25 April, 2022

Գողթանի Զաւակ-Մշոյ Մատաղ

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Գուրգէն. Բաղդասար Մալեանց
(Կենսագրական Համառօտ Գծեր)

Նոր-Բայազէտեան գնդի զինւոր էր Գուրգէնը, բայց հայրենիքի դժբախտութիւնը թոյլ չտւեց երկար շարունակել պաշտօնական զինավարժութիւնը: 1894-95 թւի հայկական կոտորածները վրդովեցին նրա հանգստութիւնը: Վրէժի ծառաւը այրում, խորովում էր նրա զգայուն սիրտը: Եւ ահա երբ 1896 թւին լսեց Վրէժստանի դաշնակցական Կեդրօնական Կօմիտէի յեղափոխական կոչը՝ նա պայթեց. «Էլ ո՞ր օրւայ համար պիտի գործէ հրացանս, երբ Մեծ Մարդասպանը կրակի ու արեան ծով է դարձրել Մայր-Հայաստանը»: Այդ զգացմունքով վառւած՝ սուս ու փուս ծլկեց Գուրգէնը զօրքի շարքերից եւ մի քանի կամաւոր ընկերներով ներկայացաւ «Վրէժ» կազմակերպութեան:

Իր սակաւախօս բնաւորութեամբ, վտանգաւոր գործերում ցոյց տւած անվեհերութեամբ՝ նա շուտով ընկերների սիրելին դարձաւ: 1896 թւի սեպտեմբերին Բօլգարացու անվեհեր խմբի հետ անվտանգ մտաւ Վան (տես «Դրօշակ», Թիւ 28, 1896): Այնտեղից՝ քաջաբար կռւելով խումբը անցաւ Հայոց Ձոր, ուր «Կիմա-մարագի» յայտնի կռւից նոյնպէս անվտանգ ազատւելով՝ վերադարձաւ «Վրէժի» շրջանը:

1896 թւի ծրագրած արշաւանքը զանազան հանքամանքներից չ'իրագործւեց եւ յետագձւեց յետագայ տարւան: Հետեւապէս կամաւորները պիտի ցրւէին: Արհեստ իմացողները – կազմակերպութեանը ծախք չպատճառելու համար – զբաղւեցան արհեստներով: Գուրգէնը արհեստ չունէր, բայց սրտիցը չէր տալիս հեռանալ, թէեւ ժամանակաւորապէս, գործող ընկերներից,– եւ նա ստանձնում է խոհարարի պաշտօն կազմակերպութեան զինագործների բնակարանում: Ընկերների այսպիսի նկատողութիւններին՝ թէ «Գուրգէն, ախր ինչո՞ւ ես մեզ ամաչացնում քո այդ դերով» – պատասխանում էր. «Դաշնակցութեան սկզբունքով՝ աշխատանքի հաւասարութիւն պէտք է լինի մեր մէջ. ես առայժմ կարող եմ օգնել ձեզ իմ այս աշխատանքով»: Ագուլեցիներին յատուկ խնայողութեամբ (նա ծնւած էր Վերին-Ագուլիս, 1873 թւին) տնտեսութիւնը ծայրայեղութեան էր հասցրել: Մի քանի ամսւայ արած ծախքերը, ½ եւ ¼ կօպէկներով գրւած հաշիւները մինչեւ այժմ անսովոր ճշտապահութեան եւ խնայողութեան օրինակներ են մնում մեր ընկերների շրջանում: Իր «խոհարարութիւնից» յետոյ՝ 1897 թւի յունվարի 25-ին Գուրգէնը վերադարձաւ Կովկաս, որպէսզի անձամբ պատմի Կովկասի ընկերներին յեղափոխական կեանքի քաղցրութիւնը: Գարունը բացւելուն պէս, նա՝ արդէն կատարած իր միսսիան, նորից յայտնւեց «Վրէժում» նոր ընկերներով, դրամական նպաստով եւ ռազմամթերքի առատ պաշարով: Նա «սիրող» պէր, այլ մարմնացած յեղափոխական կռւող, ուստի չէր կարող գործից հեռու մնալ, երկրից դուրս ապրել...

Այդ պատմական րոպէում՝ Մ...թը կատարեալ զինւորական բանակատեղիի էր նմանում. Կամաւորների խումբ-խումբ ժողովելը հեռաւոր տեղերից, նրանց կանոնաւոր հրացանաձգութեան վարժութիւնները, զինւորական արհեստանոցի անընդհատ աշխատանքը եւ մատակարարման կանոնաւորութիւնը – այդ բոլորը առանձին ջանք եւ հոգատարութիւն էր պահանջում: Ամէն ոք իր մասնագիտութեամբ պէտք է օգնէր ընդհանուր գործին: Գուրգէնը եւս ունէր իր պատականութիւնները. նա էր մատակարարում ամբողջ արշաւախմբի ռազմական հագուստը, նրան էր յանձնւած նաեւ 50 կամաւորների կերակրելն ու զինւորական վարժութիւնները: Օրինակելի էին նրա զինւորական վարժութիւնները՝ հայկական բարբառով:

Դեռ առաջուց վճռած լինելով երկրի մէջ գործել, Գուրգէնը էլ համբերութիւն չ'ունեցաւ սպասել եւ 97 թւի արշաւախումբին միանալ: Արշաւանքից մի շաբաթ առաջ Վասպուրական մեկնող Տէրոյեանի քաջամարտիկ խմբի 30 կամաւորներից մէկը պաշտելի Գուրգէնն էր: Տակաւին հնչում են շատերիս ականջներին նրա հրաժեշտի նւիրական խօսքերը – «Տղե՜րք, ցտեութիւն եմ ասում միայն. կը գաք երկիր եւ մենք այնտեղ, հայրենիքում, կը տեսնւենք»...

Վարը, ձախէն աջ նստած երկրորդը՝ Վազգէն. մէջտեղը գետինը՝ Գուրգէն
Նկարը հրապարկուած է «Դրօշակ» 1904, Թիւ 4-5-ին մէջ

Վանի լճի արեւելեան մասում՝ Գուրգէնը 10 ընկերներով բաժանւելով Տէրոյեանից, ապահով անցնում է Բաղէշ եւ միանում Սերոբի, Ուրւականի եւ միւսների հետ: Այդ ժամանակ մի քանի տեղեկագիր-նամակներով նկարագրեց երկրի վիճակը: Նա գրում էր. «Ժողովուրդը այլեւս չէ վախենում մեռնելուց, դանակը ոսկորին է հասել. եղած-չեղածը պատրաստ է զէնքի տալ եւ տալիս է, սակայն այստեղ բաւարար քանակութեամբ զէնք չէ ճարվում. զէ՜նք, զէ՜նք հասցրէք»: Այդ ոգւով էլ նա գործում էր, պտտելով մինչեւ իր մահը, այն է մինչեւ 1899 թիւը, Մուշի, Բաղէշի եւ *** շրջաններում, ուր նա թողեց անմոռանալի հետքեր, առաջնակարգ կազմակերպող յեղափոխականի փայլուն անուն:

Գուրգէնի համար շատ պարզ էր, որ երկրի մէջ յեղափոխականի կեանքը շատ էլ երկար չէ տեւում, շնորհիւ սուլթանի ծառայ՝ հայ մատնիչների: Տեռօրիստների ձեռքերը յոգնեցին, բայց դաւաճանները չվերջացան, չխրատւեցան: Մատնիչի համար ի՜նչ արժէք ունէր այդ թանկագին կեանքը... Եւ ահա 99-ի ապրիլի 24-ին Մուշի Ցրօնք գիւղի մէջ, դարձեալ մարագի հերոսական կռւից յետոյ – տեսնում ենք արդէն Գուրգէնի նահատակումը, 26 տարեկան հասակում:

Անմոռաց անունիդ, անքար գերեզմանիդ մատաղ, թանկագին ընկե՜ր: Հերոսաբար պարտքդ կատարելով՝ մուրազիդ հասար, դու՝ Գողթանի հարազատ զաւա՜կ: Ընկար հրացանը ձեռքիդ՝ թշնամիներիդ կոտորելով: Բախտաւոր է Գողթանը քեզ պէս հարազատին մատաղ բերելով Մշոյ սեղանին – Ազատութեան Սուրբ Գործին:

«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)