Դրոն գրեթէ մէկ տարի անցկացրեց լեռնային Նախիջեւանում եւ Զանգեզուրում, Քեռու հետ, իբրեւ առանձին մարտական խմբի ղեկավար: Նակաշիձէի խիզախ ահաբեկումը նրան արդէն ապահովել էր անվախ, յանդուգն եւ քաջ հայդուկի համբաւ: Հայկական ինքնապաշտպանութիւնը թաթարների դէմ փաստեց, որ նա միաժամանակ եւ հմուտ կազմակերպիչ էր եւ տաղանդաւոր խմբավար ու ռազմագէտ:
Բայց եւ այնպէս Դրոյի հոգին խաղաղ չէր հայոց լեռներում: 1905 թւականի երկրորդ կէսից սկսած մանաւանդ, Ռուսաստանը իր ամբողջ տարածութեան վրայ դարձել էր ալեկոծ ովկիանոս՝ յեղափոխական փոթորիկներով: Ռուս բանակի պարտութիւնը հեռաւոր Արեւելքում, Ճափոնի կողմից, երեւան էին բերել ցարական վարչաձեւի բոլոր փտած կողմերը: Ժողովրդական զանգւածները, յեղափոխական կուսակցութիւնների ղեկավարութեամբ, գլուխ էին բարձրացրել ատելի միապետութեան դէմ: Ոստիկանութիւնը անզօր էր զսպելու յեղափոխական պոռթկումները: Կառավարական խստութիւններին ժողովուրդը պատասխանում էր գործադուլներով, գիւղացիական խռովութիւններով, ահաբեկումներով:
Յեղափոխական խուլ մրրիկների արձագանգները ներքին Ռուսաստանից հասնում էին եւ Զանգեզուրի ընկերներին: Դրոյի զինակից ընկերները, Մարտիրոսը, Համօն, Ջանփոլատեանը, Չոփուռը, Քիւրտը (Քիւրտ Խէչօ) եւ ուրիշներ մահացու սարսափ էին ձգել ռուս կառավարութեան գործակալների վրայ, իսկ Դրօն, իր մտածելով, զուր ժամանակ էր վատնում Զանգեզուր-Նախիջեւան թաթար մութ ամբոխի դէմ կռւելով: Նա երազում էր նետւել ռուսական յեղափոխութեան փոթորիկների մէջ՝ շարունակելու համար Սազանով ու Կալիայեւ անվեհեր ահաբեկիչների գործը. նա կրկին ու կրկին ջանաց համոզել Նիկոլ Դումանին, որ իրեն յետ կանչէ եւ մարտական ձեռնարկների մէջ դնէ կառավարութեան դէմ: Նիկոլ Դումանը մնաց անդրդւելի, մինչեւ որ հայ-թաթարական պատերազմը փաստօրէն վերջ գտաւ վարչաձեւի փոփոխութեամբ: Հոկտ. 17-ի հրովարտակից յետոյ՝ ռուսական Սահմանադրութեան հռչակումով:
Հայ թաթարական պատերազմից հայերը հոգեբանօրէն դուս եկան յաղթական, թէեւ երկու կողմերն էլ մարդկային ու նիւթական ծանր կորուստներ ունեցան, որոնց պատասխանատւութիւնը ձգւեց արդէն իսկ ծունկի եկած ցարական վարչաձեւի վրայ: Սկսւեց հայդուկների զօրացրումը, եւ Դրօն էլ, յաղթական, վերադարձաւ «խաղաղ գործունէութեան»: Կարճ հանգստից յետոյ Դիլիջանի ամարանոցում, մարտական ընկերների հետ նա անցնում է Բագու, ուր նոր գործի է դրւում Ոսկանապատի Կեդր. Կոմիտէի կողմից, այս անգամ իր մտերիմ ընկերոջ՝ Մարտիրոս Չարուխչեանի հետ:
Մարտիրոսն էլ՝ Դրոյի խմորից, բիւրեղ հոգու եւ գրանիտեայ կամքի տէր դաշնակցական հայդուկ, անբաժան ընկերը Դրոյի, գտնւում էր Ոսկանապատի Կեդր. Կոմիտէի տրամադրութեան տակ, որպէս գաղափարական քաջ յեղափոխական եւ ահաբեկիչ ցարական գործակալների եւ հայ դաւաճանների ու մատնիչների սարսափը: Դրօն եկաւ միանալու նրան:
Այդ օրերին, մասնաւորապէս վրաց հասարակութեան մէջ, մեծ գրգռում կար ռուս բանակի զօրավար նախիջեւանցի թաթար Ալիխանով Աւարսկու դէմ: Այս հրէշին յանձնւած էր Վրաստանի Գուրիայի շրջանի գիւղացիական շարժումների զսպումը: Դաժան միջոցներով եւ բազմաթիւ զոհեր խլելով՝ Ալիխանովը արեան մէջ էր խեղդել Գուրիայի վրացի գիւղացիութիւնը: Նա մեղսակից էր եւ Նախիջեւանի թաթարների հակահայ յարձակումների կազմակերպութեան:
Հ. Յ. Դաշնակցութեան որոշումով զօրավար Ալիխանով Աւարսկին եւս շանսատակ պիտի լինէր, բայց վրաց յեղափոխականների դիմումի վրայ յետաձգւել էր որոշման գործադրութիւնը: Վրացիներն ուզում էին սեփական ձեռքով պատժել իրենց թշնամուն: Սակայն ամիսներ անցան, վրացիները մի քանի անյաջող փորձեր կատարեցին, բայց չկարողացան սպանել Ալիխանովին: Դաշնակցութիւնը ստիպւած եղաւ իր վրայ առնել ահաբեկումը վրացական Գուրիայի չար ոգուն: «Այդ պատիւը վիճակւեց մեզ՝ Մարտիրոսին եւ ինձ», պատմում էր Դրօն: Թոյլ տւէք ուրեմն դէպքի պատմութիւնն էլ Դրոյի խօսքերով առաջ բերել նրա բերանից մի քանի անգամ լսած լինելով Ալիխանովի մահապատժի պատմութիւնը:
«Աբրահամը եւ Գրիգոր Աղաջանեանը կանչեցին ինձ եւ Կեդր. Կոմիտէի անունից հարցրին. «Ժամանակը եկել է Ալիխանովի արեւը մարելու: Ուզո՞ւմ ես դու կատարես այդ պարտականութիւնը»:
Ես շտապեցի Մարտիրոսի մօտ: Մարտիրոսը պառկած էր մահճակալի վրայ եւ փորձում էր թուքը հասցնել առաստաղին: Պատմեցի Աբրահամի եւ Աղաջանեանի ասածը:
Մարտիրոսը խենթի պէս թռաւ տեղից, փաթաթւեց վզիս եւ սկսեց, քաշքշելով ինձ, վալս պարել:
–Թո՛ղ ինձ, վերջ տուր յիմարութեանդ, բարկացայ ես:
Ուռա՜, Կեցցէ՛ Հայաստան, պոռաց նա... ժանգոտեցինք, վերջապէս կարող ենք շունչ քաշել...:
Պէտք է ասել, որ Մարտիրոսը վարակւած էր անջատական շարժումով: Նոյնիսկ խօսք կար, որ նա պատրաստ է հեռանալու Դաշնակցութեան շարքերից և միանալ Էսէռներին: Ես նրան աշխատում էի պահել մեր մէջ: Նա հոգեպէս տառապում էր, որովհետեւ մի կողմից սիրում էր եւ չէր կարողանում բաժանւել դաշնակցական ընկերներից:
Երբ հանգստացաւ՝ նստեցինք խորհրդակցութեան. Մարտիրոսը խնդրեց.
–Նիկոլի կարծիքն ի՞նչ է, նա էլ համամի՞տ է Ալիխանովի գործին:
Պարզ էր, որ Նիկոլ Դումանը գլխաւոր դատախազն էր Ալիխանովի:
Մարտիրոսի հետ միասին կազմեցինք մահափորձի ծրագիրը եւ ներկայացրինք Կեդր. Կոմիտէին: Ալիխանովը Ալեքսանդրապոլում էր, որպէս զօրամասի հրամանատար: Ալեքսանդրապոլը ռուս բանակի կենտրոնացման գլխաւոր վայրերից մէկն էր, ամուր պաշտպանւած: Դիւրին գործ չէր նրան ահաբեկելը, մանաւանդ վրացիների անյաջող փորձերից յետոյ՝ Ալիխանովը շատ զգոյշ էր եւ լաւ պաշտպանւած:
Մարտիրոսն ու ես որոշեցինք, Կեդր. Կոմիտէի հաւանութեամբ, ահաբեկումը կատարել կա՛մ ռումբով եւ կամ ատրճանակով, ըստ յարմարութեան: Ուրեմն երկու ձեւի համար էլ պէտք էր պատրաստ լինել:
Մարտիրոսի հետ անցանք Դիլիջան, ուր այդ ժամանակ գտնւում էին Արմէն Գարօն, Սև-Քարեցի Սաքօն եւ ուրիշներ մեր մարտիկ ընկերներից, այստեղից՝ Ղարաքիլիսա, ուր ստացանք ատրճանակներ ու ռումբեր: Բոլորը տեղաւորեցինք ճամբորդական մի զամբիւղի մէջ, վրան էլ լեցրինք խնձորներ, իբրեւ թէ խնձոր ենք նւէր տանում Ալեքսանդրապոլի մեր բարեկամներին: Եւ Ղարաքիլիսայից երկաթուղիով մեկնեցինք Ալեքսանդրապոլ:
Ալեքսանդրապոլում ունէինք Աւոյի հասցէն՝ բանաստեղծ Աւետիք Իսահակեանի, որ Հ. Յ. Դ. Քարի (Ալեքսանդրապոլի) Կեդր. Կոմիտէի անդամ ու ներկայացուցիչ էր: Մեզ որ տեսաւ, արդէն իսկ կակազ լեզուն կապւեց:
–Ի՞նչ էք ուզում ինձանից, ինչո՞ւ էք եկել, հարցրեց նա, երբ ներս մտանք նրա սենեակը:
Մենք յանձնեցինք նրան Ոսկանապատի Կեդր. Կոմիտէի կարմիր կնիքով թուղթը, որ հրահանգում էր «ամէն աջակցութիւն ցոյց տալ» մեզ, եւ պատմեցինք Ալեքսանդրապոլ մեր գալու նպատակը:
Աւոն սարսափահար բացագանչեց.
Ես Աւոյին
ծանօթ էի, գիտէի նրա վախկոտ բնաւորութիւնը: Կէս-լուրջ կէս-կատակ ասացի նրան.
Բայց եւ այնպէս մերժեց մեզ օգնել եւ ջանաց համոզել, որ անմիջապէս հեռանանք, փորձանք չբերենք քաղաքի գլխին: Եւ զամբիւղը մեր ձեռքը տալով՝ ճամբու դրեց, դուռը պինդ փակելով մեր յետեւից:
Մութ երեկոյ էր: Մայթի վրայ մի պահ կանգնեցինք... ո՞ւր երթայինք, տեղ չգիտէինք: Կարող էինք ոստիկանութեան ուշադրութիւնը գրաւել, մատնւել...
Մէկ էլ
մեր առջեւը ցցւեց, կարտուգը ծոծրակին, կուրծքը բաց, երգը բերնին, երեւի քիչ խմած մի
երիտասարդ: Ես ճանաչեցի նրան. Դաշնակցութիւնից հեռացւած էր ինչ որ մի յանցանքի համար:
Կանգ առաւ շւարած, մի պահ լռեց եւ մօտենալով ինձ՝ ժպտուն.
–Վա՜յ, քու հոգուն մատաղ... Էտիկ դո՞ւ ես, էս էլ ես էլ ես եմ... Հոգիդ ուտեմ, ի՞նչ էք անում էստեղ:
Մի միտք
ծագեց մէջս: Բացատրեցի, թէ Անի ուխտի ենք գնում, գիշերելու տեղ չունենք...
–Վա՜յ, ես ձեր հոգին ուտեմ, ահա մեր տունը, մեզի հիւր եղէք: Ու սկսեց թեւիցս քաշել առաջ:
Կը լինի, չի լինի, ուրիշ ճար չունէինք: Համաձայնւեցինք:
Վերցնում ենք զամբիւղը եւ հետեւում գիշերաշրջիկ բարեկամին:
Տանը «Անիի ուխտաւորներ»ին ընդունում է մեծ եղբայրը, նոյնպէս Ալեքսանդրապոլի լոթիներից: Ամուսնացած ու երեխաների տէր: Օղի ծախող, Միկիտան տէր պահում: Զւարթ, թռուցիկ խօսքով մի տղամարդ:
Բացւում է գիւմրեցու շէն սեղանը: Մէջտեղն են գալիս շիշ ու գաւաթներ: Շուտով բացւում են եւ տանտէրերի լեզուները: Ասենք գիւմրեցու լեզուն, ինչպէս եւ սիրտը, միշտ բաց են...
Պարզւում է, որ երկու եղբայրներն էլ «թունդ դաշնակցական» էին, միայն թէ... շարքերից արտաքսւած... անկարգ կեանքի պատճառով: Քանի քանի անգամներ դիմել էին Կոմիտէին, թախանձել, որ վերընդունւեն կուսակցութեան մէջ, բայց մերժւել էին: «Պէտք է փոխէք ձեր կեանքի ձեւը, պատասխանել էր Կոմիտէն, բայց «միկիտանչին» ուրիշ ի՞նչ ձեւով կարող է ապրել...
Մի պահ մեր տղաների սիրտը վախ է ընկնում, չը լինի սխալ տեղ էին ընկել: Մանաւանդ որ փոքր եղբայրը երկդիմի ակնարկներ էր անում և անվերջ բաժակ էր պարպում «Անիի ուխտաւորներ»ի կենացը...
Մեծ եղբայրը, երեւի կռահելով հիւրերի հոգեկան վիճակը, աշխատում է փարատել նրանց մութ կասկածները:
–Ձեր հոգուն մեռնեմ, ախպրտիք, էս էլ մեր ազգի կենացը... Մենք դաշնակցական ենք... դաշնակցական էլ կը մեռնենք...
Կէս գիշերի մօտ դուրսը ինչ որ իրարանցում է ընկնում: Մարդկանց արագ վազք, սուլոցներ, աղմուկ: Փոքր եղբայրը վազում է դուրս...
Մարտիրոսը ցատկում է տեղից և Դրոյին առաջարկում «հեռանանք»:
Մեծ եղբայրը յուզւում է: Կինը լալիս է: Վրայ է հասնում եւ փոքր եղբայրը:
–Ի՞նչպէս թէ հեռանալ: Անկարելի է: Փողոցը բռնւած է ոստիկաններով... Դուք կը մնաք. այստեղ պէտք է մնաք... Մեր դիակների վրայով միայն ոստիկանները ներս կը մտնեն:
Մեծ եղբայրն ու կինն էլ աղաչում են, որ մնան: Այժմ դուրսը վտանգաւոր է, կարող են ձերբակալւել... Այստեղ ձեր մազին դիպչող չի լինի...
Համակերպւում են եւ գիշերը ապահով անցնում են Դաշնակցութիւնից վտարւած երկու լոթի եղբայրների հսկողութեան ներքեւ:
Առաւօտ կանուխ Մարտիրոսն ու Դրոն ուզում են ձգել տունը, բայց եղբայրները թոյլ չեն տալիս: Երեւի հասկացել էին, թէ ովքեր էին իրենց հիւրերը:
Խնդրում են, որ նախ՝ իրենք դուրս գան, տեսնեն, թէ ի՞նչ է կատարւում դուրսը. ո՞րքան ապահով է մեկնելը:
–Մարտիրոսը վարանում էր, ասում էր Դրօն, բայց ես բոլորովին ապահովեցրի: Հաւատացրի, որ երկու եղբայրները վստահելի մարդիկ էին եւ պատրաստ էին իրենց կեանքի գնով պաշտպանելու մեզ:
Քիչ վերջը վերադառնում է մեծ եղբայրը եւ յայտնում է, որ գիշերը ինչ որ դէպք է պատահել, զօրքը եւ ոստիկանները դեռ շրջում էին փողոցներում, վտանգաւոր էր օտար մարդկանց երեւալը դուրսը...
«Անիի ուխտաւորներ»ը համակերպւում են մնալ՝ երկու եղբայրներին յանձնարարելով որոշ հետազոտութիւններ կատարել քաղաքում: Սրանք ուրախութեամբ դուրս են գալիս:
–Մարտիրոսը շատ ջղայնացած էր, ասում էր Դրոն: Հապա եթէ մատնի՜չ դուրս գային այս անծանօթ եղբայրները... Հերն անիծած թէ կը ձերբակալւենք, բայց ի՛նչ պատասխան պիտի տանք Ոսկանապատի Կեդր. Կոմիտէին, ի՛նչ երեսով պիտի ներկայանայինք Դումանին... Երեխայութիւն չէ՞ր յանձնւել անծանօթ մարդկանց... Դրոն հանաքներ էր անում եւ ծիծաղում էր Մարտիրոսի փիլիսոփայութեան վրայ:
Կէսօրը անցնում է անորոշութեան մէջ: Ճաշին վերադառնում են եղբայրները զւարթ եւ տեղեկութիւններ են բերում դրսի մասին: Գիշերւայ դէպքը հասարակ բան է եղել. ոստիկանները գողերի էին հետապնդել, որոնք ատրճանակով պաշտպանւելով անհետացել էին: Զօրավար Ալիխանովը, չափազանց կասկածամիտ, կարծել է թէ դաւ է իր դէմ եւ զօրք է հանել փողոց... այժմ փողոցները մաքուր էին, զօրքն ու ոստիկանութիւնը քաշւել էին իրենց տեղերը... Միկիտանի յաճախորդ զինւորներն ասել էին, թէ Ալիխանովը պատրաստւում է Կարս մեկնել...
–Ուրեմն, կարելի է Անի ուխտի երթալ, կատակում է փոքր եղբայրը:
Մարտիրոսը քիչ է մնում պայթի ծիծաղից: Փաթաթւում է լոթու վզով եւ քաշքշելով սկսում է վալս պարել...
Ճաշում են հանդարտ՝ բաժակները չխկացնելով: Ճաշից յետոյ, թողնում են խնձորներով լի զամբիւղը տանտիկնոջ հսկողութեան տակ եւ Մարտիրոսն ու Դրոն դուրս են գալիս քաղաքում օդ առնելու, որպէսզի յաջորդ առաւօտ մեկնեն Անի...
Առանձին-առանձին պտտում են քաղաքի զանազան մասերում, զօրանոցների շրջանում: Հետազօտում են Ալիխանովի անցած ճանապարհները: Գինետներում տեղեկութիւններ են հաւաքում իրենց հետաքրքրող հարցերի մասին:
Աւոյի փորձից խրատւած՝ ոչ մի ընկերոջ չեն ներկայանում: Որոշում են մենակ կազմակերպել ու գլուխ բերել գործը: Դրօն, սակայն, փողոցում պատահաբար հանդիպում է իր մօտ բարեկամ մանկավարժ Տիգրան Ռաշմաճեանին, որ իբրեւ տեսուչ, պաշտօնավարում էր հայոց դպրոցում: Ռաշմաճեանը տանում է նրան տուն եւ ուզում է մօտը պահել: Վեց-եօթը երեխայի տէր էր Ռաշմաճեանը, հեզահամբոյր եւ ամենքից սիրւած մարդ, յայտնի դպրոցական գործիչ, համոզւած դաշնակցական: Դրօն միշտ հիացումով էր յիշում նրա անունը:
Կատարւած հետազօտութիւնը պարզում է կացութիւնը: Ճշտւում է, որ զօրավար Ալիխանովը պատրաստւում էր մեկնելու Կարս: Ուրեմն, պէտք էր աճապարել...
Կարճ խորհրդակցութեան մէջ որոշւում է անմիջապէս ձեռնարկել գործի: Մարտիրոսը պնդում է, որ ռումբը ինք նետէ: Նակաշիձէի վրայ Դրօն էր նետել, ուրեմն այժմ առաջնութիւնը իրեն է պատկանում: Դրօն տեղի է տալիս: Ռումբը նետելուց յետոյ, ատրճանակներով շփոթութիւն առաջ պիտի բերէին եւ պիտի ջանային անհետանալ...
«Անիի ուխտաւորները» առնում են իրենց խնձորները, մնաս բարով են ասում հիւրասիրող բարի եղբայրներին եւ մեկնում.
...Մանրամասնութիւնները թողնում ենք վիպագիրներին...
Երեւում է Ալիխանովի կառքը՝ շրջապատւած զինւորներով: Փողոցներում իրարանցում, սուլոց, ոստիկանների թոհ ու բոհ... անցորդները շտապում են հեռանալ կողքի փողոցները... Զօրավարը հպարտ բազմած է կառքում եւ խուզարկու աչքերով դիտում է շրջապատը:
Մէկ էլ, ստւերի միջից դուրս է թռչում Մարտիրոսը, բացագանչում է «ա՛ռ քեզ» ու շպրտում ռումբը Ալիխանովի գլխին: Ահռելի պայթիւն: Կառքը եւ կառքի միջինները բզիկ բզիկ են լինում: Անդին որոտում է Դրոյի մաուզերը: Ընդհանուր խուճապի մէջ ահաբեկիչները անհետանում են: Դէպքի բերումով Դրոն ընկնում է Տիգրան Ռաշմաճեանի տունը:
–Ես ապշած մնացի, պատմում էր ինքը Դրոն. ի՞նչպէս ընկայ ես Տիգրանի երեխաներով լեցուն տունը: Հապա եթէ ոստիկանութիւնը հասնէ՞ր, պիտի բնաջնջւէր Տիգրանի ընտանիքը: Ես ի՞նչ իրաւունք ունէի նրան վտանգի ենթարկելու...
Հէնց որ մի քիչ հանգստանում է, Դրոն, ուզում է հեռանալ: Ռաշմաճեանը կանգնում է շեմքին եւ երկու ձեռքերով դուռը բռնելով՝ ասում է վրդովւած.
–Դու իմ դիակի վրայով միայն կարող ես անցնել... Ի՞նչ իրաւունքով ես ինձ վիրաւորում: Ի՞նչպէս կարող եմ ես թոյլ տալ, որ այսպիսի րոպէի հեռանաս: Կը մնաս այստեղ, ինչ որ պատահելու լինի, բոլորիս միասին կը պատահի:
Դրոն թախանձում է, հաւատացնում է, թէ որևէ վտանգ չկայ իրեն համար, ինքը ապահով տեղ ունի. անօգուտ, Ռաշմաճեանը մնում է անդրդւելի:
Գիշերը Դրոն անցկացնում է Ռաշմաճեանի մօտ: Յաջորդ օրը տեղական ընկերները անվտանգ դուրս են բերում նրան Ալեքսանդրապոլից: Մարտիրոսն արդէն հեռացել էր:
Ալիխանովի ահաբեկումը ցնցող տպաւորութիւն գործեց Կովկասում եւ շփոթութեան մատնեց կառավարական շրջանակները: Ամենքը համոզւած էին, որ զօրավարի սպանութիւնը վրացիների գործն էր, իբրեւ փոխվրէժ Գուրիայի բարբարոսութիւնների համար: Տեղի ունեցան վրացիների ձերբակալութիւններ Ալեքսանդրապոլում եւ դուրսը: Կայարաններում ծառայող վրացիներից շատերը բանտարկւեցին:
Վրացիներն իրենք էլ չէին հերքում այդ փաստը եւ նոյնիսկ պարծենում էին, թէ իրենք լուծեն են Գուրիայի վրէժը: Նոյնիսկ վրացական թռուցիկներ լոյս տեսան, որ Ալիխանովի սպանութիւնը վերագրւում էր վրաց յեղափոխականներին:
Շուտով, սակայն, յայտնի դարձաւ ճշմարտութիւնը: Զօրավար Ալիխանովի ահաբկումն էլ դաշնակցական մարտիկների գործն է: Յայտնի դարձան եւ ահաբեկիչների անունները՝ Դրօ եւ Մարտիրոս, լծակից զոյգ ընկերներ, որոնցով հպարտ էր Հայ Մարտական Կուսակցութիւնը: