01 April, 2023

Ընկ. Արշակ Յովհաննիսեանի Մահն ու Յուղարկաւորութիւնը

Ապրիլ 1-ին, չորեքշաբթի, գիշերւայ ժամը 9-ին, իր բնակարանում, սրտի կաթւածի հետևանքով յանկարծամահ եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան վեթերաններից վաստակաւոր ընկեր Արշակ Յովհաննիսեանը, 70 տարեկան հասակում:

Հանգուցեալ ընկերն եղել էր Անկախ Հայաստանի հանրապետութեան վերջին կառավարութեան գիւղատնտեսական նախարար, Փետրւարեան Ապստամբութեան ղեկավարներից, Փրկութեան Կոմիտէի զինւորական վարիչ, այնուհետեւ կուսակցական եւ ազգային-հասարակական գործիչ, Համազգային Ընկերութեան կենտրոնական Վարչութեան անդամ, Լիբանանահայ գաւառական եւ քաղաքական ժողովների պատգամաւոր:

Հանգուցեալը ծնւել էր Նուխի, 1883-ին: Նախնական կրթութիւնն ստացել էր իր ծննդավայրի ազգային դպրոցում, ապա անցնելով Մոսկւա, հետեւել էր մանկավարժական դասընթացքներին: Մոսկւայից անցնելով Կիեւ, մտնում է տեղի առեւտրական ճեմարանը, որն եւ աւարտում է փայլուն յաջողութեամբ: Մտաւորական բարձր զարգացումով օժտւած վերադառնում է Բաքու եւ ընդգրկում ուսուցչական ասպարէզը, պաշտօնավարելով Բաքւի ազգային դպրոցում. Բաքւում անդամակցում է բանւորական եւ երիտասարդական կազմակերպութիւններին: Մի առժամանակ վարում է «Արեւ» թերթի խմբագրութիւնը: Կովկասում ունենում է քարոզչական բեղուն գործունէութիւն: Ապա նրան տեսնում ենք Պարսկաստանում, ուր ուսուցչական պաշտօն է վարում մի քանի տարի: Կրկին անցնում է Կովկաս. անդամակցում է կուսակցական եւ ազգային մարմիններին եւ աշխատակցում Կովկասահայ գրեթէ բոլոր թերթերին:

Հայաստանի Հանրապետութեան շրջանին հաստատւում է Երեւան ու մասնակցում է կուսակցական եւ պետական կեանքին, անդամակցում է Հայաստանի անդրանիկ խորհրդարանին եւ ստանձնում Հ. Յ. Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Յառաջ»ի օգնական խմբագրի պարտականութիւնը: Ընկ. Ս. Վրացեանի կառավարութեան մէջ ստանձնում է գիւղատնտեսական նախարարի պաշտօնը: Այդ օրերին ընդդիմանում է Հայաստանի վարչակարգի կամաւոր փոփոխման եւ պաշտպանում՝ զէնքի դիմելու տեսակէտը, ընդդէմ բոլշեւիկների: Սակայն տիրապետում է մեծամասնութեան կարծիքը, այն է պատճառ չդառնալ եղբայրասպան կռւի. եւ Լըգրան-Դրօ-Տէրտէրեան համաձայնութեամբ Դեկտեմբեր 2-ին Հայաստանը յայտարարւում է սովետական:


Հայաստանի բոլղեւիկների «անմարդկային արարքները (ըստ Օրջոնիկիձէի) պատճառ են դառնում որ «հայ աշխատաւորութիւնը ոտքի կանգնի կոմունիստների դէմ» (Յ. Թումանեանի տեղեկագիր-հեռագիրը Օրջոնիկիձէին): Շղթայազերծւում է Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը: Ս. Վրացեանի «Փրկութեան Կոմիտէ»ի մէջ ստանձնում է զինւորական նախարարութեան վարիչի պաշտօնը. մօտ 3 ամիս հայ աշխատաւորութիւնը կռւում է կարմիր սւինների դէմ եւ ի վերջոյ տեղի տալիս զինւորական աւելի մեծ ուժերի ճնշման դէմ: Տեղի է ունենում բազմահազար մտաւորականների եւ ժողովրդական զանգւածների նահանջը՝ դէպի Պարսկաստան:

Ընկ. Արշակ Յովհաննիսեանն անցնում է Լեռնահայաստան, ուր շղթայազերծւած պայքարը շարունակւում է մինչեւ 1921 թւի Յունիսը: Հայաստանի հողը թողնող վերջիններից մէկն է լինում եւ անցնում է Թաւրիզ եւ ղեկավար դեր կատարում այնտեղ: 1924ին հրաւիրւում է Սուրիա-Լիբանան իբր կուսակցական եւ դարձեալ վարում է «Փունիկ»ի խմբագրութիւնը երկու տարի եւ անդամակցում Հ. Յ. Դ. Լիբանանի Կ. Կ.ին: Վարել է պատասխանատու պարտականութիւններ եւ եղել է Դաշնակցութեան Գերագոյն Մարմնի (Բիւրոյի) անդամ: Եղել է նաեւ Լիբանանի շրջանի կուսակցական դաստիարակներից մէկը թէ գործչի եւ թէ ղեկավարի իր հանգամանքներով:

Հանգուցեալ ընկերն իր մասնակցութիւնն է բերել նաեւ Լիբանանահայ ազգային կեանքում: Բացի քաղաքական-կուսակցական եւ հասարակական գործունէութիւնից, ունի անեւ գրական վաստակ: Կատարել է մի շարք թարգամանութիւններ՝ ռուսերէնից, նմանապէս գրել է զանազան աշխատութիւններ քաղաքական տեսութեան վերաբերող եւ բազմաթիւ յօդւածներ՝ գրւած թերթերում: Լաւ մարդ, լաւ հայ եւ անբասիր դաշնակցական էր, երեք յատկանիշներ, որոնք անհրաժեշտ են լաւ դաշնակցական լինելու համար: Հին սերնդի նոսրացած փաղանգին պատկանող արժանաւորներից մէկն էր:

Իր մահը սուգի մատնեց բոլորին: Ապրիլ 2-ին դին փոխադրւեց Ամերիկեան հիւանդանոց: Համաձայն ազգային բարձրագոյն մարմինների կարգադրութեան տեղի ունեցաւ Ազգային թաղում: Քաղաքապետարանի կողմից վերջերս հաստատւած օրէնքի համաձայն թաղման թափորն արտօնւած չլինելով, հանգուցեալի դին ինքնաշարժերի թափորով առաջնորդւեց Ս. Նշան եկեղեցին շաբաթ, առ. ժամը 9 ½ -ին: Եկեղեցական արարողութիւները կատարեց Լիբանանի թեմական առաջնորդ Խորէն Սրբազանը, մասնակցութեամբ Շահէ վարդապետի ու Արտակ աբեղայի եւ քահանայից դասի: Արարողութիւններից յետոյ Սրբազանը աւուր պատշաճի դամբանականով վեր հանեց հանգուցեալ ընկերոջ լաւ հայի, լաւ մարդու եւ նւիրւած գաղափարականի յատկանշական գծերը: Ապա դագաղը ձեռամբարձ, ընկերների եւ համակիրների կողմից թափորով յամրաքայլ ճամբայ ընկաւ դէպի հայ գերեզմանատուն Ֆրըն էլ Շըբբէք, ուր կազմւեց մեծ թափոր եւ հայկական եռագոյնով ծածկւած դագաղը ձեռամբարձ առաջնորդւեց դէպի մատուռ:

Գերեզմանատան մատրանը հանգուցեալի տիկնոջ, ընկերների, բարեկամների եւ սգակիր խուռներամ բազմութեան ներկայութեամբ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, որից յետոյ, յանուն Համազգայինի Կենտրոնական Վարչութեան յարգանքի եւ հրաժեշտ խօսք ասաց պր. Տէր Մելքոնեանը: Յանուն ճեմարանի սերնդի յարգանքի խօսք ասաց բանաստեղծ Մ. Իշխանը, խորը յուզումով: Յանուն կուսակցական բոլոր մարմինների դամբանական ասաց ընկ. Ա. Սահակեանը, թւելով հանգուցեալի արժանիքները եւ յայտարարեց, որ Դաշնակցութիւնը մի օր Հայաստան պիտի փոխադրի Բէյրութի պանէթօնի վերածւած գերեզմանատանը ննջող, միւս ընկերների աճիւնների հետ նաեւ ընկ. Ա. Յովհաննիսեանի աճիւնը, որպէսզի նրա ազատութեան համար պայքարած պաշտելի հողի մէջ յաւիտենական հանգիստ գտնեն: Ընդհանուրի յուզմունքի մէջ եռագոյնը ծածկեց հանգուցեալին: Դագաղն իջեւցւեց գերեզման: Ընկ. Կոմսը Հայաստանի հողից մի բուռ նետեց հանգուցեալի գերեզմանի մէջ...

Եկեղեցական տխուր արարողութիւնից յետոյ թարմ հողաթմբի վրայ երիտասարդ ընկերները երգեցին հայ հայդուկի երգը:

Ներկայ բազմութիւնը ցաւակցութիւն յայտնեց հանգուցեալի այրիին, Համազգայինի նախագահ Վ. Փափազեանին, կուսակցութեան ներկայացուցիչներին եւ հեռացաւ տխուր զգացումներով, իր հետ տանելով հանգուցեալ Ա. Յովհաննիսեանի անցեալում արած մի պատգամը:

«Մենք չենք սգում, որովհետեւ ուխտ ունենք կատարած»...

Յարգանք իր՝ ճակատաբաց կուսակցականի, մեծահոգի մարդու եւ լայնասիրտ ու հայրենասէր հայի անթառամ յիշատակին:

Թղթակից
«Ալիք», Թեհրան
Չորեքշաբթի, 15 Ապրիլ 1953
ԻԳ. Տարի, Թիւ 80 (4559)