Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Յեղափոխական Վասպուրականի ֆէդայական դպրոցի երկրորդ սերնդի մոհիկաններիցն էր մեր ողբացեալ ընկեր Փանոսը, որ տարւոյս Օգոստոս 12-ին (11-ին) իւր մահկանացուն կնքեց 82 տարեկան նահապետի պատկառելի հասակում: Պատշաճ յարգանքի յուղարկով նրա մարմինը ամփոփւեց իւր գաղափարակիցների պանթէոնում, Թեհրանի Հայոց գերեզմանատանը:
Նա իւր ծննդավայրի ժողովրդածին յեղափոխական մարտիկների թւին էր պատկանում: Արհեստով ոսկերիչ էր, նրանով էլ երկար տարիներ աշխատեց, բազմանդամ ընտանիք պահեց մինչեւ իւր կեանքի մայրամուտը:
Պատանեկան վառվռուն տարիքից զինւորագրւեց Հ. Յ. Դաշնակցութեան Վանի Կազմակերպութեան: Վաթսուն հինգ եւ աւելի տարիներ գործեց նրա գաղափարական դրօշի ներքոյ, միշտ նւիրւած հայ ժողովրդի ազատագրման սրբազան Իտէալին:
Ես նրան ճանաչեցի որպէս այդպիսին, շուրջ վեցտասնամեակ առաջ, ինչպէս Հայ ֆէդայական քուրայում կնքւող հայդուկի: Նա ժողովրդածին ինքնիկ յեղափոխականի տիպար էր: Երկու սոյն հարազատութիւնները համեստօրէն կազմում էին իր ապրած միջավայրի մէջ նրա հանրային մարդու դիմագիծը: Թէ՛ յեղափոխական աշխատանքների մէջ եւ թէ ժողովրդին սպասարկելու ասպարէզներում: Այդպէս ապրեց ու գործեց Փանոսը Վանում, ապա Երեւանում ու Թաւրիզում, ուր կրկնակի տարագիր եւ վտարանդի ի հայրենեաց-ի պայմաններին ենթակայ, ապրեց ձիգ տարիներ, մինչեւ իր վախճանը Թեհրանում:
Առաջին իսկ պահից այդպէս գնահատեցի նրան: Նրա հետ նաեւ իւր մարտունակ ճամբի գործակիցներին, թւով ո՛չ պակաս քան 12 հոգիներ, որոնցից շատերը յեղափոխութեան զոհասեղանին իրենց արիւնը նւիրաբերեցին: Ոմանք էլ տառապանքների պայմաններում փակեցին իրենց կեանքի գիրքը: Դրանց մէջ Փանոսը ամենից վերջինը եղաւ:
Յիշում եմ բոլորին էլ լուսապսակ ճակատներով: Մտաբերում եմ նրանց երէկը, երբ բոլորն էլ նորահաս կրակ ու բոց երիտասարդների, կեանքի իմաստը ճաշակում էին Երկրի յեղափոխականի ընդյատակեայ ճիգերին նւիրւած, առանց նիւթի եւ դիրքերի գրաւման մարմանջի: Կեանքի մէջ զոհաբերման Ոգին զօդել էր նրանց միմեանց հետ Դաշնակցութեան դօրշի ներքոյ՝ Մահ կամ Ազատութիւն նշանախօսքով:
Այն օրերին նրանք Վասպուրականի յեղափոխականութեան շարժիչ ուժն էին, ու լծակը:
Նրանք բոլորը Շամի դաշնակցական կազմակերպութեան ողնասիւնն էին կազմում:
1896-ից յետոյ Գարահիսարի լանջերում եւ Գիւզալդարայի տակ (Բարդուղիմէոսի վանք) նահատակութեան պսակն ընդունած սերնդից յետոյ էր, Վանում ծլարձակեցին նորերի մի սերունդ նորից, այն իր քանակով ու որակով յենակներ դարձաւ յեղափոխական ներուժ, բազմաբովանդակ աշխատանքների հայրենի երկրում:
Փանոսի եւ իւր զինակիցների Մայր խումբը, իրենց կապւած ենթախմբակներով, որպէս վէրք ընդունած Արծւի նորափետուր ճիտերն հայրենական յեղափոխականի սլացիկ խոյանքներով: Ու մէկ օր էլ, հայ ժողովրդի պատմութեան մի ահեղ ժամին, կարողացան Վանում 1915 թւի Ապրիլեան հերոսամարտին արժանի մասնակցութիւնը բերել յաղթականի փայլուն վախճանով...
Փանոսը դրանցից մէկն էր. թերեւս կրտսերագոյն զէնքի փարած Մայր խմբի զինակիցների մէջ:
* * *
Իմ ծանօթութիւնը եւ գաղափարական կապը բոլորի հետ տեղի ունեցաւ 1902 թ. վերջին: Նախ Փանոս Ժամհարեանի եւ ապա միւսների հետ:
Նոյն տարւայ Հոկտեմբերի մէջ մօրեղբօրս հետ Ս. Էջմիածնից ուղեւորւեցինք Թադէի վանքը: Այնտեղից ճանապարհւեցինք Խոյ որտեղից զարտուղի ճամբաներով անցանք թուրք-պարսկական սահմանը: Ծանր վտանգներից փրկւելով, հասայ հայրենական յարկի տակ:
Ամենօրեայ այցելուների շարքին, մի անգամ էլ ինձ տեսութեան եկաւ ոսկերիչ հայրիկիս եւ մեծ եղբօրս արհեստակիցներից՝ արծաթագործ Ժամհարեան ուսթայ Կարապետը, որին ճանաչում էի մանկութիւնից: Սրա հետ եկել էր մի նորահաս երիտասարդ, գանգուր մազերով, խաժ աչքերով լայնաթիկունք իրանով:
Դա նոյն ինքն Փանոսն էր, որն իր շրջապատի մէջ ու ժողովրդական շրջանակներոմ ճանչցւծա էր, որպէս ժամկորի Փանոս կոչումով: Դա բնորոշում էր նրա յեղափոխական գաղտնի աշխատանքներին իր ունեցած մասնակցութիւնը, նաեւ հեղինակութիւնը:
Հետագայ մի քանի հանդիպումների ընթացքին պարզւեց ինձ նաեւ, որ Փանոսը հմուտ արհեստաւոր ոսկերիչ է, նորարական ընդունակութիւնների տէր: Մասնաւորաբար Սեւադլի, քանդակ եւ ծաղկաւոր արծաթեայ գործեր արտադրելու մէջ: Նա ունէր իր սեփական արհեստանոցը:
«Յեղափոխական Ալպոմ», 1966, Թիւ 4 |
Վասպուրականի մեծ գաղթից յետոյ «Վան ոսկերչանոց»ի հիմնադրումը Երեւանի մէջ, նրա վարպետութեան եւ նախաձեռնողի կարողութեան հետ կապւած կը մնայ: Իսկ տարագրութեան առաջին իսկ տարում Փանոսն ու Կարապետ Պէյլարեանը մնում են հմուտ վարպետների եւ զոյգ սիւներ Թաւրիզում հիմնադրւած «Վան» ոսկերչանոցի, որպէս Իրանում լայն համբաւ հանած արհեստանոցի:
Ընդամին «Վան» ոսկերչատունը մի տեսակ գաղափարական Օջախ էր եւ ժամադրավայր մի ստւարաթիւ աշխատողների կուսակցական եւ հանրային աշխատանքների համար: «Վան»ը բոյն էր, Օջախ եւ որպէս այդպիսին աներեր մնաց Կարմիր բանակի գրաւման ծանր տարիներին:
Արհեստին տիրապետելու իր գովելի ընդունակութեանց հետ, Փանոսը միաժամանակ խառնւածով, ներքին մղումներով նւիրւած յեղափոխական էր: Զինւորագրեալ իւր պատկանած կազմակերպութեան ընդյատակեայ աշխատանքներին ծանր օրերին, թէ՛ ազատութեան ստեղծած պայմաններում Վանում, ապա գաղթից յետոյ Արարատեան դաշտում, եւ ի վերջոյ Ատրպատականում ասպնջական:
Նրա յիշատակին նւիրւած սոյն տողերի մէջ խղճմտանքից ձայնը հարկադրում է ինձ առանց յիշատակութեան չթողուլ անունները նրանց, որոնց հետ ուսընդուսի, զինակցաբար աշխատակցեց ողբացեալ Փանոսը: Նրանցից շատ շատերը հայ ժողովրդի Ազատամարտի բագինին զոհ դարձան Վասպուրականի մարտերում: Մասնակցեցին Արարատեան դաշտի 1918 թ. ընթացքում մղւած բոլոր կռիւներին, հանրապետական Հայաստանի անկախութեան կարճատեւ շրջանին, մինչեւ Փետրւարեան ժողովրդական ընդվզումի մարտնչումները, աւարտւած 1921 թ. յայտնի նահանջով դէպի Իրանը:
Թող պարզ յիշատակութեամբ բաւականանամ նշելով անունները նրանց, որոնք արժանի եղած են արձանագրւելու հայկ. յեղափոխութեան Կենաց Մատեանում: Թէոս Տիղտրիկեան, Ալէս եւ Մանուկ Պարսամեան եղբայրներ, Քոթոթ Պօղոս, Արմենակ Շալճեան, Վահան Խռանեան, Գարեգին Արամեան, Ռուբէն Իսրայէլեան, Միրզոյեան Կարօ եւ իր քոյր Համասփիւռ, Ջրբաշխ Աւէտ, Ժամկարի Փանոս...
Սրանք բոլորը հասարակ ժողովրդի արհեստաւոր դասին էին պատկանում, որոնք հայկ. յեղափոխութեան փշալից ուղիներով քայլեցին, ապադասակարգային շեշտւածութեամբ:
Կէս յուսալքման այդ օրերին, Թէոս, Ալէս, Փանոս, Արմենակ եւ ընկերները խիզախօրէն կանգուն պահեցին Դաշնակցութիւնը: Դիմագրաւեցին յետադիմականների սադրանքներին, չթողին որ յեղափոխութեան ճրագը շիջի: Նրանք տէր կանգնեցին կուսակցութեան կնիքին, արխիւին եւ զինական գոյքերին: Պահեցին անվտանգ ոստիկանութեան եւ հայ լրտեսների հետապնդումներից:
Լարւած աշխատանքներով փրկեցին ամեն ինչ եւ փոխանցեցին Վան մտած ներկայացուցիչ՝ Վարդգէսին:
Վերջինս, երբ հասած է լինում Կտուց Անապատ կղզին, քաղաքից մօտ 60 կիլոմետր հեռաւորութեան վրայ, սպասում է Այգեստանի տեղական ընկերների կարգադրութեան Վան մտնելու համար: Այգեստանից դէպի Կտուց են մեկնում հետիոտն Արմենակ, Փանոս եւ Ալէս: Կղզու մէջ, երբ հանդիպում են Վարդգէսին, վերջինս կէս հիասթափ նայում է եկող ջահէլ ջուհուլներին, որոնք եկել էին զինք անփորձ Վան առաջնորդելու եւ որոնց հետ էլ պիտի աշխատակցի...
Հիասթափութիւնը կարճ է տեւում, երբ Վարդգէսը լսում է նրանցից իր տւած հարցերի լուսաբանութիւնները: Աւելի զարմանք է պատճառում կենցաղասէր Վարդգէսին, երբ իրեն առաջարկում են հանել զգեստները ու ծպտւել Թիմարի գիւղական տարազով, ուսին կրելով գեղջկական խուրջին... Վարդգէսը շւարած ենթարկւում է «ջահէլջհուլներին»:
Գիւղական զգեստների մէջ՝ Վարգէսը դուրս է գալիս կղզուց ու իր առաջնորդ ուղեկիցների հետ ցամաքի ճամբով, անվտանգ հասնում է Այգեստան: Ինչ խօսք որ ֆէդայի յեղափոխականների այս խմբակը նեցուկ եւ զօրավից է հանդիսանում Վարդգէսին, առաջին իսկ պահից:
1902-ի Դեկտեմբերի մէջ, մի երկու հանդիպումներ ունեցայ Վարդգէսի հետ Փանոսենց տանը, ստանձնեցի կազմակպչական աշխատանքներին կատարել Քաղաքամիջի (պարիսպ) երիտասարդութեան շրջանակներով: Սակայն աշխատանքը հազիւ սկսել էի, երբ տեղի ունեցաւ Վարդգէսի ձերբակալութիւնը եւ բանտարկութիւնը (1903 Յունւար 5-ի):
Հետագային բացւած քննութիւնը հաստատեց վատհոգի հայ դաւաճանի ով լինելը: Տրւած ահաբեկման որոշումը գործադրեցին՝ Փանոսն ու Ալէսը, որոնք Սիւրիւջի Դաւիթի ձեռքով, օր ցերեկով գետին փռեցին դաւաճանին, Խաչիկ Սեմերջեանին:
Վարդգէսի ձերբակալումից յետոյ եւ դաւաճանի ահաբեկումից վերջ՝ Փանոսը դարձաւ փախստական ու ենթակայ ոստիկանական հետապնդման:
1903 թ. աշնան Արեւելեան Բիւրոն Վասպուրական է ուղարկում երկու նոր գործիչներ, Վանեցի Վահան Փափազեան եւ Շուշեցի Իշխան: Սրանք Բագրեւանդի վրայով հասնում են Արճէշ, որտեղից նաւով մտնում են Կտուց Անապատ կղզին: Այս անգամ էլ երկու նոր գործիչներին անվտանգ առաջնորդելու համար, Ակէս, Արմենակ եւ Փանոս այդ պատասխանատու գործը կստանձնին: Տարբեր ճանապարհով Վահան Փափազեանին եւ Իշխանին Այգեստան կը հասնին, որոնք ջերմ խանդավառութեամբ կընդունւին: Փափազեանը՝ բժիշկ ծածկանւան տակ, ստանձնում է Շամի Կ. Կոմիտէի ղեկավարութիւնը, աշխատակից ունենալով Թէոսին, Արմենակին, Փանոսին եւ Ալէսին: Իսկ Իշխանը անցնում է Ռշտունեաց շրջանը ու ստեղծում Լեռնապարի Կ. Կոմիտէութիւնը, իր մէջ ընդգրկելով Շատախ, Մոկս, Գաւազ, Կարկառ, Կարճիոն, Խիզան եւ Սպարկերտի լեռնային գաւառները:
1905-ի աշնան պաշտօնավարում էի Աղթամարի Նորաբաաց Թեմական Կենտրոնական դպրոցում: Այդ ժամանակին Վան են գալիս ուրիշ երկու նոր դէմքեր՝ Արամ Մանուկեան եւ Ռուբէն Տէր Մինասեան: Նոյեմբեր ամսւայ մէջ այս երկու նորեկները ուղեկցութեամբ Փանոսի եւ Պարսամեան Մանուկի Խորգոմ գիւղից մակոյկով եկան Աղթամար կղզին, հանդիպելու Հայդուկ գործիչ Իշխանին: Ռուբէն եւ Արամը թեթեւօրէն զինւած էին, իսկ Փանոսը եւ իր ընկերները ֆէտայու զինավառ արտաքինով սքանչացում պատճառեցին կղզիբնակներին: Արամին առաջին անգամն էի տեսնում, իսկ Ռուբէնին (Մինաս Տ. Մինասեան) ճանաչում էի Գէորգեան ճեմարանից: Մեր հանդիպումը եղաւ մտերմիկ. պարզւեց որ Ռուբէնը եկել է Տարօնի համար: Բայց ձիւն-ձմեռ եղանակը աննպաստ լինելու բերումով այդ տարին պիտի միանար Իշխանի Հայդուկային խմբին: Արդարեւ յաջորդ տարին, 1906-ի աշնան, Ռուբէնը՝ զինական մթերքի որոշ պաշարով, Լեռնապարից ուղեւորւեց Տարօնի աշխարհը եւ ստանձնեց նրա ղեկավարութիւնը Գէորգ Չաուշի հետ:
Ոտքի ձախէն՝ Արմուշ (Ասորի), Դաւիթ, Ազատ, Մօսո (Խլաթցի), Ղուկաս (Վանեցի), Նշան Աճէմեան (Շուշանցի), Ռուբէն (Կարնեցի), Գարեգին Միրզոյեան (Վանեցի) Նստած ձախէն՝ Խաչիկ (Վանեցի), Փանոս Ժամհարեան, Յարութիւն Միրաքեան (Մշեցի), Արամ Մանուկեան (Շուշեցի), Մալխաս (Տրապիզոնցի), Աւետիս (Իսֆահանցի), Ջոջ Աղա (Վանեցի), Գրիգոր Շարամբէկեան (Վանեցի) Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Ֆէդայի Փանոսը եւ իր ընկերը՝ Արամի հետ վերադարձան Վան: Շատ կարճ ժամանակից յետոյ 1906-ին Փանոսը Վանի կազմակերպութեան կարգադրութեամբ գաղտնի ճանապարհով մեկնեց Ս. Թադէոս Առաքելոյ վանքը, ուր կենտրոնացած զէնքերը եւ զինամթերքները յատուկ սուրհանդակներով փութացնելու էր Վան: Այդդ աշխատանքը կատարելով Փանոսը կազմակերպական ուղեգծով անցնում է Արաքս, Դաւալուի վրայով Երեւան ապա Բագու, ուր գործում եւ աշխատում է կազմակերպութեան տրամադրութեան տակ, մասնակցելով Բագւում ծայր տւած Հայ-թաթարական մարտերին:
1908 թւի վերջերին, Օսմանեան Սահմանադրութեան հռչակումով, Փանոսը վերադառնում է Վան: Անյտեղ գործում եւ աշխատում է Սահմանադրութեան ընձեռած նոր պայմանների եւ պահանջների համաձայն:
1912-ին կուսակցութեան լեգալ պարագաների տակ, կանոնագրական կարգով ընտրւում է Վասպուրականի Կ. Կոմիտէի անդամ եւ տանում գործօն ու պատասխանատու աշխատանքներ:
Նա եռանդուն մասնակցութիւն է բերում, ինչպէս նաեւ իր միւս զինակից գործակիցները «Ազատութեան Լոյս» գրադարանի հիմնադրման, «Աշխատանք» շաբաթաթերթի հրատարակութեան եւ «Աշխատանքի Տան» հոյակապ կառուցման գործին:
1914 թ. Ա. Աշխարհամարտի օրերին զօրակոչի է ենթարկւում բայց աչօք բացօք տեսնելով թուրք զինւորական իշխանութեան խտրական ոգին եւ վերաբերմունքի ստորնացուցիչ պայմանները, խոյս է տալիս ծառայութիւնից:
Իսկ 1915 թ. Ապրիլեան գոյամարտի ժամանակ Փանոսը եւ իր ընկերները կանգնած էին պատասխանատու դիրքերում: Նա ստանձնում է Այգեստանի ինքնապաշտպանութեան Բ. Շրջանի ղեկավարութիւնը, իր ենթակայութեան մէջ ունենալով 14 դիրքեր, 13 խմբեր 252 կռւողներ, 143 փամփուշտաւոր հրացանով ու 128 մաւզէր ատրճանակներով:
Այս գոյամարտի փայլուն արդիւն հանդիսացաւ հայ բազուկով կերտւած հայկական հանրապետութիւնը, որի կարճատեւ գոյութեանընթացքին անպակաս չեղան բոլշեւիկ-թուրք գործակցութեան դաւերը: Դաւեր որոնք ի վերջոյ յանգեիցն կրճատւած Հայաստանի խորհրդային գաղութայնացման ճակատագրին:
1921 թ. Փետրւարեան ընդվզումի առաջին օրից Փանոսը իր զինւած խմբով հանդէս եկաւ ու գրաւեց Երեւանի Հայոց Առաջնորդարանը, որտեղից յառաջացաւ դէպի բանդը: Նա ընտրւեց Վասպուրականի զինեալ ուժերի Զինւորական մարմնի անդամ. Վանի եւ Տարօնի միացեալ ուժերը դէմ դրին բոլշեւիկեան գրոհներին Երեւանի տակ Շէն-Գաւիթում, Բաշ-գեառնիում, յետ այնու նահանջի ընթացքին մինչեւ Լեռանահայաստանը:
Այնտեղ Անկախութեան պայքարի հերոս մարտիկներ եւ ֆէդայական սերնդի մնացորդները նախընտրեցին տարագրային կեանքը, գաղարափական պայքարի դիրքերում աննւաճ մնալ: Մինչեւ մի անգամ էլ Հայ ժողովուրդը եւ Հայ Հայրենիքը, պատմութեան վերապահած օրէնքով ձեռք բերեն բզկտւած Հայրենիքի ամբողջականութիւնը եւ սուվերէն անկախութիւնը:
Փանոսը, անմար այս հաւատքին փարած, իր աչքերը փակեց Թեհրանում:
Պատիւ եւ յարգանք Փանոսի եւ զինակիցների անմահ գործին եւ յաւիտենական նպատակին: