10 August, 2023

Սուրէն Մելիքեան

Բարձրահասակ, թիկնեղ, կաղնու պէս ամուր, արծուահայեաց, գեղեցկադէմ, նուրբ եւ ազնուական շարժուձեւերով, երիտասարդ ու կենսուրախ, անսպառ եռանդ ու գործ – ահա Սուրէն Մելիքեանը:

Նա հարուստ ընտանիքից էր՝ զաւակը ծանօթ հասարակական գործիչ Համբ. Մելիքեանի: Ծնւել էր 1895 թիւ Մայիս 26-ին, բագւում, ուր եւ ստացաւ նախնական դաստիարակութիւնը Արամ Նազարէթեանի եւ Ս. Վարդանեանի ղեկավարութեան տակ: 1905-ին տրուեց Ժընեւի Շաթօ տը Լանսին եւ միաժամանակ հայերէն լեզուի դասեր էր առնում բանաստեղծ Սիամանթօից, 1912-ին բակալաւորի քննութիւն տուեց Սորբոնում, 1912-14-ին ուսանող էր Սորբոնի պատմագրական բաժնում եւ Էքօլ տը Սիէնս Բօլիթիգ-ում: Աչքի ընկնող դեր էր խաղում ֆրանսական ուսանողութեան շարքերում: Աշխատակցում էր ֆրանսերէն թերթի: Փայլուն ապագայ էր սպասում նրան...

Պայթեց համաշխարհային պատերազմը: Սկսուեց հայ երիտասարդութեան ուխտագնացութիւնը դէպի կովկսաեան ռազմաճակատ: Կամաւորական շարժումը ոգեւորել էր ամենքին: Սուրէնն էլ խանդավառուեց: Հայրենիքը կանչում էր – ի՞նչպէս կարելի է չլսել նրա ձայնը:

Ու 1915-ին ան արդէն Թիֆլիսումն է: Նրա առջեւ բաց են բոլոր դռները: Նրան առաջարկում են գրաւիչ պաշտօն զօր. Պըժեւալսկու մօտ: Հօր դիրքի, նիւթականի ու կապերի, իր ընդունակութիւնների շնորհիւ նա կարող էր ամենափայլուն տեղը գրաւել թիկունքում, որեւէ բարձր հիմնարկութեան մէջ: Այդպէս էլ անում էին նրա վիճակում գտնուողները: Սակայն, Սուրէնի հոգին չէր կարողանում հանդուրժել այդպիսի մեղկ ու փոքրոգի վարմունք: Նա եկել էր ծառայելու հայրենիքին եւ ոչ զօրավարներին ու ոսկու կուռքերին: Եւ մտնում է Դրօի գունդը, իբրեւ պարզ կամաւոր: Մասնակցում է բազմաթիւ կռիւների, ցոյց է տալիս արտակարգ քաջութիւն, երկու անգամ վիրաւորւում է: Պարգեւատրւում է քաջութեան նշաններով եւ Գէորգեան խաչերով մինչեւ առաջին աստիճան: Նահանջի օրերին ստանում է մի խառն գնդի հրամանատարութիւն եւ ռուս բանակի լքման ու փախուստի շրջանում վարում է նուաճուած վայրերի պաշտպանութեան գործը:

Հանգստի օրերին, երբ պատերազմական գործողութիւնները կանգ էին առնում, Սուրէնը վերադառնում էր Թիֆլիս եւ մասնակցում հայ հասարակական ու գրական կեանքին: Բնաւորութեամբ պարզ ու դիւրամատչելի՝ կարողանում էր հեշտութեամբ ծանօթութիւններ հաստատել ու ազդել մարդկանց վրայ: Մեծ չափով նրան է պարտական «Ժուրնալ»ի թղթակից Անրի Բարբին կովկասեան ճակատից գրած իր ուշագրաւ թղթակցութիւնների հարուստ բովանդակութեան համար: Նոյն Բարբիի գիրքը հայկական կոտորածների մասին Սուրէնը թարգմանեց եւ հրատարակեց հայերէն լեզուով: Հետզհետէ մուտք էր գործում եւ հայ մամուլի ու գրականութեան մէջ. գրում էր գողտրիկ տեսութիւններ «Հորիզոն»ում եւ իր յօդուածների մէջ ցոյց էր տալիս սուր դիտողութիւն ու նուրբ ճաշակ: Նոյն յատկութիւնները յայտնաբերեց «Կամաւորի Յուշերը» գրքում, որ գրեց ու հրատարակեց Թիֆլիսում, արձակուրդի օրերին:

Ռազմադաշտի փոթորկայոյզ կեանքը նրան յափշտակել էր ամբողջովին: Թիկունքը նրան երկար չէր պահում: Հէնց կռիւը սկսում էր թէ չէ, նա նորից առաջին դիրքերում էր, գնդակների սուլոցի տակ: Զօրամասերում ամէնքի սիրելին էր. ունէր բազմաթիւ մտերիմներ հասարակ կամաւորների մէջ...

Հայաստանի անկախութեան օրերին Սուրէնը մէկնեց Ամերիկա Յ. Քաջազնունու առաքելութեան հետ: Աւելի յաջող ընտրութիւն կարելի չէր անել: Կիրթ ու լաւ դաստիարակուած, օտար լեզուներին լաւ տիրացած, աշխարհիկ կեանքի ձեւերին վարժ, դիւրահաղորդ՝ ամէն տեղ նա գտնում էր փայլուն ընդունելութիւն եւ յաջողութեամբ կատարում էր իր վրայ դրուած պարտականութիւնները: Անսահման խանդավառութեան օրեր էին. հայ ժողովուրդը արբեցման գագաթնակէտին էր ապրում: Եւ հայ զինուորականի համազգեստն ու սուրը, որոնք այնպէս շքեղ էին Սուրէնի վրայ, հայատառ ուսադիրներն ուսերին – ամէն տեղ յուզում ու հրճուանք էին յառաջ բերում:

Բայց արտասահմանը երկար չպահեց Սուրէնին: Նա շտապեց վերադառնալ հայրենիք եւ Հայաստան հասաւ, երբ արդէն Քեազիմ Կարաբէքիրի բանակը ծեծում էր Կարսի դռները: Հազիւ երկու-երեք օր մնալով Թիֆլիսում, ծնողների մօտ, շտապեց Երեւան զեկուցում տալու համար եւ այստեղից էլ պատերազմի դաշտ:

Հոկտեմբեր ամիսն էր, երբ ես նրա հետ վերջին անգամ տեսնուեցի Կարսում: Գնում էր Սմբատի կամաւորական գունդը, որ գտնւում էր մեր բանակի աջ թեւում: Ի՜նչպիսի ոգեւորութեամբ պատմում էր ամերիկեան տրամադրութիւնների մասին: Եւ ո՜րքան ցաւում էր մեր պատերազմական անյաջողութիւնների համար: Բերել էր Ամերիկայի ընկերներից նամակներ եւ զանազան իրեր ու յանձնարարութիւններ, որ թողել էր Թիֆլիսում: «Կը բերեմ Երեւան»... ասաց  բաժանուելիս: Գնում էր այն յոյսով, որ անպատճառ պիտի յաղթենք...

Այնուհետեւ վրայ հասան էլ աւելի ահաւոր օրեր: Կարսը ընկաւ: Ալէքսանդրապոլը վտանգի տակ էր: Զինադադար: Բանակցութիւններ: Սուրէնը միշտ առաջին դիրքում էր, հրացանը ուսին: Ապա պաշտօն ստացաւ Ղարաքիլիսէում՝ մասնակցելու թուրք-հայկական զինուորական խառն յանձնախմբին...

Երբ ամէն բան վերջացած էր, քէմալականներն ու բոլշեւիկները ճզմել էին Հայաստանը իրենց կրունկների տակ, Սուրէնը անցաւ Թիֆլիս: Երբ Թիֆլիսն էլ ընկաւ բոլշեւիկների ձեռքը, Սուրէնը կարճ ժամանակ փոխադրուեց Բաթում ու յետոյ վերադարձաւ Թիֆլիս:

Այդտեղ էր, որ տեղի ունեցաւ նրա եղերական մահը:

Ահա թէ ինչպէս է նկարագրում Սուրէնի վերջին օրերը նրա մտերիմներից մէկը՝ Սուրէնի հօր ուղղած նամակում.

«Ձեր տան երկրորդ մասում տեղաւորուել էր զինուորական վարժարանը եւ վարժարանի պետ Արշալ Ալեքսանդրովը, որի հետ Սուրէնը ծանօթացաւ: Ալեքսանդրովը այցելում էր Սուրէնին բարեկամօրէն, կոչում էր նրա «շքեղ բուրժուա» եւ յաճախ հարցնում էր թէ ինչո՞ւ է Սուրէնը նստած այստեղ եւ չի գնում արտասահման: Բայց Սուրէնը ուղղակի չէր ուզում խօսել այդ նիւթի մասին:

«Մի օր, Մայիս 28, Սուրէնը սարքեց մի փոքրիկ ճաշկերոյթ: Նեկրայ էր Ալեքսանդրովը իր կնոջ հետ: Սուրէնը շատ տխուր էր: Երեկոյեան Ալեքսանդրովը հրաւիրեց նրան թէյի, բայց Սուրէնը չգնաց: Մայիս 30-ին Ալեքսանդրովի դպրոցի աշակերտների հետ գնում էր Բաթում. առաջարկեց, որ Սուրէնն էլ գնայ հետը, իր վագոնում: Սուրէնը համաձայնուեց, առաւ մէկ սնտուկ, երեք պայուսակ եւ գնաց հետը: Յունիսի 4-ին լուր ստացուեց որ Սուրէնը ձերբակալուած, Թիֆլիս է բերուած եւ տեղաւորուած է երկաթուղու չեկայում: Տեսակցութեան ժամանակ Սուրէնը համոզուած ասում էր, թէ երկու-երեք օրից իրեն բաց կը թողնեն, թէ իր մօտ ոչինչ կար եւ, առհասարակ, ոչ մի պատճառ չկայ իրեն երկար պահելու:

«Բայց շուտով պարզուեց որ նրան մեղադրում են Դենիկինի եւ դաշնակիցների հետ կապ պահելու մէջ, որ, իբր թէ, դաշնակցական մարտական խմբեր է կազմակերպել, որ, իբր թէ, Սուրէնի մօտ գտնուել են վարկաբեկիչ թղթեր եւայլն: Սուրէնը, ընդհակառակը, պնդում էր, որ այդպիսի թուղթ իր մօտ չի եղել եւ իր դէմ եղած ամբաստանութիւնները բոլորովին շինծու են:

«Սուրէնի ձերբակալութիւնից մի շաբաթ անցած վերադարձաւ Ալեքսանդրովը, եկաւ ու բերեց ոսկի իրերը, որ Սուրէնը ճանապարհին յանձնել էր իրեն վալիւտայի հետ մէկտեղ: Վալիւտայի մասին Ալեքսանդրովը ասաց, թէ՝ «կինը վախենալով խուզարկութիւնից այն արտասահմանեան վաւերաթղթերը պատռտել է մթութեան մէջ»: Յետոյ, մի քանի օր անցած, Ալեքսանդրովը յայտնեց, թէ ինքը Սուրէնի մասին նպաստաւոր ցուցմունքներ է տւել չեկային... Վերջը պարզուեսց. որ ոչ միայն նպաստաւոր ցուցմունքներ չի տուել, այլ, ընդհակառակը, ինքն է եղել Սուրէնի մատնողը.... Մատնել է Միխայլովոյում, իսկ սամարիդիում, ուր տեղի է ունեցել ձերբակալութիւնը, ցուցմունքներ է տուել Սուրէնի դէմ: Եւ այս այն մարդն է, որին Սուրէնը շատ էր օգնում դրամով եւ ամէն բանով, խղճում էր նրան, նրա փոքր աղջկայ համար գնում էր պանիր, կարագ, պտուղ: Լաւ հատուցեց Սուրէնին...

«Մենք ամէն կողմ դիմումներ էինք անում՝ երկաթուղային չեկայի նախագահ Ցիվցիվաձէին, Վրաստանի չեկայի նախագահ Ցինցաձէին: Ամէնքը մեզ հանգստացնում էին, թէ՝ «ոչինչ չկայ. թող մի քանի օր նստի, ու բաց կը թողնենք, մի՛ անհանգստացէք»: Աշխատեցինք նրան երաշխաւորութեամբ դուրս բերել, չթողին: Խորհուրդ տուին, որ դիմենք Դանուշ Շահվերդովին եւ եթէ նա միջամտի, լաւ կը լինի: Անմիջապէս գնացինք Դանուշի մօտ:Հիւանդ էր: Երբ առողջացաւ, նորից դիմեցինք: Ասաց, թէ՝ «Սուրէնի համար ոչինչ չեմ անի, որովհետեւ նա ինձ փողոցում, բոլորի ներկայութեամբ, երեխայի պէս յանդիմանեց, բայց հօր համար ամէն բան կ'անեմ. մի անհանգստացէք, այժմ մեզ մօտ հակայեղափոխականներին չեն սպանում. դատարակ բան է»: Շատ անգամներ դիմեցինք եւ Դանուշը միշտ պատասխանում էր. «այսօր կ'երթամ, վաղը կ'երթամ, անհանգիստ մի լինէք, ոչինչ չի պատահի Սուրէնի հետ»: Պարզուեց, սակայն, որ Շահվերդեանը ոչ մի դիմում չէ արել Սուրէնի համար: Առանց դիմելու էլ հեռացաւ արտասահման... Ոչ մի բանով չօգնեց եւ Բէգզատեանը, որին նոյնպէս խնդրել էինք, եւ նա խոստացել էր միջնորդել:

«Մեր բազմաթիւ դիմումներն անցան ապարդիւն. Սուրէնին չազատեցին: Վերջին տեսակցութիւններից մէկին նա յայտնեց, որ իրեն ներկայացրել են երկու մեղադրանք. 1. Որ, իբր թէ, կապ է ունեցել Դենիկինի հետ եւ 2. Կազմել է դաշնակցական խմբեր: Առաջին մեղադրանքից Սուրէնը կտրուկ կերպով հրաժարուել է, բայց ընդունել է, որ 18 թուին կազմակերպել է հայ կամաւորական խմբեր ժողովրդի ինքնապաշտպանութեան համար»:

«...Յետոյ յայտնի եղաւ, որ Երեքշաբթի, Օգոստոս 9-ին երկաթուղային չեկան շտապ նիստ է գումարել, գնդակահարութեան որոշում է տուել Սուրէնին եւ նոյն օրը հենց, լոյս Օգոստոս 10-ի գիշերը, մահապատիժը ի կատար է ածուել... Երբ դիմեցինք չեկայի պետին՝ խնդրելով, որ դիակը յանձնուի մեզ, նա կոպիտ կերպով պատասխանեց, «ընկեր, այստեղ գերեզմանոց չէ»...

«Սուրէնի կեանքի վերջին վայրկեանների մասին հետեւեալն են պատմում. երբ գալիս կարգադրում են նրան հագնուելու, նա մի պահ ուրախանում է եւ ասում մի ուրիշ բանտարկեալի. «ինձ տեղափոխում են կենտրոնական չեկան. ուրեմն, ինձ շուտով կ'ազատեն, եւ ես կ'աշխատեմ ձեզ համար»: Սակայն, երբ յետ է դառնում, չգիտեմ ուրիշ մէկն է նրան ասում թէ ինքն է գլխի ընկնում, բայց անմիջապէս դիմում է նոյն բանտարեկալին եւ ասում. «Ո՛չ կենտրոնական չեկա չէ, գնդակահարելու են տանում ինձ, բայց ի՞նչ արած»... Ու սկսում է համբուրուել այդ բանտարկեալի հետ, գրկում է նրան, մի քանի անգամ գնում եւ վերադառնում է, յանձնարարութիւններ է անում հարազատներին հաղորդելու...

«Ասում են, որ նա կռուել է իրեն տանող զինուորների հետ, մէկի ձեռքն է կոտրել, միւսի դէմքն է ջարդել եւ այդ կռւում էլ սպանուել է»...

Եւ մի օր Թիֆլիսի թերթերում լոյս տեսաւ հետեւեալ յայտարարութիւնը.

«Օգոստոս 9-ին Անդրկովկասեան Երկաթուղային Արտակարգ Յանձնաժողովի նիստում քննուեց քաղաքացի Սուրէնի Համաբրձումեան Մելիքեանի գործը, որով նա մեղադրւում էր հակայեղափոխութեան, այսինքն դաշնակցական խմբերի կազմութեան, սպայական կոչումը թագցնելու, խորհրդային իշխանութիւնը տապալելու նպատակ դնող «Դաշնակցութիւնը» կուսակցութեան անդամ լինելը ծածկելու, լրտեսութեան, դաշնակիցների հետ գաղտնի յարաբերութիւններ պահելու մէջ: Քննութիւնը պարզեց վերոյիշեալ ամբաստանութիւնը, ուստի եւ Երկաթուղային Չեկան վճռեց, ի նկատի ունենալով, որ քաղաքացի Սուրէնի Համբարձումեան Մելիքեանը հանդիսանում է մոլեռանդ հակառակորդ խորհրդային իշխանութեան եւ անուղղելի մարդ, կրարկել նրա վերաբերմամբ պատժի բարձրագոյն չափը – գնդակահարութիւն»: Վճիռը գործադրւած է լոյս 10 Օգոստոսի գիշերը»:

Այսպէս մեռաւ հայ գաղափարական երիտասարդութեան ամենաշքեղ դէմքերից մէկը: Հազար հազարաւորների հետ Սուրէնն եւս զոհ գնաց աշխարհիս ամենէն վայրագ բռնակալութեան: Զոհուեց այն մարդկանց ձեռքով, որոնք արդարութեան անունից են խօսում եւ անհատի ու ժողովուրդների ազատութիւնն են քարոզում: Զոհուեց, մինչ այնքան տալիք ունէր աշխարհին եւ այնպէս սիրում էր աշխարհն ու իր ժողովուրդը...

Ս. Վրացեան
«Դրօշակ»-Հոկտեմբեր 1927
Թիւ 10 (269)