03 April, 2022

ԻՇԽԱՆ. Նիկոլ Պօղոսեան (1883-1915)

«Ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու զարմանալի շնորհ ունէր: Նրանից պատկառում էին ե՛ւ Վանի մեր ընկերներն ու զինւորները, իսկ ժողովուրդը ո՛չ միայն պատկառում էր, այլեւ՝ սիրում: Արդէն սկսել էին երգել նրա քաջագործութիւնները՝ «Իշխանն եկաւ ձեռք մաուզէր...»: Կարճ. իմ Վան մտած ատեն Իշխանը, կարելի է ըսել, ամենահեղինակաւոր զինւորական յեղափոխականն էր»:

Հայ Ազատագրական Շարժման կարկառուն դէմքերից մէկի, Հայաստանի Հանրապետութեան դարբնի՝ Արամ Մանուկեանի յուշերի մէջ իրաւամբ պատկերւած Իշխանն է, իշխանաց իշխանը մեր յեղափոխական պատմութեան հրեղէն ծնունդների, որոնք մեր պատմութեան մութ փապուղիներից դուրս եկան մի մաուզէր իրենց ձեռքին եւ իրենց արեան հեղումներով թնդացրին Հայաստան աշխարհի վրայ բռնացած լռութիւնը ժամանակի:

Իշխա՛ն...

Մէկը նրանցից, որոնք եկան «ո՛չ» ասելու հայրենիքի եւ ցեղի արժանապատւութիւնը կրծող անտարբերութեան ստրկացուցիչ կամայականութեան, ալիք-ալիք ծաւալւեցին, դարձան փոթորիկ հերոսութեան դարաւոր կարօտների եւ իրենց սխրագործութիւններով փշրել փորձեցին մեր գերութեան վեցդարեայ շղթաները:

Հայոց պատմութեան մռայլագոյն քմահաճոյքների եւ ցեղի արիւնն ու նկարագիրը լլկող թուրք ցեղամոլների ու ստրկահոգի հայ էֆէնտիների դէմ ծառացած այս ազնւարիւն յեղափոխականը ծնւել է 1883-ին, Շուշիում:

Տեղի թեմական դպրոցի գրասեղանների առջեւ սկսում է բացւել հայրենիքի կանչից գրաււած հոգին Նիկոլ Պօղոսեան անուն պատանու, որ փորձում է փախուստ տալ ծննդավայրից Երկիր անցնելու համար:

Ընկերասէր, յանդուգն եւ վճռական պատանին գրաւում է ուշադրութիւնը Արամ Մանուկեանի՝ որ սկսում է ո՛չ միայն մօտկից հետեւել իր ընկերներին ակնածանք ու յարգանք պարտադրած ըմբոստ Նիկոլի շարժումներին, այլեւ նրան առնում է իր անմիջական հոգածութեան տակ՝ վաղւայ յեղափոխականը խմորելու նպատակով:

«Զարգացողական» խմբի անդամ է այլեւս, պատանի տարիքից Դաշնակցութեան յեղափոխական դպրոցի եռանդուն աշակերտ, որ շնորհիւ իր բարձր իմացականութեան եւ առինքնող անհատականութեան, մի կարճ ժամանակշրջանի մէջ նւաճում է յեղափոխական գործիչի պատասխանատու դիրքերը:

Մի շրջան Ալեքսանդրապոլի եւ մի աւելի երկար ժամանակ Կարսի շրջաններում գործելուց յետոյ, Իշխանը միանում է Սասունի օգնութեան շտապող Նեւրուզի նշանաւոր խմբին՝ իբրեւ առաջնորդող եւ մասնակից Ուզունվերանի եւ Բասենի կռիւների: Անհաւասար կռւի մէջ նորընծայ հայդուկը ստանում է իր արեան մկրտութիւնը եւ Մենակի, Թորգոմի, Նեւրուզի, Խանի, Թոխմախի պէս գաղափարկից ընկերների նահատակութիւնը խոր անդրադարձներ են ունենում Իշխանի զգայուն հոգու մէջ: Հոգեկան տառապանքը տեւում է ամիսներ՝ վրէժխնդրութեան եւ խղճահարութեան զոյգ ատամների մէջ աքցանած հպարտ ռազմիկի մաքրամաքուր հոգին:

1904-ին, Կոմսի հետ, յաջողւում է մտնել Վան, ուր ծանր հարւածների ենթարկւած կուսակցական կեանքը անհնարին զոհաբերութիւններով եւ հերոսական յամառութեամբ կանգուն էին պահում մի տեղացի քանի փորձառու մարտիկներ:

Վտանգաւոր եւ դժոխային պայմանների մէջ՝ ամեն բան պէտք էր հիմքից սկսել: Ու հազիւ 21 տարեկան յեղափոխականը, առաջին իսկ օրից անցնում է եռանդուն աշխատանքի՝ հիասթափւած երիտասարդութեան ինքնավստահութիւն եւ ոգի ներշնչելու, անպատիժ մնացած դաւաճաններին պատժելու, «Վանի տականք աղաներին» կարգի հրաւիրելու եւ կուսակցական ու հասարակական կեանքը նոր հիմքերով ամրապնդելու անխախտ վճռակամութեամբ:

Եւ նա իր յեղափոխական գործունէութիւնն սկսում է Վան քաղաքի անմիջական սահմաններից, օրերի հետ երկարելով մինչեւ Վերին եւ Վարին հայոց Ձոր, Գաւաշ ու Կարկառ, Կարճկան ու Շատախ, Մոկս եւ Սպարկերտ, Մարմրտանք ու Խիզան, եւ Ոզմից մինչեւ Սղերդի ու Բաղէշի գաւառները:

Կարճ ժամանակի մէջ, հայ գիւղի պայծառ ակունքներից ծնունդ առած հինաւուրց մարտիկների գլուխն անցած՝ Իշխանը կազմակերպում է իր համբաւաւոր Թռուցիկ խումբը, որ դառնում է ահ ու սարսափի աղբիւրը քիւրդ աւազակ տարրերի, ահաբեկիչը՝ վաշխառուների ու գիւղական ցեցերի դէմ եւ հիացմունքի ու պաշտամունքի առարկան՝ հայ աշխատաւոր եւ գիւղացի զանգւածների:

Յեղափոխական ու մարտական իր շտաբորբոք գործունէութեան զուգահեռ՝ Իշխանը միեւնոյն հաւատքով ու վճռակամութեամբ նաեւ նւիրւում է ժողովրդի մէջ յեղափոխական գիտակցութիւն արթնացնելու սրբազան գործին, որի շնորհիւ Լեռնապարի ամբողջ շրջանը հարստանում է գիւղական ինքնատիպ եւ գաղափարապաշտ միաւորներով, մարտական բարձրորակ խմբերով, որոնք դառնում են գիւղացիութեան պահապան հրեշտակն ու առնականացման աղբիւրը:

Այսպիսով, զրկանքների եւ անձնազոհութեան համակ մարմնացում Իշխանը, Լեռնապարի շրջանում հիմնում է իր «թագաւորութիւնը»՝ «հայ գիւղացիութեան սրտի մէջ հաստատած իր գահը»: Ապա, Սահմանադրութեան շրջանում, իր հմայքն ու անունը լեռից լեռ տարածած հպարտ ու յաղթական հայդուկապետը վար է իջնում լեռներից եւ լծւում է մշակութային ու հանրային բազմաճիւղ աշխատանքների:

Սահմանադրութեան եւ կատարւած խոստումներին միշտ կասկածով մօտեցող հայդուկը հիմնովին կազմակերպում է Լեռնապարի կրթական կեանքը, բարեկարգում է Աղթամարի վանքը՝ այն առնելով ժողովրդային հակակշռի տակ, հասատատում է վարժապետանոց, հիմնում է գիւղական վարժարանների մի ցանց, ուսուցչական, աշակերտական, արհեստակցական, կանանց, մշակութային, թատերական, գրական, մարտական եւ ինքնապաշտպանողական միութիւններ, եւ այս բոլորը՝ Դաշնակցութեան անմիջական ղեկավարութեան տակ:

Հողային, ազգային-կալւածային, զինւորագրութեան, աւազակախմբերի պատժումի, տուրքերի վերացման, հայ-քրդական եւ հայ-թրքական յարաբերութիւնների նոյնքան եւ աւելի բարդ ու պատասխանատու գործերի մէջ նաեւ իր անգնահատելի կշիռն ու խօսքն ունեցող այս տարականոն ղեկավարը մտնում է գիւղից գիւղ, խրճիթից խրճիթ՝ իբրեւ դասախօս ու կազմակերպիչ, իբրեւ մարտական դաստիարակ ու մշակութային առաջնորդ, իբրեւ յեղափոխական քարոզիչ ու ամբողջական ղեկավար՝ իր անունից առաջ տարածելով Դաշնակցութեան հմայիչ խօսքն ու կենդանի գործը:

Այս շրջանում, շնորհիւ Իշխանի ջանքերի եւ նախաձեռնութեան, Վանի մէջ հիմնւում է «Աշխատանք» թերթը, որ խմբագրում է մի ամբողջ տարի՝ այն օժտելով իր սրի չափ անվրէպ հարւածող գրչի հմայքով:

1914 Օգոսոստին, երբ մռայլ ամպերը վերստին սկսում են Վասպուրականի հայութեան գլխին կուտակւել, մարտական ու զինւորական ամեն տեսակի աշխատանքները ծրագրող, հետապնդող եւ վարող տաղանդաւոր ու բազմակողմանի այս անձնուրացը նորից անցնում է մարտական ստորերկրեայ աշխատանքների՝ կռահելով ահաւոր վտանգը:

Եւ, իրաւամբ, ինքը դառնում է առաջին կամաւոր զոհերից մէկը մեծ փոթորիկի, երբ Հ. Յ. Դաշնակցութեան վասպուրականի կենտր. Կոմիտէին կատարած կուսակալ Հեւտէթի թախանձագին խնդրանքի վրայ, 3 Ապրիլ 1915-ին ճամբայ է ելնում դէպի Շատախ՝ «թիւրիմացաբար» ծայր տւած հայ-թրքական մի միջադէպ հարթելու եւ խաղաղութիւնը վերահաստատելու նպատակով: Ու ճամբի կէսին, երբ Իշխանը եւ իր երեք ընկերները գիշերում էին Հիրճ գիւղի ծանօթ քիւրդերից մէկի տանը, նենգամիտ Ճեւտէթի կողմից Իշխանի յետեւից ճամբայ հանւած մի խումբ չերքեզները խուժում են իրենց ննջասենեակը եւ դաւադրաբար սպանում են խոր քուն մտած Իշխանին ու իր զինակիցներին:

Ս. Կիրակ
«Ալիք», Թեհրան
Հինգշաբթի, 13 Մայիս 1982
Թիւ 100 (12,954)