06 December, 2023

ՄՕՐՈՒՔ ԿԱՐՕ. Կարապետ Աւոյեան

1949 Դեկտ. 6-ին, Համադանում, մօտ 80 տարեկան հասակում, սրտի կաթւածից յանկարծամահ եղաւ Սասնոյ Գելիէգուզան գիւղացի, անւանի հայդուկ եւ Հ. Յ. Դաշնակցութեան ամրտական անդրանիկ սերնդի անձնւէր զինւոր Կարապետ Աւոյեանը, որ յայտնի է «Մօրուք» Կարօ անունով:

Հանգուցեալ Մօրուք Կարօն երեք տարի սովորել է Մշոյ Առաքելոց վանքի դպրոցում, ուր եւ տորոգրւել է յեղափոխական տրամադրութիւններով:

Այն ժամանակների ըմբոստ ոգու տէր երիտասարդութիւնը ձգտում էր անցնել Կովկաս, որեւէ կերպ ձեռք բերել մի կանոնաւոր զէնք, վերադառնալ Երկիր եւ վրէժխնդիր լինել անարգ թշնամուց: Այդ նպատակով 18-19 տարեկան պատանի, մեկնում է Թիֆլիս եւ գործի մտնում Մանթաշիեւի գործարանում:

Անդամագրւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ու իրեն տրամադրում կուսակցութեան ղեկավար մարմնին:

Հետագային կուսակցական գործով Կարօն մեկնում է Վան եւ կրկին վերադառնում Կովկաս: Երկրորդ անգամ, երբ դարձեալ կուսակցական գործով մեկնում է Վան, հանդիպում է Գէորգ Չաւուշին, որը եկել էր Կովկաս անցնելու նպատակով, սակայն Վան հասնելուց յետոյ զղջալով իր տւած որոշման վրայ, սիրտը չէր կտրւել իր սիրած անուշ Տարօնից եւ վճռել էր յետ դառնալ: Առիթից օգտւելով՝ Վարդգէսը խորհուրդ է տալիս Գէորգին, որ Կարոյին իր հետ վերցնի, անցնի Արճէշ, շրջանը կազմակերպելու համար, եւ ապա այնտեղից մեկնի Տարօն: Մօրուք Կարօն իրեն յանձնւած պարտականութիւնը կատարելուց յետոյ, Արճէշից երադառնալով, մեկնում է Թիֆլիս: 1903 թւին Բասենի վրայով մտնում է Տարօն, միանում Գէորգ Չաւուշի խմբին, լծւում մեր ազատագրական պայքարին եւ աննկուն կերպով տանում հայ հայդուկին վիճակւած տառապալից կեանքը:

1904 թւին, Սասնոյ ապստամբութեան օրերին, վիրաւորւում է: Դրանից յետոյ, միշտ Գէորգի հետ, մսանակցում է նրա մղած բոլոր կռիւներին, ի միջի այլոց Խարս գիւղի անհաւասար կռւին, ուր Կարոյի գնդակից ընկնում է թրքական բանակի յայտնի սպայ Սուլէյման աղան: Կարօն վերցնում է նրա սուրն ու դաշոյնը, որոնք երկար ժամանակ կրում էր իր վրայ. կողքից կախ արած սուրի չխչխկոցը յաճախ առիթ էր տալիս Գէորգ Չաւուշին եւ միւս ընկերներին՝ կատակելու Կարոյի հետ: Յիշեալ դաշոյնն այժմ գտնւում է Հ. Յ. Դաշնակցութեան թանգարանում:

Երբ 1907 թ. Սուլուխի կռւում նահատակւում է «Սարերի ասլան» Գէորգ Չաւուշը, Մօրուք Կարօն կուսակցութեան յանձնարարութեամբ մեկնում է Տիգրանակերտի Սլիվան շրջանը, քրդախօս հայերի մէջ կազմակերպական գործով: Այդտեղ «Քեօռ» Սուլէյման աղան մեծ ջանք է թափում Կարոյին ձերբակալելու, բայց չի յաջողում:

Օսմանեան Սահմանադրութեան հռչակումից յետոյ, երբ լեգալ դրութիւն է ստեղծւում, Կարօն վերադառնում է Սասուն: Ընտրւում է Մշոյ Քաղաքական ժողովի անդամ, բայց որոշ ժամանակ յետոյ հրաժարւում է այդ պարտականութիւնից, որ դուրս էր իր նախասիրութիւններից եւ վերադառնում է գիւղ:

Առաջին համաշխարհային պատերազմին Օսմանեան կառավարութեան գլուխ կանգնած Իթթիհադ-Թէրագգը կուսակցութիւնը ահաւոր ծրագիրներ է մշակում հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու համար: Այդ նպատակով, յատկապէս ընտրելով հրէշատիպ մի շարք պաշտօնեաներ, ուղարկում է հայաշատ նահանգները, ջարդը կազմակերպելու համար: Նրանք իրենց ուշադրութիւնն առանձնապէս կենտրոնացնում են Հայ Յեղափոխութեան օրրան Տարօնի վրայ, որի դէմ լեցւած էին անհուն ատելութեամբ ու վրէժխնդրութեամբ եւ նպատակադրում են տեղի վրայ կոտորել, բնաջնջել բոլորին, չխնայել ծերերին ու նորածին մանուկներին նոյնիսկ: Այդ դժոխային ծրագրի գործադրութիւնը յանձնւում է Ջեւդէթին, Մուշի նոր նշանակւած կուսակալ՝ Սերվէթ բէյին եւ խորհրդարանի անդամ Խօճա Իլիասին:

Քիւրդ աշիրէթապետների իշխանութեան եւ թիւրք կառավարութեան տիրակալութեան շրջանում Տարօնի ժողովուրդը միշտ պայքարի մէջ էր եղել, իր դէմ ունենալով բացի թիւրք կանոնաւոր զօրքից՝ բազաթիւ քիւրդ ցեղախմբեր, ինչպիսիք են՝ Բագրանցի, Հէյդարանցի, Հասանանցի, Ճիբրանցի, Լաջկանցի, Խարզանցի, Ռըշդանցի, Մամգանցի, Պապըջանցի, Խիանքցի, Բաղագցի, Փանջենարցի, Ռըգօթանցի, Հըմտունիներ, Սիրկանցիներ եւ այլ աշիրէթներ: Բացի վերոյիշեալներից, ռուսական բանակի յառաջխաղացման պատճառով, Ալաշկրտի հովտիս սկսած մինչեւ Բուլանըգի, Մանազկերտի, Արճէշի, Վասպուրականի եւ այլ շրջանների թուրքերը, քիւրդերը, չէրքեզները մինչեւ ատամները զինւած եւ վրէժխնդրութեամբ լեցւած, նահանջելով կենտրոնանում են Տարօն, Մշոյ դաշտը, իսկ մինչ այդ՝ Տարօնի հայ երիտասարդութիւնը եւ բազմաթիւ այր մարդիկ տարւած էին իբր զինւոր եւ «ամալէ թաբուր»...

1915-ին ռուս բանակի միտումնաւոր ու խայտառակ նահանջից յետոյ, թիւրք ղեկավարութիւնը սպասւածից աւելի ազատ ժամանակ ունենալով, անցնում է նախօրօք մշակւած ծրագրի գործադրութեան: Թիւրք բանակն իր հետ ունենալով տեղաբնակ քիւրդ աշիրէթներին, ինչպէս եւ թիւրք, քիւրդ եւ չերքէզ «մուհաջիր»ներից կազմւած խմբերին, անցնում է կատաղի յարձակման, նպատակակէտ ունենալով նախ Մշոյ դաշտը, ապա Մուշ քաղաքը եւ Սասունը, որին արագօրէն պարտութեան մատնելու համար՝ Բիթլիսի, Կէնճի եւ Տիգրանակերտի կողմերից եւս թիւրք բանակներ եւ քիւրդ աշիրէթներ միաժամանակ առաջանալով, օղակում եւ յարձակման են անցնում:

Մօրուք Կարօն իր խմբով ճակատներում շարունակ կռւում է: Զէնքի, մանաւանդ փամփուշտի խիստ սակաւութիւնն ընդհանրապէս Տարօնում եւ մասնւաորապէս Սասունում կռւուղների ողնայարը փշրում է, մի հանգամանք, որին թշնամին տեղեակ էր առաջին օրից իսկ, ուստի աւելի քան գօտեպնդւում է եւ համարձակ ու յանդուգն դառնում:

Փամփուշտի չգոյութեան պատճառով ճակատների ղեկավարները յուսահատ կռիւներ մղելով՝ մէկը-միւսի յետևից, զինակիցներով միասին, իրենց դիրքերում նահատկւում են. շատերը խոյանում, խառնւում են թշնամուն, դաշոյններով գիրկընդխառն իրար բզկտում ու մեռնում:

Վերջին կայանում՝ Սասնոյ Անտոք լեռան վրայ կենտրոնացածները յուսահատ մարտնչումից յետոյ, պարտւում են, որից յետոյ Գըռշիկի ձորում կենտրոնացած բազմահազար ժողովուրդն անխնայ կոտորւում է. այդ վայրը դառնում է Սասունցիների գերեզմանը:

Գելիէգուզան գիւղը թէեւ թշնամիներից բռնւած, սակայն Մօրուք Կարօն 500 համագիւղացիներով զուշութեամբ մտնում է նոյն գիւղը եւ աննկատ անցնում թշնամու թիկունքն ու թագնւում Գեղաշէնի անտառում:

Հետագային ժողովրդի հետ կրկին բարձրանում է Անտոք լեռը եւ թագնւում քարայրներում: Ուտելիք չունենալով, գիշերները թագստոցից դուրս էր գալիս, փնտռտուքի ելնում՝ կենսամթերք հայթայթելու համար:

Մօրուք Կարօն աշխարհից կտրւած, մտածում է մի ելք գտնել, ուստի Ախփի գիւղացի Տէր Յովհաննէս քահանային ուղարկում է Կապասգետ (Սասունցի Դաւթի բերդը), բերելու իր ծանօթ քիւրդ Շմոյին, որն իբրեւ ուղեցոյց (վալադ) նրանց պիտի առաջնորդէր դպէի Կովկսա: Դժբախտաբար դարանակալ թշնամին քահանային սպանում է նախքան տեղ հասնելը, եւ այսպիսով Կարոյի բոլոր յոյսերը խորտակւում են:

Սովը չոգում է բոլորի կրծքին: Այդ անտանելի դրութեան չդիմանալով՝ Կարոյի համագիւղացիներից երկու եղբայրներ՝ Տօնէն եւ Մուրադը, գաղտնի մեկնում են իրենց ծանօթ մի քիւրդի տուն, ուր՝ ձերբակալւում են: Քիւրդ աղան պարտադրում է այդ երկու հայերին՝ ցոյց տալ Կարոյի տեղը. վերջինները հարկադրւած են լինում համաձայնել եւ նրանց առաջնորդում են Կրաոյի թագստոցը: Ձիւնը ամէն տեղ ծածկել էր. քիւրդ աղան իր հետեւորդներով գալիս է Անտոքի հարաւային կողմը, դէպի Հարմոյի գոմերը, եւ բռնում բարձունքները: Այնուհետեւ իր հետ վերցնելով 15 գիւղացի իր հետ վերցնելով 15 զինակիցներ, ինչպէս նաեւ իրենց առաջնորդող երկու հայերին, մօտենում է քարայրին: Սակայն, լուսաբացին, Կարօն զինւած պահակների հետթ իկունքից յարձակւում եւ քիւրդ աղային ու նրա հետեւորդներին գերի է վերցնում: Պարզւում է, որ իրենց վրայ եկողը Խուլփի շրջանի աշիրէթապետն է: Այդ շրջանում բազմաթիւ հայեր էին թագնւած. ուստի առաջին հերթին նրանց ներկայութեան պատժում է առաջնորդող երկու հայերին, իսկ քիւրդերի հանդէպ ցուցադրում բարեացակամ վերաբերմունք եւ ճանապարհ դնում առանց զէնքերը գրաւելու: Քիւրդ աղան զղջալով իր արածի վրայ, իր շրջանը հսանելու նպէս խստիւ կարգադրում է այդ շրջանում թագնւած հայերին չհետապնդել, ընդհակառակը՝ օգնել եւ պաշտպանել: Եւ իրօք, երբ ռուսական բանակը հասնում է Մուշ, քիւրդ աղան իր շրջանում գտնւած 300 հայերին անվտանգ հասցնում է Մուշ:

Անողոք սովը թագնւածներին հարկադրում է կեանքի գնով փնտռտուքի ելնել՝ կենսամթերք ճրաելու համար. Կարօն մի խմբակով մեկնում է Գելիէգուզան Տաղւըրներ, նախապէս թագցրած կենսամթերքը ձեռք բերելու, բայց դժբախտաբար նկատւում են թշնամու կողմից: Երիցանքի (Դաբըգ) գաւառապետը մեծաթիւ զինւորներով ու քիւրդ հրոսակներով գիշերով անակնկալ յարձակւում են Կարոյի խմբի վրայ: Անհաւասար կռիւը տեւում է մինչ կէսօր. թէեւ փամփուշտը խնայողաբար են գործածում, բայց սպառւում է: Բարեբախտաբար սարսափելի ցուրտը օգնութեան է հասնում: Թշնամին չդիմանալով սառնամանիքին, հարկադրաբար յետ է դառնում: Կարօն առիթից օգտւելով յարձակման է անցնում, գրաւում է սպանւածների ու ծանր վիրաւորների հրացաններն ու փամփուշտները, ինչ որ մեծ ուրախութիւն է պատճառում եւ նոր յոյս ներշնչում: Հայերից սպանւում են 2, թիւրք զինւորներից՝ 12, իսկ քիւրդերից՝ 2. Թեւից ծանր վիրաւորւում է յայտնի աւազակ քիւրդ Սլօն:

1916 թ. Յունւար 26ին մի արեւոտ օր, Կարօն բարձրանում է Անտոքի գագաթը, յանկարծ լսում է թնդանօթի խուլ որոտներ. անմիջապէս ցած է իջնում եւ 6 հոգի վերցնելով, գիշերւայ մթին գնում է Երիցանքի ուղղութեամբ՝ որեւէ լուր իմանալու համար: Աւերւած Գեղաշէն գիւղի կողքից անցնելիս մի քանդւած մարագի մէջ նկատում է, որ կրակ է վառւում, զգոյշ մօտենում է եւ տեսնում, որ թրքական բանակից դասալիք 7 զինւորներ կրակի շուրջ նստած զրոյց են անում. յանկարծակիի բերելով նրանց, ձերբակալում է: Գերիները յայտնում են, որ ռուսական բանակը հսաել է Չհար-Բիօր, Մշոյ դաշտի հիւսիսային կողմը: Նրանց հրացանները վերցնելով՝ վերադառնում է Անդոք, փրկութեան ուրախալի լուրը յայտնելու ժողովուրդին:

Կարօն ժողովրդին վերցնելով՝ գնում է դէպի Երիցանք գիւղը, որտեղից մէկ օր առաջ գաւառապետը իր տրամադրութեան տակ եղած զինւորներով ու քիւրդերով միասին հապճեպ մեկնել էր Բիթլիսի ուղղութեամբ՝ դէպի Ս. Աղբերիկի վանքը: Կարօն հսանելով յիշեալ գիւղը, ազատ շունչ է քաշում եւ 3 օր մնալով, կազդուրւում են ու հանգստանում: Մինչ այդ՝ Դրօն իր կամաւորներով եւ ռուսական բանակը մուտք են գործում Մուշ քաղաքը:

Կարօն՝ երեք սուրհանդակներ է ուղարկում Մուշի ուղղութեամբ՝ ճշգրիտ լուրեր առնելու նպատակով. վերջինները հասնելով Մուշ՝ ներկայանում են Դրոյի ձիաւոր վաշտի պետ Խոստով Եղիազարեանին եւ գնդապետ Եգոր Տէր Աւետիքեանին ու պատմում իրենց դրութեան մասին. վերջինը առ ի հաւաստիացում, մի նամակ է գրում Կարոյին, որն իր հետ վերցնելով ազատւած մօտ 400 հոգու, իջնում է Մուշ, ուր մէկ ամիս հանգիստ կեանք վարելով՝ վերագտնում են իրենց ուժերն ու կազդուրւում: Կարօն հետախոյզի հանգամանքով, 150 տեղացի կռւողներով, մեկնում է Բռնաշէն, Ս. Աղբերիկ վանքի շրջանը, ուր մէկ եւ կէս ամիս կռիւ է մղում Հաջի Մուսաբէգի քիւրդերի դէմ, այդ շրջանում գտնում եւ Մուշ է փոխադրում 240 հայեր՝ կին ու տղամարդ: Յետոյ իբրեւ հետախոյզի, 60-70 սասունցիներով, ռուս զօրքի հետ բարձրանում է Սասուն եւ առաջանում Անտոք լեռը: Ամառւայ ընթցաքին ռուսներն առանց լուր տալու Կարոյին, նահանջում են. վերջինը կռահելով եղելութիւնը նահանջում է եւ ռուսական զօրքին հսանում Մշոյ դաշտում՝ Մուրատ գետի ափին. այդ նահանջին, դժբախտաբար, անհետ կորչում է յայտնի դարձած քաջ կռւող Շըմէյի Ստեփանը:

Թրքական բանակը Մուրադ գետի (Արածանի) մի կողմում, իսկ ռուսականը՝ միւսկ ողմում, ամբողջ ձմեռն անց են կացնում առանց լուրջ բաղխումի: Այդ ժամանակամիջոցին «մի հայ մի ոսկի» վարձատրութեամբ քրդերի միջոցով զանազան վայրերից փրկում են մօտ 4-500 հայեր, որոնց Փեթարցի Մանուկի գլխաւորութեմաբ Չոլօն եւ Կարօն փոխադրում են Խնուս եւ յանձնում Բարեգործականին: Չոլօն ու Կարօն միշտ մնում են ժողովրդի հետ: 1918 թ. փետրւարին ժողովրդին Խնուսից վերցնելով, Ալաշկերտի վրայով նահանջում են Արարատեան դշատ, ուր Տարօնցի ժողովրդին կառավարելու գործը յանձնւում է Մօրուք Կարոյին եւ հին յեղափոխական Ռըպէի Սարգսին, որոնք յաջող կերպով տանում են իրենց պարտականութիւնը, մինչեւ 1921 թ Հայաստանի Հանրապետութեան անկումը, որից յետոյ Չոլօն եւ Կարօն իբրեւ տարագիր, ուրիշների հետ ապաստանում են Իրան:

1922-ին Կարօն եւ Չոլօն մեկնում են Համադան, ուր մնում են մօտ 10 ամիս. երկուսով իրարու լաւ էին հասկանում. Ամէն օր գնում էին քաղաքամիջի «Մուսալլա» բլուրը, ժամերով նստում պառօժ (արեւադէմ), ժղլում էին (զրոյց անում), վերյիշում հին օրերը, ոգեկոչում այս եւ այն նահատակ ընկերոջը, ախ քշաում եւ երանի տալիս անուշ երկրի հողի վրայ նահատակւած զինակիցներին, եւ այդ տեսակէտից իրենց համարում էին շատ դժբախտ որ ողջ էին մնացել, որբ ու ղարիբ, թեւերը կոտրած արծւի նման...

Երկու ընկերները Համադանից մեկնում են Սիւրիա՝ Հալէպ, ապա անցնում են յունաստան՝ Դէդէաղաջ եւ զբաղւում այգեգործութեամբ: Երկուսն էլ հասակ առած ու տանջւած, օտար երկրում միանգամայն անծանօթ տեղական պայմաններին, բարք ու վարքին, լեզւին ու սովորոյթներին, յուսահատւում ու յուսալքւում են: Չոլօն՝ Եւրոպան թողնելով, գալիս է Իրան, Խորհրդային Հայաստան անցնելու որոշումով իսկ Կարօն 1924ին Յունաստանից ներգաղթողների հետ անցնում է Խորհրդային Հայաստան: Երկուսն էլ տարագիր կեանքից յոգնած, իրենց կեանքի աշունքին վճռում են հարազատ ընտանիքի մէջ հանգիստ առնել: Դժբախտաբար հանգստութիւն չի տրւում իրենց. Չոլօն աքսորւում է Սիբիր եւ մի քանի տարի յետոյ մեռնում, իսկ Կարօն մի կերպ կարողանում է դիմանալ մինչեւ 1927 թիւը, երբ սկսւում են զանգւածային ձերբակալութիւնները, Կարօն չէկիստների ձեռքից յաջողում է փախչել եւ ապաստանում է լեռները, ինչպէս նաեւ Փեթարցի Իսրօն, Առաղցի Վարդանը, Սեմալցի Միհրանը եւ այլք, ընդամենը 60 տարօնցիներ, որոնցից իւրաքանչիւրը մի տնից, մի իգւղից էին. իբրեւ նշում հրաշքով ազատւած բարբարոս օսմանցու ճանկերից: Նրանցից 56ը դաւադրութեամբ ձերբակալւում անդարձ աքսորւում են Սիբիր, ոմանց նենգօրէն թունաւորում են քնած տեղը սպանում են, միայն Կարօն 3 հոգիով 1930-ին, լեռնէ լեռ խիստ դժւարութիւններով անցնում է Իրան: 1931ին մեկնում Համադան, ուր մինչեւ 1949 Դեկտ. 6.-ը վայելում է ընկերների եւ բարեկամների ջերմ վերաբերմունքը:

Այսպէս, Մօրուք Կարօն 1890 թւականից զրկւելով ընտանեկան օջախից, 30 տարիներ յանուն հայրենիքի պայքարում, կռւում է բռնութեան դէմ մինչեւ 1921-ը, որից յետոյ իր իսկ արիւնակիցներից հալածւելով՝ 30 տարի եւս կրկին զրկւում է հարազատներից, դառնում է աստանդական, ցմրուր քամելով իրեն վիճակւած տառապանքը, սակայն հոգեպէս զօրաւոր եւ հաւատքով կատարեալ էր դէպի Հ. Յ. Դաշնակցութիւնն ու նրա հետապնդած վեհ նպատակները:

Յարգանք քո տառապանքին սիրելի՛ Կարօ:

Յ. Սարօ
«Ալիք», Թեհրան
Ի. Տարի, Թիւ 11, 12