07 April, 2024

Ռոստոմի Ճառը

1917 թ. ապրիլ 6-ին, Թիֆլիսում, բաց անելով Հ. Յ. Դաշնակցութեան ռայօնական ժողովի հանդիսաւոր նիստը՝ Ռոստոմը արտասանեց հետեւեալ ճառը.-

Ընկերնե՛ր, բաց եմ անում Դաշնակցութեան առաջին ազատ Ռայօնական ժողովը ազատ Ռուսաստանում: Մենք ունեցել ենք շատ ազատ միջավայրերը, ուր գործել է մեր կուսակցութիւնը.- Ամերիկա, Եգիպտոս, Բալկաններ, Պարսկաստան եւ Տաճկաստան: Եւ եթէ մենք այսօր աւելի զուսպ ենք ու չենք խանդավառւում ուրիշների պէս, պատճառն այն է, որ մենք տեսել ենք Տաճկաստանի «ազատութիւնը», որ այնքան աղէտաւոր եղաւ մեզ համար:

Տաճկաստանի եւ Պարսկաստանի ազատութիւններն անկայուն եղան, որովհետեւ նրանց կողքին ապրում էր բռնապետական Ռուսաստանը, որ խանգարում էր նրանց: Հիմա այդ բռնապետութիւնն այլեւս չկայ, եւ ռուսական ազատութիւնը ազատութիւն է բերում  ո՛չ միայն Ռուսաստանի ներքին ժողովուրդներին, այլեւ բոլոր տեղերի համար: Ռուսական յեղափոխութիւնը սկիզբն է սօցիալիստական յեղափոխութեան, որ մօտալուր է եւ որ ծայր տւեց համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրում:

Պատերազմի սկզբին ամէն տեղ սօցիալսիտական կուսակցութիւնները զէնքեր առած դիմեցին հայրենիքի պաշտպանութեան: Հայրենիքը վտանգւած էր, պէտք էր նրան պաշտպանել, եւ մի պահ վերացան բոլոր դասակարգային շերտաւորումները, եւ բոլոր դասերն անխտիր նետւեցին պատերազմի գիրկը: Թւում էր, թէ սօցիալիստական շարժումը քայքայւում է, թւում էր, թէ աշխատաւորութեան ոյժի վերջն է հասել, եւ ինտերնասիօնալը այլեւս կորցրել է իր հմայքը: Իրականութեան մէջ, սակայն, այդպէս չեղաւ. պատերազմի ընթացքին սօցիալիստների ազդեցութիւնն աւելի մեծացաւ. նրանք մտան կառավարութեան մէջ եւ ազդեցիկ գործօն դարձան, այնքան ազդեցիկ, որ այլեւս վճռական դեր են խաղում քաղաքական դէպքերի վրա:

Նոյնը պատահեց եւ Ռուսաստանում: Պատերազմի սկզբին ամէն բան իրար խառնւեց. սօցիալիստն ու բուրժուան միացան միեւնոյն բանակի մէջ դիմադրելու համար գերմանական գրոհին: Բայց շուտով դեմոկրատիայի նշանակութիւնն այնչափ աճեց, որ այլեւս պատերազմի յաջողութիւնն ամբողջապէս նրանից կախւեց Ցարական կառավարութիւնը, որ առաջ էր բերել պատերազմը, յանկարծակիի եկաւ եւ ստիպւած էր ընտրութիւն անել երկու կարելիութիւնների մէջ. կամ ետ քաշւել եւ անպատիւ հաշտութիւն կքնել թշնամու հետ եւ կամ ընդունել աշխատաւորութեան ազդեցութիւնը: Նա ընդունեց առաջինը եւ փորձեց վերջացնել պատերազմը, բայց այլեւս ուշ էր: Ժողովրդի ցասումը հասել էր իր գագաթնակէտին, եւ յեղափոխութեան փոթորիկը սրբեց տարաւ բռնապետութեան ամենավերջին հետքերը: Ռուս միապետութիւնը ինքը իրեն տապալեց:

Ի՞նչ եղաւ հայ ժողովրդի դերը այդ իրադարձութիւնների մէջ: Նա առանց տատանումի իր համակրանքն ու յոյսերը կապեց դէմօկրատական սկզբունքների պաշտպան դանակիցների հետ: Հայ յեղափոխական տարրերը զգում էին այն աննորմալ դրութիւնը, որ իրենք ստիպւած են ռուս բռնապետութեան հետ միասին գործել յանուն դէմօկրատիայի ոտնակոխ եղած իրաւունքների: Բռնապետութիւնը տապալւեց, եւ հայ ժողովուրդը նորից գտաւ իր դէմքը:

Այս պատերազմի ընթացքին առանձնապէս ծանր եղաւ տաճկահայերի վիճակը, բայց նա էլ ամենապատւաւոր կերպով բռնեց դժւար քննութիւնը: Նա հրապարակ դուրս եկաւ որպէս դէմոկրատիկ գաղափարներով տոգորւած եւ ազատատենչ մի տարր, որ զոհաբերւեց քաղաքակրթութեան սեղանի վրա: Աշխարհաւեր պատերազմը սարսափելի եղաւ մեր ժողովրդի համար, բայց եւ այնպէս, այսօր էլ, ինչպէս երէկ, մեր առաջին գործը պէտք է լինի նպաստել պատերազմի յաջողութեան, որովհետեւ դրա մէջ է ազատութեան ապահովութեան գրաւականը:

Պատերազմի ընթացքին հայ ժողովուրդը ցոյց տւեց մարտական բարձր ընդունակութիւններ, եւ նրա ներկայացուցիչները մեր մէջ են – Արամը, Ռուբէնը, Վահանը – ողջոյն նրանց (դահլիճը թնդում է ծափերից:) Ողջոյն նաեւ մեր հերոս կամաւորներին եւ նրանց խմբապետներին, որոնցից մի քանիսը նոյնպէս հիմա մեր մէջ են (բուռն ծափեր): Չմոռանանք եւ այն ծանր կորուստը, որմ ենք ունեցանք այս երկու ու կէս տարուայ ընթացքին.- Քեռին, Խէչօն, Աւօն, Կորիւնը, Մճօն, Արտաշէսը, Իշխանը եւ ուրիշ շատ շատերը, որոնք ընկան կռւի դաշտում (Ժողովը յոտնկայս յարգանք է մատուցանում):

Ես յիշում եմ այն հիացկոտ խօսքերը, որ մեզ էր ուղղում 1903 թւին յայտնի սօցիալիստ-յեղափոխական Մինորը, ի տես այն աննման անձնազոհութեան, որ ցոյց էր տալիս հայ երիտասարդութիւնը, որը անվանելի մի զօրութեամբ դէպի երկիր էր վազում՝ մեռնելու համար ազատութեան ճանապարհին. Մինորը բացագանչում էր.- «Ի՞նչ է սրա պատճառը, ո՞րն է այն ուժը, որը այսքան հերոսներ է ստեղծում ձեր մէջ: Մենք այնքա՜ն ոյժ ու եռանդ ենք վատնում եւ հազիւ մի քանի հերոսներ պատրաստում, ինչպէ՞ս է, որ ձեր կէս գրագէտ, հասարակ երիտասարդները այդպիսի անձնազոհութիւն են ցոյց տալիս»:

Այն ժամանակ որոշ բացատրութիւն էին տալիս Մինորին, բայց այժմ ինչ համար էլ անհասկանալի է.- ո՞րտեղից են այս հերոսները, ո՞րն է այն զօրութիւնը, որ առաջ է բերում Քեռիի եւ Խէչօի պէս բարոյական տիտաններ:

Ընկերնե՛ր, մեր նահատակներին յիշելիս ես ուզում եմ մի հին նահատակի յիշատակն էլ յարգել – Քրիստափորի, որը առաջին անգամ՝ 1884 թւին թռուցիկ հրատարակեց ռուս կառավարութեան դէմ (ժողովը լուռ ոտքի է կանգնում): Ես յիշում եմ նաեւ առաջին բանւոր յեղափոխականին – ընկեր Միքայէլ Խոջոյեանին – մեր բանւոր Մեխակին, որը ցրեց Քրիստափորի տպած թռուցիկները (որոտնդոստ ծափեր):

Ընկերնե՛ր, ութսունական թւականներից հայ ինտելլիգենցիայի տրամադրութիւնն այս էր, թէ ոչինչ պէտք չէ խօսել ու գրել ռուս կառավարութեան դէմ: Եւ 1882-ին Սիմոն Զաւարեանը եղաւ, որ կարողացաւ յաջողացնել «Դրօշակ»-ի մէջ յօդւած տպելու ռուս կառավարութեան դէմ: Յարգա՛նք նրա յիշատակին (Բոլորը ոտքի են կանգնում):

Այնքան շատ են մեր հերոսներն ու նահատակները, որ հնար չկայ բոլորին թւելու: Ես կուզենայի, որ նրանց ոգին մերմ էջ լինէր. այս օրերին մենք չկորցնենք մեզ: Ես կուզենայի, որ Դաշնակցութիւնը, ինչպէս Սիմօն Զաւարեանն էր սիրում ասել «Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանը լինէր»:

Մեր կուսակցութիւնն իր վրա ունի այնպիսի պարտականութիւններ, որոնցից ազտ են ուրիշ կուսակցութիւնները: Մենք ունենք ազգովին վտանգւելու հոգսը, եւ մենք չենք կարող անտես առնել այդ հանգամանքը: Ամէն անգամ, երբ Դաշնակցութիւնը ստիպւած է եղել դուրս գալու ազգովին գործելու, նրան մեղադրել են, թէ նա բուրժուական է, կղերական: Իսկ այսօր, երբ ընդհանուր հայրենիքի վտանգւելու վախը կայ, մեզ մեղադրեողները իրենք են դուրս եկել ազգովին գործելու: Ես կը կամենայի, որ Դաշնակցութիւնը ապագային էլ նոյնը լինէր եւ պէտք եղած ժամանակ պաշտպանէր ազգի շահը, ինչպէս այդ անում են այսօր անգլիացի եւ ֆրանսիացի սօցիալիստները:

Ձեռք տանք միւս յեղափոխական եւ սօցիալիստական կուսակցութիւններին եւ առաջ գնանք: Եւ յոտնկայս յարգենք յիշատակը այն մարտիկների, որոնք ընկան Ռուսաստանի ընդհանուր ազատութեան համար:

«Հորիզոն», 1917 թ. ապր. 9

«Դրօշակ»
Օգոստոս-Հոկտեմբեր 1926
Թիւ 8-10 (255-257)