29 January, 2025

Արամի Սնարին Մօտ

Ընկեր Հայկակ Կոսոյեանի յուշերէն հատուած մը՝ Արամի մասին

1919 թուականի Յունուար 29ին, մի սուգ օր, Երեւանի իր բնակարանում, մի վարակիչ ծանր հիւանդութեան դէմ շուրջ քառասնօրեայ դիմադրութիւնից վերջ, վախճանուեց Սիւնեաց աշխարհի ծնունդ՝ Վասպուրականում մարտական-յեղափոխական աշխատանքների քուրայից անցած Վանի Արամը:

Հայ ժողովրդի նորագոյն պատմութիւնը իրաւամբ նրան երապահեց զոյգ դափնեպսակներ:

Առաջին՝ երբ 1915 թուին Վասպուրականում մղուած զինապայքարի յաղթական աւարտումով, Վանում հիմնադրուեց հայ իշխանութիւնը, այն մարմնաւորեց Արամը, ընդհանուր նահանգապետի հանգամանքով:

Երկրորդ՝ կերտիչ եւ ամրապնդող Հայաստանի Ազատ եւ Անկախ Հանրապետութեան գոյացման, Հայկական Միջնաշխարհ՝ Արարատեան դաշտում:

Վերոյիշեալ երկու փաստական հանգամանքներն դարձան, ի կենդանութեան Արամի պատմական գործերի եւ փառաց գագաթնակէտերը: Նախ Վան եւ ապա Երեւան: Մէկը միւսով լրացած հիւսեցին Մանուկեան Արամի ճակտին անկորնչելի լուսապսակներ: Այն արձանագրուեց մեր ժողովրդի յեղափոխական մարտնչումների պատմութեան մատեանում, դարերի տեւողութեամբ: Այնքան յաւերժական, որքան ինքը հայ ժողովուրդն է մեր մոլորակի վրայ:

* * *

Արամին առաջին անգամ տեսայ եւ ծանօթացայ Ռշտունեաց աշխարհի Աղթամար կղզում, որը յեղափոխական ծածկանունով կոչւում էր Ս. Հեղինէ:

1905-6 ուսումնական տարում պաշտօնավարում էի Աղթամարայ կաթողիկոսարանի թեմական միջնակարգ դպրոցում, որ բացուած էր Լեռնապարի շրջանի հայդուկ-ղեկավար Իշխանի ցուցմունքներով, փոխարինելով վանական հին ժառանգաւորաց դպրանոցին:

Աշնան երկրորդ ամիսն էր, մեր դպրանոցի ուսումնական պարապմունքները սկսել էին կանոնաւոր ընթացքի մէջ մտնել: Այդ օրերին, ահա Հայոց Ձորի հանդիպակաց կողմից, Խորդոմ հայ գիւղի Վարդ-Պատրիկ կոչուած եզերափից մի փոքր մակոյկով Աղթամար կղզին եկաւ Արամը իւր երկու զինակիցների հետ՝ Պարսամեանի Մանուկի եւ նրա եղբայր Ալէսի հետ: Այս երեքի հետն էր նաեւ Ռուբէն Տէր Մինասեանը, որին ճանաչում էի Գէորգեան ճեմարանից, բուն անունով Մինաս Տէր Մինասեան:

Առաջին անգամն էր, որ տեսնում էի Վահան Փափազեանին (բժիշկ) փոխարինող՝ ֆեդայի յեղափոխական Արամին: Նա էլ իր հերթին առաջին անգամն էր, որ ոտք էր դնում պատմական այդ վայրում:

Արամը բարձրահասակ էր. լայն թիկունքով մի երիտասարդ: Առոյգ դիմագծերով, բաւական հարոստ ընչացքներով: Գլխին ծածկած ունէր թրքական ծոպաւոր ֆէս: Կրում էր տասհարուածեան մի մաուզէր, արդիական հեռադիտակ: Ձեռքին կարճ մոսին հրացան:

Արամը անձամբ ընկերակցելով Ռուբէնին եկել էր կղզին, նրան յանձնարարեց Իշխանին, աշխատելու լեռնապարեան շրջանում, որ մի առանձին Կենտ. Կոմիտէութիւն էր եւ իր սահմաններում ընդգրկում էր Գաւաշ, Մոկս, Շատախ, Կարճկան, Կարկառ, Խիզան, Ոզմ, Բարուարն ու Մամրտանքը, մինչեւ Սղերդի սահմանները:

Այդ տարին ողջ ձմեռը, գարունը եւ ամառը Ռուբէն ապրեց Կարկառի Խնձորուտ գիւղում, զինակցելով հին եւ փորձ հայդուկներ Կարկառցի Եղիշի եւ Խնձորուտցի Գալուստի (Վրորշիկ) մնացեալ ֆեդայական-մարտական խմբերին: Միայն յաջորդ տարի՝ 1906 թ. աշնան, որոշ զինամթերքի պաշարով Ռուբէն մեկնեց Տարօն-Տուրուբերան, իբրեւ ղեկավար գործիչ Տարօն-Բարձրաւանդակի Կենտ. Կոմիտէութեան, Գէորգ Չաւուշի մարտական խմբին գործակցելով:

Ահա հինաւուրց Աղթամարումն էր, որ մի քանի օրերի ընթացքին աւելի ծանօթացայ Արամին: Նա եւս իր հերթին, զորյցների ընթացքին, ճանաչեց ինձ, որպէս ճեմարանական սերնդի պատկանողի, ինչպիսիքն էին Բաղէշցեան Համազասպ, Մելքոնեան Մկրտիչ (Գարմէն), Ղեւոնդ Մելոյեան, Միհրան Թերլեմէզեան եւ ուրիշներ:

Մեր փոխադարձ ծանօթութիւնը յեղափոխական աշխարանքների ընդհատակեայ մարզու դարձաւ մտերմիկ, թէ անհատական-անձնական գծով եւ թէ կազմակերպականօրէն:

Անկարող եմ այստեղ յիշատակել Օսմանեան Սահմանադրութեան վաղորդայնին Արամի եւ իր գաղափարակից հոյլի կրած քրիստոնէական չարչարանքները, թուքի եւ ապտակի անարգանքներն ու տուայտանքները 1908ի գարնան, երբ նրանք, առանց դոյզն ինչ ընկերկումների, կրեցին յանուն ժողովրդի անվտանգութեան: Յանուն յեղափոխական գործի առաջադրած զոհողութեանց: Ջրհոր-թաքստոցից կրեցին հայ ժողովրդի խաչը: Ըմպեցին լեղին ու քացախը Վանի բանտում ու կալանքի ողջ շրջանին...

Ա. շարք, ձախէն աջ՝ Արամ ՄանուկեանՏաճատ,...4րդը՝ Պուլկարացի Գրիգոր, 6րդը՝ Ղեւոնդ Մելոյեան
Բ. շարք աջէն 3րդը՝ Թովմասեան Յակոբ
Նկարուած 06 Մայիս 1908-ին, իրենց թաքստոցները բացայայտուելէն ետք, շրջապատուած թուրք զինուորներով
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Մինչեւ Հիւրիէթի հռչակումը:

Որպիսի խրախճանքի եւ ժողովրդական ցնծութեան փառատօն հանդիսացաւ այն բախտաւոր պահը, երբ Ջրհորեան կալանաւորները գլխաւորութեամբ Արամի, արգելարանից լոյս աշխարհ եկան: Հայ Յեղափոխութեան ջահը անմար պահողներին, լեռնապարում ապաստանավայր ընտրած ֆեդայական խմբերին, Իշխանին, Բժշկին, Վանայ Սարգսին, նրանց շուրջ համախմբուած հայդուկներին:

Ազատութեան այդ օրը Վանի բանտի սեմին էի եւ բազում գաղափարակից շարքայինների ու համակիրների հետ միասին, նրանց ազատ արձակումը, կենդանի աչօք տեսնելու երջանկութեամբ:

Ազատութեան այդ պահը պայծառօրէն գամուած կը մնայ իր մտքում եւ սրտում: Երբ ազատեալները, էն առաջ ինքը Արամը եւ միւս չարչարակիցները, դուրս եկան Արգելարան-դժոխքից՝ արեւի լոյսի տակ գրկախառնում ու ողջագուրումներ երկուստեք ազատութեան մթնոլորտի մէջ: Բերկրանքի թափօրով անցանք թրքական թաղերով, հասանք Վանի Առաջնորդարանի շէնքը: Այնտեղ խօսեց Առաջնորդը՝ «ո՞ւր է դժոխք խայթոց քո» բնաբանով: Առաջնորդ Հօր, քաղաքական եւ կրօնական ժողովների անդամների եւ ուրիշ երեւելիքների անդամների եւ ուրիշ երեւելիների ներկայութեանը Արամը փոքր ինչ մարած ձայնով, բայց արիարանց շեշտով պանծացրեց ժողովրդի եւ յեղափոխութեան յաղթանակը, ապա կոչ արաւ բոլորին դէպի Նոր Գործ, Նոր Աշխատանքներ, ամրակուռ դարձնելու Սահմանադրութեան բերած բարիքները ընդդէմ հակայեղափոխական ուժերի: Ուժեր, որոնք այժմ սմքած, դարանամուտ սպասում են յարմար պահի, խեղդելու Ազատութեան, Եղբայրութեան ու Հաւասարութեան սկզբունքները...

Արամը այդ օրը իր ընկերակիցների հոյլի հետ վանդակից ազատուած արծիւներ էին: Թուրք եւ հայ ժողովուրդը այդպէս էին համարում...

Սրանից յետոյ էր, որ ժողովրդային որակումով, Արամ փաշա սկսեց կոչուել թրքական շրջանակներից:

Սահմանադրութիւնից յետոյ, երբ Դաշնակցութիւնը օրինականացուեց, Արամը իր կազմակերպչական բացառիկ ընդունակութիւններով Վասպուրականի Դաշնակցութեան է՛ն կարող վարիչներից մէկը մնաց, միշտ յարգուած ժողովրդական բոլոր խաւերից:

Նրա ինքնազոհ ճիգերով Հ. Յ. Դաշնակցութիւնը Վասպուրականում դարձաւ այն հաստատուն կաղնին, որի արմատները հարազատօրէն ճիւղաւորուեցին քաղաքացի հասարակ ժողովրդի եւ գիւղի աշխատաւորութեանց մէջ, արտակարգ ծաւալականութեամբ:

Ամէնքը կաթոգին սէր էին տածում դէպի դէրվիշական խստակեացութեամբ ապրող այդ մարդը, որի սնունդն էր կենդանի գործ, յեղափոխական աշխատանքներ:

Այդպիսին էլ մնաց նա ինչպէս Վանում, ապա Երեւանում...:

«Հայրենիք», Պոսթոն
71-րդ Տարի, Թիւ 17,282