30 May, 2022

ՄԱԿՈՒԵՑԻ ՄԵՍՐՈՊ. Մեսրովբ Քհ. Աւետիսեան

Ի՜նչ խորը ցաւով ու ափսոսանքով լսեցին Մեսրովբ քհ. Աւետիսեանի մահւան գոյժը բոլոր նրանք՝ որոնք առիթ էին ունեցել ճանաչելու նրա մաքուր հոգին ու գործելու, ուղղամտօրէն իր ողջ էութիւնը հասարակութեան զոհաբերելու պատրաստակամութիւնը:

Ոչ բարձրագոյն եւ ոչ էլ միջնակարգ դպրոցներ չէր յաճախած կեանքը եւ հանրային միջավայրն էին եղել նրա դպրոցը եւ նա իր մաքուր հոգու, ազնւական բնութագրի բոլոր պահանջները ի կատար ածելու համար՝ ընտրել էր մի ճանապարհ, որ փշոտ էր, անյաղթահարելի դժւարութիւններով խաչաձեւած. սակայն, այդ ճանապարհով ընթանալիս՝ միշտ մնացել էր հաւատարիմ իր դաւանած նւիրական սկզբունքներին եւ միշտ պատրաստ՝ արիութեամբ պաշտպանելու հանրութեան շահերն ու նրա սրբութիւնները:

Իր բնութագրի ամենացայտուն գիծը իր անսահման համեստութիւնն էր ու անընկրկելի ուղղամտութիւնը: Հոգեւորական թէ աշխարհական նա մնաց կառչած իր արի հոգու այս երկու վսեմ յատկանիշներին:

Իր փոթորկալից ու բեղուն կեանքի ընթացքին երկու սրբութիւնների առջեւ միշտ պարտաստ էր ծունկի գալու. նա ձգտում էր իր ողջ հոգով նախ ժողովրդին ծառայել. նրա լաւագոյն աւանդների ու բարոյական անխախտ համոզումների կրողն ու իրագործողը լինել. եւ երկրորդ՝ իր բնատուր խելքն ու շնորհքը անաղմուկ, բայց միշտ կենդանի ու բեղուն գործով արգասաւորել եւ օգտակար դարձնել:

Ու այս երկու ուղղութեամբ էլ Տէր Մեսրովբ քահանան իր ոյժերի առաւելագոյնը ցուցադրեց:

Տէր Մեսրովբը ոչ միայն հոգեւին գիտէր կապւել իր սիրած գործին ու գերագոյնը զոհաբերել նրա համար, այլ նաեւ իր վարւելակերպի մեղմութեամբ, իր բնաւորութեան քաղցրութեամբ ու մանաւանդ անկեղծ, բուռն ոգեւորութեամբ հանրային բեղմնաւոր գործի լծել գիտէր նաեւ իր շուրջը գտնւող մարդկանց:

Ինքը իրմով մի անբաւ, մի մշտավառ կերոն էր, հաւատի, յուսոյ ու ոգեւորութեան: Եւ ով նրա հետ աշխատանքի էր լծւում, զգում էր՝ թէ իր թիկունքին իրապէս կանգնած ունի, յանձինս Տէր Մեսրովբի, մի հանրային գործիչ, որ ամենից առաջ համակ զոհաբերութիւն է, համակ ոգեւորութիւն, համակ խանդաղատանք թէ դէպի գործը եւ թէ դէպի մանաւանդ իրեն գործակցող գաղափարական անձը:

Իր անսեթեւեթ հոգին՝ իրերն, անձերն ու երեւոյթները տեսնում էր՝ իր բարոյական հանրային ըմբռնումների լուսարձակով: Չէր սիրում ոչ դերասանական շարժ ու ձեւը եւ ոչ էլ աղմուկն ու գովասանքը, երբ այս վերջինները մանաւանդ վերաբերում էին իր անձին ու կատարած պաշտելի գործին:

Տէր Մեսրովբի համար անաղմուկ զոհաբերութիւնը, գաղափարականին, վսեմին ծառայելու ձգտումը այնքան բնական ու սովորական երեւոյթներ էին, ինչպէս մեզ համար անհրաժեշտութիւն դարձած ամենօրեայ հացն ու ջուրը:

Իր համեստ միտքը միշտ զգաստ հսկողի ու գնահատողի դերում էր նոյնիսկ այն վայրկեաններին՝ երբ իր մարդկային յոյզերը փոթորիկներ էին ստեղծում իր սրտում. այս պատճառով էլ նա իր պատասխանատու աշխատանքների ժամանակ՝ գիտէր իրեն ու իր դատումները պարտադրել իր գործակիցներին:

Հողը թող թեթեւ լինի վրադ՝ անզուգական Տէր Մեսրովբ:

Խմբագրական
«Ալիք», Թեհրան
Կիրակի, 5 Յուլիս 1936
Զ. Տարի, Թիւ 203 (378)

Մակուցի Մեսրովբի Յիշատակին

Վերջերս Իրանի Ռզայիէ (նախկին Ուրմիա) քաղաքում վախճանած Տէր Մեսրովբ քահանայ Աւետիսեանը, մեր հին վաստակաւոր ընկերներից էր: Ծնած լինելով Իրանի Մակու քաղաքում, մեր ընկերական շրջանում առհասարակ յայտնի էր Մակուեցի Մեսրովբ անունով. իսկ կեղծ անունն էր «Մաշտոց»: Դժբախտաբար ծանօթ չեմ մեր հանգուցեալ ընկերոջ մօտաւորապէս քառասուն տարուան գործունէութեան մանրամասնութեան, որպէսզի կարողանայի ներկայացնել: Անշուշտ իրազեկ ընկերներ կը կատարեն այդ պարտականութիւնը:

Ես առիթ ունեցայ ընկ. Մեսրովբի հետ ծանօթանալ 1909-ի աշնանը, Ատրպատականի Խոյ քաղաքում, ուր այդ ժամանակ Սալմաստից կարճ ժամանակով հիւր էր եկել Քեռին, ընկերներ Թորոսին (Գալուստ Ալոյեան) եւ Փայլակին (Ռուբէն Դերձակեան): Թէ այդ ատեն եւ թէ հետագային կամաւորական շարժման եւ Հայաստանի հանրապետական կառավարութեան օրով կարողացայ մօտիկից ծանօթանալ Մակուեցի Մեսրովբի հետ եւ սերտ կապերով կապուիլ: Հանգուցեալ ընկերը իր կիրթ բնաւորութեամբ, համեստ կենցաղով եւ անձնուրացութեամբ տիպար գործիչ եւ ռազմիկ էր: Մինչեւ օսմ. սահմանադրութեան հռչակումը, ընկ. Մեսրովբին վիճակուել է խոշոր դեր կատարել իր ծննդավայրի գծով Սալմաստ, Կովկասից Խոյ-Սալմաստ դէպի երկիր եկող-գացող հայդուկային եւ զինատար խմբերին, ինչպէս նաեւ գաղտնի գրականութիւն եւ թղթակցութիւններ փոխադրելու պատասխանատու եւ վտանգալից գործը:

900 թուականների սկզբներին հայդուկային խմբերից մէկին միանալով մի որոշ ժամանակ մասնակցել է Վասպուրականի շրջանի ազատագրական կռիւներին:

Երբ պայթեց մեծ պատերազմը, նա էլ շտապեց դէպի Իգտիր, ուր նոր էր կազմւում ընկ. Դրոյի կամաւորական գունդը: Առաջին շրջանին ստանձնեց հետախուզական բաժնի մէջ կարեւոր պարտականութիւն. իսկ 1915-ի գարնան ստանձնեց 3-րդ վաշտի պետի պաշտօնը եւ շնորհիւ իր փորձառութեան, հմտութեան եւ իր հրաշալի բնաւորութեան՝ յաջողութեամբ կատարեց իր վրայ դրուած պարտականութիւնները:

Վանը գրաւելէ անմիջապէս յետոյ Դրոյի կամաւոր գունդը անցաւ Շատախ, ուր երկու օր վերջը իր վաշտով իբրեւ յառաջապահ արշաւեց դէպի Մոկս, որտեղ մնաց մինչեւ մեծ նահանջը: Ինձ էլ իմ հարիւրեակով վիճակուեց իբրեւ Մոկսի պարետ, մօտ երկու ամիս մնալ պատմական այդ խուլ գաւառում եւ վայելել ընկ. Մեսրովբի եւ մի շարք ուրիշ ընկերների մտերմութիւնը: Թէեւ ռազմագիտական նկատումներով, ընկ. Մեսրովբը երկու հարիւրեակով ապրում էր Մոկսից մի քանի քիլոմէթր հեռու, Աղին գիւղի մօտ, քիւրտ բէկի թողած խոշոր վրանի տակ, բայց եւ այնպէս մենք յաճախ իրար էինք այցելում, «հոգեշահ» զրոյցի համար: Մեղմ, դիւթիչ ձայնով, ընկ. Մեսրովբը հրաշալի երգում էր հայերէն, պարսկերէն եւ քրտերէն երգեր: Ինչպէս նաեւ համով հոտով պատմում մեր անցեալից, պարսիկների ու քիւրտերի կեանքից:

Հայաստանի հանրապետական կառավարութեան ժամանակ, ընկ. Մեսրովբը որպէս փորձառու եւ վստահելի ընկեր կատարեց մի շարք պատասխանատու պարտականութիւններ: Ի մէջ այլոց իր կամաւորական խմբով, մայիսեան ապստամբութիւնը ճզմելու համար գործօն դեր կատարեց Դիլիջանի գաւառում: Հայաստանի խորհդայնացման պատճառով մի շարք պատասխանատու ընկերների հետ Զանգեզուրի վրայով անցաւ Թաւրիզ, ուր մի ժամանակ մնալուց յետոյ քահանայ ձեռնադրուելով անցաւ երբեմնի հայաշատ Ուրմիայի գաւառը:

Մակուեցի Մեսրովբը այն սքանչելի տիպարներից էր, որ ուր էլ լինէր եւ ինչ դեր էլ ստանձնէր, միշտ կը մնար իր գաղափարական բարձրութեան վրայ եւ իբրեւ այդպիսին, անձնուիրութեամբ կը կատարէր իր պարտականութիւնները, միշտ իր ետեւից բարի յիշատակ թողնելով:

Մակուեցի Մեսրովբների պէս պարտաճանաչ, ըստ ամենայնի վստահելի եւ անձնուէր ընկերներն են, որ տասնեակ տարիների տքնաջան եւ անվեհեր պայքարի շնորհիւ կերտեցին հայկական ազատամարտի փառահեղ պատմութիւնը:

Փառք իրենց յիշատակին:

Բենօ («Յառաջ)
«Հայրենիք», Պոսթոն
38-րդ Տարի, Թիւ 7264
Ուրբաթ, Յուլիս 24, 1936