Մուշ-Սասունի քարտէզը՝ պատրաստուած Ժընեւ, 1904-ին, Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ
Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան)
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
-Կէլիէկընմանի Ընդհարումը (Մարտ 30)
Առաջին ընդհարումը եղաւ երէկ: Պատմենք.
Գրած էինք Տաբըկայ դէպի մասին, ուր քրդեր սպաննել խորհած էին Անդրանիկը: Այս պատճառով գրաւեցինք Տաբըկը և քշեցինք քրդերը: Այս դէպքը բաւականին յուզեց քրդերը, բայց մենք ջանացինք հանդարտեցնել զիրենք: Կառավարութիւնն ալ ի նպաստ իրեն գործածեց այս փաստը:
Անտոքը գիտէք, ինչպէս նաև Կէլիէկընման, Կէլիէմսուր, և Շէն: Շէնի մօտերը կայ «Տալաւէ գոմ» ըսւած տեղը, ուր 7 տունի չափ հայ կը գտնւին. Այդ կողմերի քրդերը, պատըգանցիք խորհուրդ կ'ընեն որ այդ 7 տուն հայերուն ունեցածները թալնեն և զիրենք ալ գերի պահեն: Հայասէր քիւրդ մը այս խորհուրդը կը յայտնէ հայերուն. ասոնք ալ անմիջապէս լուր կը ղրկեն Շէնըք և Սէմալ, որպէս զի գան զիրենք փրկեն այս փորձանքէն:
Այս միջոցին տասնապետ Մուրատը, գոմերցի Իսօն և մօկունքցի Իսրօն դաշտէն դարձած – ուր գացած էին գործով – կը գտնւէին Սէմալ: Խորհուրդ կ'ընեն և երկու գիւղէն բաւական զինւած ու շալակաւոր մարդ առած՝ կերթան փոխադրել գիշերով այդ խեղճ հայերը: Եւ մեզ ալ լուր տալէն վերջ՝ ճամբայ կ'ելլեն: Ասի կ'ըլլայ Զատկի առաջին օրը, մարտ 27-ին:
Հոս աննկարագրելի քաջութիւն, յանդգնութիւն և կորով կը ցուցնեն թէ Մուրատն ու զինւորներ և թէ հայ ժողովուրդը: Տուներ փակւած քրդերէն մաս մը կը յաջողին փախչիլ և մաս մըն ալ կը ջարդւին, կըսպաննւին: Կռիւը կը տևէ մինչև կէսօր և կը վերջանայ քրդերու փախուստով: Սասունցիք կ'ուզեն հետապնդել և իրենց 10 տարի առաջ տւած զոհերու վրէժը լուծել, բայց Մուրատը կարգիլէ, այդ օրւայ համար բաւական սեպելով այդքանը:
|
ՎԱՀԱՆ
-Շէնըք-Սէմալի Կռիւները (Ապրիլ 11-13)
Կուսակալը՝ իր հետ ունենալով քանի մը հազար զինւոր և Բաղէշի, Մուշի առաջնորդներն ու Մուշի գլխաւորները, հոս եկեր է:
Ապրիլ 11-ին անհամար քիւրդեր և թիւրք ձիաւոր ոստիկաններ ու զինւորներ կը պատրաստւէին յարձակւիլ Սէմալի վրայ: Կուգան մինչև Շէնիկի աւերակները:
Ասոնց պատրաստութիւնը տեսնելով՝ մեր տղայք և ժողովուրդը, Հրայրի առաջնորդութեան տակ, կը յարձակին քրդերու և զօրքին վրայ, զանոնք կը քշեն, կը տանին մինչև մարտ 30-ի կռւի տեղը: Զօրքերը դէպի դաշտ կը փախչին, իսկ քրդերը՝ Շէն: Այս երկրորդ կռւի մէջ մեզնէ սպանւեցաւ ալիանցի ՏՕՆՕի ՀԵՐՕ անունով ազնիւ երիտասարդը, իսկ թշնամին տւեց 10-ից աւելի սպանւած եւ շատ մը վիրաւորներ:
Ապրիլ 12-ի երեկոյեան, կուսակալը Սէմալ ղրկեց, իբր պատգամաւոր, ս. Յովհաննու վանքի Առաքել վարդապետը, որը իր հետ կը բերէր պատրիարքի նամակը, Մշոյ և Բաղէշի առաջնորդներու և Մշոյ երևելիներու դիրերը: Պատասխանելու համար յաջորդ առաւօտը ինքս գնացի Գեղաշէն, ուր պիտի տեղի ունենար համախմբումը: Այնտեղ հասայ ապրիլ 13-ի ժամը 1-ին եւ երբ կըսպասէի Հրայրի գալուն, յանկարծ կռւի հաւարի ձայներ հասան: Երևցաւ, որ կուսակալի բանակցութեան խնդիրը կեղծ է եղեր, զմեց իրարու վրայ հաւաքելով և ապահով համարելով՝ կ'ուզէ եղեր մէկ հարւածով ամեն ինչ վերջացնել:
Առաւօտեան ժամը 1-ին, զօրքերը և աշիրէթը կը յառաջանան դէպի Շէնըք և անկէ ալ Սէմալ: Հրայրը իր խմբով կը գտնւէր Սէմալ նա կը նշմարէ անոնց յարձակողական դիրքը և անմիջապէս կրակի կուտայ Դաշտակն ու Սէմալը, թշնամու ձեռքից ազատելու համար, և ժողովուրդը կ'ելլէ դէպի սար: Մերինները սպասելով, որ ժողովուրդը գայ, կ'ուշանան վերի դիրքերը բռնելու. Սէմալի հրդեհն ալ կ'արգելէ զիրենք թշնամու շարժումները տեսնելու: Թշնամին թնդանօթի 15 հարւած կը պարպէ Սէմալի վրայ և չորս կողմէն կը խուժէ:
Մերինները տեղի կուտան և կը նահանջեն մինչև Չայ կ'սպանւի մեր թանկագին ընկեր ՀՐԱՅՐ և զինւոր ՄԱՏՕՆ (ախլցխացի), սէմալցի ԿՐՊՕՆ և ուրիշ քանի մը տեղացիներ:
Թշնամին կը յառաջանայ Կէլիէկուզանի վրայ հոտ օգնութեան կը հասնին հայ կռւողները և վերէն կը յարձակւին զօրքի վրայ. ասոնք կը թողնեն և փախոստ կուտան կռւելով: Մերինները բաւական տեղ կը մղեն զանոնք: Սեպուհ և ուրիշ քանի մը ընկերներ վիրաւորւած են, իսկ թշնամու կողմէն 100-ից աւելի զոհ կայ և բազմաթիւ վիրաւորներ: Մերոնք վերցրին թշնամուց 17 հատ մաւզէր:
Այսօր նոր զօրքեր եկան Մուշէն. վաղը թերևս նոր կռիւ ունենանք: Եթէ յաղթուինք և Սասուն ոչնչանայ, թող ուրիշներ լուծեն մեր վրէժը...
***
Կենսագրական. Արմենակ Ղազարեան-Մամբրէեան (Հրայր-Դժոխք) |
Ապրիլ 11-ին ունեցանք երկրորդ կռիւ մը, որի մէջ դարձեալ յաղթութիւնը մեզ մնաց:
Երէկ, ապրիլ 13-ին, ունեցանք երրորդ ահաւոր կռիւը Սէմալում, որի մէջ կրկին մենք տարանք յաղթութիւնը, բայց անդարմանելի կորուստներ տուինք,– ՀՐԱՅՐ (Դժոխք-Արմենակ), զինւոր ՄԱՏՕՆ (ախլցխացի) սպանւած են, նոյնպէս սէմալցի ԿՐՊՕՆ և այլ 4-5 հոգի ժողովրդից թշնամին տուժեց աւելի. 100-ից աւելի զոհ տւաւ և բազմաթիւ վիրաւորներ: Այսօր նոր զօրք եկան Մուշէն. վաղը թերևս աւելի մեծ ճակատամարտ ունենանք. եթէ ոչնչանանք, անշուշտ կը շարունակէք մեր գործը...