09 December, 2023

Պետրոս Սերեմճեան

(Նախկին ընկերոջ յիշողութիւններից)

Ահա տեսնում եմ նրան՝ հայդուկի տոպրակը մէջքին, ջուխտ փամփշտամանները կապած, հրացանը ձեռին, կանգնել է Այգեստանի Աթարաց թաղի մի երկյարկանի տան առաջ եւ խորին սառնասրտութեամբ գնդակներ է ուղարկում դիմցաի վարժարնում դիրք բռնած տաճիկ թնդանօթաձիգներին: Նա հանգիստ է, երկիւղը չէ ցնցում նրա առնական դէմքի գծերը. նա ամբողջ էութեամբ իր դերի մէջ է եւ մի քայլյետ չի գնում, թէեւ համոզւած է որ ամէն մի վայրկեանը կարող է մահ բերել:

Ամբողջ վեց տարիներ են անցել այն օրից, բայց ես տեսնում եմ նրան, որովհետեւ նրա դէմքը դրօշմւել է իմ յիշողութեան մէջ անեղծանելի գծերով եւ ես կը նկարէի նրան, եթէ նկարիչ լինէի:

Նա չէր խօսում, նա խօսքի մարդ չէր. նա ծնւել էր հայդուկ լինելու, աճել էր՝ կռւելու համար: Նա իսկական հայդուկ էր, յեղափոխական, եւ հայ յեղափոխականի տանջալից օրերը երբէք չկարոաղցան նրա բերնից տրտունջներ թռցնել:

Յիշում եմ, երբ Արաղայի դաշտում, Խաչէն գիւղի դէզերի մէջ ապաստանած՝ վառ երեւակայութեամբ ու բուռն ոգեւորութեամբ մեր անելիք կռիւների մասին էինք խօսում ու թշնամիներին հալածելով՝ մինչեւ Մուշ, Սասուն, նոյնիսկ Զէյթուն հասնում, Պետրոսը շուռ եկաւ դէպի մեզ եւ ասաց ծիծաղելով.

Հէ՜յ, Զէյթո՞ւն... շատ է հեռու. ես բոբիկ ոտներով այդքան տեղ գնալ չեմ կարող:

Պետրոսի ասածը մենք չհասկցանք եւ կարծեցինք, որ անտեղի հանաքով մեր ոգեւորութիւնն է ծաղրում. բայց նա նորից ծիծաղեց եւ ջուխտ ոտները մեզ մեկնեց... Աստւա՜ծ իմ. բոլորովին բոբիկ, նոյնիսկ արիւնոտւած... նրա սօլերը դեռ երէկ փչացած լինելով՝ դէն էր ձգել, ամբողջ գիշերը, Սադալու ժայռոտ դիրքերից մինչեւ Խաչէնու դէզերը բոբիկ եկել, եւ այդ տաժանելի ճանապարհին չէ րարտասանել մի բառ, որ ցաւ կամ դժգոհութիւն արտայայտէր, մի անգամ «ո՜ւֆ» չէր արել, այժմ էլ դեռ արհամարհում էր այն սարափելի դրութիւնը, որ ուրիշներին գուցէ ծայրայեղ յուսահատութեան հասցնէր:

1896 թւականին մեր խմբի օրհասական ճիգերի պսակն էր նա.- իբրեւ ընկեր՝ պաշտելի, իբրեւ կռւող՝ անգնահատելի:

Հոգի՞ն... հրեշտակային ցոլքով օժտւած...

Երբ մենք չորս օրւայ կռիւներից յետյո, նստած Արտօսի սպիտակափառ գագաթին, տխուր-տրտում սուզւել էինք անթիւ մտածութիւնների անդունդը եւ մեր ներկայ աննախանձելի դրութիւնն էինք քննում, թէ ո՞րտեղ մնաց Վազգէնը, որին մահամերձ դրութեան մէջ կնոջ շորով փախցրինք Շուշանց գիւղ. ի՞նչ եղաւ Վարդանը իր խմբով. ո՞րտեղ մնաց մեր միակ ուղեցոյց Ախպէրը, այժմ առանց վալադի ո՞ւր պէտք է գնանք, որպէսզի կարողանանք մեր չորս օրից իվեր սոված ստամոքսների բողոքը լռեցնել,– մինչդեռ մենք այդ տարտամ դրութեան մէջ վարանւած էինք եւ նոյնիսկ տրամադիր տրտնջալու, Պետրոսը մի քարի տակ նստած, սառած մատներով աչքերի բիբերն էր սրբում, որտեղից աղի կաթիլները ցրտից բիւրեղանալով՝ գլորւում էին. նա արտասւում էր եւ «Խէչօ՜, Նիկո՜լ» մրմնջում... նա մեր ընկերներն էր ողբում, որոնք կէս օր առաջ, իրենց քառապատիկը գլորելուց յետոյ՝ նահատակւել էին Հայոց-Ձորում...

Մի անգամ միայն տեսայ Պետրոսին իր սկզբունքին դաւաճանած, ելած սառնասրտութեան սահմանից. այդ Վարագումն էր:

Վարա՜գ... ի՜նչեր չեն կապւած այդ անւան հետ... Ապարանջան-աղբիւրը, որ իրաւամբ կրում է այդ անունը իր վրայ, խորին թախծութեամբ գլորում էր իր կաթիլները մախմուռ-կանաչների վրայով եւ մենք նստած նրա ափին, եր այրւած սրտերն էինք հովացնում այդ անմահական ջրերով: Ո՜վ գիտէ, գուցէ արիւն կար շաղախւած այդ ջրերի հետ, գուցէ նրա հոսանքը յորդացած էր մեր հայդուկների արիւնով... բայց նա քաղցր էր եւ մենք խմում էինք: Ահա այդտեղ Պետրոսը նայեց չորս կողմը, Կողբանայ այրւած տները տեսաւ, Գրիգոր-Լուսաւորչի խանձւած քարերին նայեց, աչքերը յառեց գոռոզ միջնաբերդին եւ նրա դէմքը կծկւեց, խաղաղ աչքերում կայծեր ցոլացին, ձեռները սեղմւելով՝ սպառնալից բռունցքներ կազմեցին եւ նա այլայլւած դէմքով դէպի մեզ դառնալով՝ սկսեց խօսել: Անխօս տղամարդը խօսում էր. անհուն վիշտն ու վրէժի ծարաւը բաց էր արել նրա լեզուն. նա խօսում էր անպաճոյճ, հասարակ բառերով, որոնք սակայն ցոյց էին տալիս, թէ մենք ինչ գոհար ունինք ի դէմս Պետրոսի: Այդ առաջին եւ վերջին անգամն էր, որ նրան այլայլւած, նրա լեզուն բացւած էի տեսնում:

Ծո՜վ էր Պետրոսը. նրա թողած տպաւորութիւնը մեծ էր եւ դէպքերը միառմի արթնանում են նրան ճանաչողների յիշողութեան մէջ:

Տիգրիսի ափերին ենք. յոգնած, ջարդւած թափւել ենք բարձրաբերձ լերան ծայրին եւ դողում  ենք կատաղի ցրտից. կրակ անելու հնարաւորութիւն չկայ, ապաստանարան չկայ. պառկում ենք միմեանց գլխի, իրար տաաքացնելու՝ չի լինում. բարձրանում է սոսկալի քամին եւ մենք ուշաթափ դրութեան մէջ ենքը նկնում: Առաւօտեան բաց ենք անում աչքերնիս... վա՜յ մեզ... քարացել ենք. մատնաչափ ձիւնը նստել է մեզ վրայ... անխուսափելի մահը կանգնած է դէմերնիս. լցւել է տանջանքի բաժակը եւ արտասուքի կաթիլներն ակամայից հոսում են մեր անզգայացած երեսներով... Միայն Պետրոսն է, որի դէմքը մազաչափ փոփոխութիւն չէր կրել, որի վրայ փայլում էր սովորական մեղմութիւնը: Երեւի իր մտքում այն փիլիսոփայութիւնն էր անում, որ այդպէս էլ պէտք է լինէր. ինչ որ լինելու է՝ պէտք է լինի, ուստի եւ դժգոհելու ոչ մի պատճառ չկայ:

Շարունակե՞լ... Չէ՛, անկարելի է. կան գեղեցկութիւններ, որոնց անկարելի է թղթի վրայ դնել, այլ պէտք է զգալ միայն: Պետրոսը առատօրէն շնորհւած էր այդ գեղեցկութիւններով:

Անցան վեց երկա՜ր տարրիներ, որոնց միջոցին Պետրոսը քայլեց անյողդողդ իր ընտրած ճանապարհով, մինչեւ որ արժանացաւ հերոսական մահին...

«Դրօշակ»
Սեպտեմբեր 1902
Թիւ 9 (129)