02 January, 2022

Կուռուբաշի Նահատակները

Վանի վերջին դէպքերու հետեւանօք քաղաքէն դուրս ելած երեք ընկերներ՝ Տիգրան Տէրոյեան (Վազգէն), խմբապետ շատախցի Միքէօ եւ վանեցի Արշակ յունւար 2-ին (ն.որ տ.ոմարով) Կուռուբաշի դաշտին մէջ կռւի կը բռնւին զիրենք հետապնդող 200 զինւորներու եւ ոստիկաններու հետ: Երեքն ալ կ'իյնան հոն քաջի մահով: Թշնամիին կորուստն անյայտ է:

Իրենց մարմինները հետեւեալ օրը Արարք եկեղեցիի գաւթին մէջ կ'ամփոփւին:

Այդ ծանր կորստին առջեւ մէկ աղաղակ միայն կը բարձրանայ հայ յեղափոխական բանակին մէջ. «Սղմեցէ՛ք մեր շարքերը, ընկերնե՛ր, եւ յառա՜ջ»:

Տիգրան Տէրոյեան – Վազգէն

«Յառաջ, քաղաքակրթութիւնը միշտ զոհ է պահանջել մարդիւթիւնից. փառք է մեզ եթէ նրա արժանաւոր զոհը լինենք»:

Վազգէն («Դրօշակ», 1896 N 19)

Կուռուբա՜շ... անէծքի՞, թէ՞ փառքի անուն. այնտեղ ընկան Վազգէնի հետ Միքօն եւ Արշակը, այնտեղ են քաջերը...

Վանում հայ խանութպանին թակում էին թիւրք զինւորները: Խանութպանի բոլոր յանցանքը իր ապրանքի գինը պահանջելն էր. այդ իրաւունքին հակադրած էր թիւրք զինւորի աւելի զօրեղ իրաւունքը – նրա վայրենի ոյժը – եւ հային թակում էին անողորմ, անսիրտ ձեւով. ամբոխի մէջ, հայ բազմութեան առաջ: Մարդիկ նայում էին, զոհի ճիչը կարեկցութիւն էր շարժում, բայց նրա փրկութիւնը համարձակութեան պէտք ունէր՝ կարեկցութեան զուգընթաց. սակայն այդ չկար՝ եւ բազմութիւնը նայում էր լուռ, սարսափահար: Մի դերձակի խանութի առաջ նստած մի հատ պատանի իր թաւ յօնքերի տակից նոյնպէս նայում էր իր մեծ սեւ աչքերով, ուր ասես փայլում էին ալէկոծ մտքեր, հոգու փոթորիկներ: Զինւորներն անողորմ էին, բազմութիւնը սրտկահոգի, թոյլ, վատասիրտ: Պատանի՞ն... նա ցած դրեց ձեռքը կարը, վեր ցատկեց տեղից եւ սարսափած, խելակորոյս բազմութիւնը տեսաւ, թէ ինչպէս կորովի պատանին հուժկու բռունցքներով հարւածներ է թափում անամօթ, անսիրտ զինւորների գլխին: Ընդհանուր շփոթ ու աղմուկ բարձրացաւ այս նորանշան դէպքից. անմեղ զոհը խոյս տւեց, փրկւեց, իսկ պատանին տեղի տւեց միայն հետզհետէ վրայ հասնող բազմութեան առաջ:

Այս նոր Մովսէսը՝ Վազգէնն էր:

Դպրոցական ուսումը թերի թողած պատանի Տիգրանը (Վազգէն) հայ-բողոքական դերձակի մօտ աշակերտ էր մտած:

Վազգէնը դերձակի աշակե՜րտ...

Այն ձեռքը, որ՝ իր սրտի ազնիւ ցնցումներին հլու հպատակ՝ իր հայրենիքի փրկութեան նւիրական գործի կռւաններից մէկը պիտի լինէր, հօր ցանկութեան համաձայն՝ հանդարութեամբ շարժում էր ասեղը: Այն գլուխը, ուր այնքան ազնիւ մտքեր էին բուն դրած՝ սպասելով յարմար րոպէին, որ դուրս ցոլանան իրենց բոլոր փայլով կռացած էր մի չնչին լաթի կտորի վրայ, կռացած՝ ծանր, խոհական ձեւով: Դժւար էր աւելի աններդաշնակ բան երեւակայել մի անձի կոչման, բնական հակումների եւ նրա պարապմունքի մէջ:

Եւ մատները ջղաձգաբար բռնում, ճմլում էին ողորմելի լաթը, թուխ ճակատի տակ եռացող մտքերը սաւառնում էին հեռո՜ւ... հեռո՜ւ... Երբ լեռը հրաբխային է, ինչո՞վ կարող ես չափ ու սահման դնել նրա հսկայական վիժման. երբ ծովը փոթորկալի է, ո՞վ կարող է ալիքների թափը սանձահարել: Այդպէս էր Վազգէնի հոգին: Զինւորների գազանային վարմունքը իր հայրենակցի հետ գուցէ առաջին էր, որ նրա սրտի մէջ մթերւած յոյզերի առաջին ազնիւ ժայթքումն առաջ բերեց: Այնուհետեւ իրար յաջորդող դէպքերը վերջնապէս Վազգէնին դրին յեղափոխական ծանր, փշալից, բայց վեհ ճանապարհի վրայ: Որքան անօրինակ էր իր գործունէութեան սկիզբը, նոյնքան զարմանալի հերոսական եղաւ նրա շարունակութիւնն ու վախճանը:

Եթէ առաջին դէպքը, որ նրա գործունէութեան առաջին քայլը նշանակեց, վայրենի անարդարութեան դէմ արդար զայրոյթի մի նւիրական պոռթկումն էր, երկրորդ դէպքը, որ նրան վճռական ճանապարհի վրայ դրեց, իր երազած գործի, իր փայփայած մտքերի իրագործման համար՝ առաջին նահատակների մարտիրոսութիւնն էր, նրանց նւիրական արիւնն էր:

Վազգէնի հայրը վախճանւած էր, երբ Չուխ-գեատուկի մէջ ընկան Գօլօշեան եւ Ագրիպպասեան: Վերջինը Վազգէնի ամէնասիրելի ուսուցիչն էր, որի «վերջին դասը», որքան զարմանալի, նոյնքան դիւթիչ եղաւ իր աշակերտի համար: Գուցէ այդ օրը Վագզէնը որոշեց հետեւել իր արժանաւոր ուսուցչին:

Այդ ժամանակն էր, երբ նա երգեց իր առաջին երգը:

«Դո՛ւ, ո՜վ ցանկալի Վան, իմ հայրենիք,
Սիրոյդ կարօտով մաշւիմ ես հերի՜ք...»

Հերի՜ք... որքան շատ բան է ասում այս մէկ հատիկ բառը. հերի՜ք, դադար առ, չարիք. հերի՜ք արցունք, լուռ հեծեծանք, հերի՜ք ստրկութիւն, հերի՜ք բռնութիւն: Հսկայի մի կոչ էր այդ, բուռն ու զօրեղ, դէպի իդէալը տածած այն զարմանալի հաւատով, որ նրա ամբողջ գործունէութեան մէջ իր առաջնորդող աստղը, իր նշանաբանը եղաւ:

Դերձակի խանութը ձգելուց յետոյ՝ նա այլեւս Տիրան Տէրոյեանը չէ: Նա յեղափոխական այն փայլուն պատկերն է, որ Վազգէն է կոչւում: Նա այժմ ուսուցիչ է: Որպիսի թռիչք. դերձակի աշակերտը՝ ուսուցիչ: Բարձր մտքերը չէին կարող պարտակւել խանութի չորս պատերի մէջ. նրանք ճանապարհ, ելք, թռիչք էին պահանջում: Բաներ կար, որ ասել էր հարկաւոր. կուրծքը  ուռած էր, նա կը պայթէր, եթէ այրող յոյզերը դուրս չթափւէին:

Բռնութիւնը խեղաթիւրիչ է: Ժամանակներ կան, երբ ծեծւող մարդի ականջին պիտի փսփսալ, թէ «քեզ ծեծում են», որպէսզի նա հասկանայ, թէ մարմինը ցաւում է:

Վազգէնը ուսուցիչ էր, նա պրօպագանդիստ էր, նա կամաց կամաց բազմացնում էր այն մարդկանց թիւը, որոնց մարմինը ցաւ էր զգում, որոնց սրտերը տրոփում էին իր սրտի հետ, որոնք տոգորւած էին նոյն նւիրական մտքերով եւ զգացմունքներով, նոյն ցաւերով:

Հետզհետէ Դրօշակում տպագրւած նրա նամակների, յօդւածների ու թղթակցութիւնների մէջ արտայայտւած մտքերն ու զգացմունքներն իրենց խորութեամբ, արդարութեամբ ու յանդուգն վճռականութեամբ միշտ զարմանք ն յարուցել: Եւ այժմ, երբ այ մտքերն ու գաղափարներն իր իսկ արեամբ մկրտւած ժառանգութիւն մնացին մեզ, նրա անշունչ բառերը կեանք եւ ոգի են ստանում, արձանանում մարդու աչքի առաջ, զարմանք եւ պատկառանք յարուցանելով:

95 թւից սկսած Վանից մինչեւ պարսկական սահմանը քանի՜ քանի կռիւների է մասնակցել Վազգէնը: Այդ թւի հոկտեմբերին մենք նրան առաջին անգամ տեսնում ենք Սալմաստ. այստեղից դէպի Վան առաջնորդւող 60 հոգու խմբի մէջ է Վագէնը. Սարայի կռւում նա իր խմբակով, մօտ 15 հոգի, կարողանում է թշնամու աչքերից խոյս տալ, մնում է միառժամանակ մարագում փակւած եւ ապա փորձւած պատերազմողի հմտութեամբ իր առաջնորդութեամբ հաւատացած այդ խումբը հասցնում է իր նպատակատեղին:

Վանի յայտնի կռւից յետոյ Վազգէնը Պետօյի հետ Վարագ է քաշւում, բայց կրկին վերադառնում է Վան, մասնակցում է Վանի երկրորդ կռւին եւ չնայելով հանգամանքների արտասովոր դժւարութիւններին՝ Վանից չի հեռանում:

Պետօյի հեռանալով եւ մահւամբ Վանի յեղափոխական գործի ոգին, շարժող ուժը Վազգէնն էր: Խանասօրից առաջ մենք նրան երկրորդ անգամ տեսնում ենք Սալմաստում, ապա Միքօյի խմբի Սպահան լճի մօտ մղած հերոսական կռւին մասնակցելուց յետոյ՝ նա Վան է հասնում:

Այնուհետեւ 5-6 ամիս շարունակ Վազգէնի համար սկսւում է մի կեանք, որի ամէն մի օրը, ամէն մի ժամը մի-մի անլուծելի հանելուկ է սովորական մարդու համար: Մարդ չգիտի այդ գործունէութիւնը նրա խելքի՞ն վերագրի, քաջութեա՞նը, անօրինակ համարձակութեա՞նը, աննկուն յեղափոխական ոգո՞ւն: Իրօք՝ այս բոլորին միասին: Այդ ժամանակում տաճիկ կառավարութիւնն ի՞նչ միջոցների չդիմեց նրան ձերբակալելու կամ մի այլ կերպով նրանից ազատւելու համար: Հիւպատոսների միջամտութիւն, անձնական ապահովութեան խոստումներ՝ նրան զինաթափ անելու, զօրքերի եւ ոստիկանների հետամտութիւններ, խուզարկութիւններ,– բոլո՛րը, բոլո՛րը, անօգուտ, ապարդիւն ջանքեր մնացին: Բոլոր առաջարկութիւններին նրա պատասխանը միշտ յանդուգն, համարձակ, յեղափոխականին վայել վեհութեամբ վճռական մերժումը եղաւ:

Այդ բոլոր փորձերի անյաջողութիւնից կատաղած՝ տաճիկ կառավարութիւնը, ըստ իր սովորութեան, վերջիվերջոյ խաղաղ ազգաբնակութիւնը նորանոր զրկանքների ենթարկեց. նա գիտէր, որ Վագզէնի սիրտը իր հայրենակիցների տառապանքները տանելի չի կարող: Վազգէնն այս դէպքումն էլ իրեն հաւատարիմ մնաց եւ անարգ կառավարութեան դէմ ճակատ առ ճակատ կռւի դուրս եկաւ, անհաւասար, յուսահատ կռռիւ էր այդ: Շատախի առիւծ խմբապետ Միքոյի եւ վանեցի Արշակի հետ Կուռումբաշում հերոսական կռւից յետոյ նա ընկաւ վերջապէս իր արժանաւոր ընկերների հետ:

Ընկա՜ւ... ընդամէնը 25 տարեկան հասակում... բայց ո՞վ կարող է ասել, թէ նա կարճ ապրեց:

Կեանքեր կան, որոնց մի ժամը մի տարի արժի...

Միքայէլ Ազիզ-Մելիքեան – Միքօ

Ժողովրդի մարդ էր Միքօն, կնոջ, երեխաների տէր. իր արդար վաստաով ապրող հիւսն էր նա: 91 թւականին, 35 տարեկան, նա ձգեց բոլորը եւ հայդուկային խմբի մէջ մտաւ, տանջւած, հարստահարւած, բայց լուռ եւ համբերատար ամբոխի ներքին, խուլ մռմռոցն էր Միքօն, որ դուրս ընակւ, լոյս աշխարհ եկաւ, բարձրաձայն բողոքող ուժ դարձաւ: Իր համբերութեան մէջ անօրինակ, իր բռնկումների մէջ բուռն ժողովուրդը՝ իր կոշտ, փշրող եւ ոչ մի արգելքի առաջ տեղի չտւող անզուսպ ոգին տւել էր Միքօյին:

Իր առաջին քայլը եղաւ քիւրդական անվերջ, սովորական դարձած հալածանքներին ցոյց տւած յանկարծական դիմադրութիւնը: Մի անգամ հրացանը ձեռքին՝ նա էլ վար չդրեց. նա հայդուկ էր, նա յեղափոխական էր:

Քիչ յետոյ Միքօն յեղափոխական մի խմբի պետ է, փորձւած եւ քաջասիրտ պետ. պարզ, միամիտ՝ այդ անվեհետ գեղջուկը իր հայրենիքի փրկութեան մոլեռանդ, անձնւէր զինւոր դարձաւ, առանց քննելու, առանց դատելու, առանց որ եւ է յաւաւկնութիւնների, մի հատիկ միայն մտքով տարւած, վերացած, յափշտակւած, եւ այն՝ թէ ինչ եւ լինի, ինչպէս եւ լինի, պէտք է վերջ տալ իր եղբայրների անտանելի կացութեան, պէտք է փրկել տանջւած հայրենիքը: Եւ այդ սրբազան մտքի համար նա անում է այն բոլորը, ինչ որ նրան լաւ է թւում, կամ ինչ որ իրենից խելօքները նրան հաւատացնում են՝ թէ լաւ է, եւ անում է միշտ խելագար քաջութեամբ, ժողովրդին յատուկ այն ազնիւ խելագարութեամբ, որ յաճախ աւելի արժի քան նուրբ իմաստութիւնը:

94 թւին երկիրը զէնք տեղափոխող խմբի մէջ է Միքօն. հազիւ հայրենիք հասած՝ նա իր խմբով շրջում է գաւառները. ժողովրդի որդին շրջում է ժողովրդի մէջ՝ ասելու համար, թէ տե՛ս՝ քեզ համար եմ սար ու ձոր ընկել, քեզ համար եմ ամէն ժամ մահւան դէմ ճակատ դուրս գալիս, քո ցաւերն են ինձ տանջում, քո տառապանքները տանել չեմ կարողանում. ա՛յս է քո փրկութեան միակ ճանապարհը. վեր կա՛ց, զէնք առ:

Այդ շրջագայութիւնն առանց ընդհարումների չէր իր ազգի թշնամիների հետ, իսկ այդ ընդհարումները Միքօյի փոքրաթիւ խմբին միշտ յաղթութիւններով պսակեցին. դա իսկապէս ոչ թէ պարզ շրջագայութիւն, այլ մի յաղթական գնացք էր:

94-ի աշնանը Նորդուզ գաւառում Միքօն վրէժի ծրագիր ունի. նա փնտռում է Շաքիրին, այդ արիւնարբու գազանին, եւ անշուշտ չարագործը նրա արդար վրէժխնդրութեան զոհ կը դառնար վերջապէս, եթէ աւազակները նախապէս լուր տւած չլինէին այդ աւազակին, որ տուն տեղ թողած փախստի է դիմում Միքօի գնդակներից փրկուելու համար:

96-ի գարնանը Միքօն արիւնահեղ ընդհարումներ ունի քիւրդերի հետ. նրա ամբողջ խումբը 3 հոգուց է կազմւած. թշնամիների ահագին բազմութեան առաջ նա տեղի չի տալիս. 3-4 ժամ տեւող կռիւը խլում է նրանից նաեւ իր երկու ընկերներին. Միքօն միայնակ է շարունակում կռիւը՝ մինչեւ միւս ընկերների հասնելը. գիշերային խաւարի հետ միասին Միքօն անյայտանում է:

Աշնանը նա Վան է 24 հոգով, ուր պահւում, պաշարւում է 10 օր, ապա կատաղի կռիւ մղում նոյնիսկ թնդանօթների դէմ:

Խմբապետ Միքօն 97 թւին մենք տեսնում ենք Աբաղայ կռւում, իսկ այնուհետեւ Վանի կռիւներում, որից յետոյ դարձեալ դուրս է գալիս գաւառները շրջելու:

Վարը, ձախէն աջ նստած երկրորդը՝ Վազգէն. մէջտեղը գետինը՝ Գուրգէն
Նկարը հրապարկուած է «Դրօշակ» 1904, Թիւ 4-5-ին մէջ

Եւ այսպէս կռիւ, կռիւ, անվերջ կռիւ կամ՝ շրջագայութիւն գաւառներում: Միքօն կամ բռնութիւնը հարւածող արդարութեան եւ իրաւունքի վրիժառու բողոքն է, կամ տանջւած, բայց համբերող ժողովրդին իր կենդանի օրինակով դէպի փրկութիւն հրաւիրողն է:

98 թւի յունւարին ժողովրդի այս ընտիր զաւակի փոթորկալի կեանքը մօտենում է իր վախճանին. հարիւր հոգուց բաղկացած տաճիկ զինւորների մի գնդով պաշարում է Միքօն Վազգէնի եւ Արշակի հետ. սկսւում է անհաւասար կատաղի կռիւ, որ ունենում է չարաբաստիկ վախճան. դարձեալ երեք նահատակներ ցօղում են իրենց սուրբ արիւնով ազգի փրկութեան սուրբ գործը:

Արշակ Ջալկատարեան

Արշակ վանեցին 93 թւից յեղափոխութեան մէջ է: Զինւորի անձնւիրութեամբ եւ առաքինութեամբ գործել է մեծ եռանդով: Մերթ իբրեւ հասարակ մարտիկ, մերթ իբրեւ խմբապետի օգնական՝ Արշակը եղել է միշտ մի յարգելի ուժ: 96 թւին մենք նրան տեսնում ենք Միքօյի զինատար խմբի մէջ. այնուհետեւ շարունակ իր քաջասիրտ առաջնորդի հտ բուռն մասնակցութիւն է յանձն առել նրա յանդուգն քաջագործութիւնների մէջ: Կուռուբաշի չարաբաստիկ կռւին էր վիճակւած վերջ տալու այդ թանկագին կեանքին:

***

Հանգի՜ստ ձեզ, քաջեր. հանգի՜ստ, անմոռաց նահատակներ. ժողովրդից ծնւեցիք, ժողովրդին զոհւեցիք: Ձեր ծնողի սրտի մորմոքը խոր է եւ նւիրական: Նա իր հատուցումը կը պահանջի:

«Դրօշակ» – 31 Մարտ 1899
Թիւ 3