18 March, 2024

Ք. Միքայէլեանի Մահը

Յեղափոխական կուսակցութիւնները յանուն սխալ, միակողմանի հասկացւած յեղափոխականութեան յաճախ զոհեր են տալիս՝ գործի տեսակէտից ոչ միայն անօգուտ, այլ եւ վնասակար:

Դաշնակցութեան մէջ բոլոր ընկերները, շատ քիչ բացառութեամբ, աւելի կամ պակաս չափով, վարակւած էին այդ մտայնութեամբ, մանաւանդ գործունէութեան սկզբի տարիներին աւելի սուր կերպարանք էր ստացել այդ հիւանդոտ հոգեբանութիւնը: Քրիստափորը զոհ գնաց մասամբ այդ հոգեբանութեան՝ ներշնչւելով նաեւ «Նարոդնայա Վոլեա» ռուս մեծ կազմակերպութիւնից, ուր դիւթող էր այդ հոգեբանութիւնը: Իսկական յեղափոխական համարւում էր ամենից առաջ այն ընկերը, որը դաշոյնը, ատրճանակը, հրացանը կամ ռումբը ձեռքին կռւի էր դուրս եկել տիրող կարգերի դէմ եւ ապա նա «ով անցել էր «երկիր», Տաճկահայաստան»: Իսկ մնացած կուսակցականները, բոլորը համարւում էին կիսով չափ յեղափոխական, աւելի շուտ սիրողներ: Ուշադրութիւն քիչ էր դարձւում, թէ այդ ըմբոստը լաւ զէնք գործածել գիտէ՞, կամ զէնքը տեղին ու ժամանակին է գործածել եւ կամ որքան ժամանակ է եղել երկրում եւ ինչ կարեւոր գործ է կատարել. կը բաւէր, որ եղել է երկրում եւ կռւի է բռնւել այնտեղ:

Յեղափոխական գաղափարներ քարոզելը, շրջաններ կազմակերպելը, դրամ հաւաքելը գործի համար, կամ յեղաշրջող հայեացքներ եւ դէպքեր երգող բանաստեղծն ու վիպասանը – սրանք բոլորը երկրորդական, երրորդական աշխատանքներ էին եւ «բուն», «իսկական» յեղափոխական չէին համարւում այդ տիրող հոգեբանութեան աչքին:

Շարքային հայդուկները, մեծ մասամբ, գնահատում էին ոչ զէնքի ընկերներին եւ ոչ երկրի ներսը աշխատողներին, սակայն, մտաւորական հայդուկները, մանաւանդ երկիր մտնողները, գեր-հերոսի հովեր էին առնում եւ միւս ընկերներին վերէն վար նայում: Ի հարկէ, զոհաբերութեան աստիճանն էր կշիռի դրւում, եւ դրանց զոհաբերութիւնը իսկապէս անգնահատելի էր եւ գեր-մարդկային: Մտաւորականները կուսակցութեան մէջ, պէտք է խոստովանել, համարա առանց բացառութեան խոնարհւում էին հայդուկների առաջ, խունկ ծխում, չափազանցութեան էին տանում իրենց հիացմունքը եւ չէին նկատում, թէ վարակում են այդ մեծ մասամբ պարզ, համեստ ընկերներին գերգնահատութեան մանրէով եւ վնասում ընդհանուր գործն: Այս տեսակ մտաւորական ընկերներէն տիպար կարելի է համարել Սիմօն Զաւարեանին, որ 1898 թւի երկրորդ Ընդհանուր Ժողովի ատեն պահանջւում էր Բիւրօի անդամ ընտրել Շատախից եկած մի ընկերոջ: Ով որ գալիս էր երկրից, ինչ որ գալիս էր երկրից, համարւում էր սրբութիւն սրբոց:

Քրիստափորը բախտ չունէր զէնքը ձեռքին երկիր մտնող լինելու, թէեւ երկրից դուրս կատարել եւ կատարում էր հոյակապ գործեր, որոնք եղել են շատ աւելի պատասխանատու, պահանջել են անհամեմատ աւելի մեծ եւ յանդուգն զոհաբերութիւն, քան երկիր մտնողներն են արել: Երբեք չեմ մոռանայ Քրիստափորի այն խօսքերը, որ  արտասանեց 98 թւի Ընդհանուր Ժողովի մի աղմկալից նիստից յետոյ, երբ անցնում էինք Թիֆլիսի Միքայէլեան փողոցով: Դառնութեամբ լի նա ասաց ինձ. «Եթէ Սիմօնը այս տեսակ վճռականութեամբ հակառակ տեսակէտն է պաշտպանում, ի՞նչ կարելի է անել. հօ՜ չի՞ կարելի բաժանւել այդպիսի ընկերոջից. եօլա պէտք է տանել»:

Քրիստափորը խոշոր նշանակութիւն էր տալիս «ցուցական» գործունէութեան Պոլսում, Իզմիրում, որ թէ կարող էր ազդել շահագրգռւած մեծ պետութիւնների վրա եւ թէ կարող էր ստիպել, որ թիւրքական բարձր պաշտօնեաների շրջանակը ընդառաջ գնայ հայկական հարցի լուծման: Նա մտածում էր ձեռնարկել մի խոշոր գործի եւ տարիների մտածումից յետոյ 1904-ին, Հ.Յ. Դաշնակցութեան 3րդ Ընդհանուր Ժողովում, Սոֆիայում, դրեց իր թեկնածութիւնը Վիշապի Պատասխանատու Մարմնի անդամութեան, կատարելու համար սուլթանի ահաբեկումը: Նրան թւում էր, թէ իր պարտականութիւնը լրիւ կատարած չի լինի կուսակցութեան առաջ, եթէ անձամբ չմտնի երկիր ռումբը ձեռքին աշխատելու համար: Թէեւ շատ ընկերներ գտնում էին, որ Քրիստափորի կողմից այդ մի սխալ քայլ է, աշխատում էին համոզել նրան, սակայն, չկարողացան. նա մնաց  անդրդւելի: Ինձ թւում է, որ այն ժամանակ կուսակցութեան մէջ տիրող հիւանդոտ հոգեբանութիւնը նրա վրա եւս ազդած էր. իբրեւ կուսակցութեան ղեկավար նա ինքը պէտք է մասնակցէր որոշւած ձեռնարկին, թէկուզ այդ ձեռնարկին համապատասխանող յատկութիւններ չունենար, թէկուզ կուսակցութեան ուրիշ, ոչ պակաս կարեւոր եւ պատասխանատու ասպարէզներում լինէր անփոխարինելի. յանուն յեղափոխականութեան նա ինքը պէտք է մասնակցէր ահաբեկման, ի՛ր ձեռքով պիտի նէտէր ռումբը:

Ես խորը համոզում ունեմ, որ կուսակցութեան (թէեւ Քրիստափորի մասնակցութիւնը առանձին հմայք տւեց նրան) եւ հայ դատի ու ազատագրութեան հանդէպ Քրիստափորը ոչ թէ պարտականութիւն կատարեց, այլ անուղղելի կերպով խոշոր սխալ գործեց՝ զրկելով կուսակցութիւնը իրենից յետագայ օրհասական եւ ծանր պատմական օրերին: Այդ օրերին Քրիստափորը, շնորհիւ իր լայն հայեացքի, խորը մտածողութեան եւ ուժեղ ղեկավարի աննման բնազդով, ի վիճակի կը լինէր Դաշնակցութեան գործունէութեանը տալ աւելի նպաստաւոր եւ յաջող ընթացք:

Նրա մահւան լուրը ստացւեց Թիֆլիսում 1905 թւի մարտին մի հեռագրով, որ կազմւած էր այն պայմանական ոճով (շիֆրով), որով պիտի հաղորդւէր ուրիշ լուր – Սուլթանի մահը: Համատարած եւ խորունկ կսկիծ տիրեց թէ կուսակցութեան եւ թէ համակիրների շարքերում: Որոշւեց կատարել հոգեհանգիստ, եւ մի քանի օր վերջը Մուղնու Ս. Գէորգ եկեղեցում խուռն բազմութիւն էր հաւաքւել. եկեղեցու բակում ասւեցին փայլուն քաղաքական ճառեր (Համազասպ Նոհրատեանը առանձնապէս լաւ խօսեց): Այդ օրը դաշնակցութեան մարմինները Քրիստափորի յիշատակին նւիրւած պսակների վրա պաշտօնապէս մակագրել էին «Հ.Յ.Դ.» տառեր: Եւ Թիֆլիսում կուսակցութիւնը առաջին անգամ լոյս աշխարհ ելաւ գետնի տակից:

«Դրօշակ» - Հոկտեմբեր 1929
Թիւ 10 (293)