Սոյն թւի Յունիս 21-ին 1957, խորին ծերութեան շրջան ապրած ու կեանքի ծանր բեռան տակ կքած՝ մեր հին շարքային ընկեր եւ հայրենակից Թովմասեան Յակոբը կնքեց իր մահկանացուն, Իրանի ասպնջական երկնքի տակ: Ինչպէս հայրենանւէր մի վտարանդի ի հայրենեաց մեկնեց այս աշխարհէն անդարձ:
Նա անցեալ դարու վերջին քառորդի Վասպուրականի յեղափոխական հայդուկ սերնդի վերջին մնացորդացներէն էր: Բուն ժողովրդի ծոցէն ծնած, ինքնանւէր զինւորն եղաւ: Ընտրեց, շատ շատերի պէս, ժողովրդին, իր ծննդավայր հայրենիքին ծառայելու՝ անշահախնդիր ուղին: Իր մի խումբ գաղափարկիցների հետ լծւեցին սրբազան գործին: Քայլեցին ինքնանւիրումով՝ Աւետիսեանների, Վազգէնների, Թանգարաջեան Հմայեակների (Մուշեղ) եւ սրանց զինակիցների ընթացած ճամբով: Այն օրերի այդ սերունդը, որի մէկ մասնիկն էր Յակոբը, բառի իսկական առումով ժողովրդածին, ինքնաեկ հայդուկ-յեղափոխականների տիպարներ էին: Յակոբը, իր բոլոր ընկերների պէս, տարրական գրագիտութիւնից աւելի ուսում չունէր: Սակայն բոլորն էլ ունէին հայ յեղափոխականի առաքինի գծերը, խոնարհ հերոսներ համարւելու փայլուն յատկանիշներ, որով Յակոբը իրաւամբ կարող էր ասել. «ինչքան ունէի տւի ժողովրդին եւ հայրենիքին, ես ծառայեցի նրանց շահերին, նրանց ազատութեան, երջանկութեան սուրբ նպատակների համար»...
Այնպէս, ինչպէս ճանչցայ ես նրան կէս դար առաջ Վանի հող ու ջրի վրայ, ճշմարտօրէն արժանի էր տեղ գրաւելու ժողովրդական հայդուկային խոնարհ հերոսների շարքում:
Նա իր պատանի տարիքում Վանի Արմենական կազմակերպութեան անդամ էր, արժանացած Աւետիսեանի պատրաստած զինախմբի անդամութեան, երբ թեւակոխում էր պատանեկութեան մէջ: Առ այդ նրան նւիրաբերեց ողջ եռանդը, յանդուգն խիզախութիւնները: Հմայւած էր զէնքի լեզւին, բարեկամ վառօդին ու գնդակին:
Նա պատժիչ ձեռքի էլ փորձ ունէր:
Եւ երբ Վանի յայտնի հարուստներից Յարութիւն էֆ. Թերզիբաշեանը Վան-քաղաքամիջում ահաբեկման փորձի ենթարկւեց, թուրք ձերբակալւածների հետ բանտարկեց նաև Թումասի Ակոյին, ու կէս տարի աւելի կալանքի մէջ մնալուց յետոյ, ազատ արձակւեց, քաշելով թրքական բանտի անլուր տանջանքները:
Նա մասնակցում է 1896 թւականի Վան-Այգեստանի ութ օրեայ կռիւներին Աւետիսեանի ղեկավարութեան տակ: 96-ի զինապայքար ինքնապաշտպանութեանը, որ վարում էին Արմենական, Դաշնակցական եւ Հնչակեան համագործակից ոյժերը, համերաշխ աշխատակցութեամբ:
Կռւին յաջորդող ռէակցիայի ամիսներին Յակոբ իր միւս գաղափարակից ընկերների հետ մի ջոկատ կազմեցին, վառ պահելու յեղափոխութեան հուրը: Լծւեցին ընդյատակեայ աշխատանքի որպէսզի ժողովուրդի որոշ զանգւածները չխրեն յուսալքման բաւիղների մէջ, ի հետեանս Բարդուղիմէոսի եւ Գարահիսարի 700ի հասնող ծաղիկ երիտասարդութեան կորուստին:
Դաշնակցական Դերոյեան Վազգէնի եւ Արմենական խմբի իրար լրացնող աշխատանքները խթանող ազդակներ եղան տատանւող, թուլացող հոգիների կազդուրման ի նպաստ:
Արմենական խմբի* մէջ հեղինակաւոր դէմքերից էր Յակոբը, արհեստով հիւսն: Ցերեկներն իր արհեստին էր, իսկ գիշերների որոշ ժամերը ընդյատակեայ կենդանի աշխատանքի լծւած: Կենդանի գործի դաստիարակն էր քաղաքում, արուարձաններում ու շրջաններում:
1900 թւին վերակենդանացել էր Վանը: Նոր հունով նոր թափի մէջ էին յեղափոխական աշխատանքները: Մի նոր սերունդ էր ծաղկում:
Յակոբը 1903-ին Վանից դուրս գալով անցաւ Սալմաստ, հիւր մնաց Դերիկում, ճամբորդեց Թաւրիզ, Երեւան, Թիֆլիս, շրջագայեց աշխարհ տեսնելու եւ կրկին դառնալու իր ծննդավայրը, իր գաղափարակիցներին ճարելու, նրանց հետ աշխատելու:
Ի հետեւանս այս շրջագայութեան Յակոբն իր մարտական ընկերակիցներով՝ բացառութեամբ երկուսի, վեց հոգով, 1907-ին մտան Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը: Բոլորն էլ լծւեցին գործօն աշխատանքի: Այստեղ լայն ասպարէզ գտան իրենց զինական-մարտական ընդունակութիւնների համար:
Ա. շարք, ձախէն աջ՝ Արամ Մանուկեան, Տաճատ,...4րդը՝ Պուլկարացի Գրիգոր Բ. շարք աջէն 3րդը՝ Թովմասեան Յակոբ Նկարուած 06 Մայիս 1908-ին, իրենց թաքստոցները բացայայտուելէն ետք, շրջապատուած թուրք զինուորներով Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
1908-ին Վասպուրականում տեղի են ունենում Դհերցի յայտնի դաւաճան Դաւիթ Եպերելիի արարքները, որի ընթացքին ձերբակալւում է նաեւ Թովմասեան Յակոբը: Նա ենթարկւում է բացառիկ ծեծի, ծանր խոշտանգումների ու ֆիզիքական անլուր տանջանքների: Գազանաբարոյ բոլոր միջոցներն իզուր են անցնում: Յակոբը միայն մռնչում է տոկալու հարւածներին: Բայց ո՛չ մէկ խօսք, խոստովանութիւն չի կատարում: Ծեծը տեւում է օրերով:
Իր ժամանակին, Յակոբի այս կեցւածքը, թէ՛ պետական եւ թէ՛ ժողովրդի մէջ խօսքի եւ գովաբանութեան նիւթ էր դարձած:
Վրայ հասած օսմանեան սահմանադրութեան հռչակումով, Վանի Արամի եւ շատ շատերի հետ բանտից ազատւեց նաեւ Յակոբը, որ դեռ երկար շաբաթներ կրում էր ծեծի-տանջանքի հետեւանքները, մինչեւ որ կարողանում է գտնել իր ամրակազմ առողջութիւնը:
1915 թւականի Ապրիլեան հերոսամարտին Յակոբը իր սեփական զէնքով կռւողների առաջին շարքումն էր գտնւում Այգեստանում: Նա Տէր Խաչատրեանենց տան դիրքի մէջ կռիւներ վարող Ոզմեցի Վարդանի օգնականն էր:
Վանի աղէտալի նահանջից յետոյ հաստատւում է Երեւան քաղաքում, զբաղւում իր արհեստով: Բերում է իր մասնակցութիւնը կուսակցական ու հայրենակցական այլ եւ այլ աշխատանքներին:
Հայաստանի անկախութեան փլուզումից յետոյ՝ մի ժամանակ վերջ, օրինական միջոցներով իր կնոջ հետ գալիս է Թաւրիզ, ապա անցնում Թեհրան, ուր եւ ապրում է մինչեւ իր մահը:
Թեհրանում իր վերջին տարիներին, երբ դարձած էր անաշխատանք, վայելում էր իր մօտիկ ազգական-արիւնակիցների նիւթական եւ բարոյական հոգացողութիւնը: Նրանց խնամքի ներքոյ էլ յաւիտենապէս փակեց իր աչքերը այս երախտաւոր, հանգիստ ու խոնարհ հայդուկը 90ի մօտ տարիքում... Ու թաղւեց հայոց հանգստարանում:
Պատիւ իր գործին եւ գաղափարին:
Յաւիտենական հանգիստ իր աճիւնին:
*Այստեղ թող ներւի ինձ յիշատակել, որպէս երախտագիտութիւն պարտքի, անունները նրանց, որոնք Յակոբի մարտական ընկերներն էին, որոնք այժմ չկան եւ ննջում են Վանէն-Երեւան եւ այլուր: Սակայն կատարել են նոյնքան երախտաւոր գործ, ինչպէս Յակոբը կամ ժողովրդական կոչումով Թումասի Ակօն: Կազանչի Յարօն, Պաքչի Դաւօն, Տէրտէրի Կարօն, Մալակնդօն, Ներկարարեան Միհրան, պղնձագործներ Պօղոս եւ Տիգրան. բոլորն էլ թիկնեղ, բոլորն էլ հլու հնազանդներ, կեանքերնին զոհելու պատրաստ յեղափոխականներ, ջահել ջիւան տարիքներով: