29 December, 2023

ԳՐԻՇ ԽԱՆ. Գրիգոր Տէր Դանիէլեան

Մի քաջարի ռազմիկ էլ կորցրինք յանձինս Գրիշ խանի...

Հանգուցեալը հայ մեծանուն յեղափոխականի – Եփրեմի զէնքի անբաժան ընկերն էր, որ դեռ պատանի հասակից (1909 թուից) թեւաւորուած Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարով՝ թողնում է տուն ու տեղ, ծնող ու բարեկամ եւ սահմանն անցնելով նետւում պարսիկ ցեղակից ժողովուրդի յեղափոխական շարժման փոթորկոտ ասպարէզը ու դառնում մէկը այդ շարժման անուանի հերոսներից...

Գրիշ խանը (Գրիգոր Տէր Դանիէլեան) Ղարաբաղի Ջրաբերդ գաւառի Թալիշ գիւղացի էր: Ծնուել է 1887 թուին: Ունէր երեք եղբայր եւ երեք քոյր: Եղբայրների մէջ ամենակրտսերն էր: Հայրը – Ստեփան Տէր Դանիէլեան – համարւում էր գիւղի բարեկեցիկ եւ ազդեցիկ դէմքերից մէկը:

Գրիգորը (Գրիշ խանը) իր տարրական կրթութիւնը ստացել է հայրենի գիւղի պետական երկդասեան դպրոցում: Յետոյ անցել է Գանձակ, մտել Գիմնազիա եւ ուսումը շարունակել մինչեւ 1905 թիւը: Այդ թուականին կովկասահայութիւնը գտնւում էր մի ալեկոծ վիճակում եւ ապրում իր ճակատագրական օրերը: Արդէն ծայր էին տուել հայ-թաթարական արիւնոտ կռիւները՝ նիւթուած ռուս միապետութեան կողմից: Եւ կովկասահայութիւնը՝ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավարութեամբ փարել էր զէնքին ու մղում էր ինքնապաշտպանութեան մի օրհասական կռիւ՝ ընդդէմ թաթար կոյր հորդաների...

Այդ օրերին Խաչէնի անուանի հերոսը – Համազասպը – նշանակուած էր Ջրաբերդի, Գիւլիստանի եւ Խաչէնի հայ մարտական ուժերի հրամանատար, որի տարած յաղթանակները ընդհանուր խանդավառութիւն եւ ոգեւորութիւն էին առաջ բերել ամենուր:

Նման պայմաններում Գրիգորը կարո՞ղ էր անտարբեր հանդիսատեսի դերումը մնալ եւ ուսումը շարունակել, երբ ծերունիների եւ կանանց հոգին անգամ փոթորկուած էր, ի տես այդ բոլորի...

Եւ նա անտարբեր չը մնաց, ձգեց իր ուսումը, դուրս եկաւ գիմնազիայի 5-րդ դասարանից, մտաւ Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, մկրտուեց նրա գաղափարի նուիրական աւազանում եւ ցանկացաւ ծառայել հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան գործին:

Սակայն, աւա՜ղ, նրա բուռն ցանկութիւնը՝ մտնելու Համազասպի մարտական խմբի մէջ, հանդիպեց իր հօր եւ եղբայրների վճռական ընդդիմութեան: Նրանք դէմ էին Գրիգորի այդ քայլին. ցանկանում էին, որ նա շարունակի իր ուսումը. ուստի եւ խնդրեցին Համազասպին չընդունել այդ տաք գլուխ պատանուն խմբի մէջ: Եւ Գրիգորի խնդիրքը մերժուեց Համազասպի կողմից, գլխաւորապէս իր անչափահաս լինելու պատճառով:

Բայց նրա հոգին արդէն փոթորկուած էր: Կռուի ամենօրեայ լուրերը, ստեղծուած մթնոլորտը, տիրող ընդհանուր բարձր տրամադրութիւնները երիտասարդութեան շարքերում – խախտել էին նրա մէջ հոգեկան խաղաղութիւնը եւ մղում էին դէպի պարտականութիւն, դէպի իր իսկական կոչման ասպարէզը, դէպի մարտի դաշտը...

Երբ Գրիգորի փորձերը՝ մտնելու մարտական խմբերի մէջ՝ անցնում են իզուր, նա վշտացած իր ծնողներից ու եղբայրներից, թողնում է Գանձակն ու իր հայրենի գիւղը եւ 1906 թուին անցնում Բագու: Հայ-թաթարական ընդհարումները այդ ժամանակ դադարած էին: Նա Բագուի նաւթահանքերում ստանձնում է հեռախօսի գրասենեակում պաշտօն եւ միաժամանակ մտնում տեղական մարտական խմբերից մէկի մէջ:

Բագւում նա մնում է մինչեւ 1908 թուականը, ընդամենը երկու տարի, երբ Պարսկաստանում բռնկում է յեղափոխական շարժումը:

Նոյն օրերին Կովկասում, Հ. Յ. Դաշնակցութեան շարքերում եռուն աշխատանքներ էր կատարւում՝ կամաւորներ ուղարկելու Պարսկաստան, օգնելու պարսիկ եղբայրակից ժողովուրդին եւ մասնակցելու նրա յեղափոխական շարժման: Անցնող կամաւորների հետ է եւ Գրիգորը: Խումբը միանում է Գիլանում գործող Եփրեմի բանակին: Այն ժամանակ բացի Եփրեմից, Պարսկաստանումն էին մեր մարտական ընտրանիից անուանի Քեռին եւ Դաշնակցական Խէչօն: Այդ երեք փորձառու խմբապետների մարտական շնչի տակ Գրիշ խանը մասնակցում է մի շարք կռիւների, ձեռք բերում գործնական ծանօթութիւններ կռուի արուեստի մասին եւ կարճ ժամանակում աչքի ընկնում իր ճարպիկ ու յանդուգն թռիչքներով, արժանանում ընդհանուրի ուշադրութեան եւ մասնաւորապէս դառնում Եփրեմի սիրելին, նրա հաւատարիմ թիկնապահը:

Այնուհետեւ Գրիշ խանը Պարսկաստանում մասնակցում է յեղափոխական գրեթէ բոլոր աչքի ընկնող կռիւներին թէ Եփրեմի օրօք եւ թէ նրա մահուանից յետոյ, որոնց մի առ մի թուելն ու նկարագրելը կը նշանակէր պարսիկ յեղափոխութեան պատմութիւնն անել*:

Պարսկաստանում սահմանադրութիւնը հաստատուելուց եւ յեղափոխական շարժումը դադարելուց յետոյ, Գրիշ խանը Թեհրանում ընդունւում է քաղաքի ընդհանուր ոստիկանապետի օգնական: Այդ պաշտօնի մէջ էր, որ 1912 թուին ամուսնացաւ:

Իր ծննդավայրից երկար  բացակայելուց յետոյ, 1916 թ. անցնում է Կովկաս եւ կարճ ժամանակով լինում իր հայրենի գիւղում: Համաշխարհային պատերազմի օրերն էին: Կովկասահայութիւնը դարձեալ եռ ու զեռի մէջ էր: Հայրենիքի մօտալուտ փրկութեան յոյսը ընդհանուր խանդավառութիւն եւ ոգեւորութիւն էր ստեղծել ամենուրեք: Հայ կամաւորական խմբերը արդէն գործում էին կովկասեան ճակատում: Գրիշ խանը յեղափոխական կռիւների մէջ մարզւած, ուզեց իր տուրքը տալ հայրենիքին՝ միանալով կամաւորական խմբերին: Սակայն, ինչ որ արգելքներ յարուցուեցին եւ նա չը կարողացաւ իր ցանկութիւնը իրագործել ու հարկադրուած նորից վերադարձաւ Պարկսաստան:

Պարկաստանում նա մտնում է զինուորական ծառայութեան մէջ եւ իր պաշտօնում լինում է վերին աստիճանի մաքուր եւ անկաշառ: Իրանը նա համարում է իր երկրորդ հայրենիքը եւ միշտ մնում հաւատարիմ նրա շահերին ու անկախութեան գաղափարին, ինչպէս գործնականապէս դաստիարակել եւ ցոյց էր տուել իրեն իր մայր կուսակցութիւնը – Հ. Յ. Դաշնակցութիւնը – իր երկարամեայ քաղաքական գործունէութեան ընթացքում:

Զինուորական ծառայութեան մէջ եւս յաջողութիւնները յաջորդում են իրար: Նա ուղարկւում է զսպելու մի շարք ապստամբ ցեղերի երկրի զանազան կողմերում – Խորասանում, Լոռիստանում, Քերմանշահում, Ջանջանում, Սիմնանում եւ այլ շրջաններում: Եւ իր վրայ տրուած պարտականութիւնները յաջողութեամբ կատարելով՝ վերադառնում եւ արժանանում է կառավարութեան մէկից աւելի շքանշաններին:

Վերջերս նա գլխապետի պաշտօն ունէր: Կառավարական գործերով ուղարկուած էր հարաւային Պարսկսատան (Ահւազ), ուր եւ կարճատեւ հիւանդութիւնից յետոյ (դիեզնտերի) կնքում է իր մահկանացուն՝ խոր վիշտ պատճառելով ոչ միայն իր ընտանիքին եւ իր զէնքի ընկերներին, այլեւ հայ ու պարսիկ ընդհանրութեան...

Հանգուցեալը թողել է իր կինը եւ երկու զաւակներին – մի տղայ եւ մի աղջիկ:

Հանգի՜ստ իր վաստակաւոր աճիւնին:

*Գրիշ խանի յիշողութիւնները այդ կռիւների մասին տպուած են «Հայրենիք» ամսագրի համարներում:

Ք-զադէ
«Ալիք», Թեհրան
Բ. Տարի, Թիւ 46 (94)
Կիրակի, 12 Փետրուար 1933