28 February, 2023

Սամսոն Թադէոսեանի Մահն ու Թաղումը

Մարտ 1-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Թաւրիզում մեռաւ յեղափոխական եւ բազմաշխատ ու երախտաւոր գործիչ Սամսոն (բուն անունվ Ստեփան) Թադէոսեանը, 75 տարեկան պատկառելի հասակում:

Վերջին տարիներս նա տառապում էր մասնաւորապէս շնչարգելութեամբ, որ փետր. 20-ին զգետնեց նրան, արագութեամբ յառաջացաւ եւ մարտ 1-ի երեկոյեան կտրեց նրա փոթորկալից կեանքի թելը:

Յուղարկաւորութեան եւ թաղման վայելուչ պատրաստութիւններից յետոյ, մարտ 3-ի երեկոյեան ժամը 4-ին, յուղարկաւորների խուռն բազմութեան ուղեւորութեամբ դագաղը փոխադրուեց Լիլաւայի Ս. Սարգիս ելեղեցին:

Յաջորդ օրը, կիրակի առաւօտեան ժամը 10-ին, թէ՛ եկեղեցին եւ թէ բակը լեցուել էր խուռն բազմութեամբ որ եկել էր իր վերջին յարգանքը տալու Ատրպատականի հայութեան համար շուրջ կէս դար աշխատած ու տանջուած Սամսոնին:

Ս. Պատարագից եւ եկեղեցու կարգը կատարելուց յետոյ, Ատրպատականի հայոց Առաջնպրդ՝ Գեր. Տէր Ներսէս Սրբազան Արքեպիսկոպոսը պատշաճ մի դամբանական ճառով բնորոշեց Սամսոնի կեանքն ու գործը եւ հասարակական բազմամեայ աշխատանքը, որին քաջածանօթ է մասնաւորապէս Սալմաստի հայութիւնը:

Կարմիր պաստառով եւ սեւ մետաքս երիզներով շրջապատուած դագաղը տարուեց եկեղեցու բակը՝ յեղափոխական նահատակ գործիչների յիշատակին կառուցուած յուշարձանի առջեւ, ուր հոգեհանգստեան կարգը կատարուելուց յետոյ ձեռամբարձ եւ յուղարկաւորների բազմութեամբ փոխադրուեց ազգային գերեզմանատան այն մասը, ուր վերջին 13 տարիների ընթացքում թաղուած են Թաւրիզում մեռած հասարակական-յեղափոխական գործիչները: Հանգուցեալ Մարտին Շահթիրեանի եւ բժ. Ռուբէն Տէր Ստեփանեանի շիրիմներին մօտիկն էր փորուած Սամսոնի գերեզմանը, համաձայն իր ցանկութեան:

Դագաղը գերեզման իջեցնելուց առաջ՝ Սամսոնի գաղափարի եւ գործի հաւատարիմ ընկեր եւ 1915-ի նահատակուած Ստեփան Ստեփանեանի որդին՝ Հրայրը, բովանդակալից եւ յուզուած խօսքերով ներկայացրեց Սամսոնի կենսագրութիւնը եւ ազգային ու յեղափոխական գործունէութեան լրիւ արժէքը, չմոռանալով շեշտել, որ մեր յեղափոխական պատմութեան մէջ բացառիկ երեւոյթ է, որ մի գործիչ 75 տարեկան պատկառելի հասակում մեռնի:

Դագաղին մօտենալով եւ հազիւ իր արցունքն ու յուզումը զսպելով՝ խօսեց պր. Հայկակ Կոսոյեանը.– «Սիրելի Սամսոն, դու տասնեակ տարիներ շարունակ տառապանքով եւ անձնուիրաբար աշխատեցիր Վան-Վասպուրականի համար եւ հոգւով ու սրտով կապուած էիր այդ երկրի հողին ու ժողովրդին: Այդ քո սիրած Վանի ազատագրումը չտեսած, յոյսն ու կարօտը սրտիդ՝ գերեզման ես իջնում: Հայրենի երկրի, Վանի հողից ահա այս մէկ բուռը ես շաղ եմ տալիս երեսիդ ու սրտիդ վրայ»: Եւ իսկապէս, գրպանից հանելով մի փոքրիկ տոպրակով հող (որ ժամանակին բերուած էր Վանից), շաղ տուեց դագաղի մէջ եւ յուզումից չկարողացաւ շարունակել իր խօսքը:

Թէ յուղարկաւորութեան եւ թէ թաղման ներկայ էին Թաւրիզի բոլոր քահանաները:

Պատերին փակցուած էին 17 մահազդեր-Ատրպատականի Հայոց Առաջնորդարան, Ատրպատականի ընկերներ, Սալմաստի Փայաջուկ եւ Ղալասար գիւղերի հասարակութիւն, հարազատներ, ազգականներ, բարեկամներ եւ ծանօթներ: Թաւրիզաբնակ սալմաստեցի ամէն դասակարգի մարդիկ ներկայ էին՝ յարգելու համար յիշատակը այն մարդու, որ տասնեակ տարիներ իր երիտասարդական եռանդն ու աշխատանքը նւիրեց Սալմաստի հայութեան ազգային, հասարակական, դպրոցական, մշակութային եւ այլ հանրօգուտ աշխատանքների:

Պսակներ դրուծա էին «Ալիք», «Յուսաբեր» եւ «Հայրենիք» օրաթերթերից, որոնց հանգուցեալը պարբերաբար աշխատակցել էր յուշագրական յօդուածներով: Պսակ էին դրել Ատրպատկաանի ընկերները:

Թեհրանից ցաւակցական հեռագիրներ էին տուել Իրանա-Հնդկաստանի առաջնպրդ Տէր Վահան ծայրագոյն վ. Կոստանեան, Տէր Յովհաննէս աւագ քահանայ Հաճեան, պ. Ե. Իշխանեան եւ ընկերեր, «Ալիք» օրաթերթի եւ «Լոյս» ամսագրի խմբագրութիւնները, ազգականներ, բարեկամներ եւ այլն:

Իր կեանքի վերջին տարիներին եւ այս աշխարհասասան պատերազմի ընթացքում Սամսոնը ապրում էր նիւթական շատ ծանր պայմանների մէջ, բայց այդու հանդերձ երազում էր տեսնել այն երջանիկ օրը, երբ արեւմտեան Հայաստանի բռնագրաուուած հողերը պիտի կցուեն Մայր Հայրենիքին՝ ներկայ Հայաստանին:

Փա՜ռք այդ օրուան եւ յարգա՜նք Սամսոնի անմեռ յիշատակին:

Մասիս (Թաւրիզ, 10 Մարտ, «Ալիք»)
«Ասպարէզ», Ֆրեզնօ
ԼԸ. Տարի, Թիւ 2202
Ուրբաթ, Օգոստոս 24, 1945