12 November, 2023

Աբրահամ Խան Բախտիարի (Յովակիմեան)

Կարճատեւ, բայց ծանր հիւանդութիւնց յետոյ, 1963 թ. Նոյեմբեր 14-ի գիշերը, Թեհրանի թիւ մէկ զինւորական հիւնադանոցում, իր մահկանացուն կքնեց Աբրահամ Յովակիմեանը, որ յայտնի էր Աբրահամ խան Բախտիարի անունով:

Այդ գիշեր, մեզնից յաւիտենապէս հեռացաւ տիպարն այն հայ մարտիկի, որ պատանեկան հասակից, զէնքը գրկած, անվերապահ նւիրումով սլացաւ պայքարի եւ կռւի այն բոլոր ճակատները, ուր Հայ Յեղափոխթիւնն էր կանչում եւ այն բոլոր վայրերը, ուր Հայ ժողվորդին սպառնացող վտանգն էր պահանջում:

Իր փոթորկոտ կեանքի ամբողջ ընթացում Աբրահամը յանձն առաւ բոլոր զոհողութիւնները, ստոյիկեան սառնութեամբ տոկաց բոլոր դժւարութիւններին, դիմագրաւեց բոլոր խոչընդոտները, արհամարեց վտանգն ու մահը եւ Հայ տիպար մարտիկին վայել արիութեամբ գլուխը բարձր բաց ճակատով հասաւ իր արժանի տեղը:

Մարտիկի իր մկրտութիւնը նա ստացաւ Կովկասում – Հայ-թաթարական ընդհարումների մէջ: Անցաւ հալածանքի, բանտի, աքսորի ու փախուստի բովից, ռազմական փորձառութիւն ձեռք բերեց Պարսկական Սահմանադրական կռիւներում, յաղթ կերպարանքով երեւան եկաւ Առաջին Համաշխարհային պատերազմում իբրեւ Իշխան Արղութեանի հայ կամաւորական խմբի ջոկատի պետ, հմուտ հետախոյզ, յառաջապահ գնդի արի առաջնորդ եւ հերոսական խոյանքների բազմիցս պարգեւատրուած խմբաապետ:

Յայտնի դարձաւ ռուսական զօրքի փլուզումի օրերին, իբր խիզախ պաշտպան՝ փախուստի ու անելութեան մատնւած հայ բեկորների, նշանակալից դերո ւնեցաւ Ուրմիայում տաճկական զօրքի դէմ վարած անհաւասար կռիւներում ու դժւարին գաղթի ընթացքում եւ ի վերջոյ, պարգեւատրութեամբ գնահատւեց պարսկական բանակում ծառայած վերջին շրջանում:

Բնաւորութեամբ յարաշարժ էր, անհանգիստ եւ կենսուրախ: Անկեղծ էր մինչեւ միամտութիւն եւ պարզ խօսող ու ճակատին խփող: Դիւրահաղորդ էր եւ աշխոյժ:

Ֆիզիքապէս առողջ էր, առոյգ. եւ հակառակ անհանգիստ ու չարքաշ կեանքին ու ստացած վէրքերին, այդպէս էլ մնաց մինչեւ 86 տարեկանի վերջին մի քանի ամիսը:

Յաղթ մարմնում կրում էր լեռնականի բիւրեղ հոգի եւ խիստ զգայուն սիրտ:

Գիւղում ծնւածի պարզութեան մէջ սուր միտք ունէր, խոր դիտելու, առողջ դատելու եւ դիւրութեամբ ընկալելու աչքի ընկնող ընդունակութիւններ:

...

Երկար ստիպումներից յետոյ հազիւ կարելի եղաւ հարկադրել Աբրահամին պատմելու իր կեանքի ու վարած կռիւների մասին: Այդ յուշերը գրի է առել տողերիս գրողը 1954 թւականին, երբ Աբրահամը ամանակաւորապէս Թեհրանումն էր գտնւում:

Նրա յուշերը իր կեանքի դրւանգները լինելով, միաժամանակ տալիս են այդ ժամանակաշրջանի հայ խռովայոյզ կեանքի պատմական որոշ դէպքերի ճշգրիտ նկարագրութիւնը*:

...

Թաւրիզում

Աբրահամը ծնւել է Նոր Ջուղայի Չհարմահալ գաւառի Լիւասան գիւղում 1877 թւին: Նրա նախնիքը Շահ-Աբբասի բռնագաղթի ընտանիքներից էին:

Գիւղում ճնշումի ու հարստահարութեան ենթարկւելով, Աբրահամի ընտանիքը նախ փոխադրւում է Նոր Ջուղա, ապա տեղափոխւում Թեհրան: Հայրը նրան դնում է ֆրանսիական կաթոլիկ միսոնարների Սէն Լուի դպրոցը: Այդտեղից էր նրա ֆրանսերէն գիտութիւնը, որով կարողանում էր իր միտքն արտայայտել:

Շուտով ընտանիքը փոխադրւում է միայլ տեղ: Աբրահամը դպրոցը կիսատ է թողնում եւ մտնում է արհեստի: Նախ դերձակի մօտ, բայց չի սիրում: Ապա երեք տարի աշակերտում է կօշկակարի մօտ եւ սովորելուց յետոյ միայն, ռոճիկ ստանում օրեկան մէկ ղռան:

Թեհրանում նա ապրում էր իր քեռու տղայի տանը, որի մօտ յաճախ հաւաքոյթներ, ժողովներ եւ վիճաբանութիւններ էին լինում:

Իբրեւ ուշիմ եւ հետաքրքիր մէկը, նա հատուկտոր լսում է այդ վիճաբանութիւնները, խորհում եւ ներշնւած «բանի էութեամբ», ինքն էլ ոգեւորւած որոշում է «գնալ Հայաստան եւ կռւել թշնամու դմէ»:

Բայց ոչ մենակ, որ հազիւ թէ օգտակար լինէր, այլ խմբով: Նա գործի է անցնում եւ կարճ ժամանակւայ ընթացքում Հայաստան գնացողների թիւը հասցնում է 25 հոգու:

Բայց միջանկեալ մի քանի խօսք այդ ժամանակաշրջանի մթնոլորտի, տիրող մտայնութեան ու տրամադրութեան մասին:

1900-ական թւականի առաջին տարիների խնադավառ օրերն էին: ... Այն շրջանն էր, երբ կամաւորական խմբերը, յաջորդաբար, առանց շարքի օղակը խզելու, դէպի գիտակցական մահն էին խոյանում:

Այդ օրերին եռ ու զեռի մէջ էր նաեւ Թաւրիզի երիտասարդութիւնը:

... Այդ օրերին Թաւրիզն էլ ներկայանում էր մէկն այն բազմաերթեւեկ կամուրջներից, որ կապում էր Երկիրը Կովկասի եւ արտասահմանի հետ:

Թաւրիզումն էր հիմնւել կւոսակցական զինագործ. Արհեստանոցը: Թաւրիզի վրայով եւ նրա միջոցով էին փոխադրւում զէնքերի, ռազմամթերքի, գրի ու գրականութեան մի մասը:

Այս կամրջի վրայով էին անցնում կամաւոր հայդուկների հետ նաեւ այն անձնէր գործիչները՝ Կոմս, Հրայր, Իշխան, Կոստի, Սարգիս, Ռուբէն, Արամ եւ շարքն այն ուխտեալների, որոնք տառապանքի երկիրն էին շտապում ժողովրդին շարժման մղելու եւ նրա հետ էլ զոհւելու համար:

Ահա ոգեւորութեան ու խանդավառութեան այդ շրջանումն էր, որ մի օր էլ Թաւրիզ հասաւ, մի քիչ տարօրինակ հագուստ-կապուստով, քոլոզաւոր գլխարկներով մի խումբ «երկիր անցնելու համար»:

Հինգ հոգի էին – Աւետիս, Վարդան, Մկրտիչ, Ալէքսան եւ Աբրահամ, որ նրանց ղեկավարն էր: Նրանք ատրճանակներ ու դաշոյններ ունէին:

Քննութիւնը պարզեց, որ այդ խումբը դեռ շատ անպատրաստ էր Երկիր անցնելու համար: Կ. Կոմիտէն նրանց հետ զբաղւելու աշխատանքը յանձնեց «Կայծակի» երկու անդամներիս: Եւ մենք նրանց հետ սկսեցինք ունենալ շաբաթական հանդիպումներ, ապա կանոնաւոր ժողովներ, դասախօսութիւններ:

Նրանց վերին աստիճանի պարզութիւնն ու բուռն հետաքրքրութիւնը, միտքը զարգացնելու ցանկութիւնն ու անկեղծ վերաբերմունքը, շուտով մեզ կապեց նրանց հետ: Բայց մանաւանդ Աբրահամի հետ, որ մտաւորով աւելի բարձր էր միւսներից:

Եւ մենք փոխադարձաբար սիրեցինք իրար եւ կապւեցինք նրա հետ ընկերական անքակտելի մի կապով, որ տեւեց մինչեւ երէկ – Աբրահամի մահը:

Թաւրիզում կուսակցութեան վրայ չծանրանալու համար, Աբրահամը, իր ընկերներից մէկի հետ, բաց արեց մի կօշկակարանոց: Խմբի անդամներից մէկն էլ տեղաւորւեց տարագիր Եզեձիէլ հիւսնի մօտ: Երեքի աշխատանքով խումբն ինքնապահ դարձաւ, մինչեւ միւս երկուսն էլ աշխատանքի անցան:

Բայց նրանք գոհ չէին այդ վիճակից: Միշտ դժգոհում էին իրենց Թաւրիզում պահելու համար: Թէեւ նրանք կուսակցական որոշ աշխատանք էլ կատարում էին Կոմիտէի յանձնարարութեամբ, այդուհանդերձ, Աբրահամի միջոցով խնդրում էին մեր միջնորդութիւնը Կոմիտէի մօտ, որ բաւարար համարի իրենց վարժութիւնը: Անակնկալ մի դէպք սակայն խումբը բաժանեց իր ղեկավարից, իսկ մեզ՝ մեր սիրելի Աբրահամից: Շուկայում նա ընդհարում է ունենում տեղացի թուրքերի հետ: Լաւ ծեծւում է, բայց խոհեմութիւն է ունենում գործի չդնելու իր մօտ գտնւող ատրճանակը կամ դաշոյնը: Գիտակցել էր որ այդ քայլը կարող էր բարդութիւնների, գուցէ եւ հայ թրքական ընդհարումների առիթ դառնալ գերագրգիռ այդ օրերում:

Այդ դէպքի աթիեւ ոստիկանութիւնը բանտարկում է նրան: Կ. Կոմիտէն գնահատելով նրա այդ խոհեմ ընթացքը, ապա վտանգից ազատելու համար, նրան ճամբում է Կովկաս: Կատարւում է նրա ցանկութիւնը:

Հայ-Թաթարական Կռիւներում

Հայ-թաթարական ընդհարումներով էր բռնւած Կովկասը այդ ժամանակ: Աբրահամն անցնում է Թիֆլիս եւ ինքնապաշտպանութեան որոշ յանձնարարութիւն է ստանում նախ տեղի վրայ, ապա Դիլիջան, Ղարաքիլիսէ, Երեւան, Քանաքեռ, Նորք, Աշտարակ թէ ինքնապաշտպանութեան եւ թէ զէնք, ռազմամթերք եւ ռումբ փոխադրելու աշխատանքով:

Աբրահամը աշտարակում իր տասնեակով (որ կազմել էր պարսկահայերից) միանում է Րաֆֆի «Խենթ»ի զաւակ՝ Արսէնի խմբին: Այս խումբը իր ուժեղ գրոհով ջարդում է եւ յետ մղում թաթար հորդաների յարձակումը: Բայց կոզակներից հետապնդւելով չի վերադառնում Աշտարակ, այլ անցնում է Եղւարդ: Այնտեղից Քանաքեռի վրայով միանում է մշեցի Ցոլակ-Արամի հայդուկային խմբին:

Լուր ստանալով Ջանջիլու ու Բիբալու շրջանի հայութեան սպառնացող վտանգի մասին, խումբն անցնում է այդ շրջանը:

Խմբի տեղ հասնելուց յետոյ, քրդերը յարձակւում են վերոյիշեալ երկու գիւղերի վրայ: Բայց մեծ կորուստով յետ են մղւում եւ խմբի գոյութեան մասին լուր տալիս կոզակների կայանին:

Հետապնդւած պետական այս ոյժի կողմից, կարկտից թրջւած, յոգնած, քաղցած ու ծարաւ խումբը, ստիպւած է լինում ցրւել դէպի լեռները, գիշերը միանալու պայմանով:

Մի երկու նման ընդհարումներից յետոյ, Աբրահամն անցնում է Բագու:

Այստեղ ինքնապաշտպանութեան մարմնից յանձնարարութիւն է ստանում գնալ Գանձակ եւ թաթարների մէջ մտնելով, իբր իրենց ազգակից, տեղեկանալ նրանց կազմակերպութեան ու նպատակների մասին:

Մի քանի անգամ վտանգներից խուսափելով, Աբրահամը շատ արժէքաւոր տեղեկութիւններ հաւաքած վերադառնում է Բագու եւ կուսակցաութեան ներկայացուցչի կողմից ովասանքի արժանանում, որ մեծ պարծանք է համարում իր համար:

Բագուից որոշ առաքելութեամբ գնում է Հիւսիսային Կովկաս: Անցնում է Գրողզնի, Վլադիկաւկաս, ԱՐմաւիր ու Մոզդոկ:

Ապա միառժամանակ մնում է Գրոզնիում: Այստեղ ձերբակալւում է եւ շղթայակապ աքսորւում Պետրովսիէ տաժանակիր աշխատանքի:

Թոյլ եւ հիւանդ լինելով, բանտային վարչութիւնը նրան փոխադրում է Բագու եւ տեղաւորում Բայէլի բանտում:

Միջամտութիւնների հետեւանքով, ի վերջոյ աքսորւում է իր ծննդավայրը՝ Պարսկաստան: Միառժամանակ էլ պարսկական Աստարայի բանտում տառապելուց յետոյ, ազատւում է եւ անցնում Էնզելի:

Պարսկական Սահմանադրական Կռիւներում

Էնզելիում Աբրահամը հանդիպում է Եփրեմին, որ առաջարկում է նրան կազմել իր խումբը մասնակցելու, շուտով սկսւող յեղափոխական շարժումներին: Նա իր հայրենակից՝ չհարմալցիներից եւ միւսներից կազմում է մի տասնեակ:

Այստեղից Աբրահամը կապւում է Եփրեմի հետ մինչեւ նրա մահը: Մասնակցում է նրա ռազմական գործողութիւններին, իբր յառաջապահ գունդ:

Ռաշտն ու Էնզելին գրաւելւոց յետոյ, Եփրեմը ծրագրում է առաջանալ դէպի Մանջիլ: Հակառակ իր զինակիցների դիմադրութեան, Եփրեմը իրագործում է իր ցանկութիւնը:

Ռուդբարը գրաւելուց յետոյ, Աբրահամի խմբին է յանձնում հետազօտելու Մանջիլի դիրքերը, եւ իբր յառաջապահ գունդ անցնելու գործողութիւնների: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով Սահմանադրականները գրաւում են Մանջիլ, Իւզբաչիչայ եւ Խարզան:

Աբրահամը Ղազւինի գրաւման ժամանակ, յանդուգն յարձակումներ է կատարում եւ թէեւ երկու անգամ վիրաւորւում է գլխից, բայց ի վերջոյ Եփրեմի հետ խորտակում են նահանգապետարանում ամրացած զօրքերի դիմադրութիւնը եւ անձնատւութեան պարտադրում:

Թեհրանը գրաւելիս կրկին Աբրահամի խումբն է, որ իբր յառաջապահ, առաջինն է մտնում քաղաք: Ապա Եփրեմի առաջնորդութեամբ անցնում դէպի խորհրդարան: Բուռն կռիւներ մղելով խորհրդարանին կից Սըփահսալարի մզկիթի շուրջ, Սթամբուլի քառուղիում եւ Հայկական դպրոցի շրջանում, Եփրեմն իր բանակով գրաւում է Թեհրանը 29 Յունիս 1909-ին: Երկու օր ծանր կռիւները շարունակւում են կոզակների ջոկատի դէմ, երբ Աբրահամը 3 ընկերներով, պատերի տակով, մօտենում է ջոկատի շէնքին եւ համազարկերով շփոթութիւն առաջացնում նրա մէջ:

Ղարադաղցի եւ Շահսովան Ցեղապետների Դէմ

Մոհամէդ Ալի Շահին երկրից հեռացնելուց եւ խաժամուժ զօրքը ցրելուց յետոյ, հազիւ Թեհրանը խաղաղւել էր եւ Սահմանադրական ղեկավարները անցել էին ներքին կազմակերպական աշխատանքներին, որ արտաքին դաւադիր ոյժերի դրդմամբ, ըմբոստանում են Մոլլա Ղորրան Ալին՝ Ջանջանում եւ ղարադաղցի ու Շահսովան ցեղերը Ատրպատականում:

Նրանց զսպելու համար, այդ շրջաններն է մեկնում պատժիչ արշաւախումբը՝ Եփրեմի ղեկավարութեամբ:

600 հոգուց բաղկացած այդ բանակում Հայ մարտիկների թիւը 100 հոգի էր, որոնց շարոքմւ Աբրահամն էլ իր խմբով:

...Արշաւախմբի տեղ հասնելու երկրորդ օրն իսկ, Եփրեմը փոքրիկ խմբով, հետախուզելու անունով, առաջանում է թշնամու դիրքերը, փախցնում ձիաւորներին եւ մտնում չէզքոք գօտին:

Ապա, թէեւ բախտիարցի եւ պարսիկ խմբապետները դէմ են լինում նախայարձակման, բայց Եփրեմը 150 հոգով գրոհ է տալիս թշնամի դիրքերի վրայ, պարտութեան մատնում, փախցնում եւ հասնում մինչեւ Հարիս գիւղը:

Յաջորդ օրը Աբրահամի ու Աւետիսի խմբերը, բախտիարցիների ու պարսիկ մոջահիտների աջակցութեամբ, խոյանում են այն լեռնանցքը, որ փակում էր Ղարադաղի կենտրոն Ահարի ճանապարհը:

Արիւնահեղ կռիւներից յետոյ, գրաւում է Ահարը: Բայց դրանով խնդիրը ոչ միայն վերջացած չի համարւում, այլեւ որոշ զգուշութիւնն են ձեռք առնում ծուղակի մէջ չընկնելու համար:

Յիրաւի Ռահիմ խանի ուժերը Այփոզան բռնելով, լեռան բարձրութիւնները, շրջանակի շարժումով, գրոհ են տալիս քաղաքի վրայ, իսկ նրանց մեծ խմբերը յարձակւում են քաղաքից դուրս հաստատւած պահակախմբերի վրայ:

Աբրահամն իր խմբով շտապում է այդ կողմ եւ յետ մղում թշնամուն, որ յամառօրէն դիմադրում է մինչեւ մութ ընկնելը:

Աստիճանաբար թափ տալով իր յարձակումներին, Ռահիմ խանն անցնում է վճռական հարւածի: Պատկառելի ոյժերով ինքն ու որդին՝ Բոյիւկ խանը աջ թեւի վրայ գրոհում են Եփրեմի ու Սարդար Բհադորի վրայ, իսկ Արշադ ու Զարղամ եղբայրները՝ Աբրահամի ու Աւետիսի վրայ:

Թշնամու ճնշումը ժամ առ ժամ ծանրանում է երկու ճակատներում եւս. կռիւը դառնում է գիրկընդխառն, երբ անկարելի է լինում տղաներին տեղից տեղ շարժել: Բայց թէ Եփրեմն եւ թէ Աբրահամն անակնկալ հակայարձակումով, ուժեղ համազարկերով նահանջի են հարկադրում թշնամուն:

Արշաւախմբի ամենից կատաղի այս կռւում ընկնում է Սալդաթ մականունով մարտիկը. վիրաւորւում են մի քանիսը, որոնց մէջ նաեւ Աբրահամը: ...

Թեհրանում Աբրահամը մասնակցում է Աթաբէկի փարքում ապաստանած նախկին մոջահիտների ըմբոստութեան զսպման գործին:

Ըմբոստների հետ էր նաեւ Թաւրիզի ապստամբութեան հերոս՝ Սաթթար խանը, որ ոտքից վիրաւորւում է կռւի ժամանակ:

Անխուսափելիօրէն պիտի սպանւէր նա եթէ վրայ չհասնէր Աբրահամը, չգրկէր, կռւից դուրս չհանէր նրան: Դրսում Աբրահամը լւանում է նրա վէրքը, կապում եւ հիւանդանոց տանում, ապա վերադառնում Փարք, մասնակցելու ըմբոստների զինաթափման:

Նախկին Շահի Արկածախնդրութիւնը

1911-ի ամրանը, նախկին Շահը խրախուսւած եւ զինւած, Ռուսաստանի կողմից ափ է իջնում Մազանդարանում իր ցեղակից թիւրքմէնների մէջ:

Իր անւանի զօրապետների միջոցով շատ կարճ ժամանակում պատկառելի մի բանակ կազմած, նա առաջ է շարժւում: Նրա բանակի թեւերը մի կողմից հասնում է Դամղան, իսկ միւս կողմից Վարամին – երկուսն էլ շատ մօտ Թեհրանին:

Եփրեմը սպասում է, որ միապետական բանակը շատ աւելի մօտենայ մայրաքաղաքին, նրան շեշտակի հարւած տալու հ

Եւ երբ այդ բանակը Արշադ-Դովլէի հրամանատարութեամբ հասնում է Թեհրանի դռների մօտ, Եփրեմը շարժւում է նրա դէմ: Եփրեմի հրամանատարութեամբ սահմանադրական այդ բանակին մաս էին կազմում Քեռու, Աբրահամի, Աւետիսի եւ միւս խմբապետների հայ եւ պարսիկ կամաւորական եւ բախտիարցիների հեծեալ խմբերը:

... Եփրեմն ու Քեռին թշնամուն զբաղեցնում են ճակատից, իսկ Աբրահամը աջ թեւից, բախտիարցիք՝ ձախից միահամուռ գրոհով շփոթեցնում են թշնամուն, գրաւում թնդանօթները: Ապա ամբողջ ճակատով հետապնդում են պարտւած բանակին, որ անկանոն փախուստի է դիմում:

Գերի են ընկնում 150 հոգի, որոնց մէջ նաեւ ընդհանուր հրամանատար Արշադ-Դովլէն:

...

Նախկին Շահի հետ երկիր էր անցել նաեւ Սալար Դովլէն նոյն Քերմանշահի շրջանում եւ վերակազմել իր բանակը: Այդ շրջանում գտնւող պետական զօրքերը պարտւու մեն եւ յետ քաշւում:

Շահի պարտութեամբ մայրաքաղաքի դաւադիրները սմքած լինելով, Եփրեմը որոշում է, այս անգամ էլ գնալ նրա դէմ եւ մի լաւ դաս տալ յաւիտենական այդ խռովարարին:

Մի օր Համադան մնալուց յետոյ, սահմանադրական բանակը անցնում է Բըհար գիւղը եւ շարժւում դէպի թշնամին, որ թնդանօթի ու հրացանի կրակ է բացում յառաջացող խմբերի դէմ: Առաջապահ գունդը Աբրահամի ղեկավարութեամբ գրոհում է դէպի լեռնանցքը եւ փախցնում այնտեղ դիրք բռնած հակառակորդին:

Զրկւած այդ յենարանից, թշնամին նահանջում է: Եփրեմի ոյժերը հետապնդում են նրան մինչեւ Սուջէ գիւղը: Այստեղ Սալար-Դովլէն կենտրոնացնելով իր ոյժերը, կատաղի դիմադրութիւն է ցոյց տալիս:

Աբրահամն այդ մասին զեկուցում է Եփրեմին:

–Շատ բնական է,– ասում է Եփրեմը,– երբ ամեն կողմից շրջապատել էք, պարզ է որ պիտի դիմադրի մինչեւ վերջ: Կատւին որ շատ նեղէք, կը յարձակւի ճանկերը բացած:

Ուզում էր ասել, որ թշնամուն միայն երեք կողմից պիտի օղակել եւ մի կողմը բաց թողնել փխուստի համար, ինչպէս ինքն էր անում:

Թշնամու կարեւոր ոյժը խորտակելուց յետոյ, Եփրեմը յոգնած լինելով, պարտւածի մնացորդների հետապնդումը թողել էր խմբապետներին:

Այդ կարգադրութիւնն անելուց յետոյ, նա Զոհրաբ խան բժշկի, Աբրահամի եւ մի քանի մարտիկների հետ մի քանի հարիւր քայլ անցնում է դէպի ձախ եւ նստում հանգստանալու:

Աբրահամը անցնում է դէպի գիւղի բերդ-աշտարակը, որի շուրջ բուռն կռիւը շարունակւում էր:

Մի քիչ հանգստանալուց յետոյ, համբերել չկարողանալով, Եփրեմը Զոհրաբ խանի հետ մօտենում են կռւի վայրին: Անցնում են պարսպի պատի տակից, բայց բերդից արձակած գնդակից, ընկնում է Զոհրաբ խանը: Եփրեմը ցանկանում է նրան յետ քաշել, իր կառապան Յովհաննէսը թեւից բռնելով, զգուշացնում է. բայց Եփրեմը մի ապտակ տալով նրան, առաջ է անցնում եւ վերեւից արձակւած գնդակից ընկնում (1912 Մայիս 6-19ին):

...Քեռին ընտրւում է հրամանատար եւ առաջանում թշնամու մի նոր զօրամասի դէմ, որ սրընթաց քայլւոմ էր՝ շփոթւած բանակին յանկարծակիի բերելու համար:

Բայց Քեռին ձախ թեւից, Իւանն ու Կիրակոսը՝ աջից, Աբրահամն ու բախտիարցիք՝ կենտրոնից, բուռն գրոհով թշնամուն յետ են մղում:

...Աբրահամն ու բախտիարցիք հետապնդում են ջարդւած թշնամուն մինչեւ 5-6 քիլոմետր:

Բանակի հրամանատարութիւնը Աբրահամին, Գրիշին ու Սարգսին են յանձնում Եփրեմի դիակը՝ Թեհրան հասցնելու:

Սալար-Դովլէին փախցնելուց յետոյ, դադարում են կռիւները:

Հ. Յ. Դ. Թեհրանի Կենտ. Կոմիտէի հրահանգով, ցրւում է հայ կամաւորական խումբը: ԽՄբապետներից ու մարտիկներից մի մասը մտնում է Եփրեմի ստեղծած ապահովութեան սպասարկութեան եւ հեծեալ պահակախմբերի մէջ: Այս վերջինն է ընտրում Աբրահամը, որ իբր հարիւրապետ իր հարիւրեակով նշանակւում է մանուկ Շահի պահակախմբի պետ:

Բայց այդ պաշտօնում նա մնում է միայն մի քանի ամիս:

Պարենաւորման Կազմակերպութեան Մէջ

Արհեստական սովն ու հացի սղութիւնը յաւիտենական ցաւ է եղել Իրանում: Հացի խնդիրը յաճախ պատճառ է դարձել ամբոխային շարժումների եւ ժողովրդական ապստամբութեան:

...Սահմանադրական կարգերը հաստատւելուց յետոյ էլ, միապետականներն աշխատել են արհեստական սովի միջոցով գրգռել ամբոխին՝ կառավարութեան դէմ:

Այդպիսի դաւերի առաջն առնելու նպատակով, կառավարութիւնը հիմնում է «պարենաւորման վարչութիւն», որ իր հսկողութեան տակ է առնում հացահատիկների ամբողջ հասոյթը եւ կանոնաւորում նրա բաշխումը:

Պարենաւորման այդ վարչութեան տնօրէն է կարգւում արեւմտահայ Տիգրան Հաջեանը:

Գործն ամուր հիմքերի վրայ դնելու նպատակով, Հաջեանը ծրագրում է կազմել յատուկ պահակախումբ, պարենաւորման աշխատանքներն հսկելու ու աջակցելու համար:

Այդ պահակախմբերի ղեկավարութեան մէջ հրաւիրւում են մի շարք հայ խմբապետներ վստահ նրանց ուղղամտութեան վրայ – Գրիշ, Իւան, Ֆարամարզ եւ Աբրահամ: Վերջինս միառժամանակ բարեխղճօրէն կատարում է իր պարտականութիւնը, երբ անակնկալ կերպով ձերբակալւում եւ բանտարկւում է անտեղի, մեղադրւելով իբր բախտիարցի – կոզակների մէջ եղած ընդհարման մասնակից:

Աննկարագիր անձնական հակառակորդ մի հայ խմբապետ էր մատնել նրան:

Բայց Աբրահամն արդարանում է եւ բանտից ազատւում Տ. Հաջեանի երաշխաւորութեամբ:

Հայ Կամաւորական Խմբում

Աբրահամն այդ պաշտօնի մէջ էր, որ պայթում է առաջին Համաշխարհային պատերազմը: Սկսւում է հայ կամաւորական շարժումը:

Շարժուն եւ ոգեւորւած Աբրահամն ի հարկէ հանգիստ մնալ չէր կարող: Թողնում է պաշտօն, գործ, ամեն բան, իր շուրջն է հաւաքում մի քանի Չարմհալցի երիտասարդների եւ Մազանդարանի վրայով անցնում է Բագու: Ներկայանում է կուսակցութեան մարմնին, որ նրան իր խմբով Թիֆլիս է ճամբում:

Մինչեւ կամաւորական խմբերի կազմակերպումը, նրանց որոշ աշխատանքի են դնում: Աբրահամը որոշում է մտնել Իշխան Արղութեանի խումբը եւ այդու մեկնում է Երեւան-Քանաքեռ:

Տեղեկութիւն ունենալով Եփրեմի խմբում Աբրահամի ունեցած գործունէութեան մասին, Իշխանը նրան իր խմբով նշանակում է իր սիրած պաշտօնին՝ իբր յառաջապահհ գնդի պետ:

Քեռին, ապա Անդրանիկը նրան առաջարկում են մտնել իրենց խմբերը, բայց նա հաւատարիմ է մնում իր խոստման: Իր այդ հաստատակամութեան համար արժանանում է Անդրանիկի գովասանքին:

Իշխանի կամաւորական խմբի մեկնումի առթիւ մեծ հանդիսաւորութիւն ու խրախճանք է կատարւում Զանգուի ափին:

Մի երկու օր խումբը մնում է Իգդիր, ապա անցնում Արաղայի դաշտը գիշերում Ջանիկ գիւղում: Յաջորդ օրը շարժւում է դէպի Վան, որն արդէն գրաւուած էր Հայկական միւս կամաւորական խմբերի միջոցով:

Մի քանի օր մնում են Աւանս գիւղում: Սպայակոյտը Աբրահամին ուղարկում է հետազօտութեան: Նա անցնում է Վարագայ լեռան կողքով Քէշիշ գիւղը, ապա մութն ընկնելիս հասնում քրտական մի գիւղ: Թէեւ յանձնարարւած էր նրան թեթեւ հետազօտութիւնից յետոյ վերադառնալ, բայց նա մտածում է աւելի լայն շրջան քննութեան առնել եւ ամեն կողմ հետախուզել:

Յաջորդաբար անցնում է Զիլան եւ Ալիւր գիւղերը, բայց թշնամու հետք չի գտնում: Այդուհանդերձ նա յաճախ է հետազօտութեան դուրս գալիս:

Կամաւորական խումբը ստիպւած մօտ մի ամիս մնում է Հայկայ ձորում մինչեւ ռուս զօրքը լրացնում է իր պակասութիւները: Բայց երբ թրքական զօրքն է մօտենում խումբն էլ առաջ է շարժւում: Այդ ժամանակ թշնամին արդէն բռնած է լինում բարձրութիւններն եւ մեծ դժւարութիւններ ստեղծում խմբի առաջ:

Իբրեւ յառաջապահ Աբրահամն իր խմբով գրոհ է տալիս թշնամու վրայ եւ դիրքից դիրք անցնելով հեռացնում է թրքական զօրքի զօրամասերին, գրաւում նրա բռնած բարձրութիւնենրն առանց մի զոհ տալու:

Շուտով հասնում են Իշխանն ու ռուս զօրքը: Այստեղ ռուս զօրքի հրամանատար Չերնոզուրովը Աբրահամին պարգեւատրում է Խաչի շքանշանով:

Յաջորդ օրը կրկին հանդիպում են թիւրք զօրքին Աբրահամն իր խմբով եւ կոզակների մի գնդակի աջակցութեամբ միահամուռ գրոհ են տալիս թշնամու վրայ: Աբրահամն ապա շուրջանակի մօտենում է Ս. Յակովբայ լեռնանցքին, որպէսզի անցնի հակառակորդի թիկունքը, բայց հրահանգ է ստանում վերադառնալ:

Ուժեղ այս կռւում նա ունենում է միայն մի քանի վիրաւոր:

Յաջորդ օրն անցնում են Վան:

...

Իշխանի կամաւորական խմբի հետ են լինում Քեռու կամաւորական խոմբն ինչպէս եւ ռուսական զօրքը:

...

Սպայակոյտը կարգադրում է Իշխանի ու Քեռու խմբերին շարժւել դէպի Շէյխ Գեադուկ, որ բռնւած էր տաճիկ զօրքով:

Պէտք է ասել, որ հայ կամաւորական խմբերը, վրէժով լցուած, շատ քիչ ուշադրութիւն էին դարձնում ռուս բանակի հրամանատարի կարգադրութիւններին: Նրանք ոգեւորւած առաջ էին անցնում, որպէսզի հասնեն Սանամերեկ ու Զուլամերեկ եւ ազատեն այդ շրջանների հայ գաղթականութեան:

Այդ ոգեւորութեամբ նրանք հասնում են Ռեւանդուզ: Բայց այստեղ նրանց համար ստեղծւում է ծանր դրութիւն, որովհետեւ նրանք ընկնում են մի ձորաբում, շրջապատւած բարձր լեռներով եւ նրանց վրայ դիրքեր բռնած թշնամիով:

Մեծ դժւարութեամբ հազիւ են կարողանում գրաւել լեռների մի մասը, մինչեւ որ հասնում է ռուս բանակն եւ իր հրետանու շնորհիւ գրաւում Ռեւանդուզը:

Այստեղ Աբրահամը հետախուզումի է ուղարկւում Մուսուլի շրջանը: Այս անգամ գնում է միայն եօթն հոգով: Մի ձորում նկատում է, որ տաճիկ զօրքը բռնել է լեռները, իսկ քրտական հրոսակները համախմբւել են անտառում:

Քարերի տակ պատսպարւելով եւ անընդհատ կռւելով, հազիւ են ազատւում ինքն ու տղաները եւ կացութեան վտանգաւորութեան մասին լուր տանում բանակին:

Այտեղ էլ ռուս հրամանատարը Աբրահամին պարգեւատրւում է Գէորգեան խաչով, իսկ նրա օգնական Աւետիսին՝ մեդալով:

...

Վերջապէս այդ ճակատում սկսւում է խիստ կռիւը: Թշնամին առաջանալով աշխատում է շրջանակի անցնել Քեռու խմբի թիկունքը: Քեռին գրոհ է տալիս լեռն ի վեր՝ կասեցնելու թշնամու ծրագիրը: Յանդուգն այդ յարձակման ժամանակ ընկնում են մի քանի մարտիկներ, գնդակ ստանալով ուղիղ ճակատից:

Թշնամին միւս կողմից խիստ յարձակում է գործում առաջապահ դիրքերի վրայ, ու Աբրահամն էր իր խմբով: Ընկնում է գնդացիրի վրյա աշխատողը: Մարտիկները ձիերից ցած գալով, մաուզէր ատրճանակներով հակայարձակման են անցնում եւ յետ մղում հակառակորդին: Երեկոյեան կռիւը դադարելուց յետոյ է միայն յայտնի դառնում Քեռու սպանութիւնը:

Մարտիկները հաւաքւում են նրա դիակի շուրջ եւ երդւում լուծել նրա վրէժը: Ռուսական զօրքը նահանջում է գիշերով: Այդ բանակը Ռեւանդուզում թողնում է ահագին քանակութեամբ զէնք, ռազմամթերք եւ ոաշար, որից մի շիւղ իսկ չէր ուզում տալ հայ կամաւորներին...

Դիտաւորեալ չէ՞ր արդեօք, որ չոչնչացրին այդ մեծ հարստութիւնը, որ ընկնելու էր թշնամու ձեռքը...

Բանակն նանցում է Շէյխ Գեադու, անցնւոմ Պարսկաստան եւ հասնում Ուրմի: Այստեղ հրահանգ է ստացւում լուծել Հայ կամ. խմբերը:

Իշխանը խմբի մեծամասնութեան հետ մեկնում է Երեւան: Բայց Աբրահամն իր փոքր խմբով մնում է բանակում, յատկապէս տաճիկների դէմ կռւելու եւ իր վրէժը լուծելու ցանկութեամբ:

Իշխանն է նրան յանձնարարում բանակի հրամանատարին:

...

Ուրմիայի Դէպքերը

Բացայայտ իրողութիւն էր, որ տաճիկ գործակալները Պարսկաստանի սահմանամերձ շրջաններում լայն քարոզչութիւն եւ գրգռումներ էին կատարում, մանաւանդ կրօնական մոլեռանդութեամբ տարւած տարրերի մէջ:

...

Նրանց դրդումով տեղացի թուրք-թաթարները յարձակւում են ասորի-ջէլոների վրայ: Նահանգապետը խռովութիւնը զսպել չկարողանալով իր կեանքի վտանգից, թողնում են փախչում է:

Քաղաքը մատնւում է անիշխանութեան: Աբրահամը խոհեմութիւն է համարում չմիջամտել, բայց իր խումբը պահում է պատրաստ վիճակում:

Հայ ազգաբնակութիւնն ու գիւղացիք չէզոք դիրքի մէջ, թէ քաղաքում եւ թէ գիւղերում պաշտպանում են, ապաստան են տալիս իրենց տներում ու եկեղեցիներում խաղաղ թիւրք թաթարներին ու նրանց ընտանիքներին: Նրանք վտանգւած մեծ կրօնապետին (մոշտեիդ) հասցնում են բողոքական միսիոնար Դոքտոր Շէյդի բնակարանը: Դր. Շէյդը ամերիկեան կառավարութեան ներկայացուցչի հանգամանք ունէր:

Թիւրք-ասորական կռիւը տեւում է 24 ժամ, պարտւում են նախայարձակ թաթարները: Հաշտութիւնը կնքւում է Դր. Շէյդի միջոցով:

Ժողովրդի կողմից քաղաքի միլիցապետ է ընտրւում Աբրահամը, որ երեք ազգութեան պատկանող հեծեալներով հսկւոմ է քաղաքի անդորրութեան վրայ:

Բայց շուտով խանգարւում է կարգը: Թաւրիզը գրաւող տաճկական զօրքի հրամանատար Ալի Էհսան փաշան Ուրմի է ուղարկում իր ներկայացուցչին:

Ջիլոների ղեկավար Մար Շիմոնն եւ տեղացի ասորիների առաջնորդ աղա Պետրոսը որոշում են գնալ Սալմաստ բանակցելու քուրդ Սըմկոյի հետ, նրան տաճիկների դէմ հանելու համար:

Աբրահամը խիստ միամիտ է գտնում այդ քայլը եւ խորհուրդ չի տալիս կասկածելի այդ աւազակապետի մօտ գնալ:

Բայց նրանք գնում են եւ Մար Շիմոնը ընկնում է դաւադիր ցեղապետի ծուղակը: Աղա Պետրոսն ազատւում է եւ անցնելով ասորիների գլուխը յարձակւում է Սմկոյի վրայ:

Բայց տաճիկ զօրքի մօտենալու պատճառով, թէ Աղա Պետրոսն իր ասորի զինւածներով եւ թէ Սամսոնն (Ստեփան Թադէոսեան) իր հայ մարտիկներով ստիպւած են լինում դատարկել Սալմաստն եւ անցնել Ուրմի:

Այդ օրերին Անդրանիկն իր խմբով տաճիկ զօրքի թիկունքն անցնելու նպատակով, մինչեւ Խոյ է հասնում, ճակատում է թշնամու դէմ, բայց հայկական ոյժերի մասին լուր չունենալու պատճառով, աւելի չի խորանում եւ վերադառնում է Կովկաս:

...

Աբրահամը մի շարք յարձակողական եւ պաշտպանողական գործողութիւններից յետոյ, Քարնաւադի դիրքերում, քաղաքից օգնական ոյժերի է սպասում որպէսզի թշնամու դիմադրութիւնը խորտակելով անցնի Ղուշչի, երբ ղեկավարութիւնը նրան յետ է կանչում քաղաքը պաշտպանելու համար:

...

Աբրահամն իր խմբով ստիպւած է լինում թողնել դիրքերը եւ միւս պաշտպանողական ոյժերի հետ, համախմբւել քաղաքում: Առաջարկւում է Աբրահամին ստանձնել պաշտպանողական ընդհ. ղեկավարութիւնն եւ իր ոյժերին միացնելով ասորի մի հարիւրեակ անցնել Ղուշչի լեռնանցքը, կասեցնելու Սալմաստից դէպի Ուրմի շարժւող Տաճիկ զօրքի ընթացքը:

...

Կռւելով նրանց եւ քրդերի դէմ, երբեմն բուռն ընդհարումներ ունենալով աւազակախմբերի հետ, զինւած խմբերը ժողովրդին հասցնում են Սարին Ղալէ:

Այստեղ իմանում են Կոստիի սպանութեան մասին: Կոստին չէր կարողացել ճանաչել ծպտւած տաճիկներին, որ անգլիական հագուստով մօտեցել եւ ահաբեկման էին ենթարկել նրան: Այդ ժամանակ Սարին Ղալէում անգլիական մի փոքրիկ զօրամաս կար:

...

Արչինայում անգլիական զօրքի հրամանատարը առաջարկում է Աբրահամին, ամսական 70 ֆ. Ստերլինգ ռոճիկով, իր խմբով գնալ Բաքուրէ, մասնակցելու այնտեղի կռիւներին: Բայց Աբրահամը Թեհրանի Կ. Կոմիտէի կողմից Թեհրան կոչւած լինելով, մերժում է եւ իր խումբը յանձնելով իր օգնական Խէչոյին (քուրդ մականունով) մեկնում է Թեհրան:

Կուսակցութեան մարմնի արտօնութեամբ մտնում է Եփրեմի կազմակերպած հեծեալ պահակախմբի մէջ, ապա անցնում բանակ:

...

Հաստատւում է իր վերջին պաշտօնավայր՝ Շիրազում եւ ապրում մենակ, (Աբրահամը ամուրի էր մնացել) միշտ պատրաստ կատարելու կուսակցութեան հրահանգները, ինչպիսի դժւարութիւններ էլ ունենային:

Սոյն տարւայ (1963) Հոկտեմբերին կաթւած է ստանում: Փոխադրւում է Թեհրան եւ Նոյեմբեր 14-ին հիւանդանոցում յաւտենապէս փակում է աչքերը:

Հայկական սովորութեան համաձայն, նա էլ թաղւում է հանդիսաւոր յուղարկաւորութեամբ:

Թող հողը թեթեւ գայ նրա բազմաչարչար մարմնի վրայ:

*Աբրահամի յուշերը տպագրուած են «Հայրենիք» ամսագրի 1956 թւի Մայիսից Դեկտեմբեր եւ 1957 թ. Յունւարի համարներում:

Յ. Է.
«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 7-13 (7666-7672)