս այդ շրջանում ապրելուց յետոյ 1917ի ապրիլին անցաւ Էջմիածին եւ դարձեալ պաշտօնավարեց նոյն միութեան հիւանդանոցում: Այստեղ էր նաեւ իր մտերիմ ընկեր՝ բժ. Զարեհ Փիլոսեանը, որի հետ 20 տարի մնացին իբրեւ եղբայրներ եւ լաւ ընկերներ, բարի օրինակ ծառայելով ուրիշներին:

Խումբ մը Անդրանիկի գունդի զինուորներէն Նախիջեւանի մէջ
Նկարը՝ Բժիշկ Ռուբէն Տէր Ստեփանեանի

1917ի օրերին բժ. Ռուբէնն ու իր մտերիմ ընկեր Զ. Փիլոսեանը Կարին մեկնեցին՝ իբրեւ ինքնակամ զինւորական բժիշկներ: Այնուհետեւ 1918ին մտաւ Անդրանիկի զօրաբանակի մէջ՝ նորէն զինւորական բժշկի հանգամանքով եւ 1919ին եկաւ մինչեւ Խոյ, յետոյ վերադարձաւ Էջմիածին եւ ապա մեկնեց Եւրոպա եւ Ամերիկա: Սակայն 1920ին բժ. Ռուբէնը վերադարձաւ Երեւան եւ այնտեղից նահանջեց Իրան: 1920ին բժ. Ռուբէնը Թաւրիզ եկաւ, ուր սկզբի ամիսներում տնտեսական շատ նեղ ու ծանր պայմանների մէջ ապրեց, մինչեւ որ յաջողեց իր մասնագիտութիւնը գործ դնել: Կամաց կամաց աւելացաւ նրա յաճախորդների թիւը եւ կարճ ժամանակում մեծ ժողովրդականութիւն շահեց:

Բժ. Ռուբէնը 1924-ին ամուսնացաւ համալսարանաւարտ թաւրիզեցի օր. Նւարդ Աֆթանդիլեանի հետ, այս ամուսնութիւնից ունեցաւ երկու զաւակ՝ 12 տարեկան աղջիկը՝ Ռիման, եւ 9 տարեկան տղան՝ Օշինը:

Թաւրիզում եւս լծուած էր հասարակական աշխատանքների: Տարիներ շարունակ Ատրպատականի գաւառներից ընտրւած էր պատգամաւոր՝ Ատրպ. Հայոց Թեմական Պատգմ. Ժողովի: Երկար տարիներ անդամ է եղել Արամեան եւ Կենտրոնական դպրոցների հոգաբարձական կազմերի:

Տարիներից ի վեր անդամ էր Թաւրիզի բժշկական խորհրդի և Իրանի Շիր-օ-Խորշիդ Սորխին (Կարմի Առիւծ-Արև):

Ազգաբնակութեան բոլոր խաւերի կողմից վայելում էր ընդհանուր յարգանք եւ համակրանք: Իր մարդասիրութեամբ եւ աղքատասիրութեամբ համբաւ հանեց: Չքաւոր հիւանդներին բժշկելուց յետոյ վճարում էր նաեւ նրանց դեղերի եւ սնունդի դրամը: Բոլոր իրեն մօտ բժշկւող մտերիմներին յանդիմանութեան խօսքեր էր ուղղում՝ եթէ փորձում էին վճարել:

Առանց չափազանցութեան կարելի է ասել, որ ամէն ամսւայ մէջ մի քանի հարիւր հիւանդների ձրի էր բժշկում եւ յաճախ այցելում էր նրանց տները: Ահա թէ ինչու էր ձեռք բերել անսահման սէր, համակրանք ու ժողովրդականութիւն: Անհատական, հանրային, կրթական, բարեգործական եւ ամէն տեսակ ձեռնարկներին, հանգանակութեանց, նւիրաբերութեանց եւ այլն միշտ բերում էր իր աջակցութիւնը, մասնակցութիւնն ու քաջալերանքը:

Ժողովրդական մարդ ու բժիշկ էր՝ բառիս լայն առումով: Երբ որեւէ գործի եւ առաջարկի համար իրեն դիմէին՝ անպատճառ կը յարգէր ու կը կատարէր դիմում-խնդրանքը:

Սիրում էր հայրենիքը եւ բարեպաշտ էր: Եկեղեցական շարականներն ու արարարողութիւնները անգիր գիտէր:

* * *

Յունիս 5ի գիշերը ժամը 9ին վախճանւեց բժ. Ռուբէնը. ողբացեալի ազգականներն ու բարեկամներ պատրաստութիւն տեսան յուղարկաւորութիւնն ու թաղումը արժանաւորապէս կատարելու համար: Յունիս 6ի առաւօտեան պատերին փակցւեցին 92 մահազդներ: Մահազդ էին տւել Թաւրիզի հայոց ազգային, կրթական, բարեգործական, մշակութային եւ այլ միութիւնների մարմիններ, ինչպէս նաեւ Շիրօ Խորշիդի հաստատութիւնը՝ պաշտօնական մահազդով: Մահազդների այս մեծ թիւը փաստ էր, թէ ինչպիսի լայն ժողովրդականութիւն ունէր հանգուցեալը:

Յունիս 6-ի առաւօտեան ժ. 10-ին դիակը դրւած էր իր աշխատանոցում՝ ծաղիկներով ծածկւած, եւ իր մտերիմ բարեկամներն ու ժողովուրդը մտնում էին տեսնելու հանգուցեալի բարի եւ ժողովրդական մարդու դէմքը, որի վրայ սառել էր վերջին ժպիտը:

Նոյն օրը երեկոյեան ժ. 6ին հանգուցեալի դին բազմահազար յուղարկաւորների ուղեկցութեամբ փոխադւեց Ս. Աստւածածին եկեղեցին: Դիակը հականեխւեց եւ գիշերը պահւեց եկեղեցու բակում:

Յունիս 7-ի առաւօտեան, թաղման օրը, հսկայական մի բազմութիւն լցրեց հանգուցեալի բնակարանը, փողոցն ու եկեղեցու բակը: Եկեղեցական արարողութեան ներկայ էին Ատրպատականի Հայոց Առաջնորդ Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Մելիք Թանգեանը, Արեւելեան Ատրպատականի զօրաբանակի ընդհանուր հրամանատարի (Ամիր Լաշքեար) զինւորական ներկայացուցիչները, Թաւրիզի ֆրանսական հիւպատոսը, ամերիկեան եւ կաթոլիկաց միսիոնարները, վաճառականներ, ազգային հաստատութեանց անդամներ, աշակերտութիւն, ծանօթներ, մտերիմներ եւ ժողովուրդ:

Պատարագիչ քահանայի եւ երգեցիկ խմբի եկեղեցական տխուր երգերը խորհուրդով լեցնում էին բոլորի հոգին:

Պատարագից յետոյ դամբանական խօսեց Սրբազան Մելիք Թանգեանը, որ դրւատեց բժ. Ռուբէնի մարդկային բազմատեսակ բարեմասնութիւնները, յիշեց նրա բարեգործութիւնները, աղքատասիրութիւնը եւ ազգասիրութիւնը, սփոփանքի խօսքեր ասաց հանգուցեալի հարազատներին. յիշեց, որ բժշկի տիկինը 1000 ռիալ գրել է առաջնորդարանի տրամադրութեան տակ՝ յատկացնելու բարեգործական նպատակների, սակայն առաջնորդարանը շնորհակալութիւն յայտնելով՝ պիտի չընդունի այդ գումարը, որովհետեւ հանգուցեալ բժիշկը իր կենդանութան օրոք բազմաթիւ հիւանդների եւ կարիքաւորների ձրի բժշկել է եւ միշտ էլ մասնակցել բարեգործական նպատակով կատարւող հանգանակութիւններին: Հանգուցեալի ազգականներն ու մտերիմները ծաղկեպսակի փոխարէն 3000 ռ. նւիրել են՝ բարեգործական նպատակների:

Այս նկարները քաղուած է «Ալիք» թերթի նոյն թիւէն (տես վերջը)

Եկեղեցու բակում, դագաղի վրայ երկրորդ ճառախօսը եղաւ Հայկ Աճէմեան, որ ներկայացրեց հանգուցեալի կենսագրութիւնը, կարդաց 46 հեռագիրներ, որ ստացւել էին ամէն կողմից՝ հանգուցեալի մտերիմներից եւ բարեկամներից: Դամբանախօսը բժիշկ Ռուբէնին բնորոշեց իբրեւ բարի, նւիրւած, անձնազոհ եւ պարտաճանաչ ու մարդասէր մի անձնաւորութիւն:

Ապա հսկայ բազմութեան միջով դագաղը շարժւեց գերեզմանատուն՝ 50 ինքնաշարժերի եւ 120 կառքերի ուղեկցութեամբ: Թափօրին մասնակցում էր շուրջ 15 հազարնոց մի բազմութիւն:

Գերեզմանատնում դամբանական խօսեց հանգուցեալի բարեկամներից Դաւիթ Փափազեան, որ նոյնպէս թւեց թանկագին մարդու բոլոր բարեմասնութիւնները:

Ժողովուրդը յուզւած՝ հողին յանձնեց իր այնքան սիրած վաղամեռ բժշկի դիակը եւ տխուր վերադարձաւ տուն:

Մասիս (Թաւրիզ)
«Ալիք», Թեհրան
Է. Տարի, Թւի 365 (540)
Կիրակի, 8 Օգոստոս 1937