1910 թ. Յուլիսի 30-ին Վանի Արարաց հրապարակի վրայ, մի զզւելի դաւադրութեան զոհ գնաց մեր «Ծուռ Դաւիթ»ը – Դաշնակցութեան զինւորական շարքի ամենայանդուգն դէմքերից մէկը:
Դաւիթը բնիկ Ալջավազցի էր, Վանի գաւառէն, գիւղի զաւակ, անգրագէտ, բայց զգայուն սրտով և իր ժողովրդի ցաւերին գիտակից:
Նա յարել է Դաշնակցութեանը մեծ կոտորածներից առաջ, աշխատել է դեռ Պետօի և Վազգէնի օրերում:
Ջարդերէն վերջը, երբ 800 վասպուրականցի երիտասարդներ իրենց գերեզմանը գտան Գիւզալդարայի լանջերուն, և երբ քաղաքի մէջ մնացել էին «խոհեմները» իրենց հպատակութեան կոչերով, Դաւիթը դուրս էր մնացել այդ անկումից և չդիմանալով այդ լքման՝ անցել էր արտասահման:
Կոտորածները, հակառակ Համիդի երազներին, չեն դառնում յեղափոխութեան գերեզմանափորը, ընդհակառակը. Գիւզալդարայի զոհերը վրէժ էին աղաղակում - և վրէժը լուծւեց.. «Խանասորի արշաւանքը» նոր թափ ու ոգևորութիւն մտցրեց երկրի մէջ մնացած յեղափոխական փոքրիկ շրջանակների մէջ. պէտք էր վերակազմւել: Դէպքերից յետոյ արտասահման անցած ուժերը կամաց-կամաց անցնում են Երկիր արդէն ճիշտ «Արշաւանքի» օրերը Վազգէնի և Գուրգէնի և երկրացի բազմաթիւ ընկերների հետ առաջին խումբը մտնում է Վան:
Վարը, ձախէն աջ նստած երկրորդը՝ Վազգէն. մէջտեղը գետինը՝ Գուրգէն Նկարը հրապարկուած է «Դրօշակ» 1904, Թիւ 4-5-ին մէջ |
Հարկաւոր էր նորէն ուժ ամբարել, հարկաւոր էր զէնք, իսկ այդ կը բերւէր արտասահմանէն, ամեն մի զէնքի համար յաճախ մի քանի մարդկային զոհեր տալով...
Եւ ահա՛ «Խանասորի արշաւանքի» դպրոցի առաջին զինատար խումբը ճանապարհւում է Վան, յայտնի սպարտկերացի Շաշօի խմբապետութեամբ, որը Արշաւանքի քաջերէն մէկն է:
Դաւիթ արտասահման մնացողներէն չէ, երկիրը քաշում է նրան, և նա արդէն Շաշօի հետ է:
Խումբը մտնում է հէնց սահմանագլխից և կռւի բռնւում: Չտեսնւած և չլսւած զինատար խմբերի պատմութեան մէջ – նրանք 8 օր գրեթէ անդադար կռւելով, առաջանում են դէպի Վան... Կռիւները սարսափ են տարածում շրջանի մէջ. կռւողներից մի քանիսը իրար կորցնում են, նրանց մէջ էր Դաւիթը: Լաւ ծանօթ լինելով շրջանին և ճանապարհին՝ նա զէնքերը պահելով, ուզում է մտնել Բաշկալէ, բայց դժբախտաբար բռնւում է: Եւ սկսում է Համիդեան ռէժիմի յատուկ բարբարոս ծեծը... Դաւիթը անյողդողդ է. բայց բան փրցնել բերնից չեն կարողանում. ընդհակառակը գաղափարի և զէնքի մարդը յաղթանակում է: Դաւիթը սկսում է բանտի մէջ իր սիրած քրդական երգը, որով գրաւում է բոլոր պաշտօնեաներին և քիւրդ բանտարկեալներին... Ծեծը վերջանում է, սկսւում է դատավարութիւն. արդիւնքը պարզ է. զէնքով դիմադրութիւնը կառավարութեան՝ արժանանում է «կախաղանի», բայց օր աւուր սպասւող կախաղանի փոխարէն հասնում է ընդհանուր ներման լուրը: Դաւիթ ազատ է և Վանում սուսիկ-փուսիկ զբաղւած է իր գործով. նա արհեստով պայտագործ էր: Վերակազմութիւնը շարունակւում է. խմբերից յետոյ հասնում են ինտելիգենտ ուժերը: Յեղափոխական կեանքը սկսում է տաքանալ Վանում. հասել է և Վարդգէսը... Դաւիթը արդէն նրա մօտ է... Ցորեկը համեստ արհեստաւոր, գիշերը կտրիճ ֆէդայի – ահա Վանի մեր համեստ ընկերներից մի քանիսի մեծ արժանիքը:
Աշխատել միշտ լէգալ լինել, աշխատել բեռ չլինել կազմակերպութեան գլխուն, ընտանիք պահել և կուսակցական գործերն էլ տանել, ահա Դաւիթի և նման ընկերների թանկագին առաքինութիւնը:
Բայց այդ երկար չի տևում, մէկ երկու տարի և ահա ծայրը բացւում է, այս կամ այն ձևով: Դաւիթը երկար չի կարողանում մնալ լէգալ վիճակի մէջ: Կառավարութիւնը գործի վրայ է, նրա քունը խանգարւել է: Գերեզմանները շարժւում են, մեռելները յարութիւն առնում, մեռած կարծւած յեղափոխութիւնը նորէն հասունանում է. բայց բռնակալները կոյր են, փոխանակ իսկական պատճառները հարւածելու, հետևանքներն են հարւածում...
Յեղափոխական խմորումը Վանի մէջ զգալի կերպով ուժեղացաւ Վարդգէսի գալէն վերջը: Եւ կառավարութիւնը տրամաբանեց. ուրեմն յեղափոխութիւնը Վարդգէսն է, նրան մէջտեղից վերցնելով, յեղափոխութիւնն էլ կը մեռնի:
Վանը – ի մեծ ցաւ վանեցիների և ի մեծ դժբախտութիւն մեր շարժման – հարուստ է ոչ միայն լաւ յեղափոխականներով (Վազգէն, Աւետիսեան, Միքօ, Փոխուն, Ախպար ևայլն), այլ մանաւանդ լաւ դաւաճաններով. պատճառների մէջ չենք մտնում...
Հայ մատնիչի օգնութեամբ Վարդգէսի տեղը մատնւում է, զօրքերը շրջապատում են Խամար Քասանի, անկիւնը «Թուռշանց» տունը, ուր գտնւում էր Վարդգէսը, միայն երկու զինւորներով: Տօների առթիւ տեղացի զինւորները տուն էին գնացել, իսկ դրսի ընկերներէն Գէորգ Չաւուշ (այդ ժամանակ մի քանի ընկերներով Վան էր), Վարդան-Շահպազ, Դաւիթ և ուրիշներ խմբով անցել էին Ալճաւազ՝ կազմակերպական գործով:
Վարդգէսը հասկանում է, որ շրջապատւած են, սենեակից դուրս ելնելով, կրակում են կտուրի վրայ կանգնած զինւորների վրայ, որոնք թափւում են փողոց:
Որոշում են փողոցի դուռը բանալ, յանկարծ գրոհ տալ, մեռնել և կամ ազատւել: Դուռը բանալով ներսի ու դրսի կրակները իրար են զուգադիպւում, Վարդգէսը ոտէն զարկւում է, առաջանալ այլ ևս անկարելի է: Զինւորների զէնքերը փճանում են, կրակել չի լինում: Ստիպւած են դառնալ և փորձել տանիքների վրայով խուսափել. ելնում են տանիքը.– դրացու կտուրը մօտ է իրենց տանը. անցնել հեշտ է, բայց միւս կողմը հարկաւոր է վար ցատկել 6-8 մետր մի կտուր. զինւորները ցատկում են, նրանց հետևում է և Վարդգէսը, ոտի վերքէն ուշագնաց լինելով՝ մնում է տեղն ու տեղը... մնացածը յայտնի է. միւս օրը Վարդգէսը ձերբակալւում է:
«Դրօշակ» - Մայիս 1903, Թիւ 5 (136) |
Քաղաքը սարսափ է ընկնում, կոտորածների սարսափը դեռ թարմ էր:
Վարդան և Դաւիթ Ալճաւազէն կը դառնան՝ գործերը ղեկավարելու: Բայց նախ պէտք է դաւաճանը զարնել:
Դաւիթն է տերրօրիստը: Օրը ցերեկով, քաղաքի բանուկ փողոցի մէջ, դաշոյնի մի քանի հարւածով գետին է փռւում մատնիչ Խաչիկ Սէմէրճեանը: Եւ սարսափը կրկնապատկւում է, կառավարութիւնը ամենախիստ միջոցների է դիմում տերրօրիստին բռնելու համար: Քաղաքացիք ահաբեկւած՝ չեն տալիս ապաստան և ահա մեր Վարդան-Շահպազը, Դաւիթը և միւս ընկերները ստիպւած են լեռ քաշւիլ ձիւն-ձմեռը, 3-4 մեթր ձիան մէջ ապրել շաբաթներով, Վարագայ լերան քարանձաւներում, վայրի այծերի ընկերակցութեամբ, անօթի ու ծարաւ: Իսկ վարը՝ քաղաքը կատարում է իր քրիստոնէական պարտականութիւնը տօների և խրախճանքների մէջ...
Դաւիթ փախստական է արդէն,- զբաղւում է զէնքերի փոխադրութեամբ, զինւորական խմբեր կազմակերպելով, նորեկ ընկերներին գաւառ առաջնորդելով ևայլն: Սէմէրճեանի տերրօրը Դաւիթի շուրջը նոր համակրանք և պաշտամունք է բերում. «Ծուռ Դաւօն» արդէն ահ ու սարսափի նշանակ է. նրան սկսում են երգել, նա ինքն էլ հիւսում է Վարդգէսի բանտարկութեան և դաւաճանի սպանութեան առթիւ մի քրդերէն երգ, որ յետոյ այդ շրջանի քիւրդ ժողովրդի սիրած երգերից մէկն եղաւ:
1905 թ. ամառն է. լսում է, որ Կովկասի մէջ կռիւ կայ. պահել չի լինում. գանգատւում է, թէ «Վանի պարոնները խաղաղասէր են, անոնք կռիւ չեն ուզեր, աղէկ կ'ընեն, բայց ես առանց կռւի չեմ կրնար մնալ, Կովկաս կերթամ»...
Եւ ահա նա Կովկաս է, հայ-թիւրքական ընդհարումների մէջ, միշտ քաջ, միշտ անձնւէր և միշտ մաքուր, մի բան, որ փոքր ինչ դժւար էր գտնւում այդ ժամանակ, սունկի պէս բուսած նորելուկ զինւորների մօտ:
Ընդհարումները վերջացած են, նա քաշւում է գործի՝ Բագու: Սակայն պայթում է Վանի աղէտաւոր դաւաճանութիւնը (1908 թ.): Դաւիթը սահմանագլուխն է, խմբի հետ պատրաստւում է Վան մտնել: Ուշ էր. սահմանադրութիւնը երկնքից շուտ հասաւ, մեզ և իրենց փրկելու համար: Բայց նա արդէն Վան է. միշտ նոյն ձգտումներով, նոյն կորովով և անձնւիրութեամբ: Իր ընտանիքի հացը հայթայթելու համար՝ նա զբաղւած է իր գործով և հարկաւոր դէպքում կազմակերպութեան: Եւ այդ օրերից մինչև իր մահւան օրը՝ նա մնաց Վանի կազմակերպութեան պահապան հրեշտակը. նա է Վռամեանի հետ ամեն տեղ. նա է գաւառների ամեն անկիւն վազողը. նա է մարտ 31-ի րէակսիօնի օրը շուկայ վազողը և ժողովրդին ամենավտանգաւոր ճանապարհով Այգեստան առաջնորդողը:
* * *
Վանի ղեկավար
ընկերները երբէք չեն մոռանայ Դաւիթի հերոսական ժեստերէն մէկը հայկական րէակսիօնի օրերին:
Վանի ամբոխը կատաղել էր մի հրապարակային դասախօսութեան առթիւ, ուր վիճաբանութեան ժամանակ
երիտասարդ ուսուցիչներից մէկը հակակրօնական դիտողութիւններ էր արել: Սկսւում է արշաւանքը
նախ երիտասարդութեան և ապա կուսակցութեան դէմ: Այգեստանի մէջ «նոր սերնդականների» որս
էր. ամբոխը թաղեր ընկած երիտասարդներ կը փնտռէին «ի խաչ հանելու» համար: Շատերը կուշտ
ծեծւում ու վիրաւորւում են. երեկոյեան դէմ ինտրիգներով լարւած ամբոխը հաւաքւում է Դաշնակցութեան
կլուբի առաջ, աղաղակելով, թէ «կլուբը անաստւածութեան բոյն է, թէ գրքերը պէտք է վառենք»
ևայլն: Վռամեանը վրայ է հասնում, բայց նրա յորդորներն ու սպառնալիքները զուր են անցնում,
նրան ևս սպառնում են ատրճանակով. վերջապէս ոստիկանութիւնն է վրայ հասնում, ամբոխը ցրում
«երիտասարդ» ասւածներից մի քանիսին բռնում, իսկ գործը յանձնւում է հայոց առաջնորդարանին,
իբրև կրօնի ներկայացուցչի:
Միւս օրը ամբոխը նորէն կլուբի առջև է. քաղաքի շուկայում կոչ է եղել. «Աստւած սիրողը այսօր խանութ չբանայ և առաջնորդարան գայ»: Ամբոխը պահանջում է, որ ինքը անձամբ առաջնորդարան տանի երիտասարդներին, դատելու համար, սպառնում է գրադարանի դռները կտրել... Դաւիթը նախընթաց օրը քաղաքում չէր. նոյն գիշերը պատահաբար դարձել էր. միւս օրը նա կլուբի մէջ է, ամբոխը նրան գիտէ: Երբ պահանջը կրկնւում է, նա տասնոց ատրճանակը քաշած մէջտեղ է նետւում գոռալով. «Ով որ համարձակւի կլուբի դռան մօտենալ, դիակը գետին կը փռւի»...
Ամբոխը ցրւում է, քաշւելով առաջնորդարանի առաջ: Երիտասարդները Դաւթի ուղեկցութեամբ առաջնորդարան են գնում... Տեսարանը յիշեցնում է Հռօմի մէջ 1600 թւին տեղի ունեցած Ջօրդանօ Բրունօի դատը: Խե՜ղճ վանեցի պատանիները, առանց Բրունօ լինելու, նրա պէս անմահացան այդ օրը... Կրօնական Ժողովը սկսել է դատը. շուկայի հազարաւոր ամբոխը կուտակւել է Առաջնորդարանի առջև և կուզէ ուժով վեր ելնել ու իր ցանկալի ուղղութիւնը տալ դատին:
Դաւիթը նորէն մէջտեղ է, մի բարձր քարի վրայ. «Ծօ՛, դուք Աստւած կը պաշտպանէք, ծօ, դուք աստւածավա՜խ էք, հապա՛ ձեզ հետ ի՞նչ գործ ունի դաւաճան Դաւօի հայրը, դաւաճան Ամին, սրիկայ կոռպուճեր, ծօ դուք աստւածավա՜խ էք, ձեր...»: Եւ ատրճանակը քաշում է ու ամբոխի մէջ նետւում: Ամբոխը, ամօթահար, քաշւում է Ս. Նշանակի եկեղեցին՝ միտինգի: Ժողովը տալիս է իր դատավճիռը. երիտասարդներից մի քանիսը դատապարտւում են. «զրկել ազգային իրաւունքներէն և ազգային վարժարաններու մէջ պաշտօնավարելէ»...
Եւ կրօնական պրօբլեմը դրանով լուծւած կարծեցին...
Այնուհետև Դաւիթն եղաւ ժողովրդի, երիտասարդութեան պաշտամունքի առարկայ: Եւ այդ՝ առանց բաժանելու երիտասարդների հայեացքները: Կուսակցութեան դէմ պայքար կար, պէտք էր չէզոքացնել հարւածները և ապա ներսը մաքրել ներքին վէճերը:
Իրաւունք ունէր Դաւիթի մահը «Դրօշակ»ի խմբագրութեան հաղորդող ընկերը, երբ նա ասում էր. «Սա մի չափազանց դժգոյն նկարագրութիւն է, եթէ ինկատի ունենանք Դաւիթին իր ծայրայեղ կորովով, յանդգնութեամբ, զոհաբերութեամբ: Նա մի անձնաւորութիւն էր, որ յեղափոխական ժամանակներում սարսափ էր ազդում թշնամիներին, խաղաղ ատեն պատկառանք և նրա մահով մենք չկորցրինք մի սոսկ մարդ, այլ մի անձ, որ յիշեցնում էր իր ներկայութեամբ մի ամբողջ շրջան: Նա գնաց, նրան փոխարինել դժւար կը լինի»...
Այո, նա գնաց պառկելու Արարաց գերեզմանատանը՝ Վազգէնի, Միքօի, Արշակի, Յարութիւնի, Ռուբէնի քով... Եւ այդ գերեզմանները կը դառնան ուխտատեղի յեղափոխական հաւատացեալների համար: