2 յուլիս, 1904
Յունիսի
30-ն էր: Հայկական աշխարհի զանազան ծայրերից եկած 61 հայ քաջեր, հաւաքւած Օլթիի շրջանի
. . . . . գիւղը՝ սպասում էին զինւորական խորհրդի վերջնական որոշման:
Գնում էինք կատարելու մի խոշոր ձեռնարկ, որ երկար ժամանակ խնամքով ուսումնասիրւած ու կազմւած էր:
Մինչեւ երկու խմբապետները Որսորդն ու Թորգոմը՝ զբաղւած էին զինւորների մանրամասն դասաւորութեամբ, խմբի քահանան՝ յիսնամեայ Տէր Ղազարը, որ ուխտաւոր էր վրէժխնդրութեան Աստծուն, երիտասարդական աշխոյժով «նշխարհ»-ի պատրաստութիւն էր տեսնում: Երեկոյեան պատարագ պիտի լինէր խմբի զինւորներին հաղորդելու համար:
Գիշերւայ ժամը 12-ին սկսւեց ժամերգութիւնը: Հայ քաջերը հետզհետէ հաւաքւեցին եկեղեցի և տասնեակներով շարւեցան սեղանի առջեւ: Խմբի դրօշակները դրւած էին սեղանի վրայ՝ պատարագից վերջը օծելու համար:
Գիւղական եկեղեցու համեստ պատերի մէջ պատարագիչ ֆէդայի քահանան մարմնացած ջերմեռանդութիւն էր ներկայացնում: Եկեղեցում տիրում էր խորհրդաւոր լռութիւն: Պատարագից վերջ դրօշակները մեռոնով օծեցին, և հայ զինւորները հաղորդւեցին ու երդւեցին դրօշակների վրայ....
Լուսաբացին մօտ էր: Խստիւ պատւիրւած էր զինւորներին իրենց բնակարաններից դուրս չգալ. միայն տասնապետներին էր թոյլատրւած, տեղացիների տարազ հագած, դուրս գալ տասնեակների պէտքերը հոգալու համար: Նոյն այդ միջոցին երկու խմբապետները՝ Որսորդն ու Թորգոմը, խմբի երկու բժիշկները՝ Սիսակն ու Մարտինը, նոյնպէս և Կ. Կօմիտէների ներկայացուցիչները հաւաքւել էին մի ուրիշ մեծ մարագ, որտեղ գտնւում էին ռազմամթերքն ու իրեղէնները, և համապատասխան կարգադրութիւններ էին անում: Առաւօտեան ժամը 8-ին իւրաքանչիւր տասնեակի շորերը, հրացանները և փաշփուշտները բաժանւեցին: Իւրաքանչիւր զինւոր վերցնելու էր՝ հրացան (բերդան 250 փամփուշտով կամ մօսին 450 փաշփուշտով), երկու հատ ռումբ, դաշոյն կամ ատրճանակ, ութ ֆունտ հալվայ, վիրակապներ և ճանապարհորդական մանր իրեր: Վերջինները դարսւած էին մէջքի պայուսակների մէջ:
«Որսկան» խումբէն մաս մը. (Աղբիւր՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ) |
Բոլոր զինւորները բաժանւեցին երկու խմբի, որոնցից մէկի խմբապետն էր Որսորդը, իսկ միւսինը Թորգոմը: Ամէն մէկի խումբը բաղկացած էր երկու տասնեակից և տասնաեակը 14 զինւորներից և 2 բեռնակիրներից: Երեկոյեան, արևը մայր մտնելիս, բոլոր զինւորները դուրս եկան մի ձորակ և նկարւեցին: Յայտարարւեց զինւորական խորհրդի վճիռը. որոշւած էր, որ երեկոյեան ժամը 9-ին խմբերը դուրս պիտի գան գիւղից: Բոլոր տասնաեակները ժամը 8-ին արդէն կազմ ու պատրաստ սպասում էին հրամանի: Չը նայելով, որ կարգադրւած էր արգելել գիւղացիներին վերջին րոպէին հաւաքւելու, բայց ամբողջ գիւղը լցւել էր հաւաքման տեղը: Սկսւեցին «մնաս բարովի» ջերմ համբոյրները և ոգևորիչ բարեմաղթութիւնները... Անթիւ բերաններ կրկնում էին. «Յաջողութի՜ւն ձեզ, հայ քաջեր, բարի՜ ճանապարհ ձեզ, անձնւէր հերոսներ»...
Գիշերը մութ էր, և ընդհանուր խաղաղութիւնը խանգարողը մեր ոտների ու զէնքերի ձայնն էր: Անցանք մէկ բլրային շարքից միւսը, բարձրացանք փոքրիկ սարեր և հասանք անտառը: Ճանապարհին մեզ ոչ ոք չպատահեց և աջողութեամբ անցնելով ռուսական սահմանի մօտից, բարձրացանք դէպի աւերակ Զարդանիսի աղբիւրը: Արդէն լուսանալու մօտ էր: Խմբապետը կարգադրեց, որ աղբիւրից բարձրանանք 100-150 քայլ և հանգիստ առնենք, առանց զինաթափ լինելու: Ռուսական սահմանագլխի N68 սիւնից մէկուկէս վերստ հեռաւորութեամբ՝ թիւրքաց հողի վրայ կանգ առինք հանգստանալու: Բոլոր զինւորները նստելուն պէս՝ յոգնածութիւնից քնեցին: Խմբապետի կարգադրութեամբ ամէն մի տասնեակ մի-մի պաահապան էր դրել հսկելու:
Ահա այդ միջոցին մի պատահականութիւն տակնուվրայ արեց այնքա՜ն լաւ սկսած գործը: Ահա ինչպէս – Բեռնակիրներից երկու հոգի յետ էին մնացել և աղբիւրի մօտ ջուր խմելուց յետոյ՝ անխոհեմաբար հէնց այնտեղ էլ, ջրի մօտ, պառկել քնել էին, պայուսակները հանելով վրաներից: Չորս մագլցող ռուս սահմանապահ զինւորներ, նկատում են քնած կամաւորներին: Ռուս զինւորներից մէկը գողանում է պայուսակը և փախչում պահականոց: Քնածներից մէկը արթնանում է և նկատելով անցած-դարձածը՝ ձայն է տալիս ընկերոջը, և միասին փախչում են դէպի այն բլուրը, որտեղ գտնւում էր ամբողջ խումբը, բոլորովին ուշադրութիւն չդարձնելով, որ մնացած երեք ռուս զինւորները հետևում են իրենց: Չորրորդ տասնեակի պահապանը հեռուից նկատելով ռւոս զինւորներին՝ անմիջապէս իմաց է տալիս խմբապետներին, որոնք և որոշում են աւելի խորը գնալ, դէպի Թիւրքիա, որպէս զի ռուսները չխանգարեն և արգելք չլինեն: Խումբը սկսում է շարժւել դէպի ներս և բարձրանալ յարմարաւոր դիրքեր:
Եւ մինչ մենք 3-4 վերստ սահմանից անցել էինք, նկատեցինք, որ ռուսական մագլցող և սահմանապահ զօրախմբերը, մօտ 150 հոգի, մեզ հետապնդում են: Տեսնելով, որ ռուսները մեզ վրայ կրակում են, խմբապետները որոշեցին երկու մասի բաժանւել: Որսորդը իր տասնեակներով աւելի առաջ գնաց ու դիրք բռնեց Ղալա-Բօղազի քարում. իսկ Թորգոմը՝ իր զինւորները երեք մասի բաժանեց և յարմաւոր դիրքեր բռնեց ռուսական սահմանագծից մօտ 2½ վերստ հեռաւորութեան վրայ գտնւող Լիրկ բլրի գագաթներին: Ռուս զինւորները մեզ վրայ կրակում էին բարձրից, բայց մենք չէին պատասխանում, որովհետև խմբապետները արգելել էին, և շարունակ ձայն էինք տալիս նրանց, թէ «մենք ձեզ հետ գործ չունենք», սակայն նրանք չէին լսում, կամ չէին ուզում լսել և հետզհետէ ստւարանալով՝ շրջապատում էին Թորգոմի դիրքերը:
Յայտնւեց, որ ռուս հրամանատարը՝ անմիջապէս մարդ էր ուղարկել թիւրքաց զինւորների մօտ, որ պատրաստ լինեն ֆէդայիներին դիմաւորելու: Առաւօտեան ժամի 7-ն էր, երբ Որսորդի դիրքի վրայ տաճկական զօրքը կրակ բացեց: Խմբապետը հրամայեց կրակ բանալ թիւրք զօրքերի վրայ: Հրացանաձգութիւնը սկսւեց «Կռւեցէ՛ք, տղերք» երգով և պատերազմական փողով: Դրօշակը պարզւեց, և բոլոր դիրքերից արձագանք տւին՝ կրկնելով նոյն երգը: Կռիւը հետզհետէ տաքանում էր, և թւիւրքաց զօրքերը տասնեակ զոհեր տալով՝ յետ էին փախչում: Եւ մինչ մենք աջողութեամբ կւում էինք թիւրք զօրքերի դէմ, ռուս զինւորները աւելի և աւելի ստւարանում էին ու մօտենում մեր դիրքին:
Ճաշից յետոյ խմբապետ Թորգոմը նկատելով, որ ռուս կօզակների ահագին խումբը շրջապատում է մերոնց, ուղարկում է տասնապետ Անուշաւանին զօրքի հրամանատարի մօտ ասելու՝ «Մենք ձեզ հետ կռիւ չունենք, ձեր սահմանից դուրս ենք, գնում ենք թիւրքաց հողի ներսը և կռւելու ենք թիւրքի հետ, ուստի խնդրում ենք՝ յետ քաշէք ձեր զօրքը»: Անուշաւանը գնաց և էլ չվերադաձաւ: Հեռւից նկատեցին, որ նրան լսեցին մօտ 15 րոպէ, մի առ ժամանակ դադարեցրին հրացանձգութիւնը, բայց չանցած կէս ժամ, մագլցող զօրախումբը միանգամից կրակ բացեց մեզ վրայ: Յետոյ իմացւեց, որ Օլթիից եկել էր սահմանապահ զօրքերի այդ մասի հրամանատար Բիկօվը, և նրա հրամանովն էր, որ զօրքը սկսեց մեզ վրայ կրակ բանալ: Խմբապետը ուղարկեց երկրորդ պատգամաւորը՝ Լեւոն Քալանթարեանին, նոյնը յայտնելու: Պատգամաւորը գնաց, բոլոր սպաները հաւաքւեցին նրա շուրջը և նրան կէս ժամի չափ լսելուց յետոյ, երկու զինւորի հետ միասին ուղարկեցին պահականոց: Չ'անցած տաս րոպէ՝ հնչեցրին պատերազմական փողը, և կօզակներն ու սահմանապհները երեք կողմից «ուռա՜» գոչելով՝ կրակ տեղացին մեզ վրայ: Մեր դիրքերը բաւականին լաւ էին և այդքան գնդակներից միայն մէկի թևը վիրաւորւեց: Մենք չպատասխանեցինք:
Իսկ չորրորդ կողմից թիւրք զօրքերի մի ստւար խումբ, ձորակի միջով բարձրանում էր մօտակայ բլուրը: Խմբապետը հրամայեց թիւրքերի վրայ կրակել և ինքն էլ մի ռումբ առնելով՝ նետեց նրանց մէջ: Հինգ-վեց հոգի զոհ տալով, թիւրքերը յետ փախան, բայց քիչ անցած՝ սիրտ առնելով ռուսներից և հետզհետէ միանալով նրանց հետ, առաջ եկան հայերին ոչնչացնելու համար: «Խաչն» ու «Մահիկը» գրկւեցին...
Գնդակները թափւում էին կարկտի պէս: Առաջին տասնեակի դիրքը խառնւեց և ֆէդայի-քահանան, որ տասնապետ էր, կարգադրեց, որ դուրս գան դիրքից և մօտենան խմբապետի դիրքին, որը աւելի ամուր էր: ԻՆքն էլ դիրքը ձգելով, խաչը վեր բարձրացրած՝ ուղղւեց դէպի ռուսները, իբրև երրորդ պատգամաւոր, բայց խաչն էլ չ'օգնեց, Տէրտէրը գնդակահար ընկաւ մի ռուս զինւորի ձեռքից: Դրանից յետոյ կռիւը աւելի ևս տաքացաւ: Տղերքը բարձր ձայնով կրկնելով ռուսերէն՝ «անխիղճներ, դուք ինչո՞ւ էք կրակում, մենք ձեզ չենք պատասխանում», դառնում էին դէպի թիւրք զօրքերը, միանգամից բոլոր դիրքերից կրակում նրանց վրայ: Խմբապետները խստիւ արգելել էին ռուսների վրայ կրակ բանալ, բայց ռուսների գնդակներից հետզհետէ ընկնում էին մեր ընկերները մեր աչքի առջեւ...
Ժամը 4-5-ին, աւելի ստւարացած թիւրք զօրքը մի կողմից՝ և միւս կողմից էլ ռուսները՝ շրջապատեցին մեր դիրքերը և աւելի ու աւելի սեղմելով մեզ՝ սկսեցին քշել դէպի ձորը: Դրութիւնը հետզհետէ սպառնալից էր դառնում, և զինւորներից ամէն ոք աշխատում էր ապահով դիրք գտնել ու թագնւել: Խմբապետը նկատելով, որ այլևս ազատւելու հնարաւորութիւն չկայ, անձնատուր լինելու փողը փչել տւեց, բայց գազանացած ռուս և թիւրք զինւորները չէին լսում և կարկտի նման գնդակներ էին թափում: Խմբապետը դրօշակը առնելով 10-12 ընկերներով, գնդակների տարափի տակ գնաց դէպի ռուսաց զօրքերը՝ անձնատուր լինելու նպատակով. ռուսները՝ բաւական մօտ թողնելով, միանգամից կրակեցին և 10 հոգի գետին գլորեցին, որոնց մէջ և թանկագին Թորգոմին, Դաշնակցութեան դրօշը ձեռքին... Զինւորները տեսնելով իրենց խմբապետի ընկնելը, դուրս են գալիս դիրքերից և զանազան կողմեր փախչում,– ոմանք գնդակահար սպանւում են, ոմանք վիրաւոր բռնւում և ոմանք էլ փախչելով ազատւում են անտառի մէջ:
Մինչ Թորգոմի տասնեակները այս տեսակ տագնապալի դրութեան մէջ էին, Որսորդը իր տասնեակներով դեռ ազատ լինելով նենգ ռուսների գնդակներից՝ բուռն ոգևորութեամբ կռւում էր տաճիկ վախկոտ զօրքերի հետ, որոնք սիրտ առնելով ռուս «եղբայրների» այդ անսպասելի օգնութիւնից, աւելի և աւելի յանդուգն են դառնում և Որսորդին շրջապատում են երկու կողմից:
Որսորդը նկատելով, որ այլևս անհնարին է շարունակել դիմադրութիւնը, հրամայում է դուրս գալ դիրքերից և փախչելով ազատւել կամ գոնէ ընկնել ռուսների ձեռքը, կարծելով թէ նրանք կը խնայեն իրենց: Այդ միջոցին ընկերներից շատերը զոհւում են, իսկ ինքը Որսորդը երկու վէրք ստացած՝ դեռ շարունակում է կռիւը, հետզհետէ ձորը իջնելով: Մօտենալով իրեն ծանօթ մի ռուս զինւորի, ուզում է անձնատուր լինել, բայց զինւորը կրծքից վիրաւորում և գլորում է քաջ ֆէդայուն... Մի ուրիշ ֆէդայի զինաթափ լինելով փախչում է դէպի ռուսները. վերջինները բռնում են սրան և թիւրք զօրքերի խնդիրքով՝ յանձնում նրանց: Թիւրքերը երիտասարդին տանում են մի քանի քայլ հեռու և ռուս սպաների աչքի առաջ պառկեցնում ու ոչխարի պէս մորթում են...
«Որսկան» խումբէն գերի ինկած զինուորներ. (Աղբիւր՝ Յուշամատեան ՀՅ Դաշնակցութեան, Ալպոմ-Ատլաս, Ա. Հատոր - Դիւցազնամարտ, 1890-1914) |
Մինչև երեկոյեան ժամը 7-ը դեռ ևս շարունակւում էր հրացանաձգութիւնը: Ժամը 7-ին ռուս և թիւրք զօրքերը խառնւած փչում են պատերազմական փողը և «առշբաբամ» եւ «ուռա» աղաղակելով՝ գրաւում դիրքը, և այնտեղ յաղթական ժպիտը երեսներին միմիայն պատմում են իրենց քաջագործութիւնները: Թիւրք հրամանատարի կարգադրութեամբ «սալդատ կարտաշներին» տաճկական կօնեակ են հրամցնում ի նշան երախտագիտութեան, ապա իրար համբուրելով բաժանւում են, ռուսները դէպի ռուսական սահամգիծը, իսկ թիւրքերը իրենց պահականոցները: Վերադարձին ռուս մագլցող կօզակները գազանացած՝ կիսամեռ վիրաւորներին սուինով ծակոտում են կամ գլուխները քարերով ջախջախում, և դիակները բոլորովին մերկանդամ ձգում...
Մութը վրայ է հասնում, զօրքերը քաշւում են իրենց բնակարանները, թողնելով անտառում 27 սպանւած և տանելով իրենց հետ 6 վիրաւոր ու 14 գերիներ: Ինն հոգի կարողանում են պահւել և գիշերով անցնելով սահմանը ազատւել: Հինգ հոգի էլ սպանւում են Որսորդի դիրքում, թիւրքերի գնդակներից, և դիակները տարւում Ղալա-բօղազ թրքական պահականոցը:
Սպանւածների մէջ են՝ ԹՈՐԳՈՄԸ, ՈՐՍՈՐԴԸ, ալէքսանդրապօլցի ՎԱՂՕՆ, ղոյուճուղցի ՏԷՐ ՂԱԶԱՐԸ, ախալցխացի ՍԻՍԱԿԸ, ալէքսանդրօպօլցի ՄԱՐՏԻՆ ՍՏԵՓԱՆԵԱՆՑԸ, բագւեցի ԲԱԳՐԱՏԸ ևլն: Սպանւածները, բացի հինգ հոգուց, բոլորն էլ ընկել են ռուսների գնդակներից: Այսօր նրանց դիակները բերեցին թրքական հողից մօտ 2-3 վերստ հեռաւորութիւնից և թաղել տւին իրենց սահմանի մէջ:
Ցարական բանակի խումբ մը զինուորականներ նկարուած ֆեդայիներու խոշտանգուած դիակներուն մօտ 1-Տէր Ղազար, 2-Որսորդ Գէորգ, 3-Թորգոմ, 4-Գնդապետ Բըկով |
Գաւառապետը մեղադրում է սահմանապահ զօրքի հրամանատար Բիկօվին այն բանի մէջ, որ նա անցել է ռուսական սահմաններից և մտնելով թիւրքաց հողը՝ անմեղ տեղը սպանել է այդքան մարդիկ, մինչդեռ նրանք թրքաց հողումն էին և ռուսաց սահմաններից դուրս: Իսկ Բիկօվը մեղադրում է գաւառապետին թուլութեան մջ, ասելով, որ նրա գաւառում ահագին թւով մարդիկ են զինւում, և նա ոչինչ լուր ու տեղեկութիւն չունի:
Նահանգապետը գնաց դէպքի տեղը. քննութիւն է սկսւած, որը, իհարկէ, ճշմարտութիւնը երևան հանելու փոխարէն՝ պիտի խճճի հարցը, արդարացնելու համար ռուս պաշտօնեաներին, որոնք թիւրքական գազանութեան ներկայացուցիչների հետ ձեռք ձեռքի տւած՝ կատարեցին ստոր անգթութեան մի զզւելի գործ: Եւ ո՜րպիսի սրտագին բարեկամութիւն թիւրքերի հետ՝ հայկական ուժ խորտակելու համար: Ռուս զինւորականներն էին, որ տեղեկացրին խմբի անցնելը, նրանք էին, որ սիրտ և թև տւին սուլթանի զինւորներին և վերջումն էլ՝ թիւրք պաշտօնեաների հետ կեր ու խում սարքեցին՝ թափւած արիւնը տօնելու համար...
Հայերի ասպետութեան՝ պատասխանեցին ստորութեամբ: «Եթէ հայերը կամենային, ասել է մի ռուս զինւոր, մեզ բոլորիս կը կոտորէին, բայց նրանք մի հատ գնդակ էլ չարձակեցին մեզ վրայ»: Բայց ի՜նչ օգուտ այդ ցուցմունքներից:
Օլթիի շրջանի ժողովուրդը սոսկումի մէջ է անցած-դարձածից: Այնքա՜ն քաջերի տխուր մահը՝ յուզել է ամբողջ գաւառը: Որքա՜ն պատրաստութիւն, որպիսի՜ անձնւիրութիւն և ի՜նչ արտասւելի վախճան: Քաջերի մահը վրէ՜ժ է կանչում:
«Դրօշակ» - Օգոստոս 1904
Թիւ 8 (149)