22 April, 2022

Տաճատ Թէրլէմէզեան (1888-1982)


«Ճիշդ այդ ատեն սրընթաց կառք մ'եկաւ եւ ետեւէն կ'անցնէր: Վախնալով կառքի մէջ մէկէ մը որ զինք յանկարծակիի չբերէ, գլուխը դարձուց եւ նայեցաւ այդ կողմը: Օգտուելով այդ յարմար առիթէն՝ Պրաունինկը րոպէապէս դուրս քաշեցի ու գլխին ուղղելով մատս բլթակին սեղմեցի: Բօ՜մը լսելի եղաւ եւ դաւաճանը դիակնացած ոտքերուս տակը կռնակին վրայ փռուեցաւ: Ատկէ յետոյ աչքերս մթնեցին եւ ոչինչ չկրցի տեսնել: Յանկարծ զէնքերու ձայնէն ուշքի եկայ, տեսայ թէ զինուորականն էր որ իմ վրաս կը կրակէր. անոր վրայ ալ 2 հատ կրակեցի եւ ան փախաւ: Ոտքերուս առջեւ փռուած դիակին վրայ ալ 2 հատ կրակեցի եւ սկսեցի փախչիլ զիկզակ՝ դէպի հայկական թաղերը»:

Վերի պարզ, այլ տագնապալի ապրումներով ձեւաւորւած վերյուշը, իրաւամբ, լաւագոյնս պատկերում է հոգեվիճակը այն գաղափարապա՛շտ հայորդիների, որոնք իբրեւ մեր պատմութեան սրբացեալ ահաբեկիչները՝ քայլ առ քայլ հետապնդեցին ե՛ւ հայ երդիքի տակ իրենց աչքերը բացած յուդայածին զաւակներին, ե՛ւ հայ ժողովրդի բնաջնջման մտածումը յղացած եւ նրա գործադրումը հետապնդած Լենկթիմուրի թոռնորդիներին:

Աւելի ճիշդ այս բառերը հարազատ թարգմանն են այն հոգեվիճակի, որի հրեղէն ալիքներից հուր եւ վճռակամութիւն ստացան նւիրական պարտականութեան ճակատագրական վայրկեանին վրիժառութեան ներքին բոլոր ալեկոծումներն ապրած արդարադատ բազուկները, որոնք մեր նորագոյն պատմութեան մէջ, հայ արեան դարաւոր պոռկումները գոռացին վահագնավայել արութեամբ:

Պարզ խօսքով՝
-ահաբեկիչները,

Այսինքն նրանք՝ որ մեր ամենանւիրական ապրումներին եւ ազգային արժանապատւութեան իրենց կեանքն ու արիւնը ընծայաբերած կամաւոր քուրմերը եղան եւ իրենց առասպելական սխրագործութիւններով նրո որակ եւ անսպառ աւիւն ներարկեցին մեր մարտական հազարամեայ աւանդների մշտաբորբ աշտանակի մէջ:

Ահաբեկիչների փաղանգի այս վերջին ներկայացուցիչը, որ իր աչքերը փակեց դեռ մի քանի օր առաջ, այսօր աւանդ եւ պատգամ է արդէն՝ իր աւելի քան ինըսնամեայ վարքով եւ գաղափարական ներկայութեամբ:

Ահաբեկիչների փաղանգի վերջին ներկայացուցիչը՝ Տաճատ Թէրլէմէզեան, ծնւել է 5 Դեկտեմբեր 1888-ին, բազմաթիւ հերոսների եւ մտաւորականների ծննդավայր Այգեստանի մէջ, ազգային ապրումներով եւ ոգով ջերմացած Մեսրոպ Ֆուրեանի հայաբոյր երդիքի տակ:

Նախնական ուսումը ստացել է Համբարձում Երեմեանի անմիջական հովանաւորութեան տակ գործող Վանի որբանոց-վարժարանում, որ պատանի Տաճատի հոգին սկսեց կազմաւորւել Րաֆֆի ազատատենչ գրականութեամբ եւ Սասնոյ 1904-ի ապստամբութեան մագնիսող արձագանգերով: Հայրենասիրական ապրումներով վարակւած պատանին եւ իր ընկերները դիմում են Հ. Յ. Դաշնակցութեան պատասխանատուներին՝ իրենց դաշնակցականի երդումը կատարելու եւ Հայ Ազատագրական Շարժման նւիրաբերւելու հաստատ վճռակամութեամբ: Իրենց տարիքը նկատի առնելով՝ դիմումնագիր ներկայացրած պատանիներն ընդունւում են իբրեւ օժանդակ անդամներ Հ. Յ. Դ. պատանեկան միութեան, ուր վաղւայ հերոսներ դառնալու կոչւած Տաճատն ու իր դասընկերները հետեւում են դաստիարակչական յատուկ ծրագրի:

Իշխանի, Արամի եւ Կոմսի հայակերտ շնչի տակ գաղափարապաշտութեան եւ անձնուրացութեան թթխմորով թրծւած 12 պատանիներից բաղկացած այս խումբը, 14 Փետրւար 1904ին, կատարում է դաշնակցականի իր երդումը: Ապա երկու տարի եւս նրանք շարունակում են ստանալ իրենց կուսակցականի դաստիարակութիւնը՝ իւրացնելով «Դրօշակ»-ի համարների մէջ լոյս տեսած յօդւածներն ու Հ. Յ. Դ. յեղափոխական գրականութիւնը:

1906-ին, գաղտնապահութեան, կարգապահութեան, անձնուրացութեան, պողպատեայ առանձնայատկութիւններով նկարագրի ու խառնւածք կազմած այս նորագիր կուսակցականներին վստահւում է իրենց առաջին պարտականութիւնը,– Վանի բոլոր շրջաններում Հ. Յ. Դաշնակցութեան գաղտնի թռուցիկները տարածելու դժւարին գործը, որ Տաճատը եւ իր ընկերները կատարում են ամենայն յաջողութեամբ:

Աւելի՛ն. նրանք միաժամանակ հետեւում են զինավարժութեան եւ դասընթացքների: Նոյն տարին, Տաճատի գլխաւորութեամբ՝ բարձրագոյն դասարանի աշակերտները սկսում են հրատարակել «Նոր Սերունդ» խորագրեալ խմորատիպ թերթը, որի յեղափոխական շունչն ու մարտական ոգին ահուսարսափի են մատնում Վանի յետադիմականութիւնը՝ կրաւորական ուսուցիչներից մինչեւ պահպանողական վաճառականները: Խաւարամիտ կղերակններից մինչեւ քաղքենիացած ընտանիքները:

Բայց Տաճատ Թէրլէմէզեանի մարտական բուն գոծունէութիւնը սկսւում է 10 Մարտ 1908-ին, երբ 18 ամեայ ահաբեկիչը, օրը ցերեկով, դիտապաստ է անում թուրք զինւորների ընկերակցութեամբ ճեմող դաւաճան Դաւոյին, հայանուն մատնիչի համար անառիկ միջնաբերդ կարծւած թւորքերի թաղի մէջ:

Այս անհաւատալի ահաբեկումը կատարելուց յետոյ, Տաճատը ու Վանի դաշնակցական պատասխանատուները ստիպւում են իրենց օրերն անցկացնել թագստոցներում՝ խուզարկութիւններից խուսափելու եւ պատասխանատու ընկերներին վտանգից հեռու պահելու նպատակով: Այսպիսով, անօթի և ծարաւ, 10 մեթր խորութեամբ Խամուռքասան Աղբիւրի ջրհորներում ապաստանած Տաճատը եւ իր ընկերները 6 Մայիս 1908-ին դուրս են բերւում ջրհորից: Որոշ ժամանակ բանտի մէջ մնալուց եւ չարչարանքների ենթարկւելուց յետոյ, 18 ամեայ ահաբեկիչին ուղարկում են Կարին, ուր մի քանի օր եւս բանտարկեալ մնալուց յետոյ ազատ է արձակւում: Տաճատը անցնում է Պոլիս՝ հօր մօտ: Կարճ ժամանակ յետոյ, մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսեան դպրոցում ուսումը շարունակելու համար:

Ա. շարք, ձախէն աջ՝ Արամ ՄանուկեանՏաճատ,...4րդը՝ Պուլկարացի Գրիգոր, 6րդը՝ Ղեւոնդ Մելոյեան
Բ. շարք աջէն 3րդը՝ Թովմասեան Յակոբ
Նկարուած 06 Մայիս 1908-ին, իրենց թաքստոցները բացայայտուելէն ետք, շրջապատուած թուրք զինուորներով
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Բայց 1908-ի աշնան Թիֆլիսում ծայր տւած հակադաշնակցական հետապնդումների լարւած եւ վատ օրերին ի տես՝ ուսումնատենչ ահաբեկիչը ստիպւում է վերադառնալ Պոլիս, ուր կարճ ժամանակ մնալուց յետոյ, մեկնում է Միացեալ Նահանգներ:

Մէջտեղը կանգնածը՝ Տաճատ Թէրլէմէզեան
Ամերիկահայ այլ կամաւորներու հետ
Նկարուած Երեւան, 3 Յուլիս 1915-ին
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան-Թանգարան
Հիմնադրամ
ին
1915-ին, երբ պայթում է Առաջին Աշխարհամարտը, ակամայ օտար հորիզոններ ափ առած հայդուկը անմիջապէս միանում է կամաւորական գնդին: Թիֆլիս է արդէն եւ մի աշխոյժ անդամը Իշխան Արղութեանի խմբի: Իգդիրի վրայով՝ Իշխանի խմբի հետ հասնում է Վան, ուր եւ մասնակցում է շրջանի հերոսական կռիւներին:

Կենաց եւ մահու մի շարք հերոսական կռիւներին մասնակցած հայդուկը, 1918-ին, վրացիների մեծ նահանջի օրերուն, հերոսական մարտեր մղելով՝ Վանի Դ. գնդի հետ հասնում է Իգդիր, ուր ոգի ի բռին նետւում է շրջանի մի շարք գիւղերի մաքրագործման գործի մէջ: Այնուհետեւ, նոյն խանդավառութեամբ, նա շարունակում է գործել Ղարաքիլիսէի եւ Իջեւանի շրջաններում՝ հանդիսանալով իր զինակիցների ինքնավստահութիւն, վճռակամութիւն եւ խիզախութիւն ներշնչող տիպար մարտիկը:

Հայաստանի Հանրապետութեան խորհդայնացումից յետոյ, իր ամբողջ կեանքը Հայ Ազատագրական Շարժման նւիրած հայդուկը Վրաստան – Պոլիս ճամբով մեկնում է Միացեալ Նահանգներ, ուր տասնամեակներ շարունակ մասնակցում է կուսակցական եւ հասարակական կեանքին՝ իբրեւ սպիտակահեր, այլ միշտ երիտասարդ ու գործունեայ դաշնակցական, իբրեւ ներշնչումի աղբիւր եւ գաղափարապաշտ մարտիկի կենդանի օրինակ:

Եւ 23 Ապրիլ 1982-ին իր աւելի քան ինսուն տարիները հայ ժողովրդին նւիրած այս անձնուրացը փակում է իր աչքերը՝ սերունդներին կտակելով անձնազոհութեան ապրող մի աւանդ:

Ս. Կիրակ
«Ալիք», Թեհրան
Կիրակի, 30 Մայիս 1982
Թիւ 114 (12,968)