Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Աւա՜ղ, Կոստեայի մահւան լուրն էլ ճիշտ դուրս եկաւ:
Մի քանի օր է, որ այդ սեւ բոթը հասել էր մեզ, բայց չէինք ուզում հաւատալ: Ոչ ոք չէր հաշտւում այն մտքի հետ, որ համակ աշխոյժ, համակ ոգեւորութիւն ու կեանք՝ այդ երիտասարդ եւ ապրելու ու գործելու տենչով հարուստ սիրտը այլեւս դադարել է բաբախելուց:
Նա մեռել է հեռո՜ւ Պարսկաստանում, իր քաղաքացու դիրքում, սիրած ժողովուրդը դէպի ազատութիւն առաջնորդելիս: Եւ մեռել է այն պահուն, երբ փրկութիւնն արդէն հասել էր, եւ մի քանի ժամից յետոյ պիտի գային անգլիական զօրքերը:
Յուլիսի 22-ին, Սայն-Կալայի մօտ, Կոստեան մի քանի ընկերներով գնացել է դիմաւորելու անգլիացիներին: Հեռւից երեւացել է մարդկային մի խումբ, որը Կոստեան ընդունել է անգլիացիների տեղ: Եւ երբ նրանք մօտեցել են իրար, պարզւել է, որ այդ անգլիացիներից պարտւած ու փախչող տաճիկ զինւորներ են, որոնք յարձակւում են Կոստեայի եւ ընկերների վրայ, սպանում Կոստեային եւ ուղեկիցներից մի քանիսին եւ իրենք փախչում են: Մի քանի ժամ յետոյ գալիս են անգլիացիները...
Կոստեային ճանաչողները, նրա ընկերները անսահման կսկիծով կը լսեն նրա մահւան լուրը: Իսկ ո՞վ չէր ճանաչում նրան, ո՞վ չի վայելել նրա գեղեցիկ հոգու հրապոյրները, ընկերներից ո՞վ չի երազել ու բանաստեղծել նրա հետ...
Կոստեան բանաստեղծ էր բառիս բուն նշանակութեամբ, եւ նրա բանաստեղծութիւնն՝ այնքան սիրուն ու վարակիչ, միշտ կապւած էր իր հայրենիքի, իր պաշտած ժողովրդի հետ: Նրա մէջ ֆանտազիան ու գործնականը զուգորդւել էին. Ջեկ Լոնդոնի հերոսների պէս՝ նա միշտ ձգտում էր դէպի անծանօթ հեռուները, նոր հորիզոններ էր որոնում, բայց եւ երբէք չէր կտրւում իրական կեանքից: Իր թափառումների մէջ – Ղարաբաղից Պարսկաստան, Պարսկաստանից Ամերիկայ ապա Բելգիա, Վոլգայի եզերքներն ու Վասպուրական՝ հոգու խորքում նա միշտ եղել է դերվիշ-բանաստեղծ, խենթի պէս նւիրւած իր ժողովրդին, անվերջ հաւատացող նրա ազատութեան: Եւ այդ ժողովրդի հետ էլ, ազատութեան ճանապարհին, ընկաւ այն հազար ու հազար անմուրազ նահատակների պէս, որոնք մեռան կեանքի նոր արշալոյսը չտեսած:
Կոստեայի կեանքը մի հրաշալի վէպ է Ջեկ Լոնդոնի արկածալի վէպերի նման: Նա Ղարաբաղցի էր: Շուշու դպրանոցն աւարտելուց յետոյ, նրա գլուխն ընկնում է անպատճառ Ամերիկա գնալ: Ազգականների եւ ընկերների յորդորը, նիւթական միջոցների բացակայութիւնը նրան յետ չի կեցնում: Նա մի կերպ իրեն ձգում է ծովափ, ընկերանում է նաւաստիների հետ, նրանց աջակցութեամբ մտնում է իբրեւ աշխատաւոր բեռնակիր մի նաւ եւ հազար ու մի արկածներով հասնում է Ամերիկա:
Ամերիկայում նա իրան չի կորցնում: Բաւական նեղութիւններից յետոյ մտնում է իբրեւ տան սպասաւոր, մի ամերիկեան ընտանիքի մէջ: Այստեղ նա ծառայութիւնից ազատ ժամերին սովորում է անգլիերէն եւ սկսում է պարապել: Ուշ գիշերներին, երբ տնեցիներն արդէն բոլորը քնած էին լինում, Կոստեան, կամ ինչպէս տան տիրուհին էր կոչում նրան, Կընստընտայնը, սովորում է ֆիզիկա, մաթեմատիկա եւ այլ առարկաներ:
Մի օր տան տիրուհու աղջիկը նկատում է Կոստեային գիրքը ձեռքին, եւ որքան է լինում տնեցիների զարմանքը, երբ իմանում են, որ իրենց Կընստընտայնը ոչ թէ սոսկական ծառայ է, այլ ուսած, ինտելիգենտ մի պատանի: Տան տիրուհին սկսում է նրան օգնել, դիւրութիւններ տալ պարապելու, եւ Կոստեան այլեւս դառնում է տան մի անդամը:
Միեւնոյն ժամանակ Կոստեան ծանօթանում է տեղական դաշնակցական շրջաններին, սկսում է յաճախել ժողովներ. ինքն էլ է խօսում հրապարակային ժողովներում, զբաղւում կազմակերպական գործերով: Եւ Ամերիկայի մեր ընկերները մինչեւ այժմս էլ սիրով են յիշում Կոստեային:
Ամերիկայում նա երկար չի կարողանում մնալ: Հայրենիքի կարօտը մաշում է նրան, եւ նա հեռանում է Կովկաս: Այստեղից, իբրեւ դաշնակցական գործիչ, անցնում է Պարսկաստան, որտեղի գործունէութիւնը շատերին է ծանօթ: Վերադառնալով Կովկաս, նա աշխատում է Բագու, Ղարաբաղ եւ այլ կողմեր:
Ռէակցիայի տարիներին Կոստեան, կամ կուսակցական կեղծանունով Սամուէլը, գնում է արտասահման՝ Բելգիա, գիւղատնտեսութիւն սովորելու համար: Այստեղ նա առանձնապէս ուսումնասիրում է գործնական տնտեսութիւնը եւ աւարտելուց յետոյ, պաշտօն է ստանում ներքին Ռո ւսաստանի նահանգներից մէկում, իբրեւ զեմստւոյական գիւղատնտես:
Վրայ են հասնում պատերազմի օրերը: Կովկասում սկսում են կազմակերպւել հայ կամաւորական խմբեր: Աշխարհի չորս ծայրից հաւաքւում են հալածական ու փախստական ընկերները: Փոթորկւում է եւ Կոստեայի ծովի պէս լայն հոգին: Նա թողնում է իր լաւ պաշտօնը եւ շտապում Թիֆլիս: Այստեղ նա մտնում է Վարդանի գունդը եւ դառնում նրա տնտեսական մասի վարիչ: Արարատեան գնդի հետ նա կատարում է արշաւանքը դէպի Վան, մասնակցում գնդի բոլոր գործերին եւ հիանալի կերպով կազմակերպում ու վարում է նրա տնտեսական մասը:
Ոտքի ձախէն՝ Սիմոն Վրացեան, Գարեգին Փաստրմաճեան (Արմէն Գարօ), Սարգիս Մեհրապեան (Խանասորայ Վարդան), Արտաշէս Յովսէփեան (Մալխաս), Կոստեայ Համբարձումեան (Կոստի, Ուխտաւոր), Արտուշ Աւետեան, Գնդապետ Եգոր Տէր Աւետիքեան Նստած ձախէն՝ Գերասիմ Բալայեան, Ստեփան Տէր Մկրտիչեան, Արշակ Գաւաֆեան (Քեռի), Յովսէփ Արղութեան (Իշխան), Միքայէլ Վարանդեան Պառկած ձախէն՝ Համազասպ Սրուանձտեան, Արամ Մանուկեան, Միշա Արզումանեան (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին) |
Արարատեան գնդի լուծւելուց յետոյ, նա դառնում է տնտեսական մասի վարիչ Ե. Կամաւորական գնդի, որի հրամանտարն էր Վարդանը: Տեսնելով, որ գնդի կազմակերպութիւնը դանդաղում է, նա մտնում է Քաղաքների Միութեան մէջ եւ իբրեւ լիազօր 1916 թ. ձմեռը անցնում է Վանի շրջանը: Այստեղ նա ցոյց է տալիս կազմակերպչական արտակարգ ընդունակութիւն: Նա իրեն շրջապատում է ազնիւ ու գործօն երիտասարդութեամբ, կարողանում է մօտիկ յարաբերութիւններ հաստատել ռուս պաշտօնէութեան եւ օտար ներկայացուցիչների հետ, եւ կարճ ժամանակում նրա ջանքերով աւերակ Վանն ու շրջակայքը վերածնւում, անճանաչելի են դառնում:
Կոստեան, կամ ինչպէս այժմ բոլորը կոչում էին նրա պարոն Կոստեան դառնում է այն կենտրոնական անձը, որի շուրջը պտտում էր Վանի ամբողջ կեանքը: Նա փաստօրէն ե՛ւ նահանգապետ էր, ե՛ւ միլիցիապետ, ե՛ւ դատաւոր, ե՛ւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, ե՛ւ Քաղաքների Միութեան լիազօրը, ե՛ւ գիւղատնտես, ե՛ւ բժիշկ եւ ամեն ինչ: Նրա դռները բաց էին ամենքի առջեւ, իսկ նրա գաղափարական սիրտը բաբախում էր բոլորի համար: Եւ դէպի նա անսահման վստահութեամբ էին վերաբերւում բոլորը՝ թէ պաշտօնական հիմնարկութիւնները եւ թէ ժողովուրդը:
Մեր կուսակցութեան մէջ Կոստեան խոշոր տեղ էր գրաւում: Իբրեւ գնահատութիւն նրա արժէքի, Սահմանադիր ժողովի ընտրութիւների ժամանակ նա մեր առաջին թեկնածուներից մէկն էր: Նա մեր այն ընկերներից էր, որ մեծ դեր էին կատարելու Հայաստանի ապագայ կեանքում: Սպասում էինք, որ նա շուտով կը գայ, եւ խնամատարութեան կամ պարենաւորման մինիստրութիւնը նրան կը յանձնենք:
Բայց նա չեկաւ... Նրա մահւան լուրը միայն եկաւ... Նա մեռաւ՝ թողնելով իր յետեւը անմխիթար կնոջն ու փոքրիկ զաւակին: Նա մեռաւ հազիւ 37-38 տարեկան հասակում...
Խաչիկ, Աւետիք, Կոստեա – իրար յետեւից երեք ծանր, անփոխարինելի կորուստներ: Ո՞վ պիտի լեցնէ այն բացը, որ գոյացել է այս երեք ընկերների կորուստով: