Այլեւս սովորական արտայայտութիւն է դարձել տերեւաթափ բառը, մանաւանդ վերջին տարիներս:
Այժմ հերթը Հ. Յ. Դաշնակցութեան երրորդ սերնդինն է, որ ընդմիշտ հրաժեշտ է տալիս այս աշխարհին, վշտի ու ափսոսանքի բացագանչութիւններ թողնելով իր ետեւից:
Ընկեր Համբարձում Գրիգորեանը մէկն էր նրանցից, որ Դաշնակցութեան գաղափարներով, առաքինութիւններով եւ աւանդութիւններով սնւած ու օժտւած, կատարեց իր կուսակցականի, հայի եւ ազգային-մշակութային գործչի պարտականութիւնները մօտ վաթսուն տարի, ապա մեկնեց ընդմիշտ, հայրենիքի ազատութեան ու անկախութեան երջանկառիթ օրը չտեսած:
«Ատրպատականի Հայոց Թեմական – Կենտրոնական միջանակարգ դպրոցում» աշակերտել էր, Դաշնակցութեան ղեկավարներից, տեսուչ Յովնան Դաւթեանին որ գաղափարականութեան եւ շիտակութեան մարմնացում էր: Ապա նւիրւել էր ուսուցչական ասպարէզին եւ Ղազւինում, 1918 թւին երբ Ռոստմը Թեհրան էր եկել ապա այցելել Ղազվին, հանդիպում էր ունեցել տեղի կուսակցական ղեկավար երիտասարդ Համբարձումի հետ, գնահատելով նրա գործունէութիւնը եւ խորհուրդներ տւել: Այս պարագան անխառն հպարտութեան տպաւորութիւն էր թողել երիտասարդ գործչի վրայ եւ Ռոստոմի, Դաշնակցութեան աննման հիմնադրի կերպարը առաջնորդող աստղ էր դարձել իր հետագայ կեանքում:
Երբ Թեհրան էր հաստատւել, 1931 թւին Հ. Գրիգորեանը մեկնել էր Եւրոպա եւ մասնակցել Հ. Յ. Դ. 11-րդ Ընդհ. Ժողովին, իբրեւ ընտրեալ պատգամաւորը Շահստանի Կ. Կոմիտէութեան: Այնտեղ եւս շփում էր ունեցել Դաշնակցութեան այլ ղեկավարների հետ, եւ զրահւած իր սիրած կուսակցութեան գաղափարականով, վերադարձել էր նոր, թարմ ոյժ ու կորովով:
«Ալիք»ի Հիմնադիրները եւ Առաջին Հնգամեակի վարիչները Աջից ձախ՝ Յովսէփ Թադէոսեան, դոկտ. Վարդան Յովհաննիսեան, դոկտ. Յարութիւն Ստեփանեան, Եղիշէ Իշխանեան, Ստեփան Խանբաբեան եւ Համբարձում Գրիգորեան |
1931 թւի Մարտ 21-ին, իբրեւ Կ. Կոմիտէի անդամ, հիմնադիրներից եղաւ «Ալիք» շաբաթաթերթի, դոկտ.Յ. Ստեփանեանի, Ե. Իշխանեանի, դոկտ. Վ. Յովհաննիսեանի, Ս. Խանբաբեանի հետ, հայ յեղափոխականի աննկուն կամքով յաղթահարելով հայ մամուլի հետ կապւած բոլոր դժւարութիւնները եւ յարատեւ դարձրել օրգանը, որ յետոյ դարձաւ երկօրեայ, ապա 1940-ին՝ օրաթերթ եւ մինչեւ այսօր, 45 տարիներ շարունակ, լոյս է տեսնում «Ալիք»ը, ուղեցոյց հանդիսանալով իրանահայ հանրային մտքի, քարոզիչը հայ քաղաքական դատի, խրախոյսը հայ մշակոյթի, ախոյեանը հայապահպանման եւ ազգային իդէալների:
Իր ուսուցչական ասպարէզում (Ղազվին, Ռաշտ, Թեհրան) ունեցաւ հազարաւոր աշակերտ-ուհիներ, տոգորելով նրանց հայ ազգային-հայրենասիրական ոգով, հայկական մշակոյթի եւ լեզւի պաշտամունքով:
Երաժիշտ-երգահան էր միաժամանակ Համբարձում Գրիգորեանը: Հ. Յ. Դ. կողմից ընտրւել էր իբրեւ ուսանող Պրագայի համալսարանի, ապա փոխադրւել Փարիզ եւ ուսանողը եղել ֆրանսիացի հռչակաւոր երաժշտագէտ Վենսան Դինդինի: Թեհրան վերադառնալով, կազմել էր իր հանրածանօթ «Կոմիտաս» երգչախումբը եւ 40 տարիներ շարունակ հնչեցրել էր հայ երգը, փայլ տալով դպրոցական, եկեղեցական, գեղարւեստական հանդէսներին եւ ձեռնարկներին, յարատեւ ու յամառ աշխատանքով, արտակարգ նւիրւածութեամբ: Իր խմբի ելոյթները գնահատւել են պարսիկ ու հայ հայրենակիցների կողմից շքանշաններով եւ գնահատական գրութիւններով: Տօնւել է իր յոբելեանը երախտաւոր հայ համայնքի կողմից, սրտագին ու անկեղծ մթնոլորտում:
Համբարձում Գրիգորեանը համակ հայութիւն էր բուրում. իբրեւ մարդ անհատ՝ արտակարգօրէն բարի էր, վեհանձն, անփառասէր, մարդասէր ու հայասէր:
Իրեն ճանաչողները, (եւ ո՞ր իրանահայն էր որ չէր ճանաչում) հոգեկան հաճոյք եւ մխիթարութիւն էին գտնում նրան հանդիպելիս, նրա հետ խօսելիս: Բոլորին խրախուսիչ եւ մխիթարական խօսք ունէր ասելու, բարի խորհուրդներ տալու:
Համբարձում Գրիգորեանը յատկապէս իր «Կոմիտաս» երգչախմբով չորս տասնամեակներ շարունակ լուսատու աստղի դեր կատարեց իրանահայ մշակութային կեանքում, շրջապատւած իր երգչախմբի նւիրւած եւ զոհաբերող անդամներով, որոնք մինչեւ վերջ զօրավիգ հանդիսացան եւ կանգնեցին թիկունքին իրենց արւեստագէտ ղեկավարի:
Յանձինս Հ. Գրիգորեանի մեծ կորուստ ունեցաւ մասնաւորապէս իրանահայ գաղութը: Մաղթում ենք, որ նոր, երիտասարդ սերունդը հետեւի իրուսուցչին, նւիրեալին շարունակելով նրա բազմերախտ գործը:
Օրհնւած է յիշատակը լաւ հայի, նւիրեալ դաշնակցականի, հայ ուսուցչի, հայ երգահան-երաժշտագէտի որ կչւեց Համբարձում Գրիգորեան: