18 January, 2025

Ռոստոմը (Մի էջ նրա Պարսկաստանում ունեցած գործունէութիւնից)

1908 թիւն էր: Պարսկաստանում  յեղափոխութիւն էր ծագել: Արեւելքի այդ մեղկ, կին, գինի, երգ ու վարդ սիրող ժողովուրդն էր շարժւել եւ ուզում էր մի հարւածով տապալել «շահիզմը» ու հաստատել «Մաղրութան» (սահմանադրութիւն): Թաւրիզն էր այդ յեղափոխութեան կենտրոնը, նրա վրա էին շարժւել Մահմադ Ալի շահի զինւորներն ու նրա կողմնակից ցեղերից կազմւած բազմահազար բանդաները: Այդ բոլորը չէր: Քաղաքի մէջ գտնւած յայտնի միապետակաները իրենց շուրջն էին հաւաքել ընդդիմադիրները՝ բերդը ներսից խորտակելու համար:

Իսկ ի՞նչ ունէին քաղաքում պաշարւած մի խումբ յեղափոխականեր,– ոչինչ, բացի հաւատքից: Ո՛չ բաւականաչափ զէնք ունէին, ո՛չ ռազմամթերք, ո՛չ թնդանօթ (եղածներն էլ հին էին ու ժանգոտած) եւ ո՛չ էլ ուտելիք: Մեծ մասամբ ամէն մի յեղափոխական ինքն էր իր մասին հոգ տանում, զինւում էին ով ինչով որ կարողանում էր... Ժողովուրդը տգէտ էր. յաղթութեան շանսերը քիչ:

Չընայած այս բոլոր աննպաստ պայմաններին՝ Դաշնակցութիւնը իր պատւի գնով ասպարէզ նետւեց ազատելու համար մարտնչող դեմոկրատին բռնակալների ճիրաններից: Այդ գործի համար նա իր ամենալաւ ուժերը տրամադրեց: Նրա կոչի վրա այնտեղ վազեցին Քեռին, Մարտիրոսը, Նիկօլը, Խէչօն, Սերգոն եւ այլն. վերջապէս եւ ինքը մեծ յեղափոխականը – Ռոստոմը: Եւ բոլորն էլ գիշեր – ցերեկ անդադար, առաջաւոր դիրքերում, պարսիկ դեմոկրատիայի հետ կողք – կողքի կուրծք էին տալիս բռնակալութեան:

–«Ծրագիր կայ, այժմ հարկաւոր է գործ», ասում էր Ռոստոմը:

Ու այդ դժոխային դրութեան մէջ, մենք մի խումբ ընկերներով մեզ միանգամայն անյաղթ էինք համարում, չէ՞ որ մեզ հետ էր Ռոստոմը, միշտ բարի, միշտ ժպտուն, միշտ հանգիստ, կարծես ոչինչ չէր կատարւում մեր շուրջը, կարծես հենց այդպէս էլ պիտի լինէր: Նրան կարելի էր տեսնել ամէն տեղ, ուր կարիք կար – մէկ իր հսկողութեան տակ փոքրիկ «թնդանօթներ», ձեռնառումբեր, հրձիգներ շինող արհեստանոցում, մէկ առաջաւոր դիրքերում, մէկ փողոցները խուժած թշնամու հետ ճակատող մարտիկների մէջ՝ մաուզէրը ձեռքին, մէկ հիւանդանոցի մէջ վիրաւորները մխիթարելիս...

Յիշուշ եմ, մի խուլ փողոցի փոքրիկ բակի մէջ էր մեր զինւորական արհեստանոցը, այնտեղ էին պատրաստում մեր բոլոր «թնդանօթները», ռումբերը եւ այլն: Մի օր, երեկոյեան ժամը 4-ին, սովորական աշխատանքի ժամանակ, երբ Բուլգարացի Գէորգը իր ռումբի մէջ դինամիտ դնելով էր զբաղւած, յանկարծ ինչ որ ուժեղ լոյս եւ պայթումի ձայն լսեցինք, բոլորս սենեակից դուրս փախանք. բակի մէջ միայն հասկացանք, որ մեր սենեակի մէջ ռումբ էր պայթել, մեր եւ դիմացի սենեակի բոլոր ապակիները փշրւել էին, եւ երբ սկսեցինք մեզ հաշւել, տեսանք որ Գէորգը պակաս էր, մեզնից մէկ սրտոտը ներս մտաւ սենեակ եւ եկաւ պատմեց, թէ Գէորգը սպանւել է պայթիւնից: Մենք, հրաշքով ազատւածներս, դուրս եկանք փողոց տուն գնալու համար: Պատահեցինք Ռոստոմին, որ պայթումի ձայնը լսածին պէս շտապով մեզ մօտ էր վազել: Երբ ամէն ինչ պատմեցինք, նա առանց սառնութիւնը կորցնելու, ասաց «պէ՛տք է սենեակի մէջ եղածները գոնէ ազատել». ու շարունակեց իր ճամբան... մենք գլխիկոր հետեւեցինք իրեն..

Մի ուրիշ օր էլ, երբ սանդուխքների վրա նստած ցոյց էր տալիս ինձ թէ ի՞նչպէս պիտի պատրաստել պայթուցիկ վառօդը, յանկարծ խառնուրդը պայթեց եւ երբ յաջող կռւից յետոյ առանձին հաճոյքով սեղմում էին նրա ձեռքը, մօտ գալով ցաւակցութիւններս յայտնեցինք իրեն, նա էլ սովորական ժպիտն երեսին ասաց «Ո՛չինչ, ձախս դեռ կայ»:

Եւ իսկապէս՝ նա գնաց հիւանդանոց, կապեց վէրքը ու անմիջապէս եկաւ գործը շարունակելու...

Ա՛հա Ռոստոմը:

Մեծ էր նրա ազդեցութիւնը Սաթթար ու Բաղըր խաների վրա, նրանք այնքան էին հիացել Ռոստոմի ու նրա հնարած «թնդանօթների» վրա, որ ամէն մի յաջող կռւից յետոյ առանձին հաճոյքով սեղմում էին նրա ձեռքը եւ կրկնում «Եթէ տասը հատ ձեզ պէս մարդ եւ հազար հատ դաշնակ ֆիտայի ունենայինք, շահի զօրքերը մինչեւ Բաղդադ կը հալածէինք»:

Եւ արդեօք այդ հսկայական ոգեւորութիւնը չէ՞ր պատճառը, որ այդ մի բուռ հերոսները երկա՜ր ժամանակ կարողացան դիմադրել օրըստօրէ աճող թշնամուն, մինչեւ որ, վերջապէս, մի գեղեցիկ օր յաղթական դուրս եկան այդ կռւից...

Այո՛, Ռոստոմն այնտեղ էր, ուր իրաւունքի համար մղւող կռիւ կար:

Փա՜ռք նրա անմեռ յիշատակին:

Խ. Եգանեան
«Դրօշակ» – Օգոստոս-Հոկտեմբեր 1926
Թիւ 8-10 (255-257)