Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Մէկը այն քաջերից, որոնք առաջնորդեցին ապստամբ Սասունը վերջին արիւնահեղ ճակատամարտներում եւ զէնքը ձեռին նահատակւեցին: Մէկը այն հազւադէպ գործիչներից, որոնք հաւասար հմտութեամբ գիտեն վարժեցնել ե՛ւ սուր ե՛ւ գրիչ: Մէկը այն սակաւաթիւ ընտրեալներից, որոնք թէեւ սնւած բարբարոսութեան ու անծայր տգիտութեան գրկում, հրապարակ են գալիս փայլուն մտաւոր ընդունակութիւններով՝ իբրեւ հռետոր-պրօպագանդիստ, իբրեւ գրող-հրապարակախօս...
Կարդացէ՛ք Դժոխքի երկար, սրտառուչ տեղեկագիրները հայաստանցու ամենօրեայ հարստահարութիւնների մասին, կարդացէ՛ք մանաւանդ նրա կոչերը տագնապի միջոցին, ուղղւած հայութեան, նրա բողոքները՝ ուղղւած մարդկութեան, քաղաքակիրթ աշխարհին... Ցաւոտ ժողովրդի հարազատ զաւակը միշտ լալիս էր, ցնցող, աղիողորմ լացով և անկարելի էր լսել նրան, առանց յուզմունքի... Մի հարուստ ու բազմակողմանի պարունակութիւն, որի ամէն մի տողից աիրւն է կաթում, մի ճոխ ու նկարուն լեզու, որ գիտէ յուզել ամենապաղ հոգիներն անգամ, մի ճկուն ու կենդանի ոճ, որ խորապէս անհատական դրոշմ է կրում եւ իր պարզութեամբ ու գեղեցկութեամբ կարող է օրինակ լինել թիւրքահայ գրողներից շատ շատերին: Նրա ոճի ու լեզւի, խօսքի, հայեացքի, ամբողջ կերպարանքի մէջ մի հմայիչ բան կար, որը չնայելով փոքր ինչ շեշտւած անհատականութեան, գրաւում էր սրտերը, գերում էր ամբոխին եւ 10 տարի շարունակ առաջնորդում էր մեր հերոսին յեղափոխական փշոտ ճանապարհով...
Այո՛, 10 տարի... Յեղափոխականի համար մի յաւիտենականութիւն... Սասունի առաջին ցնցումներն էին – 1894 թւի – որ ծնունդ տւին Դժոխքին, եւ այնուհետեւ՝ որքա՜ն փորձութիւններ, որքա՜ն արիւններ անցան նրա գլխով...
Նա ծնւել է 1866 թւին, Սսանոյ Խուլբ գաւառակի Ահարոնք գիւղում: Դեռ մանուկ էր, երբ իր ծնողները քրդական բռնութիւններից ստիպւած, մի քրէական խնդրի առթիւ գաղթեցին Մշոյ դաշտ և հաստատւեցին Ղըզըլաղաճ գիւղի մէջ: Հայրը քահանայ էր եւ սիրում էր ուսումը: Որդուն նա տւեց Ս. Կարապետի վանքի դպրանոցը, որ այն ժամանակ կանոնաւոր վիճակում էր գտնւում: 1890 թւին Արմենակը աւարտեց, ստանալով միջակ կրթութիւն:
Հէնց այդ ժամանակներից էլ սկսւում է նրա յեղափոխական կեանքը: Մուշում նա գտնում է գաղափարակից ընկերներ, կազմում է նրանցից առաջին յեղափոխական խումբը: Դրանից առաջ նա ընկերների հետ գործադրում էր յաճախ թիւրքերի եւ քրդերի դէմ «ակն ընդ ական»ի օրէնքը: Գիշերները, գաղտնի դուրս էր գալիս տնից, միանում էր ընկերներին եւ գնում էին վրէժխնդիր լինելու հայի ինչքը յափշտակողներից:
Գիւլիզարի առեւանգումից ի վեր վրէժխնդրութեան փորձերը սովորական էին դարձել, իսկ 1890-ին արդէն յեղափոխականները հրապարակ եկան որոշ ծրագրով:
1891-ին Մուշ է գալիս Միհրան Տամատեան, իբրեւ հնչակեան կուսակցութեան ներկայացուցիչ եւ տեսնում է, որ այնտեղ արդէն կայ անանուն մի կազմակերպութիւն, գործնական հողի վրայ: Տամատեան իսկոյն կապ է հաստատում նրա հետ եւ Արմենակ դառնում է իր գործակիցը: Շատ անգամ մէկտեղ խորհել ու վճռել են հարցեր. մէկտեղ շրջել են Սասունի գիւղերը: Տամատեանի ձերբակալումից յետոյ, երբ Մուրադ յաջորդեց նրան, Արմենակ աւելի վճռական դարձաւ. նա միանգամից գրկեց գործունէութեան բոլոր ձեւերը – թէ զինւոր էր, թէ պրօպագանդիստ եւ թէ թղթակից:
1894-ի Սասունի դէպքերից յետոյ, Դժոխքը, որ անձամբ մասնակցել էր մի քանի ընդհարումների, ժամանակաւորապէս թողեց երկիրը: Ամիսների ընթացքում շրջում էր Կովկասում, Սեւ ծովի ափերում, Ռումանիայի, Բուլգարիայի հայ գաղութներում, իր ազդու քարոզներով ոգեւորութիւն ու հետաքրքրութիւն էր շարժում թիւրքահայ պանդուխտների մէջ, յորդորում էր նրանց երադառնալ Մայր-երկիր...
Ամէն տեղ կարելի էր տեսնել նրան՝ շրջապատւած մտախոհ երկրացիներով, որոնք գլուխները կախած՝ պատկառանքով լսում էին նրա յորդորները, յաճախ յանդիմանութիւնները...
Դժոխքի համար շատ էլ քաջալերական չէր այդ պտոյտը: Երկրից մեկնելիս՝ նա վստահ էր, որ խրախուսանք եւ կատարեալ աջակցութիւն պիտի գտնէր այն կազմակերպութեան կողմից, որի զինւոր էր գրւել նա, բայց յուսախաբւեց: Ժամանակին պարզւած են այդ յուսախաբութեան պատճառները. ապարդիւն ենք համարում վերստին յիշատակել: Այնուամենայնիւ «հնչակեան» անունը Դժոխքը առժամապէս պահեց իր վրայ եւ քառասուն հոգուց բաղկացած իր խմբով դիմեց Հայ Յեղ. Դաշնակցութեան աջակցութեան: «Դաշնակցութիւնը» դրեց նրա տրամադրութեան տակ իր ամենաընտիր զէնքերը: 1895-ի օգոստոսին, երբ ջարդի ուրւականը սպառնալից նկարւել էր արդէն հայոց հորիզոնի վրայ՝ Դժոխքի խմբի մի մասը Աշոտ-Թաթուլի (Արամ Արամեան) խմբի հետ միաժամանակ մտաւ երկիր: Իսկ ինքը 15 հոգով անցաւ սահմանը ճիշդ այն ժամանակ, երբ կոտորածի ալիքները հասել էին Բասեն: Մեծ հմտութեամբ ու քաջութեամբ կռւելով, նա փառաւոր յաղթութիւն տարաւ Դալիբաբայի շրջակայքում եւ ահագին զարկ տւեց ինքնապաշտպանութեան գործին: Մնալով այնուհետեւ երկրում՝ Դաշնակցութեան գործիչների ու խմբերի հետ անսովոր եռանդով գործում էր Բասենի գիւղերում՝ քաջալերելով ու զինելով ժողովրդին:
Անարգ մատնութիւնը եկաւ ժամանաւորապէս անջատելու նրան սիրած ժողովրդից ու նւիրական գործից: Դժոխք ձերբակալւեց Աշոտ-Թաթուլի հետ, միաժամանակ գրավւեցին Դաշնակցութեան 70 զէնքերը: Ազատութեան երկու մատաղ զինւորները ենթարկւեցին մի ճշմարիտ ինկվիզիցիայի: Եկուսն էլ սակայն ամիսների սոսկալի տանջանքների տակ, պահպանեցին յեղափոխականի անարատութիւնը, հրաժարւեցին ոեւէ խոստովանութիւնից: Իրենց անունները միայն ստիպւած եղան յայտնել, քանի որ տեսան, որ չեն կարող ճողոպրել իրենց նախկին ընկեր դաւաճան Ազրայէլի* (*Վերջերս սպանւած «Դաշնակցութեան» տէռօրիստներից) յայտնութիւններից, որը իրենց ներկայութեան տեղեկութիւններ էր տալիս կառավարութեանը: Դատարանը մահւան վճիռ տւեց, բայց ընդհանուր ներման ժամանակ Դժոխքը բանտից ազատւեց եւ կառավարութեան ձեռքով ուղարկւեց Մուշի դաշտ, իր բնակավայրը, ուր, սակայն, շարունակեց մնալ խիստ հսկողութեան տակ...
Գիւղի գրագիրն է դառնում, բայց շարունակում է թղթակցութիւններ ղրկել «Դրօշակ»ին եւ իբրեւ խաղաղ գործիչ՝ իր խորհուրդներով ու գիշերային պրօպագանդով օգնում է Սերոբ-Աղբիւրի գործին:
1898-ին Սաքօն, որ Սասուն գնալու համար երկիր էր մտել, ձերբակալւում է Ղըզըլաղաճի մէջ եւ դա պատճառ է լինում նաեւ Դժոխքի ձերբակալման, սակայն երկար չէ մնում բանտում:
Այսպէս խաղաղ շարունակում էր նա կազմակերպելու գործը մինչեւ 1901 թւականը, երբ կառավարութիւնը՝ ինչ ինչ փաստերի հիման վրայ, ուզեց ձերբակալել մեր ընկերոջ. բայց նա խոյս տւեց, մի քանի զինւորներով անցաւ Ախլաթ, այնտեղից Վան, ուր Վահանի եւ ...,ի հետ մնաց մի ամբողջ ձմեռ. միասին կազմեցին ծրագիրներ ժողովուրդը զինելու, պատրաստելու: 1902-ի գարնան մեկնեց Ախլաթ, ուր մնաց մինչեւ աշուն եւ վերակազմեց տեղական թուլացած կազմակերպութիւնը: Աշնան Երկ...-ի հետ անցաւ Սասուն եւ մնաց այնտեղ մինչեւ 1903-ի ամառը: Երբ իմացաւ, թէ Բասենի խումբը պիտի սահմանը անցնի, եւ նկատեց, որ կառավարութիւնը Մուշի դաշտը խիստ հսկողութեան է ենթարկել եւ Սասունը պաշարել. Դժոխք առաջարկեց գնալ խմբին ընդառաջ եւ ապահովել նրա գալուստը. բայց ինչպէս յայտնի է, այդ սպառազէն խումբը չ'ակնկալւած տեղում կռւի բռնւեց եւ Դժոխքը սիրտը կոտրւած ետ դարձաւ: Մի քանի տղաներով դաշտ իջաւ գալոց կռիւների պատրաստութիւնները տեսնելու համար. իր զինւորները իր բացակայութեան ժամանակ դէպքի բռնւեցին Յունանի մէջ... Վերստին բարձրացաւ:
Երբէք մի վայրկեան դադար չունէր: Պատասխանատու մարմնի անդամ էր նա ընտրւած եւ միշտ ժողովուրդը համոզելու, քաջալերելու ետեւից էր ընկած: Ժողովրդի մէջ նա հեղինակութիւն էր, նրա խօսքը պատգամ: Ժողովուրդը սիրում է բոլոր յեղափոխականներին, բայց դէպի Դժոխքը ունեցած սէրը արտակարգ էր: Առաքելոց վանքի յայտնի կռւի վրայ ժողովրդական մի երգ է յօրինւած, որ վերջանում է հետեւեալ բառերով. «Ափսո՜ս, որ հոն չէր Ղազարեան Արմէն»: Այնքան կը սիրէր նրան հայաստանցին, որ կը ցաւէր, որ Դժոխք մասնակից չէր եղած վանքի յաղթանակին:
Ինչո՞ւմն էր այդ նիհար, թուլակազմ երիտասարդի ուժը... Նա չունէր ոչ Սերոբի առիւծային կերպարանքը, ոչ էլ Անդրանիկի յանդուգն թափը, բայց նա շա՜տ էր սիրում դաշտեցուն, լեռնցուն, սիրում էր զգայուն հօր պէս, միշտ նրանց հետ էր, միշտ բաժանում էր նրանց ցաւերը, սիրտ էր տալիս նրանց, ներշնչում էր անպայման հաւատ դէպի յեղափոխութիւնը, որով նա ինքը խորապէս տոգորւած էր,– այդտեղ է նրա մեծ ժողովրդականութեան գաղտնիքը: Նրա միշտ տխուր, թախծոտ ու մտախոհ կերպարանքը ամենալաւ արտայայտիչն էր այն ջերմ, անաղարտ սէրի, որի համար նա տանջւեց ամբողջ 10 տարի, բանտում ու աքսորում, թափառական եւ հալածական...
Նա իր պաշտած ժողովրդի հետ էր եւ սարսափելի ճգնաժամին, երբ նւիրական լեռների վրայ կրկին անգամ կուտակւեցին ահագնադղորդ, շանթառատ ամպերը... Դժոխք մարմնացած եռանդ դարձաւ. իր վտիտ մարմնով նա ցցւեց Սասնոյ ապառաժների վրայ եւ սրտառուչ, աղիողորմ ձայնով հաւա՜ր կանչեց: Նա միաժամանակ ազդարարեց Սասունի մօտալուտ կարմիր տասնամեակը, պաղատագին յորդոր կարդաց Դումաններին ու Վարդաններին՝ օգնութեան շտապել:
Նրա գուշակութիւնը կատարւեց... Սասունը արիւնով տօնեց իր տասնամեակը, որ նաեւ Դժոխքի գործունէութեան առաջին ու վերջին տասնամեակը եղաւ...
Ժողովուրդը իր սիրելի առաջնորդի հետ գրոհ տւեց թշնամու մագլցող բանակի վրայ եւ Յեղափոխութեան անխոնջ պրօպագանդիստը ընկաւ վաղաժամ, տակաւին կռւի սկզբնաւորութեան մէջ... Թանկագին մարմինը մեծ շուքով թաղւեց Շէնըքի մէջ, այն խրոխտ բարձունքների վրայ, ուր Դժոխքը այնքա՜ն հառաչանքներ էր արձակել եւ այնքան երազներ էր փայփայել...
Խոնարհւե՛նք սիրելի գերեզմանի առաջ եւ երբէ՛ք չմոռնանք Դժոխքին: