19 December, 2021

ՊԱՊԱՇԱ. Լեւոն Թադէոսեան

Դեկտ. 19-ին, Փարիզում, վախճանւեց Հ. Յ. Դաշնակցութեան վաստակաւոր գործիչներից մէկը՝ Լեւոն Թադէոսեան – Պապաշան: Հանգուցեալը Քրիստ. Միքայէլեանի քրոջ որդին էր, ծն. 1865 թ., Ագուլիսում: Սնւած ու դաստիարակւած էր Քրիստափորի խնամակալութեան եւ գաղափրական շնչի տակ: Թէ որպէս հանրային գործիչ եւ թէ իբրեւ դաշնակցական, հազւագիւտ ազնւութեան ու գաղափարաբանութեան տէր մարդ էր եւ մեծ յարգանք ու վստահութիւն էր վայելում ընկերների եւ համակիրների աչքում: Եղել է Հայաստանի Խորհրդարանի երեսփոխան, Հ. Յ. Դաշնակցութեան Կենտր. Կոմիտէի, Ընդհանուր Ժողովների եւ Գերագոյն Դատ. Ատեանի անդամ: Վերջին տասը տարիները վարում էր Հ. Յ. Դ. Կենտր. Դիւանի գործերը: Իր կեանքի եւ գործի մանրամասնութիւնները կը տանք յաջորդ անգամ:
«ՎԷՄ» Հանդէս Մշակոյթի եւ Պատմութեան (Փարիզ)
Սեպտեմբեր-Դեկտեմբեր 1935
Գ. Տարի, Թիւ 7

Դեկտ. 19-ին, Փարիզում, վախճանւեց Հ. Յ. Դաշնակցութեան հին սերնդի պատկառելի ներկայացուցիչներից մէկը՝ Լեւոն Թադէոսեանը, որ ընկերների եւ բարեկամների շրջանում աւելի ծանօթ էր Պապաշա անունով:

Լեւոն Թադէոսեանը Ագուլեսցի էր, Քրիստափոր Միքայէլեանի քրոջ որդին: Ծնւել էր 1865 թ. փետր. 2-ին, մանր առեւտրականի ընտանիքում: Հայրը նպարավաճառի խանութ ունէր Զաքաթալայի շրջանի Կախ աւանում, իսկ մայրը զաւակներով ապրում էր Ագուլիսում, սեփական տան մէջ:

–Հայրս երեք տարին մէկ անգամ գալիս էր գիւղ, այդ պատճառով մեր տան բոլոր երեխաների տարիքը իրարից տարբերւում է երեք տարով, ժպտալով ասում էր Պապաշան:

Նրանք երեք եղբայրներ էին՝ Լեւոն, Ստեփան (Սամսոն) ու Յովսէփ, եւ մէկ քոյր՝ Եղիսաբէթ:

Լեւոնը տասը տարեկան էր, երբ մեռաւ հայրը, ընտանիքի ամբողջ հոգսը ձգելով մօր վրա: Հօրից մի քիչ դրամ էր մնացել. մայրը այդ դրամով պահում էր զաւակներին:

Լեւոնը նախնական կրթութիւն ստացաւ ծննդավայրի ծխական դպրոցում, ուր ուսուչ էր Րաֆֆին: Գիւղական դպրոցն աւարտելուց յետոյ, մայրը նրան ուղարկեց Թիֆլիս, որպէս զի իր եղբօր՝ Քրիստափորի աջակցութեամբ արհեստ սովորէ կամ խանութում գործակատար դառնայ եւ փող աշխատէ: Լեւոնը, ընդհակառակը, երազում էր ուսումը շարունակելու մասին:

Մօր պնդումներին վրա, թէ անպատճառ պէտք է դրամ վաստակելու մասին մտածես, խօսք է տալիս եւ այդ պայմանով կարողանում է մեկնել Թիֆլիս. մտքում, սակայն, որոշել էր չկատարել մօր պահանջը եւ մտնել որ եւ է դպրոց: 1879 թ. ապր. 12-ին Արաբաջի կառապան Ստեփանի ֆուրգոնով դուրս է գալիս Ագուլիսից եւ ապր. 25-ին հասնում է Թիֆլիս:

Քրիստափորը այդ ժամանակ ուսանում էր Ուսուցչական Ճեմարանի վերջին դասարանում: Երբ կարդում-վերջացնում է քրոջ նամակը՝ դառնալով ասում է սրտատրոփ սպասող Լեւոնին. – Եթէ եկել ես ուսում առնելու, բարի ես եկել, ես քեզ կօգնեմ: Իսկ եթէ եկել ես դրամ շահելու նպատակով, ինչպէս եկել ես՝ այնպէս էլ վերադարձիր. ես քեզ չեմ կարող օգնել:

Լեւոնի ուզածն էլ հէնց այդ էր: Նա խոստովանում է, որ եկել է ուսում ստանալու եւ որ խաբել է մայրիկին:

Քրիստափորը, որ ապրում էր մասնաւոր դասերով, մի աշակերտ էլ է գտնում եւ դրանից ստացած 25 րուբլին յատկացնում իր քեռորդու կարիքներին: Լեւոնը տեղաւորւում է քեռու մօտ եւ ամբողջ ամառ պատրաստւելով՝ 1879 թ. սեպտեմբերին յաջողութեամբ քննութիւն է տալիս եւ ընդունւում է Ներսիսեան դպրոցի երրորդ դասարանը: Նրա հետ եկած բանաստեղծ Քրիստ. Թադէոսեանը եւ ուրիշներ, որ նոյն ուսումն էին ստացել ինչ որ Լեւոնը, հազիւ կարողանում են ընդունւել երկրորդ դասարան: Քննութեան ժամանակ պատանի Լեւոնի վրա ուժեղ տպաւորութիւն է գործում ուսուցիչ Ստ. Պալասանեանը:

Քրիստափորը բնակւում էր Միքայէլեան փողոցի թիւ 179 տանը, ուր մի ընտանիքում առանձին սենեակ էր վարձում: Լեւոնն էլ ամբողջ ժամանակ նրա մօտ է ապրում: Երբ Քրիստափորը, մի տարի յետոյ աւարտելով, ուսուցչական պաշտօնով տեղափոխւեց Ագուլիս, Լեւոնը մնաց նոյն ընտանիքում:

1884 թ. Լեւոնը աւարտում է Ներսիսեան դպրոցը եւ 1884-85 ուս. տարում հայոց լեզւի ուսուցիչ է հրաւիրւում Ագուլիսի ուսումնարանում: Դասաւանդում է երրորդ, չորրորդ եւ հինգերորդ դասարաններում:

1885 թ. փակւում են հայոց ծխական դպրոցները: Լեւոնը գնում է Թիֆլիս, ուր Քրիստափորը նրան տեղաւորում է զէնքի եւ գրականութեան գաղտնի պահեստում՝ վստահելով նրան յեղափոխական ամենապատասխանատու գաղտնիքներ: Առհասարակ, Քրիստափորը Լեւոնի նկատմամբ ունէր անսահման վստհութիւնն: Լեւոնն էլ իր հերթին պաշտում էր Քրիստափորին եւ անտրտունջ կատարում նրա կամքը:

Նոյն տարի աշնանը Ագուլիսի դպրոցը վերաբացւեց: Լեւոնը վերադարձաւ հայրենիք, ուսուցչութեան պաշտօնով եւ այնտեղ մնաց մինչեւ 1888 թ., երբ տեղափոխւեց Թիֆլիս եւ մի տարի պատրաստւեց Քրիստափորի մօտ պետական դպրոցում քննութիւն բռնելու նպատակով: 1889 թ. ամառը գնաց Բագու, որ ռէալական դպրոցում քննութիւն տայ եւ մտնէ Մոսկւայի Պետրովսկայա գիւղա-տնտեսական ճեմարանը, բայց անակնկալ կերպով հիւանդանալով՝ ծրագիրը ջուրն ընկաւ:

1890 թ. ամառը Քրիստափորը նրան ուղարկում է Անդրկասպեան երկիրը ի նպաստ թրքահայոց հանգանակութիւն անելու եւ յեղափոխական կազմակերպութիւններ առաջ բերելու համար: Ապա ուսուցիչ է ուղարկւում Տրaպիզոն, բայց թիւրք կառավարութիւնը չի արտօնում մնալու քաղաքում: *)

1890 թ. սեպտեմբերից մինչեւ 1899 թ. ուսուցչութիւն է անում Գանձակում:

Այդ տարիներին Գանձակում կար երկու հակառակորդ թայֆա. մէկը Աղւանեան արքեպ.ի գլխաւորութեամբ՝ բաղկացած էր հարուստներից եւ պահպանողականներից, որոնց մէջ աչքի էին զարնում հեռագրական պաշտօնեայ Համասփիւռը եւ ուսուցիչ Յովհ. Խաչումեանը: Միւսը՝ ազատականներ – Յովսէփ Մելիք-Բէգլարեան, Մկրտիչ քհյ., Բաբաքէոխվեան քհյ., երէցփոխ Նաբաթեան եւ ուրիշներ:

Հոգաբարձական ընտրութիւնների ժամանակ պահպանողականները պարտւել էին: Նորընտիր հոգաբարձութիւնը դպրոցի տեսուչ էր հրաւիրել Ներսէս Դաւթեանին եւ իրաւունք էր տւել նրան ուսուցչական խումբ կազմելու: Ն. Դաւթեան ուսուցիչ է հրաւիրում աչքի ընկնող ազատամիտ երիտասարդներ՝ Սերգէյ Դանդուրեանին, Վարդան Ենիկոլոպեանին, ինչպէս եւ Քրիստափորի յանձարարութեամբ՝ Լեւոն Թադէոսեանին:

Պահպանողականները ահագին աղմուկ են բարձրացնում, թէ հրաւիրւած ուսուցիչները անկրօն ու անաստւած եւ եկեղեցու թշնամի մարդիկ են, պասի դէմ են արտայայտւում, բնագիտութեան դասերով անբարոյական ազդեցութիւն են գործում երեխաների վրա եւ այլն: Յատկապէս Լ. Թադէոսեանին մեղադրում են այն բանում, որ, իբր թէ, դասի ժամանակ, հակառակ հայոց եկեղեցու դաւանութեան, հերքել է սատանաների գոյութիւնը: Որ, իբր թէ, «մահմետականութիւն է քարոզել», որովհետեւ ասել է, թէ բոլոր հայերը՝ ինչ կրօնի էլ պատկանելու լինեն՝ հայ են եւ պէտք է ապրին, իբրեւ մէկ ազգ:

Այս եւ նման անհեթեթութիւներով ուսուցչական խմբի մասին գրգռիչ լուրեր են տարածւում ժողովրդի մէջ: Համախօսական է կազմւում եւ ուղարկւում Էջմիածին: Մակար կաթողիկոսը քննիչ է նշանակում Ղեւոնդ քահ. Խարազեանին – մի կեղծաւոր եւ երկերեսանի անձնաւորութիւն, որի քննութեան արդիւնքը լինում է այն, որ մարտ 8-ին Էջմիածնից հեռագիր է ստացւում, որով հրահանգւում է փակել Գանձակի երկսեռ վարժարանները, լուծել հոգաբարձութիւնը, հեռացնել ուսուցիչներին եւ Ներսէս Դաւթեանին, նրա կնոջ ու Լ. Թադէոսեանին զրկել հայոց դպրոցներում ուսուցչութիւն անելու իրաւունքից:

Տեղի են ունենում յուզիչ տեսարաններ: Աշակերտութիւնը՝ կապւած ուսուցիչների հետ՝ լաց ու շիւան է բարձրացնում եւ մերժում է հեռանալ դպրոցից: Աշակերտներին զօրով ճանապարհ են դնում եւ դպրոցը փակում են:

Մի օր Սիմոն Շխեանը, որ այդ ժամանակ ուսուցիչ էր քաղաքային դպրոցում, յայտնում է Լ. Թադէոսեանին, թէ ինքը ժանդարմներից լուր է առել, որ հայոց լեզւի ուսուցիչ Թադէոսեանը անաստւածութիւն է քարոզում եւ, ուրեմն, ցարի դէմ է: Որպէս զի ձերբակալութեան առիթ չլինի, Լ. Թադէոսեանը մարտի վերջերին հեռանում է Թիֆլիս:

Այնուհետեւ նա ըմդմիշտ թողնում է ուսուցչական ասպարէզը: Նախ, Ս. Զաւարեանի յանձնարարութեամբ, մտնում է հակաֆիլոկսերային խմբի մէջ եւ մինչեւ 1898 թ. աշխատում է Քութայիսի եւ Թիֆլիսի նահանգներում, առաջ իբրեւ կրտսեր հետազօտող, յետոյ որպէս քննիչ-վերատեսուչ: Իր բարեխիղճ ու գործօն պաշտօնավարութեամբ՝ վաստակում է թէ բարձր իշխանութեան եւ թէ ստորադաս գործակիցների վստահութիւնն ու համակրանքը:

1898 թ. հոկտեմբերին վերջ է գտնում ֆիլոկսերային գործը: Պապաշան գնում է Թիֆլիս: Այդ ժամանակ Քրիստափորը, Հ. Յ. Դ. երկրորդ ընդհ. ժողովի որոշումով, պատրաստւում էր անցնել արտասահման «Դրօշակ»-ի եւ եւրոպական պրոպագանդի գլուխը կանգնելու համար: Հոկտ. 10-ին Քրիստափորին ճանապարհ է դնում դէպի Վլադիկաւկազ, իսկ ինքը անցնում է Բագու, զինւած Քրիստափորի յանձնարարական նամակով Աբր. Դաստակեանի վրա: Սրա աջակցութեամբ կառավարչի օգնականի պաշտօն է ստանում Մկ. Քալանթարեանի Բալախանու նաւթահանքի եօթերորդ բաժնում, ուր ծառայում է մէկ ու կէս տարի: Ապա մէկ ու կէս տարի էլ կառավարչի պաշտօն է վարում Ղեւոնդ Աբրամիչ Մարգարեանի նաւթահանքերում: Պապաշայի բնորոշման տեսակէտից շատ հետաքրքրական է հետեւեալ դէպքը:

Մի օր Մարգարեանը ասում է Պապաշային.

–Գիտես, Լեւոն, շատ լաւ երիտասարդ ես, ամա Բալախանու մարդ չես:

–Ինչո՞ւ, հարցնում է Պապաշան:

–Էսքան ժամանակ է էստեղ ես, մի անգամ բանւոր չես ծեծել. բա՛ առանց բանւոր ծեծելու կառավարիչ կարելի՞ է լինել:

Պապաշան բացատրում է, թէ ինքը ուզում է բարոյական ազդեցութեամբ աշխատել:

–Չէ՛, մատաղ: Էս էն երկիրը չի...

Ու Պապաշային տեղափոխում է Բիբի-Էբաթի իր նոր նաւթահանքը կառավարչի պաշտօնով: Այստեղ Պապաշան մնում է մինչեւ 1902 թ. վերջը:

1903-1906 թ. պաշտօնավարում է նաւթարդիւնաբերողների Համագումարների Խորհրդի կահ ու կոյքի բաժնում, որպէս հաշւապահի օգնական: Ապա, երբ Նիկոլ Դումանը գնում է Պարսկաստան, ստանձնում է նրա պաշտօնը, իբրեւ Նաւթ. Համ. Խորհրդի նաւթի ամբարման գործի վարիչ: Սա պատասխանատու, բացարձակ վստահութիւն պահանջող պաշտօն էր, եւ Պապաշան ճիշդ դրա մարդն էր:

Ինչպէս տեսանք, արդէն 1890 թ.ից Պապաշան, Քրիստափորի ձեռքի տակ, մասնակցում էր յեղափոխական գործերին: Ֆիլոկսերային խմբում եղած ժամանակ, Միխայլովոյում, Սուրամում եւ ուր որ լինում էր, հայերի շրջանում քարոզում էր Դաշնակցութեան գաղափարները, «Դրօշակ» էր տարածում, դաշնակցական խմբեր էր կազմում եւ կապ էր պահում Թիֆլիսի ղեկավար ընկերների հետ: Բայց Պապաշայի իսկական գործունէութիւնը, կարելի է ասել, սկսւեց Բագուից, ուր նրա առջեւ աշխատանքի լայն դաշտ կար: Շնորհիւ իր անսահման նւիրումին հայ ժողովուրդին ու կուսակցութեան, իր դիւրահաղորդ ու գործնական բնաւորութեան եւ ծայրայեղ գաղտնապահութեան՝ նա արագ գրաւեց պատասխանատու դիրքեր: Դարձաւ Բագուի կազմակերպութեան ողնաշարի գլխաւոր օղակներից մէկը: Չոփուռեան ծածկանունով էր յայտնի Ոսկանապատի Կենտր. Կոմիտէի մէջ եւ նրա հեղինակութիւնը տարածւում էր աւելի հեռուները: Համեստ ու սակաւախօս՝ նա գերազանցապէս գործի մարդ էր: Հաշիւ, գաղտնի պահեստներ, ծածկագրութիւն, անցագրային գործ – ուր գործ ու գործնական հմտութիւն էր պահանջւում, այնտեղ էր եւ Պապաշան: Բեմբասացութիւն, հրապարակային ժողով, լրագրութիւն, արտաքին փայլ – նրա համար խորթ բաներ էին: Այդ պատճառով թէ կուսակցութեան եւ թէ հասարակական մարմինների մէջ նա ամենից առաջ գրաւում էր սեւ ու յարատեւ աշխատանք պահանջող գործերը:

Երբ, հայ-թրքական ընդհարումներից յետոյ, ռուսական առաջին յեղափոխութեան օրերին, Կովկասի հայ կեանքը պղտորւեց եւ Դաշնակցութեան ներսը առաջ եկան միհրանական եւ անջատական հոսանքները, հրապարակային պայքար մղող Խաժակների ու Թոփչեանների կողքին Պապաշայի պէս գործիչներն էին, որոնք փրկեցին կուսակցութիւնը կործանումից: 1907 թ. Վիէննայի ընդհ. ժողովին Պապաշան արդար հպարտութեամբ վայելեց իր թափած աշխատանքի պտուղները:

Այդ ժողովին էր, որ առաջին անգամ ես էլ բախտը ունեցայ ծանօթանալու եւ մտերմանալու Պապաշայի հետ: Նա ա՛յդ ժամանակ եւ դրանից առաջ էլ արդէն յայտնի էր Պապաշա անունով: Հիւանդոտ աչքերը պահած սեւ-կապոյտ ակնոցի տակ՝ նա ժամերով լուռ եւ անվրդով նստում էր ժողովներին, խօսք էր առնում միայն ծայրայտեղ անհրաժեշտութեան դէպքերում եւ միշտ փաստական ճշտումների կամ գործնական առաջարկութիւնների համար, եւ ինչ որ ասում էր, համարեա ամէն անգամ լինում էր տեղին: Բոլորովին այլափոխւում էր նա յանձնաժողովներում, ուր պահանջւում էր գործ, թիւ, փաստ: Այստեղ նա իրեն զգում էր հարազատ տարերքի մէջ եւ մրցակից չունէր, եթէ չհաշւենք Բժ. Յ. Տէր-Դաւթեանին, որի հետ համեմատած Պապաշան շատախօս հռետոր էր...:

Վիէննայի ընդհ. ժողովից յետոյ էր, որ Կովկասում ծայր տւին հալածանքները Դաշնակցութեան դէմ: Ցարական բանտերը լեցւեցին դաշնակցականներով: Պապաշային ամենից ուշ ձեռք տւին: 1908 թ. ամառը նա մասնակցեց Հ. Յ. Դ. Կովկասեան Ռայոնական Ժողովին եւ մինչեւ 1909 թ. մայիս կարողացաւ զերծ մնալ Լըժինեան որսի շներից: Նա երբեմն նոյն իսկ դժգոհում էր.

–Ամենքը բանտում են, իսկ ես ազատ ման եմ գալիս. մարդիկ ի՞նչ կը մտածեն իմ մասին...

Եւ 1909 թ. մայիսին հերթը նրան էլ հասաւ. նրան բանտարկեցին եւ հանգուցեալ Թադէոս Ամիրեանի հետ կարճ ժամանակով մի խուցում պահելուց յետոյ, ուղարկեցին Նովոչերկասկ, Լըժինի գործունէութեան կենտրոնը: Ճանապարհին, Դերբենտում, ամէն յարմարութիւն կար փախչելու. Թ. Ամիրեանը յորդորեց նրան փախչել միասին, բայց նա հրաժարւեց. Պապաշայի պատճառով Ամիրեանն էլ չփախաւ:

Բանտարկութիւնը Նովոչերկասկում տեւում է մինչեւ 1911 թ.: Այդ միջոցին մեռնում է նրա մայրը եւ չորս երեխաները մնում են անխնամ: 1911 թ. ամառը նրան ազատ են թողնում 5000 ր. երաշխաւորութեամբ: Պահանջւած գումարը մտցնում է օտարացած մի հայ՝ Ալիբէգովը:

Բանտային արգելքը ազդել էր Պապաշայի թոքերի վրա: Բժիշկների խորհրդով նա գնում է Կոջոր ամարանոցը, Թիֆլիսի մօտ: Հոկտեմբերին, երբ գալիս է Բագու, նորից բանտարկւում է, փոխադրւում է Թիֆլիս, Մետեխի բանտը, եւ այստեղից Գերասիմ Բալայեանի, Սրինգի եւ ուրիշների հետ տարւում է Պետերբուրգ, ուր 1912 թ. գարնան տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան մեծ դատավարութիւնը: Պապաշան արձակւեց անպարտ եւ գալով Բագու, մինչեւ 1918 սեպտ. 15-ը վարեց Նաւթ. Համ. Խորհուրդի քաղաքի գրասենեակի հաշւապահի օգնականի պաշտօնը:

Պաշտօնը Պապաշայի համար օրւայ ապրուստի ապահովութեան միջոց էր սոսկ: Նրա կեանքի բովանդակութիւնը գլխաւորապէս Դաշնակցութիւնն էր. նրա ոյժի, ժամանակի, մտաւոր ու նիւթական միջոցների մեծ մասը պատկանում էր Դաշնակցութեան, որ ասել է՝ հայ ժողովրդին: Երբ 1918 թ.-ին Բագուն մատնւեց քաղաքացիական կռւի հրդեհին, որին յաջորդեց հայ-թիւրքական պատերազմը, Պապաշան ամբողջ ժամանակ, «Բիւրոյում» էր: Լքած տուն ու ընտանիք, անձնական ամէն գործ՝ նա ոտքով-գլխով կլանւած էր կազմակերպական աշխատանքով. կուսակցական գործը գլխաւորապէս նրա վրա էր ծանրացած:

Նրան էին յանձնւում եւ զանազան կողմերից բերւող թրքական իրերը: Նրա հսկողութեան տակ ինչ որ ստացւում էր խնամքով արձանագրւում եւ պահւում էր: Վերջը, էսէրների միջոցով, ամբողջը - ոսկեղէն, գորգեր եւ այլն – յանձնւեց իրենց տէրերին: Թիւրքերը մնացել էին ապշած...

1918 թ. սեպտ. 15-ին Բագուն ընկաւ: Ընդհանուր նահանջողների հետ Պապաշան էլ անցաւ Էնզէլի, ուր ծանր հիւանդացաւ եւ մէկ-երկու ամիս մնաց անկողնում: Առողջացաւ գլխաւորապէս Ռոստոմի գուրգուրոտ հոգատարութեան շնորհիւ:

Անգլիացիների Բագու մտնելուց յետոյ, Գաղթականական Կոմիտէի նախագահ Արամ Առաքելեանն էլ վերադարձաւ: Նրա տեղը նախագահ նշանակւեց Պապաշան, որ իրեն յատուկ եռանդով եւ անձնազոհութեամբ վարեց Գաղթ. Կոմիտէի գործերը եւ հետզհետէ գաղթականներին վերադարձրեց Կովկաս: Ճանապարհ դրեց եւ Ռոսոտմին: Այդ առթիւ Պապաշան յուզումով պատմում էր.

–Կարծես նախազգում էի: Ամէն կերպ աշխատեցի, որ հանգիստ անցնի ճամբորդութիւնը: Նաւ գնացի: Հետը մի տոպրակ նուշ դրի, որ Ռոստոմը այնպէ՜ս սիրում էր: Ո՞վ կը մտածէր, թէ այդ մեր վերջին տեսակցութիւնը պիտի լինէր: Նաւում հետը որբանոցի երեխաներ կային. նրանցից էլ վարակւեց, երեւի...

Դարձեալ Ռոստոմի մասին պատմում էր.

–Էնզէլիում գաղթականները բռնել էին բոլոր շէնքերը: Վերջին եկողների համար տեղ չէր մնացել: Կարելի էր տեղաւորել միայն ռուս զինւորների թողած տաղաւարներում, բայց նրանք էլ չափից աւելի աղտոտ էին եւ գարշանքով լեցւած: Մի օր, երբ նոր գաղթականներ եկան, Ռոստոմը դիմեց ընկերներին, որ գնան մաքրեն տաղաւարները: Բացի երկու հոգուց, ոչ ոք տեղից չշարժւեց: Ռոստոմը ոչինչ չասաց. եւ այդ երկու հոգու հետ ինքը սկսեց մաքրել տաղաւարը: Պէտք էր տեսնել, թէ ինչպէ՜ս միւսները ամօթահար տեղից վեր ցատկեցին եւ սկսեցին օգնել...

Գաղթականական գործը վերջացնելուց յետոյ, 1989 թ. յունիսին Պապաշան անցնում է Բագու: Այստեղ նրա տունն ու տեղը քար ու քանդ էր եղել: Գիրք ու գորգ, կահ կարասի, տանը ինչ որ կար արժէքաւոր՝ ամբողջը գողացւել էր:

Յուլիսի վերջերը երեւանից հեռագիր է ստանում, թէ ընտրւած է Խորհրդարանի անդամ եւ օգոստ. 1-ին պէտք է ներկայ գտնւել Խորհրդարանի բացմանը: Թողնում է ամէն ինչ եւ շտապում է Երեւան: Օգոստ. 1-ին, անհուն յուզումով մտնում է Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ Խորհրդարանի սրահը...

Այնուհետեւ սկսւում է ոգեւորւած ու փոթորկոտ կեանքի մի նոր շրջան: Պապաշան իր մտքի եւ հոգու բովանդակ թափով լծւում է Հայաստանի պետական շինարարութեան գործին: Խորհրդարանական նրա աշխատանքը յատկապէս աչքի էր ընկնում ելեւմտական յանձնաժողովում, որի տեղեկաբերն էր: Երբ որ եւ է գործի համար պէտք էր լինում անվիճելի հեղինակութիւն պահանջող անձի ներկայութիւնը, առաջին հերթին Պապաշայի անունն էր արտասանւում: Եւ զարմանալի չէ, որ երբ 1919 թ. աշնանը Երեւանում, Հ. Յ. Դ. 9-րդ Ընդհ. Ժողովը որոշեց կազմել Գերագոյն Դատական Ատեան, բնական կերպով, դատաւորներից մէկը նշանակւեց Պապաշան:

Թէ որպէս Խորհրդարանի ու Դատական մարմնի անդամ, թէ իբրեւ պետական, հանրային ու դաշնակցական գործիչ, Պապաշան երբեք չդաւաճանեց իր հաւատամքին, երբեք չընկրկեց, ամենդաժան օրերին անգամ մնաց բարոյական ու գաղափարական բարձրութեան վրա եւ տւեց ինչ որ կարող էր եւ աւելին իր սիրած ժողովրդին ու հայրենիքին:

ԼԵՒՈՆ ԹԱԴԷՈՍԵԱՆ- ՊԱՊԱՇԱ (նստած) (Ընկերների Շրջանում). նկարը հրապարակուած է «ՎԷՄ»  Մշակոյթի եւ Պատմութեան հանդէսի Գ. Տարի, Թիւ 7, Սեպտեմբեր-Դեկտեմբեր 1935 թիւին մէջ:
(Յովսէփ Տէր Դաւթեան, Գերասիմ Բալայեան, Սիմոն Վրացեան, -, Լեւոն Թադէոսեան)

Փետրւարեան ապտսամբութիւնից յետոյ, նա էլ անցաւ Թաւրիզ, այնտեղից Փարիզ, Ժընէվ ու նորից Փարիզ: Եւ կեանքի վերջին տասնամեակը նւիրեց Հ. Յ. Դ. Կենտրոնական Դիւանին, որի տնօրէնն էր եւ որին ծառայեց հաւատարմութեամբ, ինչպէս դրանից առաջ ծառայել էր հայ ժողովուրդին ու Հ. Յ. Դաշնակցութեան:

***

Այսքան հակիրճ, այսքան չոր դուրս եկաւ մեր յօդւածը Պապաշայի մասին: Թող ներւի մեզ նաեւ, իբրեւ վերջաբան, առաջ բերել եւ մի քանի թռուցիկ վերյիշումներ:

Ինչպէս վերը ասի, Պապաշային ես առաջին անգամ հանդիպեցի Հ. Յ. Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովում, Վիէննայում, 1907 թ. գարնանը, եւ այն ժամանակ արդէն նա Պապաշա էր: Անշուշտ, սխալւում է Վ. Ն. գրելով «Յուսաբերում», (25 դեկտ.) թէ 1907 թ. ամառը Պապաշան դեռ Պապաշա չէր եւ որ այդ անունը ինքն է տւել նրան, Ա. Միքայէլեանի հետ միասին: Ինքը Պապաշան պատմում էր, թէ դեռ ուսուցիչ եղած ժամանակ իր ընկերակիցները իրեն կոչում էին Պապաշա: Նա այդ բացատրում էր իր հանդարտ եւ հոգատար բնաւորութեամբ: Ուր էլ լինէր, միշտ ուրիշի մասին էր մտածում, օգնում էր ուրիշներին, երբ ընկերների մէջ որ եւ է վէճ ու թիւրիմացութիւն էր պատահում, միջամտում եւ հաշտեցնում էր: Արդէն պատանի հասակից նա իրեն մեծ էր զգում եւ մեծի պէս էր վարւում: Իր նկարագրի այդ «հայրական» յատկութեան շնորհիւ նրան մկրտել էին Պապաշա անունով: Մի անուն, որ նա շատ էլ չէր սիրում, բայց, վերջ ի վերջոյ, հաշտւել էր հետը:

***

Ընդհանուր ժողովի ընթացքում, Վիէննայում, յաճախ մի խմբով միասին էինք ճաշում ճաշարանում – Եղիշէ Թոփչեանը, Պապաշան, Բժ. Յ. Տէր-Դաւթեանը, Սեւքարեցի Սաքօն, Բալաջանը, Եր. Ֆրանգեանը, երբեմն եւ Ա. Շահխաթունեանն ու Արամը: Ճաշողների մէջ ամենից դանդաղը Պապաշան էր: Մինչեւ որ իր դանակ-պատառաքաղը եւ ափսէները անձեռնոցով մաքրէր, սեղանի վրա դրւած փոքրիկ հացիկներն արդէն սպառւած կը լինէին:

Տօ՛, տնաշէններ, հլա չնստած՝ արդէն խժռեցիք. մի բան էլ ինձ թողէք, է՜, գանգատւում էր նա միշտ: Եւ ի վերջոյ սովորութիւն դարձրեց. հէնց որ սեղան նստէր, անմիջապէս մի զոյգ հացիկ դնում էր իր ամանի կողքը եւ աչալուրջ հսկում էր, որ ձեռք չտան:

Պապաշայի հացիկներն անվերջ սրախօսութեան նիւթ էին մեր սեղանի շուրջ: Մանաւանդ շատ էր ձեռք առնում Ե. Թոփչեանը իր տափակ-տափակ սրախօսութիւններով, կամ, ինչպէս Պապաշան էր ասում, «բթախօսութիւններով»:

***

Վիէննայի Ընդհ. Ժողովից յետոյ, երբ պատգամաւորները ցրւում էին շրջանները, մի շարք ընկերներ անցագրային դժւարութիւններ ունեցան: Բնականաբար, Պապաշայի «մասնագիտութիւնը» այստեղ էլ պէտք եկաւ: Նա էր «յարմարեցնում» անցագիրները: Եւ, ի միջի այլոց, իմ անցագիրն էլ առաւ ձեռքիցս եւ ինձ տւեց մէկ ուրիշը: Իմ անցագրով Ռոստոմը անցաւ Ռումանիա եւ այնտեղ ձերբակալւեց: Հետաքրքրական է, որ տարիներ յետոյ, երբ 1915 թ. սկզբները ես Ազգ. Բիւրոյի կողմից որոշ յանձնարարութեամբ պէտք է երթայի Ռումանիա, Բուքրէշից ստացւեց վիզայի մերժում: Մերժման հիմքը իմ մի անգամ Ռումանիայում բանտարկւած լինելն էր...

***

1909-ին ես ուսանում է Պետերբուրգում: Դաշնակցականների ձերբակալութիւնները լայն համեմատութիւններ էին ստացել: Հերթը կարող էր ինձ էլ հասնել: Զգուշութեան համար ես յաճախ բնակարան եւ անցագիր էի փոխում: Մի ժամանակ հասաւ որ բոլոր ընկերների անցագիրներն օգտագործել էի եւ պաշարս արդէն սպառւած էր: Ի՞նչ անել: Երբ մի օր այս մասին խօսք արի Միշա Արզումանեանին, որ նոյնպէս «ուսանում» էր Պետերբուրգում, նա վճռական շեշտով պատգամեց.

–Փա՜հ, տնաշէն, Պապաշային գրիր: Ես էլ նրա անցագրով եմ ապրում:

Երկու շաբաթ չանցած արդէն գրպանումս ունէի Պապաշայի «պաշտօնատնից» դուրս եկած անցագիր Գորիսի բնակիչ Լեւոն Մելիք-Ղարագէոզեանի անունով: Այնքա՜ն ներկայանալի, պատկառելի արտաքինով, լաւ դրւած կնիքներով, մշտական ու կանոնաւոր անցագիր էր, որ մեր տան դռնապանը առանձին հաճոյախօսութիւն շռայլեց Գորիսի պաշտօնատան քարտուղարի հասցէին: Աշխարհում ի հարկէ, Լեւոն Մելիք-Ղարագէոզեան անունվ մարդ գոյութիւն չունէր, եւ անցագրի հեղինակը Հ. Յ. Դ. Ոսկանապատի Կենտր. Կոմիտէի անդամ Չոփուրեանն էր: Այդ անցագրով ես ապրեցի Պետերբուրգում գրեթէ մէկ ամբողջ տարի: Եւ ո՞վ չի ապրել Պապաշայի պատրաստած անցագիրներով:

***

1908 թ. ամառը Բալախանիում Ռայոնական Ժողով ունէինք: Ժողովի վերջին նիստում ընտրւել էր մի յանձնաժողով արձանագրութիւնները վաւերացնելու եւ առկախ մնացած խնդիրները կարգադրելու համար: Արձանագրութիւնների մէջ կային խիստ վտանգաւոր բանաձեւեր – ահաբեկում, էքս եւ այլն: Եթէ մէկի ձեռքին բռնւէին՝ վերջը շատ վատ կը լինէր...

Ամառւայ մի տօթ օր էր. Յանձնաժողովը Պապաշայի սենեակում նոր էր վերջացրել աշխատանքը: Յանձնաժողովի անդամ Ա. Գիւլխանդանեանը տարածւած գորգի վրա հանգստանում էր, Պապաշան նստած էր գրասեղանի մօտ: Ես էլ ընկել էի մահճակալի վրա, արձանագրութիւններն էլ՝ բարձիս տակ:

Մէկ էլ՝ թա՛խկ, թա՛խկ, թա՛խկ ծեծեցին եւ անմիջապէս բաց արին դուռը: Շէմքի վրա երեւաց ժանդարմական սպան՝ շրջապատւած ոստիկաններով:

–Այստե՞ղ է Լեւոն Իվանովիչ Թադէոսեանը...

Մէկ ակնթարթ միայն: Ա. Գիւլխանդանեանը անմիջապէս թռաւ կողքի սենեակը: Ես բնազդօրէն վերցրի բարձի տակի կապոցը, դրի թեւիս տակ ու ծլկեցի դուրս: Դրան մօտ, անզգուշութեամբ հրեցի սպային ու «ներողոթիւն» ասելով՝ առաջ անցայ: Սպան յանկարծակիի եկած՝ մի կողմ քաշւեց, ոստիկանները ճանապարհ բաց արին ու դուրսը սպասող բանւոր ընկերները թռցրին ձեռքիս արձանագրութիւնները եւ ինձ էլ կառք նստեցնելով՝ տարին Բժ. Յ. Զաւրեանի մօտ...

Այդ ամբողջ ժամանակ Պապաշան հանգիստ կանգնել էր սեղանի մօտ եւ ակնոցի տակից հանդարտ հետեւում էր կատարւածին:

–Ո՞վ են այդ պարոնները, հարցնում է նրան սպան:

–Մեր ծառայողները, պատասխանում է Պապաշան: Տեսէ՛ք՝ նրանց գլխարկն ու հագուստն էլ մնացել է:

Եւ, իրօք, մենք հեռացել էին գլխաբաց ու կէս հագնւած:

–Ա՛յ, շա՛ն տղերք, կատակում էր նա յետոյ, հիմա կախաղանի վրա կը ճօճւէիք, եթէ ճանկերն ընկնէիք:

*) Այս դէպքը Լ. Թադէոսեանը ինքը պատմել է «Հայրենիք» ամսագրում (1925 թ. Նոյեմբ.):

«ՎԷՄ» Հանդէս Մշակոյթի եւ Պատմութեան (Փարիզ)
Յունուար-Փետրուար 1936
Դ. Տարի, Թիւ 1