24 April, 2022

ԳՈՒՐԳԷՆ. Բաղդասար Մալեան

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Հ. Յ. Դաշնակցութեան Երկրորդ Ընդհանուր ժողովը, տեղի ունեցած 1898ին, Թիֆլիզում, որոշում է ստեղծել չորս Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէներ, չորսն էլ երկրի համար եւ Արեւմտեան Բիւրոյի կազմակերպչական իրաւասութեան սահմաններում:

«Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէ» կոչուեցաւ այն մարմինը, որի վրայ պարտականութիւն է դրւում ի կատար ածել յատուկ մի ձեռնարկ: Կատարուելիք ձեռնարկի բնոյթը, չափերն ու ժամանակաը սահմանող պիտի լինէր Ընդհանուր Ժողովը եւ նա էր ընտրելու «Պատասխանատու»ի անդամներին:

Որոշուած չորս մարմինների գործունէութեան վայրերն էին – Լեռնավայր (Կիլիկիա», Շամիր կամ Շամ (Վասպուրական), Կռուածաղիկ կամ Վիշապ (Կ. Պոլիս) եւ Բարձրաւանդակ:

Բարձրաւանդակը Սասունն էր: Այնտեղ ձախողել էր Հնչակեան Մուրադի ու ընկերների գլխաւորած 1895ի ապստամբութիւնը եւ լքում առաջացրել ժողովրդի մէջ: Սակայն, այդ լեռնաստանը տակաւին մեծ կարեւորութիւն էր ներկայացնում յեղափոխական գործի ապագայ զարգացման համար: Անհրաժեշտ էր նոր ուժերով ու նոր հիմունքներով աշխատանք կազմերպել այնտեղ. եւ աշխատող ուժերը պէտք է լինէին ձեռնհաս ու գործին գաղափարօրէն նուիրուած մարդիկ: Այդ նկատառումով, Բարձրւանդակի նորակազմ Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէի անդամութեան համար Ընդհ. Ժողովի կողմից ընտրւում են հետեւեալ չորս ընկերները.- Աղբիւր Սերոբ, Խանասորի Վարդան, Սեւքարեցի Սաքօ եւ Գուրգէն*:
...

Տարիների ու գործերի անցեալ ունեցող այս երեք անուանիների համեմատութեամբ, իրական մի սկսնակ էր «Պատասխանատու»ի չորրորդ ընտրեալը՝ Գուրգէնը: Դեռ չկար լրիւ երկու տարի իսկ, ինչ նա մտել էր յեղափոխական գործի մէջ: Նրա անդրանիկ մարտական ելոյթը մասնակցութիւնն էր, որ նա ունեցել էր 1896ի Սեպտեմբերին Սալմաստից Վան մեկնած հայդուկային խմբի մէջ: Իսկ մինչեւ այդ, հազիւ ամիսներ առաջ, նա զինուոր էր եղած Կովկասում, ռուսական մի գնդի մէջ, պարտադիր ծառայութեան կոչուած լինելով 1894ի աշնան:

... Բայց այդ կարճ ժամանակամիջոցին էլ բաւական է եղել համոզելու Ժողովի պատգամաւոր ընկերներին, որ Գուրգէնը երեւան է բերել զինուորական եւ թէ կազմակերպչական աչքառու կարողութիւններ, ուստի եւ ատակ էր կատարելու պատասխանատու գործեր: Եւ Ընդհ. Ժողովից հազիւ ամիսներ յետոյ, շատ աւելի կարճ միջոցում, Գուրգէնը լիովին արդարացրեց իրեն ընտրող ընկերների ե՛ւ վստահութիւնը ե՛ւ յոյսերը:

Դժբախտաբար, մէկ հատիկ տարի իսկ չտեւեց յետ-ժողովեան ժամանակամիջոցը: Գուրգէնը 1899ի Ապրիլ 30ին սպանւում է Մշոյ Ցրոնք գիւղի կռւում: Այսպիսով, մինչեւ անգամ լման երեք տարուայ տեւողութիւն չունեցաւ Գուրգէնի բովանդակ յեղափոխական գործունէութիւնը: Սակայն, ինչպէս կը տեսնենք յետոյ, հարուստ եղաւ այդ համրանքով վտիտ տարիների պարունակութիւնը: Շատ կարճ ժամանակն էլ հերիք եղաւ, որպէսզի ամրդը վաւերկաան գործչի անուն ու դիրք կերտէր իրա համար ու մնար Հայ Ազատագրական պատմութեան մէջ, որպէս հերոսական մի դէմք:

Սեւքարեցի Սաքոն գործեց շուրջ տասնեւութ տարի: Աւելի բախտաւոր եղաւ Վարդանը, հասցնելով իր մարտական գործունէութիւնը մինչեւ 1915, երբ Վան արշաւող կամաւորական Արարատեան գնդի հրամանատարն եղաւ: Ճիշդ է, դրանից յետոյ ապրեց երկար ժամանակ, բայց փաստօրէն քաշուել էր գործի ասպարէզիզ ինչ-ինչ պատճառներով, ...:

Փոքր եղաւ նմանապէս Աղբիւր Սերոբի գործած տարիների համրանքը: Վեց կամ եօթ տարի, եթէ նրա յեղափոխական գործունէութեան որպէս սկիզբ ընդունելու լինենք 1892 կամ 1893 թուականը, երբ Սերոբը Նէմրութի անտառներում մի քիւրդ սպանելուց յետոյ՝ ղաչաղ է դառնում եւ իրան հետապնդող ոստիկանների ձեռքը չընկնելու համար՝ փախչում է Պոլիս ու այնտեղից էլ անցնում Ռումանիա: Բայց եթէ նկատի առնենք 1895 թուականը, աշնան, երբ Սերոբը Սուլինայից (Ռումանիա) Կովկասի ճամբով հետը բերած զինեալ տղաների գլուխն անցած, յաջողում է անցնել Ախլաթ, այդ պարագային ընդամէնը չորսի կ'իջնի բուն յեղափոխական գործին նուիրուած տարիների համրանքը: 1899ին, Գուրգէնի սպանուելուց չորս ամիս անցած-չանցած, սպանուեց նաեւ ինքը՝ Սերոբը:

Ճակատագրական անիմանալի զուգադիպութեամբ, Սերոբն ու Գուրգէնը նահատակւում են միեւնոյն տարում, միայն մի քանի ամսով իրարից յետ ու առաջ: Միեւնոյն գաղափարին նուիրուած, միեւնոյն շրջանում իրար գործակցած, տակաւին Բարձրաւանդակի Պատասխանատու Կ. Կ.ի անդամ ընտրուելուց էլ առաջ, նրանք դարձել էին մօտիկ ընկերներ:

Գուրգէնի սպանութեան առթիւ, Սերոբն գրել էր Սեւքարեցի Սաքոյին, որ այն ժամանակ մէկ տարուց ի վեր գտնւում էր Մշոյ բանտում, բայց մի վստահելի մարդու միջոցով կարողանում էր թղթակցել դրսի ընկերների հետ. «Սիրելի Անմեղ, մնացեր եմ վիզս ծռած, սա լերան գլխուն, անտէր, անօգնական: Ընկեր մը ունէի, այն ալ Աստուած ձեռքէս առաւ»: (Անմեղ կամ Անմեղեան՝ Սաքոյի ծածկակունն էր: Վ. Վ.)

***

Գուրգէնը, իսկական անուն-ազգանունով Բաղդասար Մալեան, գողթնեցի էր, զոկ, եւ Քրիստափորի համագիւղացին, ծնուած լինելով Վերին Ագուլիս գիւղում: Հայրենակից էր նաեւ Ռոստոմի, որի ծննդավայր Ցղնա գիւղը գտնւում էր Վերին Ագուլիսից քիչ անդին: Մօտիկ ընկերն էր, ու գրեթէ հասակակից (միայն երկու տարով աւելի փոքր) Ռոստոմի կրտսեր եղբօր՝ Արիստակէս Զօրեանի, որ նահատակուեց Խանասորի կռուին:

Խանասորի արշաւանքի մասին կամզուած անուանացանկի մէջ, որ ամբողջովին հրատարակուել է «Հ. Յ. Դաշնակցութեան Դիւան»ի երկրորդ հատորում, յիշւում է նաեւ. «Բաղդասար Յակովբ Մալեան. կեղծանունը Գուրգէն, վերին Ագուլեցի, վաճառական, 24 տարեկան, գրագէտ, զինավարժ, փախստական զինուոր, ամուրի, հետեւակ»:

Պէտք է, սակայն, ասել, որ Գուրգէնը թիւրիմացութեամբ է գրուել 253 անուն պարունակող ցանկի մէջ: Ճիշդ է, արշաւանքի պատրաստութեան շրջանին նա գտնուել էր Սալմաստում, ուր եւ կազմակերպւում էր արշաւախումբը: Սակայն, ինքը ոչ միայն չի մասնակցել արշաւանքին, այլեւ սկզբունքով եղել է դրան հակառակ: ... Գուրգէնը նախընտրում է միանալ Վազգէնին, որ եկել էր Վանից, շուտով յետ երթալու նպատակով. եկել էր ռազմիկներ հաւաքելու ու ռազմամթերքի պաշարով Վասպուրական տանելու համար: ...

Ինչպէս որ Վարդանի, Իշխանի, Կարոյի, Վազգէնի ու շատ ուրիշների տարակարծութիւնը սկզբունքային էր, Գուրգէնն էլ սկզբունքով էր արշաւանքին հակառակ: Նրա մտայնութիւնն այն էր, թէ արշաւանքներ կատարելու փոխարէն՝ անհրաժեշտ էր Երկրի ներսում նախեւառաջ, որոշ մասերում, հաւաքել, կենտրոնացնել մարտական ուժեր ու ռազմամթերք: Նրա համոզումով, յեղափոխական շարժումը կարող էր յջաողել՝ միա՛յն եթէ նա ներսից նախապատրաստուած լինէր: Վազգէնի ու նրա նման մտածողների պէս, Գուրգէնն եւս գտնում էր, որ դրսից ձեռնարկուած ամէն արշաւանք ու յարձակում անօգուտ, մինչեւ իսկ վնասակար պիտի լինի:

Նկարը հրապարկուած է «Դրօշակ» 1904, Թիւ 4-5-ին մէջ

Այսպէս մտածելով, նա միանում է Վազգէնի կազմած ու նրա գլխաւորութեամբ Վան մեկնած խմբին: Մեկնումը տեղի է ունենում 1897 Յուլիս 15ին, Խանասորի արշաւանքից մի տասն օր առաջ: Վասպուրական գնացող այդ խմբի մէջն է լինում նաեւ Անդրանիկը, որպէս պարզ մի զինուոր:

***

Գուրգէնը զինավարժ էր, երկու տարի ռուս բանակում զինուորութիւն արած լինելով: Զինուոր էր գնացել 1894-ի,ն երբ լրացրել էր իր 21րդ տարին, որ համարւում էր չափահասութեան, ուրեմն եւ զօրակոչութեան տարի: Զինուորական ծառայութիւնը տեւում է, ըստ օրինի, չորս լման տարի: Սակայն Գուրգէնը մնում է բանակում միայն երկու տարի: Ուշք-միտքը ուղղուած էր դէպի Հայաստան:

Քրիստափորը երեք-չորս տարի ուսուցչութիւն է արել Վերին-Ագուլիս գիւղում, ուր ծնուել էր թէ՛ ինքը եւ թէ Գուրգէնը. եւ շատ հաւանական է, որ այս վերջինն էլ աշակերտել է նրան, 9-11 ամեայ դպրոցական մանչուկ լինելով այն տարիներին, երբ Քրիստափորը դասատու էր իրենց գիւղի վարժարանում: Իր ազատասիրական գաղափարներով մարդկանց հմայել գիտցող ուսուցիչը, պիտի ազդէր բնականաբար նաեւ աշակերտների վրայ. ու հետագային մեծցած ու զինուորական ծառայութեան կանչուած Բաղդասար Մալեանը ինքնին արդէն տոգորուած պիտի լինէր իրենց սիրելի դասատուի արած յեղափոխական ներշնչումներով: Ապա, նա լուր ունէր հայդուկային շարժման մասին, որ ծաւալւում էր Սալմաստում: Իր մանկութեան մօտիկ ընկերը, Արիստակէս Զօրեանը, տարիներից ի վեր արդէն գործում էր Թաւրիզ-Սալմատ շրջանում. ու կարելի է ենթադրել, որ զոյգ երիտասարդ հայրենակիցներն ու գաղափարակիցները թղթակցում էին իրար հետ:

Ծառայութեան առաջին երկու տարին լրացրած, Գուրգէնը խոյս է տալիս բանակից ու անցնում է շիտակ Թաւրիզ ու Սալմաստ, այնտեղից Վան երթալու նպատակով: Հետը միասին, զինուորական ծառայութիւնից խուսափում են ուրիշ մի քանի երտասարդներ, ունենալով գրեթէ միեւնոյն նպատակը: ...

Երկու տարուան ծառայութիւնը բաւական եղաւ որպէսզի Գուրգէնը վարժուի զէնքի գործածութեան: Բանակը նաեւ զարգացրեց նրա մէջ կարգապահութեան անհրաժեշտութեան գիտակցութիւնը: Եւ Գուրգէնը ամէնէն կարգապահ հայդուկներից մէկը դարձաւ, գիտակցօրէն ենթարկուող՝ իր խմբապետի հրահանգներին. ապա, երբ ինքն էլ շուտով խմբապետ ու հրամանատար եղաւ, միեւնոյն գիտակցութեամբ շարունակեց բարձր պահել կարգապահութեան սկզբունքը՝ նաեւ իրեն ենթակայ տղաների վերաբերմամբ:

Գուրգէնը բանակից հեռանում է 1896ի սկիզբներին: Այնուհետեւ, ճիշտ ո՞ր ամսին է հասել Սալմաստ՝ յայտնի չէ: Որոշ է միայն, որ նա այնտեղ է եղել այդ տարուայ ամառը, Սալմաստի Փայաջուկ գիւղում: Մատթէոս Մինասեանի ընդարձակ յուշատետրում կայ հետեւեալ մատնանշումը.- «Փայաջուկում, Համբոյենց տանն էր ապրում Գուրգէնը, իր մի քանի ընկերներով»:

Մատթէոսը, Գուրգէնի հայրենակիցներից, ու նրա պէս էլ զինուորական ծառայութիւնից խոյս տուած ու Պարսկաստան անցած, շատ գործօն մասնակցութիւն ունեցաւ հայդուկային շարժման մէջ, նաեւ կատարեց հետագային մի քանի կարեւոր ահաբեկումներ: Նա Սալմաստ էր գնացել 1896 Ապրիլին, ու հաւանաբար եղել է մէկը այն ընկերներից, որոնց հետ միասին Գուրգէնը հեռացել էր զինուորական ծառայութիւնից: ...

... «Մի օր Շէկոն եկաւ մեզ մօտ եւ սկսեց սրա-նրա անունները գրել, ասելով.– «Տղերք, պատրաստուեցէք, այսինչ օրը գնում ենք...» պատմում է Մատթէոսը: Անունների արձանագրումից օրեր յետոյ, խումբը պատրաստ էր Վան մեկնելու համար: Մեկնումից առաջ, Նիկոլ Դումանը, որ Սալմաստ էր գտնւում, համբուրւում է խմբի տղաների հետ, յայտնելով նրանց.- «Շէկոն է ձեր խմբապետը»:

Շէկոն (բուն անունով Արշակ Բարսամեան, Թիֆլիսեցի), 22 հոգուց կազմուած խմբով 1896 Սեպտեմբերի սկզբին Վան է անցնում. իսկ նրանից մի ամիս առաջ, Օգոստոսին, դարձեալ Սալմաստից ճանապարհուելով, միեւնոյն տեղն էր հասել Բուլգարացի Պետոն (Սերեմճեան Պետրոս, բուլգար բանակի սպայ), իր խմբի մէջն ունելաով մօտաւորապէս տասնըհինգ հայդուկ: Մատթէոսը Շէկոյի խմբումն էր եղել, իսկ Գուրգէնը, ենթադրաբար, Պետոյի խմբի մէջ: Այսպէս թէ այնպէս, երկու հայրենակիցներն ու նախկին ռուսական զինուորները, Գուրգէնն ու Մատթէոսը, գործում են միասին:

Իրենց խմբերը, Շէկոյինն ու բուլգարացի Պետոյինը, միացուած ու չորս տասնեակի վերածուած, դրւում են Վարդանի հրամանատարութեան տակ ու մասնակցում Վանի Սեպտեմբերեան կռուին, որ մնացել է պատմութեան մէջ «Պզտիկ կռիւ» անունով, տարբերուելու համար Յունիսեան մեծ կռուից, որին զոհ գնացին Պետոն (Ալեքսանդր Պետրոսեան) ու հարիւրաւոր այլ դաշնակցական ինչպէս եւ հնչակեան ու արմենական մարտիկներ:

Չորս տասնեակներից մէկը յանձնւում է Շատախցի Միքոյին, երկրորդը Սերեմճեանին, երրորդը Շէկոյին. իսկ չորրորդը մնում է Վարդանի անմիջական ղեկավարութեան տակ: Գուրգէնն ու Մատթէոսը կռւում են Միքոյի տասնեակում:

Կռուից յետոյ, որ տեղի ունեցաւ Սեպտեմբեր 10-ին Այգեստանի Արարուց թաղում, մեր տղաները ստիպուած են լինում քաշուել իրենց դիրքերից, այլեւս անկարելի համարելով մի երկրորդ օր եւս շարունակել դիմադրել թշնամու գերազանց ուժերին: ... տղաները գիշերով հեռանում են Այգեստանից ու անցնում սահմանակից Հայոց Ձորի Կեմ գիւղը: ... Նախ Վարդանն ու Միքոն են հասնում Կեմ, աւելի ճիշտը գիւղի վրայ իշխող Կեմայ սարը: Սպասում են այնտեղ միւս երկու տասնեակների գալուն ամբողջ հետեւեալ օրը. ապա գիշերւայ մթին, տեղփոխւում են Վարագայ լեռը:

Վարդանի ու Միքոյի մեկնելուց յետոյ միայն, Կեմ են յաջողում հասնել նաեւ Սէրէմճեանն ու Շէկոն իրենց տղաներով, որոնց մէջն էր եւ Գուրգէնը: Պահուելու համար մտնում են մի մարագ. բայց շուտով պաշարւում են: Փախուստի ճամբայ չէր մնում. մարագի ներսից կռիւ տալն էլ վտանգաւոր ու անիմաստ պիտի լինէր: Տղաների մի մասը, Գուրգէնի ու Սէրէմճեանի գլխաւորութեամբ, նախընտրում է դուրս ելլել մարագից ու փորձել կռուով ճեղքել պաշարման օղակը: Եւ իսկապէս էլ յաջողում են իրենց գնդակների տարափով սարսափեցնել ու շփոթեցնել պաշարողներին եւ իրենց համար ճամբայ բանալով՝ հասնել Կեմայ սարը ու դիրքեր գրաւել: Թշնամին, իր ուշադրութիւնն այլ եւս այդ կողմը դարձնելով առաւելաբար, կրակի է տալիս մարագը. այնտեղ մնացող հայդուկներն եւս հարկադրուած ելնում են դուրս ու կռուելով գնում, միանում Սէրէմճեանին ու Գուրգէնին: ...

Կռիւներից յետոյ, Վարագ ապաստանած տղաները, Վարդանի մեկնումով անգլուխ մնացած, որոշում են նմանապէս Պարսկաստան վերադառնալ: Գուրգէնը, վարանքի մատնուած, սկզբում չի կամենում հեռանալ ու ջանում է համոզել իր ընկերներին որ մնան ու շարունակեն կռիւը: Սակայն, բոլոր ընկերները մնալն անօգուտ են գտնում. եւ Գուրգէնն էլ, ի վերջոյ, ստիպուած է լինում տեղի տալ ու ենթարկուել ընդհանուրի որոշման:

Տղաները վերադառնում են Սալմաստ ու ցրւում Փայաջուկ, Ղալասար եւ այլ գիւղերում: Վարդանն անցել էր Կովկաս, 1896-ի ձմեռնամտին: Հետը միաժամանակ գնացել էր Մատթէոսը: Կովկաս է անցնում նաեւ Գուրգէնը. բայց թէ ե՞րբ, յայտնի չէ:

Այսպիսով, փակւում էր նրա հայդուկային գործունէութեան առաջին շրջանը, որ շատ կարճ էր տեւել, ընդամէնը հազիւ երեք ամիս: Սակայն, այդ վտիտ ժամանակամիջոցն էլ կարող ենք «շրջան» կոչել, ի նկատի առնելով, որ բովանդակ գործունէութիւնն ինքնին արդէն երեք տարուց պակաս ծաւալ էր ունեցել, ինչպէս տեսանք վերը:

***

Երկրորդ շրջանը սկսւում է 1897-ին, երբ Գուրգէնը նորից գնում է Սալմաստ, Խանասորի արշաւանքի պատրաստութեան նախօրէին, եւ այնտեղից անցնում է Վան՝ Վազգէնի խմբի հետ: Որոշ չէ, թէ նա երկրորդ անգամ Սալմաստ երթալուց առաջ, Կովկասում ի՞նչ էր արել 1896-ի վերջերից մինչեւ 1897-ի սկզբի ամիսները:

Քրիստափորը 1897 Մարտ 5 թուակիր մի նամակում, ուղղուած Նիկոլին (Դուման) ու Մխիթարին (բժ. Քրիստափոր Օհանեան), որոնք երկուսն էլ Սալմաստ էին գտնւում այդ ժամանակ, տալիս է Գուրգէնի անունը, ըսելով.- «...Ժողովի արձանագրութիւնը կը բերի հետը Գուրգէնը» (Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հատոր Բ. էջ 52)

Մխիթար-Օհանեանի 24 Փետրուար 1897 թուակիր նամակում, գրուած Թաւրիզի կոմիտէին, ասւում է, ի միջի այլոց, հետեւեալը.- «Մի մասնաւոր նամակից իմանում ենք, որ Գուրգէնը Նախիջեւանի մօտ, բռնուած է»: (Անդ. Էջ 373):

Այս գոյգ մատնանշումներից կարող ենք եզրակացնել, որ Գուրգէնը այդ ամիսներին Թիֆլիս է գտնուել եւ կամ արդէն ճանապարհուել էր Պարսկաստան:

Վազգէնի խմբի հետ Սալմաստից Վան է հասնում Գուրգէնը Յուլիս 19-20-ին: Մնում է այնտեղ շուրջ երեք շաբաթ. այնուհետեւ անցնում է Ախլաթ ու Բաղէշ: Ստուգապէս սահմանել կարելի չէ, թէ ճիշդ ե՛րբ էր նա հասել այդ կողմերը. միայն յայտնի է, որ նրա ստորագրութիւնը կայ մի նամակի տակ, որ կրում է՝ «1897 Օգոստոս 27, Բաղէշ» թուականը. Ստորագրութիւնն է.- «Ցամաք-Ձորի Կոմիտէի ներկայացուցիչ Գուրգէն»:

Ախլաթ-Բաղէշի շրջանը կոչւում էր սկզբում Ցամաք-Ձոր, իբրեւ կազմակերպչական միաւոր. բայց Գուրգէնի գալուց յետոյ, վերակոչուելով դառնում է Սալնոյ-Ձոր կամ, ինչպէս Գուրգէնն էր գրում, Սալնաձոր:

Որոշ է, որ Գուրգէնը այդ շրջանն էր ուղարկուել Վասպուրականի Կենտրոնական Կոմիտէի կողմից, որի իրաւասութեան տակ էին գտնւում տակաւին Բաղէշն ու Ախլաթը: Շրջանը շուտով, Գուրգէնի ու աղբիւր Սերոբի ջանքերով, վերածւում է առանձին Կենտրոնական Կոմիտէութեան ու որպէս այդպիսին ճանաչուեց 1898-ի սկզբից:

Վերոյիշեալ Օգոստ. 27 թուակիր գրութիւնիւց բացի, Հ. Յ. Դաշնակցութեան Դիւանում պահուել են երկու ուրիշ նամակներ եւս. մէկը՝ «Սալնաձոր, 10 Հոկտեմբ. 97» թուակիր, ուղղուած Ղարսի կոմիտէին. միւսը՝ «Սալնաձոր, 20-ին Նոյեմբերի 1897», գրուած Վրէժստանի (Ատրպատական) ընկերներին: Առաջին նամակում Գուրգէնը տեղեկացնում է, որ իր ընկերների հետ միասին գտնւում է «Նէմրութի բարձունքների վրայ, լճակների մօտ»:

Զոյգ նամակներից աւելի երկարն ու աւելի կարեւորը երկրորդն է: Առաջ ենք բերում մի հատուած, պահպանելով բնագրի լեզուն.

«Հասնելով այս կողմերը 4-5 օր գիւղերում մնալով, մտանք քաղաք (Բաղէշ.- Վ. Վ.). քաղաքում վերջին դէպքերից յետոյ ամէն ինչ լուծվել էր ու գտնվում էր խառնաշփոթ դրութեան մէջ: Կային եւ մի քանի ներքին երկպառակութիւններ. այդ բոլորն կանոնաւորեցիմք, կազմակերպեցիմք կանոննաւոր կեդրոնական կոմիտէ, ամբողջ գաւառիս համար ու գործը սկսեցին կարգին առաջ գնալ:

«Այստեղից կանոննաւոր յարաբերութիւն պահպանել են ու շարունակում եմք Շամի եւ Ուրուականի (Դժոխք) հետ. Բարձրաւանդակի համար ներկայացուցիչ Բերդիկի կողմերից դեռ չէր եկած եւ մինչեւ այժմս էլ չի եկած: Ուրուականն էլ է սպասում Բերդիկի ներկայացուցիչին: (Բերդիկ՝ Կարսի պայմանական անունն էր.- Վ. Վ.): Թաթուլից լուր չի ունէիմք. միայն առաջներում մի կարճ նամակ ստացամք, բանտումն է: Մենք աշխատելու եմք շուտով յարաբերութիւնը կանոննաւորել նրա հետ (Կարնոյ) եւ նորից սկսել մի քանի գաւառների ու քաղաքների հետ»: (Թաթուլը, Արամ Արամեան, 1896 Յուլիսի 2-ին ձերբակալուած լինելով Բասենի Քեօփրիքեոյ գիւղում, պահւում էր Կարնոյ բանտում, մինչեւ որ հետագային կախաղան է հանւում, 1899 Օգոստոս 9-ին.- Վ. Վ.):

7 էջ պարունակող նամակի մի էջից աւելին գրուած է ռուսերէն, չնայած որ Գուրգէնը այնքան էլ զօրաւոր չի եղել այդ լեզուի մէջ. եւ նոր ոչինչ չի ասում այդ էջում, այլ կրկնում է, ինչ որ արդէն հայերէն էր գրել: Ռուսերէնի վերջումն էլ աւելացրել է.- «Իզվինիտէ աշիբոկ», այսինքն՝ ներեցէք սխալներս:

Ախլաթ-Գիւզալ դարա-Բաղէշ շրջանը վերածւում է լայնարձակ մի ասպարէզի Գուրգէնի գերազանցօրէն կազմակերպչական գործունէութեան համար: Այգեստանի ու Կեմի կռիւներին Գուրգէնը խիզախ մի մարտիկ էր եւ հնազանդ զինուորը իր տասնապետին: Իսկ նոր վայրում ու ասպարէզում նա ինքն է դառնում ղեկավար ու հրահանգող: Արշաւանք ու բախումներ չկային այս անգամ: Սակայն, շատ կարեւոր ու պատասխանատու մի գործ էր դրուել Գուրգէնի առջեւ: Դա՝ շրջանը կուսակցօրէն կազմակերպելու եւ ժողովուրդը ինքնապաշտպանութեան համար զինելու գործն էր:

Այնտեղ էր Սերոբը եւ արդէն անուն էր հանել, որպէս քաջամարտիկ հայդուկ, շուրջը հաւաքած իրա նման քաջերի մի ստուար խումբ: Բայց նա, լինելով գերազանցօրէն պարտիզնական կռիւների մարդ եւ ունենալով յախուռն խառնուածք, յարաշարժ ու անհանգիստ, բնաւ հակամէտ չէր, ու ատակ էր չէր կազմակերպչական, վարչական աշխատանքի, որ պահանջում էր ենթակայից համբերատար, զուսպ ու շրջահայեաց վերաբերում՝ մասնաւորապէս հանդէպ իր գործակիցների: Սերոբը չունէր այդ անհրաժեշտ ու խոհական շրջահայեցութիւնը:...

Դա պատճառ եղաւ, որ Սերոբի շուրջը հաւաքուած հայդուկների մէջ տրտունջներ առաջ գային, որոնցից պիտի տուժէր հերոսի հռչակ վայելած խմբապետի հմայքը, հեղինակութիւնը: Դժգոհներին աւելանում է շուտով մի նոր ուժ, որ շրջանն էր եկել Գուրգէնի հետ միասին, Սալմաստից Վան անցած Վազգէնի խմբում: Դա Անդրանիկն էր: Տակաւին շատ սովորական մի պարզ զինուոր, առանց որեւէ աչքառու յեղափոխական գործ կատարած լինելու իր անցեալում, Անդրանիկը սկզբից իսկ ձգտումն ունէր հայդուկային շարժման գլխաւոր դերակատարներից մէկը դառնալու:

...
Այսպէս թէ այնպէս, երկու ինքնիշխանները տեւական կերպով իրար գործակցել չէին կրնար. եւ շուտով, նրանք ոչ միայն չհաշտուեցին իրարու հետ ընդհանուր նպատակի շուրջ, այլ գժտուեցին ու դարձան հակառակորդներ:

Սերոբ-Անդրանիկ հակառակութեան ու ներքին պայքարի մասին, ի միջի այլոց, Սեւքարեցի Սաքօն ուշագրաւ տեղեկութիւններ է տուել ատենին, իր ինքնակենսագրութեան մէջ, որ պահուել է Հ. Յ. Դաշնակցութեան արխիւում:

Սաքօն Բարձրաւանդակի Պատասխանատու Կենտրոնական Կոմիտէի չորս անդամներից մէկը լինելով, Երկրորդ Ընդհանուր Ժողովից անմիջապէս յետոյ ճանապարհւում է նշանակուած վայրը, ուր արդէն գործի վրայ էին միւս երկու անդամները՝ Սերոբն ու Գուրգէնը: Տեղ է հասնում, սակայն, բաւական ուշ, իրանից անկախ պատճառներով. եւ նրա հասնելուց երկու-երեք ամիս հազիւ անց, սպանւում է Գուրգէնը Մշոյ Ցրոնք գիւղում, 1899ի Ապրիլ 30ին, երբ Սաքօն ինքը արդէն ձերբակալուած՝ բանտումն էր գտնուել:

Իր այն նամակում, որով Սաքոյին իր կսկիծն էր յայտնում Գուրգէնի մահուան առթիւ («մի ընկեր ունէի, այն ալ Աստուած ձեռքէս առաւ»), Սերոբը գրել էր նաեւ հետեւեալը.

«Մօտ օրերս Անդրանիկը իր ընկերներով ղրկեցի գիւղերը, որպէսզի տերորի ընթարկէ քանի մը մահուան դատապարտուածները: Ան ալ գացեր է Դժոխքի կողմերը ու հոնկէ ինծի կը գրէ, թէ ինձ քեզ ընկեր չհամարես, մինչեւ նոր ներկայացուցչի մը հոտ հասնիլը: Ես մնացեր եմ շուարած, ու կը սպասեմ քու պատասխանիդ»:

«...Ուրեմն, մի նոր գործ բացուեց ինձ համար.– Սերոբի նամակի բովանդակութիւնը տալուց յետոյ, իր կողմից աւելացնում է Սաքօն,– Հենց նոյն օրը Դժոխքին նամակ գրեցի ու խնդրեցի, որ գնայ Սուրբ Յովհաննու վանքը, Անդրանիկի հետ տեսնուի ու իմանայ Աղբիւրից բաժանուելու պատճառը: Մի քանի օրից յետոյ, Անդրանիկից մի նամակ ստացայ, որով խնդրում էր Ռուսաստանից նոր խմբապետ բերել տալ: Մենք չենք կարող, ասում էր Անդրանիկը, հնազանդուել մի բռնապետ մարդու»:

Այս բռնապետը Սերոբն էր, ըստ Անդրանիկի, որն ինքն եւս բռնապետական զօրաւոր հակումներ ունէր: Հիմա տեղը չէ, ի հարկէ, զբաղուելու երկուսի հակառակութեան պատճառների քննութեամբ: Միայն, յաւելեալ մի քաղուածք եւս անենք Սաքոյի յուշերից: Անդրանիկի նամակին պատասխնաելով անյապաղ, Սաքոն յորդորում է վերջ տալ անհամաձայնութեան եւ միանալ սուրբ գործի շուրջը:

«Դեռ մեր ընկերների արիւնը չի ցամքել քարերի ու խոտերի վրայ, գրում է Սաքօն, իսկ դուք փոխանակ միանալու եւ վրէժ լուծելու մեր թշնամուց, սկսել էք իրարից բաժանուել. Եթէ մեր հեռաւոր ընկերները լսեն, ի՞նչ կ'ասեն»:

Սաքօն յորդորագիր է ուղարկում Սերոբին եւս, խորհուրդ տալով աւելի մեղմ ու զիջող վերաբերուել իր ընկերներին: Այնուամենայնիւ, լարուածութիւնը Սերոբի ու Անդրանիկի միջեւ չի մեղմանում: Մեղմացնել կարող պիտի լինէր Սաքօն ինքը. բայց նա բանտումն էր նստած ու ոչ մի հնարաւորութիւն չունէր տեսնուելու հակառակորդ ընկերների հետ:

Փոխանակ հարթուելու, յարաբերութիւնները աւելի են փչանում ու թշնամական բնոյթ առնում: Դրանից օգտուել է շտապում բուն թշնամին՝ թուրքը:

Սաքօն պատմում է, որ Սերոբ-Անդրանիկ գժտութեան հետեւանքով սպանւում է Մարտիրոս անունով մի տալուորիկցի, որը համարւում էր Սերոբի ջերմ կողմնակից եւ որը հեղինակութիւն էր վայելում ժողովրդի մէջ: Սպանութիւնը վերագրուել էր Անդրանիկին:

Սաքօն շարունակում է պատմել.– «Սերոբը տեսնելով այս խայտառակ դրութիւնը, որ լրտեսւում ու հետապնդւում էր երկու կողմից էլ, եղելութիւնը գրեց ինձ: Ես մնացի շուարած. ի՞նչ անել, ի՞նչ ելք տալ գործին: Անդրանիկն արդէն չափ ու սահմանն անցնում էր. Մարտիրոսի սպանութիւնից զատ, յեղափոխականին չվայելող ուրիշ արարքներ էր թոյլ տուել: Սերոբին գրեցի, որ անպատճառ զինաթափ անի Անդրանիկին: Մի քանի օր յետոյ, Սերոբը նրան շրջապատում է մի գիւղում ու ցոյց տալով նամակս, զէնքերը առնում է վրայից»:

Որչափ ատեն Գուրգէնը ողջ էր, նրան ենթարկւում էին հաւասարապէս Անդրանիկն ու Սերոբը, չնայած իրենց ինքնիշխանական հակումներին ու յամառութեան: Գուրգէնը օժտուած էր վարիչի անուրանալի կարողութիւններով, որոնք յարգանք ու ակնածանք էին պարտադրում շուրջիններին: Սերոբը, լինելով սրտաբաց ու անկեղծ, եղբայրական սիրով էր կապուել Գուրգէնի հետ: Իսկ Անդրանիկը, ծածկամտօրէն փառասէր լինելով հանդերձ, պէտք է հաշուի առնէր ներկայացուցչի հանգամանքով իրենց շրջանն ուղարկուած ու ձեռնհասութեամբ գործի լծուած լիազօրին գերակայութիւնը, մանաւանդ որ ինքը Անդրանիկը տակաւին համեստ, անշշան մի հայդուկ էր:

Գուրգէնը իր վարչագիտութեամբ, ինչպէս եւ քաջ ռազմիկի համբաւով, որ վաստակել էր Արարուցի ու Կեմի կռիւների շնորհիւ, անվիճելի հեղինակութիւն էր դարձել. եւ նա միայն կարողացաւ պարտադրել իր գերադասութիւնը Սերոբի ու Անդրանիկի նման անձերին, որոնք այլապէս տրամադիր չէին ճանաչելու որեւիցէ իշխանութիւն իրենց գլուխներին:

Անդրադառնալով Սաքոյի ինքնակենսագրութեան այն հատուածին, որ վերաբերում է Սերոբ-Անդրանիկ հակառակութեան, «Դրօշակ»ի խմբագրութիւնը գրել է ատենեն (1931 թիւ 6) «Սերոբի ու Անդրանիկիի յարաբերութիւնները լաւ չէին այդ ժամանակ. Անդրանիկը ընդդիմադիր դիրք էր բռնել Սերոբի հանդէպ: Գուրգէնը ընդհանուր միացնող ուժն էր: Նրա մահից յետոյ, յարաբերութիւնները աւելի լարուեցին»:

***

Հիլմի անունով մի ոստիկանապետ կար Բաղէշում: Իրական մի հրէշ, որ ահաւոր մի չարիք էր դարձել հայ բնակչութեան համար: Այլեւս պէտք էր պատժել նրան: Եւ Գուրգէնի առաջին գործն է լինում տերրորի ենթարկել հայակեր գազանին: Յաջող անցած ահաբեկումը հրճուանք է պատճառում հայերին, ու նոր աւիւն ու յոյս ներշնչում ազատասէր, բայց բարոյալքուած, տկարացած տարրերին:

Հայատեաց ոստիկանապետի մաքրագործումը նոր վկայութիւն եղաւ Գուրգէնի խիզախ վճռականութեան մասին. եւ Բաղէշ քաղաքում ու շրջանի բոլոր գիւղերում արագօրէն տարածուեց անունը նոր յեղափոխական գործչի, որի գերագոյն նպատակն էր՝ պաշտպանել այդ քաղաքում ու գիւղերում տուայտող բազմահազար հայերին թրքական ու քրդական բիրտ հալածանքների դէմ: Ժողովուրդը հասկացաւ այդ նպատակը, զգաց դրսից եկած հայրենակցի զոհուելու պատրաստակամութիւնը եւ համակրութեամբ կապուեց նրա գործին ու մանաւանդ անձին: Գուրգէնը, իր մարտական խիզախութիւնից բացի, օժտուած էր մարդկանց համակրանքը գրաւելու հոգեկան մեծ շնորհքով:

Պարզ ու անսեթեւեթ՝ իր վերաբերումի մէջ, բծախնդրօրէն անաչառ, անշահախնդիր, եւ միաժամանակ հեռատես ու նրբազգաց, նա կարճ ժամանակում կարողացաւ ինքզինքը պարտադրել իր շրջապատին: Պարտադրանքը, սակայն, փառասիրականշարժառիթներ չունէր, այլ բխում էր Գուրգէնի հոգեկան աբրձրութիւնից՝ ինքնաբերաբար, վճիտ հոսող աղբիւրը պարզ բնականութեամբ: Եւ այդ պարտադրանքը տրտունջ ու դժգոհութիւններ չյարուցեց բոլոր նրանց մէջ, որոնք այս կամ այն չափով, կամայ թէ ակամայ, ընկնում էին Գուրգէնի հեղինակութեան հմայքի տակ:

Այն օրերին, երբ Գուրգէնը մուտք գործեց Ախլաթ-Բաղէշի շրջանը, կուսակցական ղեկավարութեան ներսում տարաձայնութիւններ կային: Ինչ-ինչ պատճառներով, մի շարք ընկերներ քաշուել էին գործից: Պատճառներից մէկը Աղբիւր Սերոբն էր, շրջանի տիրական դէմքը, որ սակայն իր անհատական քաջութեան հմայքով չէր կարողանում կազմակերպչօրէն եւս ազդել շրջապատի վրայ: Նա չունէր այն զուսպ ու շրջահայեաց վարուելակերպը, որ հրամայօրէն անհրաժեշտ էր կազմակերպութեան վարիչ լինելու համար: Լեռնցի քաջ հայդուկը գիտէր միայն հրամայել ու բռնութեամբ պարտադրել իր կամքն ու հասկացողութիւնները: Նման մի ընթացք վերջ ի վերջոյ դժգոհութիւններ ու խռովք պիտի առաջացնէր ընկերների մէջ. եւ սրանցից ոմանք, ո՛չ նուազ խիզախութեան տէր մարդիկ, նախընտրում են մէկդի քաշուել, որպէսզի ստիպուած չլինեն պայքարի բռնուելու իրենց ղեկավարի դէմ:

Այս կացութիւնը կարող էր վտանգել ընդհանուր գործը, առնուազն անախորժ հետեւանքների յանգել: Գուրգէնը, սակայն, տեղ հասնելուն պէս յաջողում է կանգուն պահել շարքերը: Նա սկզբից իսկ դառնում է բարոյական հեղինակութիւն, անառարկելի հաւասարապէս թէ ինքնիշխանօրէն գործող Սերոբի եւ թէ բոլոր նրանց համար, որոնք չէին կամենում հաշտուել այդ ինքնիշխնաութեան հետ, որ աշիրաթապետական բնոյթ էր առնում

* * *

Հ. Յ. Դաշնակցութեան Երկրորդ ժողովի որոշման համաձայն, Գուրգէնը պիտի երթար Բարձրաւանդակ-Սասուն: Բայց նա հարկադրուած եղաւ առժամանակ մնալ կէս-ճամբին՝ Բաղէշ-Ախլաթի շրջանում, վերականգնելու համար համերաշխութիւնը, որ խախտուել էր ընկերների մէջ: Դա հրամայօրէն անհրաժեշտ էր յեղափոխական կազմակերպութեան գործը հաստատուն հիմերի վրայ կանգնեցնելու համար, որ Գուրգէնի նպատակն էր:

Նպատակը լայն տարողութիւն ունէր: Գուրգէնի մտածումն էր ժողովուրդը նախապատրաստել յեղափոխական պայքարի՝ կանոնաւոր ու յամառ աշխատանքի գծով, աստիճանաբար, նրա տրամադրութիւնը հետզհետէ հասունացնելով: Ժողովուրդը պէտք է ինքը հասկանար յեղափոխութեան կարեւորութիւնը. պէտք է զինուէր ու վարժուէր, ինքն իրեն պաշտպանելու անհրաժեշտութեան գաղափարին: Եւ մինչեւ որ չլրացուէր այդ նախապայմանը, կանխահաս եւ անօգուտ ու անմիտ պիտի համարուէր ամէն փորձ՝ անժամանակ ըմբոստւթեան դրօշը պարզելու կառավարական թէ քրդական բռնութիւնների դէմ: Այսպէս էր մտածում Գուրգէնը: Գերազանցօրէն շրջահայեաց, զգուշամիտ գործիչն էր նա եւ միշտ ի մտի ունէր ժողովրդի շահը:

Շրջանում (Բաղէշ, Գիւզալդարա, Ախլաթ) կազմուել էր, դեռ Գուրգէնի գալուց առաջ, նախօրէին, Կենտրոնական Կոմիտէութիւն: Սակայն, դրա գոյութիւնը աւելի մի անուն էր սոսկ: Աղբիւր-Սերոբին է վերագրւում կազմութեան նախաձեռնութիւնը. բայց Սերոբը չունէր անհրաժեշտ վարչական ձիրքը՝ իր ստեղծած Կենտրոնականը հեղինակութեամբ օժտել կարենալու համար: Գուրգէնն եղաւ շրջանի Կենտրոնական Կոմիտէի իրական կազմակերպողն ու ոգին: Սերոբը նրա աջակիցն ու նեցուկն էր այդ գործում:

Համերաշխութեան վերահստատում ընկերների մէջ. ոստիկանապետ Հիլմիի տերրոր. Կենտրոնական Կոմիտէի կազմակերպում. քարոզչական աշխատանք. զէնքի մատակարարում. ժողովրդի մէջ յեղափոխական գալիք ձեռնարկների համար կռուանների նախապատրաստում... այս ամէնը Գուրգէնի ուսերին էր ծանրացած եւ նա հմուտ կերպով կատարում էր իւրաքանչիւր գործ, որ իր ձեռքն էր առնում: Եւ յարատեւ շարժման մէջ, անցնում էր տեղից տեղ, մինչեւ իր վերջոյ հասնում է գործունէութեան համար սահմանուած բուն վայրը, Տարօն-Տուրուբերան:

Այնտեղ էլ երեւան է հանւում միեւնոյն եռանդն ու հմտութիւնը: Միեւնոյն կամքն ու վճռականութիւնը: Միեւնոյն մարտական ու կազմակերպչական կարողութիւնները: Միայն թէ շատ կարճատեւ է լինում ժամանակը: Առաջին կիսամեակը հազիւ լրացած, տեղի է ունենում Ցրոնքի մահաբեր կռիւը:

Ընդամէնը տարի ու կէս տեւեց Գուրգէնի գործունէութիւնը Ախլաթ-Բաղէշ-Տարօն շրջանում. բայց այդ կարճ ժամանակամիջոցն իսկ բաւական եղաւ, որպէսզի վաւերական գործիչի արդար համբաւը ստեղծուէր Գուրգէնի անուան շուրջ:

«Սալնոյ Ձորի Գուրգէնը»
Վ. Վալադեան
«Հայրենիք», Պոսթոն
60-րդ Տարի, Թիւ 14039, 14040, 14041, 14042, 14043, 14044

*Ժողովը որոշեց յանձնարարել ընտրուած ընկերներուն, եթէ իրենք յարմար կը տեսնեն, ընդունին նաեւ Դժոխքը իբր հաւասար ընկեր-անդամ: (Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար, Բ. հատոր, էջ 67)