1904 թւականի սկզբներում մի օր Ալէքսանդրապօլի կենտրօնական կօմիտէի առաջ երևում է դպրոցական նստարանը նոր թողած մի թուխ պատանի: «Ես եկել եմ ծառայելու Հ. Յ. Դաշնակցութեանը, վստահ շեշտով յայտնում է նա, ես խնդրում եմ ձեզ, որ գործ տաք ինձ, տերրօր կամ Հայաստան գնալ. ես ուզում եմ մեռնել հայրենիքի համար»:
Այդ պատանին՝ Հմայեակ Ջանփոլադեանն էր, «Համօն», բնիկ Վայոց Ձորցի, Կովկասում բաւական յայտնի մի ընտանիքի զաւակ: Լայնաթիկունք, աշխոյժ, կրակոտ շարժուձևերով, մանկութիւնից ձիու վրայ և հրացանը ձեռքին մեծացած: Իր ըմբոստ բնաւորութեան պատճառով կիսատ թոնելով դպրոցի դաընթացքը, գժտւելով հօր հետ – իրեն ամբողջ հոգով ու մարմնով նւիրաբերում է յեղափոխական շարժմանը՝ այնտեղ գտնելով իր ուժերի և զգացմունքների համապատասխան միջավայր:
Սակայն Ալէքսանդրօպօլի կօմիտէն նկատի առնելով նրա տարիքը, յեղափոխական ասպարէզում անփորձ լինելը, մերժում է նրան յանձնել մարտական գործեր, այլ որպէս շրջիկ-քարոզիչ՝ փորձւած շրջիկների ձեռքի տակ, ուղարկում է Շիրակի գիւղերը: Նա շրջում է գիւղերը, խօսում-քարոզում, գիւղական ենթակօմիտէների հաշիւները քննում, զէնքի տեղափոխութեան մասնակցում, բայց այս ամենը նրա սրտով չէ. նրա անզուսպ հոգին կռիւ, հերոսական գործեր է տենչում:
Այդ օրերում Ալէքսանդրօպօլը և Կարսը Տաճկահայաստան ֆէդային խմբեր ուղարկելու համար պատրաստութիւններ էին տեսնում. անցնում էր Կայծակ Վաղարշակի խումբը, և մի քիչ յետոյ անցնելու էր Թումանի խումբը: Համօն խնդրում է կօմիտէին, որ իրեն էլ վերցնեն խմբերից մէկի մէջ. սակայն նորից նոյն առարկութիւններով մերժւում է:
Յայտնի է Թումանի խմբի ողբերգական վախճանը: Գուցէ ո՛չ մի անգամ ռուսական պաշտօնէութիւնը այնպէս ոտաց տակ չէր տւել մարդկային խիղճն ու պատիւը, քան այս դէպքում, երբ մի բուռն, սրբազան ոգևորութեամբ վառւած հայ երիտասարդներ գնում էին թիւրք զօրքի սիւների վրայով իրենց դարերով տաօապած եղբայրներին օգնութեան. ռուս իշխանութիւնը լոյս-ցերեկով Օլթիի սահմանագծի վրայ, միացած թուրք զինւորների հետ, հրացանազարկ արեց հայութեան ամենաընտիր զաւակներին: Ազգերի ազատագրութեան պատմութիւնների մէջ այս եզակի տմարդ, յաւէտ անմոռանալի եղեռնին,– ուր երկու արիւնոտ բռնակալութիւններ իրար ձեռք են տալիս մի մարտիրոսւող ժողվրդի դէմ – զոհ գնացին նւիրական Թումանը, Շիրակցի Տէրտէրը, Ալէքսանդրօպօլսի սքանեչլի Վաղօն ու Մարտին Ստեփանեանը, հռչակաւոր Որսորդ-Գէորգը և միւս լուսահոգի նահատակները: Ամբողջ հայութեան վրայ սուգ ու սարսափ տարածւեց, և միևնոն ժամանակ վրէժի և ցասման հուժկու ձայներ յեղափոխական լայնածաւալ խաւերում... Շատերը բուռն փափագ յայտնեիցն վրէժխնդիր լինելու այդ եղեռնը կատարող Բըկով կոչւած բորենուց, որ Օլթիի կազակների վաշտի պետն էր. սակայն այդ պատիւը վիճակւեց պատանի Համօին:
«Դրօշակ» Հոկտեմբեր 1904, Թիւ 10 (151) |
Համօն խնդրում-պահանջում է Ալէքսանդրօպօլի կօմիտէից, որ իրեն յանձնւի այդ տերրօրը, համոզելով, որ ինքը յաջող կը կատարէ, քանի որ լաւ ծանօթ է Օլթիին, իրենք այնտեղ աղի հանքեր ունին, Բըկովի հետ անձամբ ծանօթ է, նա կարող է այդ վազանին հէնց իր բնակարանում սպանել. մերժման դէպքում ինքը իր սեփական նախաձեռնութեամբ, ինքնագլուխ կը գնայ և կը կատարէ: Կօմիտէի ընկերներից մի քանիսը դիտել և ուսումնասիրել էին Համօի ուժեղ բնաւորութիւնը, համոզմունք էին գոյացրել նրա անյողդողդ կամքի և յանդգնութեան վերաբերմամբ: Վերջապէս որոշւում է և նա գնում է Օլթի: Մի քանի օրից յետոյ վերադառնում է նա, գործը յաջող կատարած: Բըկովը Համօի վրիժառու ձեռքից գնդակահար ընկնում է հէնց իր թիկնապահ կազակի աչքերի առաջ: Այդ կատարւում է 1904 թւին օգոսոստի առաջին օրերին:
Համօն տեղափոխւում է Թիֆլիս: Նոյնպիսի յաջողութեամբ նա գլուխ է բերում մի պրիստաւի տերրօրը Թիֆլիսի ամենաբանուկ փողոցներից մէկի վրայ: Այդ պրիստաւը մեծ եռանդ էր ցոյց տալիս դաշնակցականներին հետևելու, խուզարկելու, զէնքեր գրաւելու մէջ:
1905 թւի փետրւարին, Բագւում բռնկում է նոյն ռուսական պաշտօնէութեան սադրած այն մեծ արիւնոտ խաղը, որ յայտնի է «հայ-թաթարական ընդհարում» անունով: Թաթարական խուժանը յարձակւում է հայերի վրայ. յանկարծակիի եկած հայերի մէջ հանդէս են գալիս միայն մի քանի տասնեակ դաշնակցական զինւած երիտասարդներ, որոնց քաջագործութիւնների մասին շատ է գրւած իր ժամանակին: Համօն այդ անձնւէր քաջերից մէկն է լինում, որ ականատեսների վկայութեամբ ամենայն անվեհերութեամբ կռւում է, փողոցից փողոց անցնելով և մաքրելով հայ թաղերը գազանացած թաթար խուժանից:
Երբ ապացուցւում է, որ Բագւի թաթարական յարձակումը ներշնչւած և կազմակերպւած է եղել նահանգապետ Նակաշիձէի ձեռքով, որ յայտնի էր իր հայատեցութեամբ, առաջ էլ իբրև Երևանի նահանգապետ: (Փակագծի մէջ ասենք՝ նա էր, որ գրոհ տւեց Էջմիածնի հինաւուրց սրբավայրը և ծերունազարդ հայրապետի աչքերի առջև կազակներով խորտակեց մայր աթոռի գանձարանի դռները՝ կողոպելու համար վանքի երեևակայեալ հարստութիւնները):
Հ. Յ. Դաշնակցութիւնը չյապաղեց իր մահավճիռը այդ դաւադիր բիւրօկրատի նկատմամբ, և գործը յանձնեց Համօին և նրա նման անձնուրաց հերոսներին, սակայն, այս անգամ բախտը դաւաճանեց անվեհեր Համօին:
Երբ նրան ընկերներով Բագւի քաղաքայն պարտիզում սպասում էին Նակաշիձէի դուրս գալուն, յանկարծ շրջապատւում են լրտեսներով ու ոստիկաններով և դպի ոստիկանատուն տարւում: Համօն փախչում է ոստիկանատնից ոստիկաները հետապնդում են և գնդակների տարափի տակ գետին ձգում այդ աննկուն, անվախ պատանի հերոսին:
Այդպէս վերջանում է այս մատաղ, վառվռուն և ուժեղ կեանքը, որ մեր անմոռաց, սիրելի ընկերը հերոսական վճռականութեամբ դրել էր հայրենիքի սեղանի առաջ: Կարճ ապրեց նա, սակայն այդ կարճ կեանքը մի մրրիկ էր, որ գիտէր թռչել կռւից կռիւ, յաղթանակից յաղթանակ:
Թո՛ղ անջնջելի մնայ նրա պայծառ անունը...
Մէջբերում «Դրօշակ» 1932-ի Մայիսի թիւին մէջ հրատարակուած, նահատակ ընկեր Մարտիրոս Չարուխչեանի կենսագրականի այն հատուածը, ուր յիշատակուած է Մարտիրոսի ընկեր Հմայեակ Ջանփոլատեանի նահատակման դէպքը:
...Կուսակցական մի կարեւոր գործի ուսումնասիրութեան համար Մկրտիչ Աղամալեան, Հմայեակ Ջամփոլադեանը, Մարտիրոս Չարուխչեանը եւ ուրիշ մի ընկեր 1905ի մարտ 22ին իջել էին քաղաքային այգին, բայց անակնկալ կերպով մի խումբ ոստիկաններ եւ մօտ 10-15 զինւած թաթարներ շրջապատելով սոցա, պահանջում են անցնել ոստիկանատուն, որի ճանապարհին թաթար խուժանը սկսում է կրակել դրանց վրա: Մարտիրոսը, որ արդէն մօտ էր ոստիկանական շէնքին, չկորցնելով իր սառնասրտութիւնը կարողանում է մտնել ոստիկանատուն՝ քաշելով իր հետ և մէկ ընկերոջը և այսպիսով ազատւում է խուժանի յաջորդ հարւածներից, թէպէտ ընկերը վիրաւորւում է թևից: Իսկ Հ. Ջամփոլադեանը, որ դեռ ևս հեռու էր ոստիկանատնից, միակ ելքը համարում է դիմադրել կրակող ամբոխի վրա և վիրաւորելով իրեն շրջապատող մի երկու թաթարների, թէպէտ կարողանում է շղթան ճեղքել և դուրս գալ թաթարական նեղ փողոցներից ու ընկնել ծովափի լայն փողոցը, որտեղից հայկական մասը այնքան էլ հեռու չէր, սակայն, այստեղ նրան հետապնդող խուժանին միանում են և ոստիկաններ, որոնք իրենց անդադար համազարկերով, բազմաթիւ վէրքեր են հասցնում Համայեակին և նա ընկնում է արնաքամ եւ անշնչացած: ...