Վարդգէսը (Յովհաննէս Սէրէնկիւլեան) ծնւել է 1871 թւին Կարինում: Կրթութիւնը ստացել է Սանասարեան դպրոցում եւ ապա զբաղւել ուսուցչութեամբ: Դեռ դպրոցի աշակերտ եղած ժամանակ ագահութեամբ կարդում է Րաֆիի, Պատկանեանի եւ Խրիմեան Հայրիկի գրւածքները, որոնք մեծ խանդավառութիւն էին ստեղծում հայ երիտասարդութեան մէջ:
1890 թ. Յունիսին որպէս ղեկավար մասնակցել է Կարնոյ ցոյցերին, որի ընթացքին ձերբակալւել ու մէկ տարի բանատկւած մնալուց յետոյ, ներումով ազատ է արձակւել եւ ուսուցչական պաշտօնով անցել Պոլիս:
1892ին, իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ Պօլիս է գնում Յ. Իւսուֆեանը եւ հիմք դնում Պօլսի դաշնակցական կազմակերպութեան: Շուտով նրա շուրջ են հաւաքւում Բաբգէն Սիւնին, Վռամեանը, Եգիպտացին, Անդրէասեանը, Գնունին եւ Վարդգէսը՝ Զարմայր ու Գիսակ կեղծանուններով:
Բանկ Օթոմանի գրաւման նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է նաեւ Վարդգէսը, բայց դէպքից առաջ մատնութեամբ ձերբակալւել ու բանտ է նետւել մինչեւ 1897 թ. սկիզբները:
1899ի վերջերին նա գնաց Բուլգարիա ապա մեկնեց Կովկաս եւ մէկ տարի Թիֆլիզ, Ալէքսանդրապոլ ու Կարս մանլուց յետոյ 1901 թ. Վարդան Շահբազի հետ անցաւ Վան: Վազգէնի սպանութիւնից յետոյ, Վարդգէսը կարողացաւ հաւաքել ու կազմակերպել խմբեր, որոնք զինւեցին ժողովրդի միջոցով հայթայթւած զէնքերով:
1902ին Վան եկաւ Հրայրը եւ Վարդգէսի հետ միասին կազմեցին մի ծրագիր ապագայ աշխատանքների համար:
Այնուհետեւ Վարդգէսը տեղացի ընկերների օգնութեամբ շարունակեց իր գործերը, ստեղծելով մի կուռ կազմակերպութիւն: Նա միշտ զգոյշ էր, որովհետեւ շրջապատի մարդիկ կասկածելի էին, բայց այդ չօգնեց իրեն եւ մատնութեան հետեւանքով ձերբակալւեց՝ 1903 թւին:
1904ին Վանի Կենտր. Կոմիտէն որոշում է բանտից փախցնել Վարդգէսին: Ձեռնարկւեց ական փորձելու գործին, բայց չյաջողւեց: Ճիշտ այն ժամանակ՝ երբ ականափորները հասել էին Վարդգէսի նկուղի տակ, Սեպտեմբերի հեղեղանման անձրեւների հետեւանքով բացւում է ականը եւ պարզւում եղելութիւնը Այս դէպքեր մասին Կոմսը մանրամասնօրէն գրել է իր յուշերում):
1906ին Վարդգէսին փոխադրում են Տիգրանակերտի բանտը: Այնտեղից նա կապ է հաստատում քաղաքի դաշնակցական գործիչնեիր հետ եւ մասնակցում կուսակցական գործերին:
1908 թ. Սահմանադրութեան հռչակումից յետոյ ազատ է արձակւում եւ վերադառնում հայրենի երկիրը, որտեղ ընտրւում է Օսմանեան խորհրդարանի Կարինի պատգամաւոր: Այնուհետեւ, յաջորդաբար ընտրւում է Կարինի երեսփոխան, վայելելով մեծ հեղինակութիւն ժողովրդի բոլոր խաւերում:
Վրայ է հասնում առաջին համաշխարհային պատերազմը: Ապա 1915 թ. Ապրիլեան Մեծ Եղեռնը:
Հարիւրաւոր հայ յեղափոխականների նման աքսորի ճամբան բռնեց նաեւ Վարդգէսը եւ զոհ գնաց Թալէաթի հրէշային ծրագիրներին, որոնց հետեւանքով նահատակւեց մէկ ու կէս միլիոն անմեղ ժողովուրդ: