18 October, 2021

Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Թ. Զինադադար

Դաշնակից սպաները, պարզեցին քաղաքական մութ մնացած կէտերը եւ Դաշնակից պետութիւնների յաղթութեան մանրամասնութիւնները:

Սպաների հետ եկած երրորդ անձնաւորութիւնը Հ. Յ. Դ. Ապառաժի Կենտր. Կոմիտէի մի նամակը յանձնեց Անդրանիկին: Այդ նամակի մէջ ընկերները պարզելով համառօտ կերպով քաղաքական աշխարհի անցուդարձերը՝ շեշտում էին, որ անգլիացիք մտադրութիւն ունին Լեռնային Ղարաբաղը Զանգեզուրի հետ միասին կցելու Ադրբէջանին, որպէսզի նրան ուժ տան ընդդէմ բոլշեւիկեան արշաւանքին, որ վաղ թէ ուշ պէտք է տեղի ունենայ դէպի Անդրկովկաս: Ընկերները թախանձանօք խնդրում էին որ փաշան կանգ չառնէ եւ մտնէ Շուշի, այդպիսով կատարւած փաստի առաջ դնելով Դաշնակիցներին եւ Մուսաւաթին: Բայց, դժբախտաբար, այլեւս ուշ էր, Անդրանիկը այդ վճռականութիւնը չունեցաւ, եւ Ղարաբաղը հետագային ստիպւած եղաւ դառնութեան բաժակը քաշել մինչեւ վերջին մրուրը:

Դեկտ. 3-ին, տրւելիք պատասխանը՝ նամակներն ու տեղեկագրերը պատրաստ էին, եւ զօրավար Տոմսոնի ներկայացուցիչները պէտք է մեկնէին: Կռիւը դադրած էր ամենուրեք: Զօրքի մեծ մասը պատւի էր կանգնած մեծաշուք հիւրերի համար: Հեռանալուց առաջ դաշնակից սպաները աչքէ անցուցին Անդրանիկի քաջերին: Զօրավարը գնահատեց իր զինւորներին հիւրերի առաջ. նա ասաց, որ իր զինւորները երկար տարիներ չարչարւել են, զրկանքներ կրել, որպէսզի հասնեն այն օրին, որ եկել է արդէն. դա դաշնակիցների իրաւունքների եւ ազատութեան յաղթանակի օրն է: Շնորհակալութիւն յայտնեց Դաշնակիցներին, որոնք եկան գտան իրենց փքոր, բայց անկեղծ դաշնակցին, այսինքն՝ Անդրանիկին եւ նրա զօրամասին:

Հիւրերը մեկնեց զիլ հուռռաների ներքոյ: Անդրանիկը մի հեռագիր ուղարկեց Ազգային Պատւիրակութեան նախագահ Պօղոս Նուբար փաշային եւ յայտնելով նրան տաճկահայ գաղթականների թշւառութիւնը՝ խնդրեց ժամ առաջ օգնութեան հասնել: Զանգեզուրի Ազգային Խորհրդի երկու ներկայացուցիչները՝ Արշակ Շիրինեանը եւ Նիկոլայ Յովսէփեանը մի շարք խնդիրներ լուսաբանելու համար վերոյիշեակ սպաների հետ մեկնեցին նախ Շուշի, ապա Բագու: Դաշնակից սպաները ճանապարհւելուց առաջ կարգադրեցին, որ Անդրանիկը մնայ իր տեղում, ոչ յետ գնայ եւ ոչ էլ առաջ արշաւէ, այլ իր զօրամասով պահէ Հագարից դէսը, Զանգեզուրը, որ համրւում է Հայաստանի մասը: Անդրանիկն առաջարկեց որ իրեն թոյլ տան խաղաղ կերպով մտնելու Շուշի կամ Նախիջեւան, որտեղ կան զօրանոցներ, քանի որ Գորիսում չկան յարմար շինութիւններ զօրքի ձմեռելու համար: Սպաները խոստացան այդ խնդիր – առաջարկը լուծել տասն օրւայ ընթացքում:

Տեղական զինադադարը հաստատուն հողի վրայ դնելու եւ մի շարք գաւառական խնդիրներ լուծելու համար՝ Զանգեզուրի Ազգային Խորհրդի նախագահ բժիշկ Մ. Պօղոսեանի գլխաւորութեամբ մի պատւիրակութիւն գնաց տեսակցելու Քաջի Սամլուեցի Սուլթան Բէկ Սուլթանովի հետ, որ քիւրտ – թաթարների պարագալուխն էր: Վերջինս հայերի կողմից առաջարկւած բոլոր պայմաններին համաձայնւում է. թուրքերի եւ քրդերի տրամադրութիւնը խիստ ընկճւած էր, քանի որ ո՛չ թէ միայն Անդրանիկի զօրամասն էր նրան նեղել, այլ եւ Ղարաբաղի Խաչեն գաւառի հայութիւնը յարձակւել էր Պիճանիսի ուղղութեամբ, որ Քաջի Սամլուի կենտրոնն է, իսկ Դիզակի զինւած ուժերն էլ ռազմական ցոյց էին արել Քիրսի շրջանում, այնպէս որ եթէ Անդրանիկի արշաւանքը կատարւէր ժամանակին եւ Դաշնակիցների անակնկալ միջամտութիւնը չլինէր, Շուշին, ապա եւ հայկական Լեռնային Ղարաբաղն անպայման կցւած կը լինէին Հայաստանին, Զանգեզուրի հետ միասին:

Զօրամասը յետ քաշւեց Տեղ՝ դեկտ. 4-ին, իսկ դեկտ. 5ին յաղթական ընդունելութեամբ կրկին մտաւ Գորիս: Տեղի ունեցաւ զինւորների մասնաւոր ցրում դէպի Սիսիան ու Դարալագեազ: Դեկտ. 20-ին, վերջապէս, լուր հասաւ, թէ Ազգային Խորհրդի անդամները անգլիացի ներկայացուցիչների հետ հասել են Տեղ, որտեղից գիշերով Արշ Շիրինեանը եկաւ Գորիս եւ հաղորդեց, թէ հրահանգւած է Անդրանիկին իր զօրամասով մնալու Զանգեզուրում:

Դեկտ. 21-ին, կէսօրից յետոյ, ժողովուրդը հաւաքւած քաղաքագլխի առաջնորդութեամբ աղ ու հաց մատուցեց անգլիացի ներկայացուցչին: Զօրքը շարւած էր քաղաքի հրապարակում եւ երեք մեծ դրօշակներ ծածանւում էին մուտքին՝ անգլիականը, զօրամասինը եւ ռուսականը: Ընդունելութիւնը տպաւորիչ էր եւ խանդավառ: Եկողներն էին՝ անգլիացի մայոր Գիբոնը, որ միջահասակ եւ խոհուն մարդ էր, ապա անգլիացի գլխապետ Սերայտը: Կային եւ երկու ուրիշ ներկայացուցիչներ, մէկը թիւրքերի կողմից՝ Աբդուլ-ֆաթհ բէկ Հասանբէկով,ի սկ Բագուի Հայոց Ազգային Խորհրդի կողմից՝ Չիլինգարեան Գուրգէն:

Դեկտ. 22-ին երեկյոեան անգլիացի հիւրերի հետ միասին տեղական կարեւոր գործիչներ ճաշի հրաւիրւեցին Անդրանիկի մօտ: Սեղանապետն էր հանգուցեալ Նիկոլայ Յովսէփեանը (Զանգեզուրի Բիսմարկ մականունով), իր համբաււած հռետորական ընդունակութիւններով. նա ճառում էր հայերէն, թուրքերէն եւ ռուսերէն: Բաժակաճառերը թարգմանւում էին անգլիերէն: Ամեցին Դաշնակիցների, նրանց յաղթական բանակների, ներկայ գտնւող ներկայացուցիչների, հիւրերի եւ կարեւոր գործիչների կենացը, դրւատելով նրանց հասարարակական արժանիքները: Մեծ խանդավառութեամբ խմւեց մանաւանդ Անդրանիկի կենացը, որին Նիկոլայ Յովսէփեանը կոչեց Զանգեզուրի փրկիչ: Ընթրիքից յետոյ տեղի ունեցաւ պաշտօնական տեսակցութիւն: Մայոր Գիբոնը յայտնեց իր առաքելութեան նպատակը: Տեսնելով որ թէ՛ զօրամասը եւ թէ շրջանի ազգաբնակութիւնը, մանաւանդ տաճկահայ եւ Նաիխջեւանի գաղթականութիւնը ուտեստի մեծ կարիք ունեն, նա որոշեց միւս օրն եւ եթ Շուշու վրայով Բագու ճամբել կապիտան Սերայտին, որպէսզի կենսամթերքներ հասցէն Զանգեզուր:

Այնուհետեւ պարզւեց, որ մայոր Գիբոնի զբաղմունքի խնդիրներն են լինելու՝ ա) Բաց անել եւ ապահովել ճամբաները դէպի Շուշի-Գորիս-Ղափան, թէ՛ մարդկանց եւ թէ ապրանքների ազատ փոխադրութեան համար. բ) Գծել ազդեցութեան շրջանակ Անդրանիկի իշխանութեան եւ Ադրբէջանի միջեւ, որպէսզի իւրաքանչիւր շրջանի մէջ կատարւած անկարգութեան համար պատասխանատու լինի համապատասխան տիրապետողը. որոշւեց որ Զաբուղ-Հագարի գծից դէնը պատասխանատու լինին թուրքերը, իսկ Զաբուղից դէսը Զանգեզուր, Ղափան եւ Սիսիան շրջանների համար Անդրանիկը, որպէս այդ շրջանների դիկտատորը եւ իրական ուժերի հրամանատարը: Անդրանիկը պէտք է պահէր կարգը եւ ապահով դարձնէր իր շրջաններում գտնւող գաղթականութեան համար ուտեստեղէնի փոխադրութիւնը:

Բոլոր կէտերի շուրջը համաձայնութեան եկան մայոր Գիբոնի հետ թէ՛ Անդրանիկը եւ թէ թուրք ներկայացուցիչը. միայն Շուշի քաղաքի հարցը առկախ մնաց, որովհետեւ թէ՛ Անդրանիկը եւ թէ մանաւանդ նրան շրջապատողները գտնում էին, որ Զանգեզուր-Ղարաբաղ-Գանձակ (լեռնային) հայութիւնը, մօտ 300,000, չի կարող ենթարկւել Ադրբէջանի իշխանութեանը՝ Շուշի քաղաք 15 հազար թրքութեան եւ Հաջի Սամլուի ու Քեալբաջարի 20,000 քիւրդ-թաթար տարրերի պատճառով, որոնք ցցւել էին հայաշատ գաւառների կենտրոնում: Պնդում էին, որ Ադրբէջանը կարող է իշխել միայն Ասկեարանից դէնը Աղդամի վրայով մինչեւ Եւլախ-Բագու: Ի պատիւ Անդրանիկի, պէտք է ասել, որ նա պաշտօնապէս յայտնեց այդ միրքը, թէ չի կարող օրինաւոր համարել 300,000 հայութեան ենթարկւելը Ադրբէջանին 35-40,000 թաթարների պատճառով, եւ թէ Ղարաբաղի ժողովրդի կամքն է կցւել Զանգեզուրի հետ միասին անկախ Հայաստանին, եւ թէ, վերջապէս, Ադրբէջանը չի կարողացել ընկճել մարտնչող Ղարաբաղի հայութիւնը, բացառութեամբ Շուշի քաղաքի, որին իտրել էր ո՛չ թէ Ադրբէջանը, այլ Թիւրքիան, որ այժմ ջախջախւած է: Այդ կնճռոտ խնդրի լուծման մասին մայոր Գիբոնը խոստացաւ բոլոր տեսակի առարկութիւնները ներկայացնել ուր հարկն է: Միաժամանակ յայտնեց, որ զօրամասը պէտք է մնայ Զանգեզուրի շրջանում մինչեւ 1919 թ. մայիս ամիսը եւ այդքան ժամանակ Դաշնակից պետութիւնները հոգալու են զօրամասի կարիքները. կազմւեց զօրամասի վեց ամսւայ նախահաշիւը եւ ցանկն այն մթերքների, որոնք կարիքը շատ զգալի էր շրջանում:

Դեկտ. 23-ին Անդրանիկը նախ քան համաձայնութիւն տալը մինչեւ մայիս մնալու Զանգեզուրում, որոշեց իմանալ իրեն ենթակայ զօրքի եւ հրամանտարական կազմի կարծիքն այդ մասին: Տեղի ունեցաւ ժողով, որ եկաւ այն եզրակացութեան, թէ անհնար է զօրամասը պահել Զանգեզուրի շրջանում մինչեւ մայիս, քանի որ նախ ազգաբնակութիւնը ի վիճակի չէ հայթայթելու զօրամասի զինւորների եւ ձիերի անհրաժեշտ ուտեստը. իրկրորդ՝ շրջանի զինւորների ձմեռելու համար չունի յարմար շէնքեր եւ այլ յարմարութիւններ. երրորդ՝ զինւորներից շատերը ցանկանում են գնալ եւ փնտռել իրենց հարազատներին. չորրորդ՝ զօրամասի զինւորները այդքան ժամանակ պէտք է կատարեն ոստիկանական դեր, որ այնքան էլ հաճելի չէ կռւող զօրքի համար: Զօրամասը գտաւ, որ ինքը պէտք է շարժւի Երեւանի կողմը եւ դրա համար պէտք է բացւի Նախիջեւանի ճանապարհը, որպէսզի զօրքը Սիսիանից 17,000 նախիջեւանցի հայ գաղթականութեան հետ միասին իջնէ դաշտը եւ տեղաւորւի իր նախկին բնակավայրերում, իսկ զօրքը կը մնայ Նախիջեւան քաղաքի ռուսական նախկին զօրանոցներում. հակառակ դէպքում, գաղթականութիւնը (Նախիջեւանի) սովից կը փչանայ Սիսիանի շրջանում: Առաջարկ եկաւ, որ զօրամասը կարող է ձմեռը մնալ եւ Խանքենդի (այժմ Ստեփանակերտ), ուր ամէն յարմարութիւն կայ՝ զօրանոցներ, հրաշալի օդ եւ աննման ջուր...

Յովակ Ստեփանեան
«ՎԷՄ» Հանդէս Մշակոյթի եւ Պատմութեան (Փարիզ)
Նոյեմբեր-Դեկտեմբեր 1936
Դ. Տարի, Թիւ 5